Մայիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը համապարփակ տեղեկություններ փոխանցեց խորհրդաժողովի կատարած աշխատանքների մասին։
Ողջունելով հյուրերին՝ Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց խորհրդաժողովի աշխատանքները՝ ի խնդիր հայրենիքի և ազգի զավակների իրավունքների պաշտպանության։ Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց հայրենիքի առջև ծառացած առկա խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ջանքերի մեկտեղման անհրաժեշտությանը։ Հատկապես կարևորվեց Հայաստան-Սփյուռք կապերի սերտացումը և համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման և ապահով կյանքի կերտման։
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերի, արցախահայերի արդար իրավունքների բարձրաձայնման ու հետապնդման և հայրենանվեր ու ազգօգուտ այլ իրագործումների համար։
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին և միջեկեղեցական հարաբերություններին»,- ասվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը