«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի եւ բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը ԼՂ-ում: Ու եթե նախորդ ամսվ ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես եւ անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ-ին: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում, նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների անցումը Լաչինի միջանցքով։ Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը: Արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիենրը թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը նույնիսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը