24 05 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ կլիներ այս պահին, եթե մենք ունենայինք ամուր պետականության զգացում



 

Այսօր արդեն համաժողովրդական դարձած շարժման մասնակիցները փակեցին ԱԳՆ շենքը։ Հետո մտան ներս, դռներին, նախարարության պատուհաններին փակցրեցին Արցախի դրոշը։ Նրանք ու լրագրողները ԱԳ պաշտոնյաների հանդիպեցին, սակայն ինչպես էլ տվեցին հարցը, պատասխան չհնչեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, որ 25 տարվա դիվանագետ է, հրաժարվեց այդ միտքը ասել։ Որևե ձևով չասեց, գոնե որ իմանայինք, որ էդ մարդիկ հայկական շահն են պահում, իրենց կաբինետներում նստած։ Նկատի ունեմ, անգամ չասաց, գիտե՞ք, մենք ամեն բան անում ենք կամ ամեն բան կանենք, թույլ չենք տա և այլն։ Ոչ, գուցե մտածում էր՝ ինչո՞ւ ստի, եթե իրենց քաղաքականությունը գնում է հակառակ ուղղությամբ։ Գուցե վախենում էր պաշտոնը կորցնելուց։ Ընդամենը 4 ամիս է նախարարի տեղակալ, ու վախենում է աթոռը կորցնելուց։ Ախր շատ թանկ ու քաղցր է այդ անտեր էղած պաշտոնը։

Մեր տղերքը, որ գնացին հայրենիք պաշտպանելու ու զոհվեցին, վիրավորվեցին, գերի ընկան, չէի՞ն վախենում, որ կյանքը կորցնելու են, առողջությունը, ազատությունը․ վախենում էին, բայց գնացին։ Գնացին, որովհետև այն, ինչի համար նրանք գնացին ու զոհվեցին, ավելի թանկ էր։ Իսկ սա վախենում է աթոռը կորցնելուց։ Ցավում եմ, բայց փաստ է, որ պաշտոնը շատերի համար պետությունից էլ, պետականությունից, հայրենիքից էլ կարևոր է։ Անգամ ինքնասիրությունից կարևոր է։

Գիտե՞ք, պետք է խոստովանենք, որ պետականության զգացումը մեր մեջ հիմնականում շատ թույլ է նստած։ Խոսքը հայրենասիրության մասին չէ, պետականամետության մասին է, պետականության զգացում ունենալու և պաշտպանելու մասին է։ Հայրենասիրությունն էլ, իհարկե, շատերի մեջ չէ, որ արմատ է գցել։ Պետականության դեմ ծանր գրոհները սկսել են 2018-ից, դրանից առաջ էլ էր գրոհ, բայց պահվում էին այդ հարվածները։

Երբ բրոքերն ուրախանում է, որ մեր երկրում արդեն 80-ի չափ տներ են առել թուրքերն ու ադրբեջանցիներն ու ասում է՝ լավ է, որ գան, գործարքներիս թիվը կմեծանա, դա հենց պետականության զգացումի բացակայության մասին է խոսում։ Ու նրա մեջ դա արմատացած է նրա համար, որովհետև մեր երկրում կա ապազգային իշխանություն, որը չի պարտադրում քեզ՝ որպես քաղաքացի, սիրես ոչ միայն ինքդ քեզ, այլ նաև քո հայրենիքը, քո պետությունը։ Ի՞նչ եք կարծում, եթե մեր երկրում լիներ ազգային իշխանություն, մետրոյի աշխատողը մետրոյի պատերից կքերե՞ր Արցախի դրոշը, արտգործնախարարության պատուհաներից վարսահարդարիչով կքերեի՞ն Արցախի դրոշը։ Այնպես, ինչպես 2021 թվականին թուրքին թողած մեր հողերում Գազելի վրայից քերում էին ադրբեջանցիները։ Այնպես, ինչպես օկուպացրած տարածքներում մնացած հայկական հուշարձանների վրայից քերում են բոլոր փորագրությունները։ Պետականության զգացում ունեցող իշխանության ԱԳ նախարարը, փոխնախարարը, ԱԺ նախագահը, կհրաժարվեի՞ն ասել, որ հայկական երկրորդ պետությունը չպիտի լինի թշնամի պետության կազմում, այդպիսի բան կյանքի գնով էլ լինի, թույլ չեն տալու։ Եթե քո երկրի իշխանությունը երկրի հետ վարվում է այնպես, խոսում է այն բառապաշարով, ինչպես թշնամիները, եթե քո երկրի իշխանությունը քո թշնամու սրտով է, ուրեմն ի՞նչ պետականութան գիտակցման մասին ենք խոսում։

Պատերազմում գտնվող պետության ղեկավարը հայտարարում է, որ մենք կրճատելու ենք բանակի թիվը, զորակոչի ժամկետը։ Քանի ամիս է՝ բանակը գենշտաբի պետ չունի։ Առաջ մեր բանակը խաղաղություն էր պարտադրում տարածաշրջանում․ էսօր ի՞նչ են անում․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե զորակոչելու համար փնտրում են ֆլեյտա, ջութակ նվագողների։ Տանկային բիաթլոնում հաղթող բանակից 4 տարում՝ տռուսիկ-մայկայի հեղափոխության արդյունքում, ստացել ենք փամփուշտները զարդեր սարքող ու ջութակ նվագողների բանակ։ Ի դեպ, կարելի է հարցնել պաշտպանության նախարարին, թե ինչ հանգամանքներում ու ինչպես պատերազմի ժամանակ ոչնչացվեց մրցույթում շահած տանկը ու ինչ եղավ այդ զինվորի հետ։ Բանակին զենք մատակարարելու փոխարեն ասում ես՝ ովքեր կարող են ջութակ նվագել, թող զորակոչվե՞ն մրցույթով։

Ու խոսքը միայն իշխանության ներկայացուցիչների մասին չէ։ Ասում են՝ Նիկոլին չենք ընդունում, բայց փողոց դուրս չենք գալիս, որովհետև հիասթափվել ենք, էս ա էն ա․ պետականության զգացում ունեցող մարդը էդպես չէր խոսի․ չես ընդունում  Նիկոլին, նա էլ ինքնակամ չի գնում, ուրեմն պետք է պարտադրես, ուրեմն քո տեղը փողոցն է։ Պետականության զգացում ունեցող մարդը չէր ընտրի Նիկոլին, բայց մեկ ամիս հետո արտագաղթեր, իսկ երկու տարի անց ռուսական պետական ծրագրով վերաբնակեցվեր Սիբիրում՝ դառնալով ՌԴ քաղաքացի։

Պետականությունը հասկացող երկրում չէր կարող ժողովուրդը հանգիստ հետևել, թե ոնց է վարչապետը ահաբեկիչներին սարքում քաղաքական գործոն, բանտից բերում, թողնում կուսակցություն սարքեն ու մասնակցեն ընտրությունների։

Պետականության մասին մտածող երկրում չեն ասում մեր զոհերը հանուն ոչնչի էին։ Հերոսի կոչում չեն տալիս մարտական առաջադրանքը տապալածին, հերոսներին չեն նստեցնում բանտ, ղզիկներին սարքում հերոս։ Պետականամետ ժողովրդի առաջ ոչ ոք չի կարող հայտարարել՝ «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», ու փոխանակ բեմից շպրտելուն, ծափ տան։ Չեն քանդում պետական ինստիտուտները, ժողովրդին չեն սարքում կռապաշտ ամբոխ։ Պետականամետության գիտակցություն ունեցող ժողովուրդը կհանդուրժե՞ր կապիտուլյացիայից հետո ղեկավարի պաշտոնում կապիտուլյանտի գոյությունը, իհարկե ո՛չ։ Նա էլ չէր ասի՝ թուրքերը մեզ կոտորել են, բայց հիմա կգան, կշենացնեն մեր երկիրը, լավ կապրեք։

Պետականությունը հասկացող ղեկավարը չէր ասի՝ պետք է ստեղծենք գիտելիքահեն տնտեսություն, հետո էլ նախաձեռներ բուհերի շենքերը դարձնել հյուրանոցներ և քյաբաբանոցներ։ Եթե մեր իշխանությունը չի ընկել պետության հետևից, ապա ո՞նց է ստացվում, որ ադրբեջանցիները գալիս են ու հանրապետության կենտրոնում՝ հրապարակի մեջտեղը վիդեո են անում՝ մեզ ծաղրելով, իսկ ԱԱԾ-ն ընկել է ընդդիմություն է բռնում։

Արյան, պայքարի ու զրկանքների գնով Արցախ փրկած, նվաճած, հայրենիք կերտած ժողովրդից էս ի՞նչ դարձանք։ Գուցե սա սկսվեց այն ժամանակ, երբ Ղարաբաղյան շարժման շնորհիվ իխանության եկածները սկսեցին հրաժարվե՞լ Արցախից։

Ազգից փորձում են ստանալ մարդկանց մի խումբ, որոնց համար մեկ է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորը՝ իրենք լավ ապրեն, կարևոր չէ, թե ուր կապրեն, որ երկրում, որ երկրի քաղաքացի կլինեն, կարևորը՝ փորը կուշտ լինի, լավ ավտո քշեն։ Այս ամենի փոխարեն մարդիկ կպահանջեին երկիրը դարձնել այնպես, որ իրենք հաճույքով ապրեն այդ երկրում։ Չէին թույլ տա հարձակումը եկեղեցու վրա, Հայոց պատմության վրա, լեզվի վրա, չէին թույլ տա գեներալների կատմամբ, հերոսների նկատմամբ քրգործերը, անգամ եթե նրանք մեր պատկերացրածով չէին։ Ազգային իշխանությունը չէր հայտարարի, թե մեր լճերի համար չենք պայքարելու։ Չէին ասի մենք հպարտանում ենք մեր պարտությամբ։ Ու ընդհանրապես, նորմալ երկրում երկրի բրենդը չէին համարի տռուսիկ-մայկայի հեղափոխությունը։

Եթե ունենայիր պետականամետ ղեկավար, այն էլ այս խառը վիճակում չէր ծափահարի Ուկրաինայի  նախագահի ելույթին, այն դեպքում, երբ իր հույսը հիմա ռուսական խաղաղապահներն են ու ռուսական՝ ամեն կարգի աջակցությունը։ Պետականամետ վարչապետը քո երկրի մի հատված չէր կտրի, ճանապարհ տար թշնամուն, հետո ընկներ բառախաղի հետևից, թե իմ տալիքը միջանցք չէ, ճանապարհ է։ Ի՞նչ կապ ունի ինչ ես անունը դնում։ Տվել ես, այն էլ թշնամու, այդքանը հերիք է։ Ամեն ինչ պարզ է։

Հետ ենք գնում 650 տարի առաջ, երբ չկար պետականություն։

Կարճ ասած՝ Հայաստանում կան լիքը մարդիկ՝ սկսած իշխանությունից ու իրենց թիմից, որոնց պետություն, պետականություն չի հասնում։ Նրանք սիրով ապրել են որպես պարսիկի ճորտ, թուրքի հպատակ, հիմա էլ պատրաստ են նույնը անելու։ Բայց մե՛զ պետականություն հասնում է․ դրա համար էլ մենք պետք է պահենք մեր պետականությունը, վերականգնենք ու պայքարենք դրա համար։ Թքած, որ որոշները դա չեն գտակցում։ Սա փորձություն է, ստուգարք է՝ արժանի՞ ենք ունենալ պետություն թե՝ ոչ։ Դրա համար պետք է ոտքի կանգնենք ու պետությունը փրկենք՝ նաև իմ նշածներից ու նաև նրանց համար։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ