«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ մերժելու 7-րդ դասարանի Հայոց պատմության աղմկահարույց դասագիրքը։ Նրանք պահանջում են նաև նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը խոտանելու նախաձեռնող մարմինը 24.01.2024-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկել էր առաջիկա 72 ժամերի ընթացքում խեղաթյուրված դասագիրքը խոտանել-չեղարկելու որոշում կայացնել, հակառակ պարագայում հրաժարվել պաշտոնից։
Պահանջը քանի որ չի կատարվել, նախաձեռնող մարմինը ակցիան անում է նախարարության դիմաց՝ կոչ անելով ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ակադեմականներին, հասարակական գործիչներին, պրոֆեսիոնալ խմբավորումներին և համայնքներին, ապագա սերունդների արժեհամակարգը և ինքնությունը վտանգված համարող հայրենասեր մարդկանց և ժողովրդին, ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձանց, միանալ հրապարակային ակցիային:
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնող մարմինը նաև Ժաննա Անդրեասյանի հրաժարականի տեքստն են գրել․ «Ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից: Սույն դիմումիս պատճառը այն է, որ ես, որպես ՀՀ ԿԳՄՍ նախարար, ձախողեցի պարտականություններս, որի հետևանքով ոչնչացրեցի անձիս վերահսկողությանը վստահված ոլորտները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ սույն դիմումը ստանալուց հետո լուծել մեր միջև կնքված աշխատանքային պայմանագիրը՝ ինձ ազատելով աշխատանքից։ Խնդրում եմ նաև աշխատանքի ազատման օրը հաշվարկել և ինձ վճարել վերջնահաշվարկի գումարները»։
Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ՈւՂԻՂ միացմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը