11 03 2022

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ է Պենտագոնը փող տալիս Հայաստանում բիոլաբորատորիաների համար



 

Վերջին մի քանի օրերին ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին դարձյալ մի կարևոր թեմա սկսեց շրջանառվել, որը 2018 թվականից Հայաստանում բաց է։ Խոսքը ամերիկյան ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաների մասին է։ Ռուսաստանը օրերս մի քանի սկանդալային բացահայտումներ ներկայացրեց, որ արվել են Ուկրաինայում ամերիկյան 30 լաբրատորիաների վերաբերյալ։ Համաձայն հայտնաբերած փաստաթղթերի՝ ամերիկյան կողմը նախատեսել էր 2022 թվականին Ուկրաինայում միկրոօրգանիզմների փորձարկումներ իրականացնել չվող թռչունների, չղջիկների և սողունների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի վարակման հնարավորության ուսումնասիրմանը։ Ըստ ռուսական աղբյուրի՝ մի քանի քաղաքների լաբորատորիաներում ԱՄՆ-ի ղեկավարած ռազմակենսաբանական ծրագրի շրջանակներում աշխատել են վարակների վտանգավոր հարուցիչների հետ։ Ավելի հասկանալի լեզվով ասած՝ ուսումնասիրել են օրինակ՝ չղջիկներից մարդկանց մի շարք վարակների փոխանցման հնարավորությունը։ Ռուսաստանը հայտնում է, որ դիմել է ՄԱԿ և ԵԱՀԿ՝ պահանջելով հետաքննել Ուկրաինայում բիոլաբորատորիաների գործունեությունը, որովհետև հնարավոր է՝ Կիևն ու Վաշինգտոնը խախտել են ՄԱԿ-ի կողմից կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիան: Ռուսաստանը մտավախություն ունի, որ Ուկրաինայի այդ լաբորատորիաներում զանգվածային ոչնչացման կենսաբանական զենք էր պատրաստում։ Այդ փորձարկումներն էլ, ընդ որում, ըստ Ռուսաստանի, ունեն էթնիկական ուղղվածություն։ Ահա, այսպես։

Այս ամենից հետո հանրության մոտ անհանգստություն է առաջացել, ընդ որում՝ շատ խորը անհանգստություն կա ՀՀ քաղաքացիների շրջանում, քանի որ Հայաստանում ևս կան ամերիկյան ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաներ, ընդ որում՝ Պենտագոնի ֆինանսավորմամբ, և մարդիկ սկսեցին հիշել, որ Հայաստանում էլ, վերջերս, օրինակ, տարածվեցին սիբիրախտի, խոզի ժանտախտի դեպքեր։ ԱՄՆ պետդեպը շտապեց հերքել՝ անվանելով անհեթեթություն իրենց կողմից կենսաբանական և քիմիական զենքի փորձարկումները այդ տարածքներում։ Սակայն չնայած այդ ամենին, ստույգ տեղեկություններ, թե ի՞նչ լաբորատորիաներ են գործում, դիցուկ Հայաստանում, չկան։ Ու չնայած դրան, ու որքան էլ դրանց գործունեությունը գաղտնի է, այնուամենայնիվ մի քանի բան հայտնի է՝ դրանց թիվը 10-12 է, գործում են Հայաստանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ենթակայության տակ, փողը տալիս է Պենտագոնը, ֆորմալ ենթարկվում է ՀՀ կառավարությանը։ Իսկ թե ի՞նչ է անում, այ դա գաղտնիք է, ոչ մի տեղ ոչ մի ինֆորմացիա չկա։ Հայաստանում տարբեր մասնագետներ, փորձագետներ մշտապես անդրադարձել են այս հարցին ու ծայրահեղական գնահատականներ են տվել։ Մի մասը պնդում են, որ դրանք ոչ թե հակահամաճարակային խնդիրներով են զբաղվում, առողջապահության ու գյուղատնտեսության ոլորտներում անվտանգության հարցերով, այլ՝ ճիշտ հակառակը, անթույլտրելի փորձարկումներ են անում, աշխատում են Պենտագոնի պատվերով և ինչ-որ պահի գործելու են ժողովրդի ու պետության դեմ։ Արևմտյան շրջանակներն ու այստեղ աշխատող նրանց քարոզչամեքենան պնդում են, թե դրանք անվտանգ են, դրանք գործում են հայկական իշխանության վերահսկողության ներքո։ Բայց, հաշվի առնելով որ ՀՀ իշխանության նկատմամբ վստահությունը, ցածր է, մեղմ ասած, նաև այն, որ այդ լաբորատորիաների գործունեությունը միևնույն է՝ խիստ գաղտնի է, արդեն վտանգի զգացողություն է առաջացնում։ Մանավանդ, որ հայ ազգը լավ գիտի այն ասացվածքը՝ ով փողը տալիս է, նա էլ պատվեր է իջեցնում։

Ես մասնագետ չեմ, բայց որպես քաղաքացի, տեսնում եմ կատարվողը ու ես նույնպես  անհանգստություն ունեմ։ Ի՞նչ են անում այդ լաբորատորիաներում, ինչո՞ւ են այդ փորձարկումները հենց մեր երկրներում, այլ ոչ, օրինակ, Սան-Ֆրանցիսկոյում անում, այդ ի՞նչն է այդքան կարևոր, որ Պենտագոնը հենց իմ երկրում է այդ ֆինանսավորումն անում, ո՞ւմ համար է այդքան կարևոր, հայի՞, թե՞ ամերիկացու շահերից է այդ փորձարկումների արդյունքը, պատկերացնում ե՞ք հարցերս ինչքան շատ են։ Հիմա այդ լաբորատորիաներից մենք վտանգ տեսնելո՞ւ ենք, թե չենք տեսնելու, գոնե մտահոգություն ու ռիսկեր պե՞տք է ունենալ։ Իշխանությունը չգիտեմ, բայց հանրությունն այդ անհանգստոթյուն ունի։

Հայաստանում դրանց գործունեությունը փակ է, հանրության համար՝ խիստ գաղտնի, իսկ իշխանության համար արդյո՞ք գաղտնի չէ, ունի՞ վերահսկողություն, որքանո՞վ։ Հարցում ենք ուղարկել կառավարոթյուն, ուզում ենք իմանալ Հայաստանի տարածքում ԱՄՆ կամ այլ երկրների ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների մասին, քանիսն են, որ երկրների ֆինանսավորմամբ կամ որ երկրներին են պատկանում, ո՞ւմ վերահսկողության տակ են, քա՞նի աշխատող ունեն, ո՞ր երկրից են մասնագետները և ամենից կարևորը՝ ինչ հետազոտություններ են իրականացնում։

Սա այն հարցն է, որ կառավարությունը ոչ թե պետք է պարզապես բավարարվի մեկ լրատվամիջոցի հարցումներին պատասխանելով, այլ մանրակրկիտ և համոզիչ ինֆորմացիա տա հանրությանը։

Պետք է իսկապես խորը մասնագիտական ուսումնասիրություն լինի, տեսնենք՝ էդ լաբորատորիաները անունո՞վ են ՀՀ իշխանության ենթակայության տակ, թե՞ իրականում այդպես է, տեսնենք ինչ փորձարկումներ են արել, ինչ պատվերներ են իջեցվել, ո՞վ է վերահսկել և այդ փորձարկումները ինչ հետևանք են ունեցել կամ ինչ հետևանքին են ուղղված։ Պետք է հստակ բացատրվի՝ ինչու պետք է ԱՄՆ պաշտպանության գերատեսչությունը փող տա, որ փոքրիկ Հայաստանում հետազոտություններ անեն։

Հայաստանում մշտապես ակցիաներ եղել են այդ լաբորատորիաների եմ, բայց որևէ անգամ չի փարատվել կասկածները, թե ինչ ազդեցություն ունեն, ինչ վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ են փորձարկվել։ Եթե նպաստել են առողջության պահպանմանն ու իսկապես հակահամաճարակային վիճակին, անգամ դա ինչպես է եղել։

Կարճ ասած՝ երբ ունես այնպիսի իշխանություն, որ դու ինքդ կասկած ես հայտնում, որ այդ իշխանությունը կարող է պետական, ազգային շահերով առաջնորդվել, ուրեմն նրանից սպասելի է ամեն ինչ։ Հասարակությունը մտահոգված է, Հայաստանի անվտանգությանն ուղղված բազմաթիվ սպառնալիքներ կան, ու մենք չգիտենք՝ Հայաստանի իշխանությունն ինչով է զբաղված։ Սակայն սրանք հասարակության, ընդդիմության կամ քաղաքացու լուծելու հարցերը չեն, սա հենց կառավարության հարցն է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ