Երեկ՝ մայիսի 28-ին, Իլհամ Ալիևը կնոջ հետ մեկնել է օկուպացված Իվանյան (Խոջալու): Նրանք հանդիպել են Խոջալու քաղաքում վերաբնակեցվածների հետ։
Իր ելույթում՝ խոսելով այսպես ասած «Խոջալուի ցեղապասնությունից», Ադրբեջանի նախագահը մասնավորապես նշել է․
«Ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչ է հայկական բարբարոսությունը։ Հայաստանն ինքը պետք է ընդունի դա, ինքը պետք է ներողություն խնդրի մեզանից։ Միայն այդ կերպ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարող է գոնե մի փոքր լվանալ այդ վայրենիների, վանդալների ու արյունոտ մարդկանց մեղքերը։ Եթե դա չանի, ապա, կարծում եմ, Հայաստանը երբեք չի կարողանալու ոտքի կանգնել։ Նախ, Հայաստանն ինքը պետք է ճանաչի այդ ողբերգությունը, դա հանցագործություն է, պատերազմական հանցագործություն»։
Նիկոլ Փաշինյանն Ալիևի այս հայտարարությանը չանդրադարձավ, փոխարենը այսօր՝ մայիսի 29-ին, ճեպազրույցում հայտարարեց․ «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին և մնում է խաղաղության պայմանագրի ստորագրելը»։
«Ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագրի ստորագրման։ Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, և ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն, ավելի ճիշտ այդ համաձայնությունները ձեռք բերված են»,- ասաց Փաշինյանը։
Ստացվում է՝ Ալիևը նորանոր մտացածին ելույթներ է ունենում ու պահանջներ դնում, իսկ Փաշինյանն այդ ամենը համարում է դրական փոփոխություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը