Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգելու դեմ բողոքը։ Այս մասին հայտնում են ադրեբջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ռ. Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է, պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն։
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023 թ. սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետում։ Նրան Ադրբեջանում մեղադրում են «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։
Նշենք, որ Ադրբեջանում պատանդառվածների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչներ։ Նրանք են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամնատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։ Նրանց բոլոր կալանքի ժամկետը ևս 5 ամսով երկարաձգվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը