Էն որ ասում են Հայաստանում բռնապետություն է հաստատվում, հենց էնպես խոսքեր չեն։ Ու դա միանգամից չասացին, քայլ քայլ գործընթացներ եղան, գումարվեցին, ավելացան, ու տեսանք, որ հասնում ենք բռնապետության։ Մի վերջին կանգառ է մնացել։
Լրատվամիջոցների նյութերի ամենակարևոր տեղում հարցումներն են, միշտ անում ենք, որովհետև միշտ հետաքրքիր է հանրության տեսակետը այս կամ այն հարցի շուրջ․ պաշտոնական լրահոսն այսինչ բանն է ասում, վերլուծաբաններն ու փորձագետն այսինչ բանն են ասում, իսկ ի՞նչ է ասում ժողովուրդը։ Արդեն շուրջ մեկ ամիս է, որ մեր հարցումների արդյունքում պարզում ենք՝ մարդիկ զայրացած են, իրենք իրենց հազիվ են զսպում, բայց վախենում են խոսել տեսախցիկի արջև։ Տեսնում են նկարահանող խումբ է հարցում անում, մոտենում են, հարցնում են՝ ինչի՞ մասին է, ասում ենք՝ Նիկոլի Փաշինյանն ասում է ես հող չեմ հանձնել, հիմա ձեր կարծիքով, հանձնե՞լ է, թե ոչ։ Փրփրում են՝ ո՞նց չի հանձնել, բա դուք Եռաբլուրը չե՞ք տեսել, բայց հենց կամերան միացնում ենք, որ խոսի, վախենում է, ասում է՝ չէ, մեծ տղա ունեմ, կբռնեն-տանեն։ Վախ են մտցրել մարդկանց մեջ։ Վերջերս դատախազների, դատավորների թոշակը որոշեցին բարձրացնել կտրուկ, հարցում ենք անում, թոշակառու տատիկը մոտենում է, ձեռքին դեղատոմսն է ցույց տալիս, ասում է՝ էս չորս դեղից ընդամենը երկու օրվանն եմ կարողացել առել, խմեմ ինչ կլինի՝ կլինի, տեսախցիկը միացնում ես, ասում է՝ չէ չեմ խոսի, թոշակից էլ կզրկեն, ամեն բան սպասում եմ Նիկոլից։ Քաղաքացիներին հարցնում ենք՝ ի՞նչ եք կարծում, Հայաստանում կոռուպցիա կա՞, թե՞ հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանը վերացրել է, հայհոյում են Փաշինյանին, հիշեցնում են աներձագի տները, Ալեն Սիմոնյանի տները, բայց վախենում են խոսել։ Տեսնում ես՝ մարդիկ բավականին սթափ են, ադեկվատ են, շատ լավ հասկանում են ինչ է կատարվում, մարդկանց մոտ շատ կտրուկ է տրամադրությունները փոխվել այս իշխանության նկատմամբ՝ դեպի վատը, ընդ որում՝ այսօր արդեն ռադիկալ, բայց վախենում են խոսել։
Սկզբում ֆեյքերին էր քսի տալիս մարդկանց վրա, հետո սկսեցին զանազան օրենքներով տուգանքներ սահմանել, հիմա ուղղակի տանում են ոստիկանություն ու ծեծում, էսօրվա ակցիայի մասնակիցը հիվանդանոց է ընկել, մի քանի օր առաջ ոստիկանության բաժնում երիտասարդ աղջկա թև էր կոտրվել։ Նիկոլ Փաշինյանը և իր դպրոցական ընկեր ոստիկանապետը օգտագործում են ոստիկաններին որպես գործիք, մահակ, ինչ ուզում՝ հրահանգում են, նրանք էլ ենթարկվում են, իբր թե ծառայություն է պետությանը, ժողովրդին։ Ո՛չ տղերք, դա ծառայություն չէ ժողովրդին, դուք այդ դեպքերում ծառայում եք Նիկոլին, որին ժողովրդի մեծ մասը համարում է դավաճան։
Բա որ բերման ենթարկելիս էլ բացարձակ անգրագիտություն են ցուցաբերում, լսելու կամ հասկանալու ընդունակությունից զուրկ։ Էն ո՞նց էր Դիլիջանի դեպքերի ժամանակ Նիկոլն ասել արյուն եմ ուզում, հիմա էլ երևի թե ասում է՝ ցուցարա՞ր, միայն ծեծված վիճակով։
Հյուսիսային պողոտայում ակցիա էր․ «Ազատագրական շարժումը» ստորագրահավաք էր անում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մի քանի կարմիր բերետներ, ոստիկանական տարբեր ուժեր բերման ենթարկեցին։ Ասում են՝ հանրային վայրը ոչ նպատակային եք օգտագործում։ Պրոֆեսիոնալ փաստաբան կա ակցիա անողների մեջ, Արա Զոհրաբյանը, բայց ոստիկանների մեջ չկար էդ փաստաբանի ասածները հասկացող մեկը։ Զբոսայգին, հասարակական վայրը ինչի՞ համար է, կարո՞ղ է Վահե Ղազարյանը բացատրել, որ Խաչատուր Սուքիասյանը 6 թիկնապահ գցի հետևից ու էս ծերից էն ծերը չափի՞։ Եթե նույն վայրում կարելի է ակորդիոն նվագել ու փող աշխատել, կարելի է երգել, կարելի է խաղ խաղալ, կարելի է շուն ման տալ, հաց ուտել, ծխել, քաշքշել, մատ թափ տալ, ինչի՞ չի կարելի ստորագրություն հավաքել։ Ոստիկաններին պարտադիր պետք է իրավունքի տարրական կանոնները բացատրվի, օրինակ՝ որ այն, ինչ արգելված չէ օրենքով, բարեկամներս, դա, բնականաբար, թույլատրելի է։
Էսօրվա դեպքը ընդհանրապես խայտառակություն էր, էսպիսի բան ես չեմ տեսել ոչ մի ժամանակ, ոչ մի երկրում։ Ոստիկաններից մեկը ակցիայի մասնակցին հայհոյեց Նիկոլի բառապաշարով, հիմա չեմ ասում, որ սանկցիայի տակ չընկնի հեռուստաալիքը։ Մյուս ոստիկանը վազեց ու փակեց ցուցարարի բերանը, որ հանկարծ Նիկոլին չհայհոյի։ Սա ստրկամտությունն է։ Հասկանում ե՞ք, տուգանում են հերիք չէ, տանում են բաժիններ ծեծում են մարդկանց, թևը կոտրում են, հերիք չէ, հիմա էլ արդեն 4 ոստիկանով մեկին բռնում են, մյուսները վազում են բերանը փակելու, մեկն էլ Նիկոլի տեղը պատասխան հայհոյանք է տալիս։
Մարզերից մեկի մանկապարտեզում պետք է ակցիա լինի, ակցիայից երկու ժամ առաջ ասում են՝ չեղարկվել է, ոստիկանությունն իմացել է, այցելել է տները, դպրոցում պետք է ՔՊ-ական տնօրենի դեմ պայքարեն, ասում են՝ ակցիան ոստիկանության պատճառով չեղարկվել է, քաղաքացիները պետք է ակցիա անեն, բողոքեն երթուղայինի բացակայության դեմ, ակցիան չի կայանում, գիշերը, պարզվում է՝ ոստիկանությունն անցել է գործի։ Մարդիկ գիշերն էլ են աշխատում։ Անշառ թեմաներ են, բայց անգամ դրանցից է վախենում «ժողովրդի իշխանությունը»։
Էսպես որ շարունակվեց, ոստիկանները գիշերները քնելու են ընդդիմադիրների, ակտիվիստների, ոչ իշխանական լրագրողների հայաթներում, որ հենց տանից դուրս գան, միանգամից բռնեն, որովհետև նրանց՝ տանից դուրս գալու մեջ արդեն Նիկոլը վտանգ է տեսնում։ Երևի ամեն անգամ իր հրահանգները տալուց, երեսով է տալիս՝ բա էդքան պարգևավճար են ստանում ոստիկանները, ինչի՞ համար է։ Տեսել ե՞ք, որքան է շատացել ոստիկանների թիվը փողոցներում ու ամենուր, կարմիր բերետներ, սև բերետներ, կապուտ բերետ, պարեկներ, ամենուր իրենք են։ Ու մի հատ նայեք քաղաքացու դեմքերին ոստիկանություն տեսնելիս, նողկանք են ապրում, այ էդտեղ եք հասցրել։ Թե խի՞․ որ Նիկոլը իրեն լավ զգա։
Երեկոյան ուշ ժամի գործից հոգնած գնում ես տուն, խցանում է, ռեյդ են անում, վկայական տուր, տեխպասպորտ տուր, բագաժնիկ բացի։ Ինչի՞ համար է այդ ամենը։ Ինչ է, Վենեսուելա՞ն է, Կոլումբիա՞ն է։ Ոչ, ուղղակի մարդկանց փորձում են վախեցնել, ահաբեկել, իրենց ներկայությունը ցույց տալ ամենուր, որ ոչ ոք չթփրտա, չասի՝ էս ի՞նչ արիր մեր հետ, Նիկոլ։ Երեկոյան, ժամը 11-ից հետո սովորաբար հանգիստ է երթևեկությունը, մարդիկ փորձում են իբր հանգստանան, մեկ էլ ազդանշաններն ու միգալկաները բարձր միացրած ոստիկանության ինչ-որ ավտո է անցնում։ Սարսափ տարածելու համար է։
Մեզ են դիմել զինծառայողների ծնողներ, ասում են, որ իրենց որդիները ծառայում են բանակում, ու իրենք չեն հասցնում նրանց ապահովել սնունդով, տաք հագուստով, անհրաժեշտ պարագաներով։ Անգամ տնից տաք ծածկոց են ուղարկում։ Վարդենիսի դիրքերում ծառայողների ծնողներից լիքը բողոքներ ենք ստացել։ Ասում եմ՝ խոսեք, ասում են՝ վախենում ենք, մեր տղուն Նիկոլը գերի կհանձնի։ Ասում եմ՝ Նիկոլն ինքն էր ասում՝ էդպիսի դեպքերում անմիջապես կամ ինձ գրեք կամ դիմեք կառավարության աշխատակազմ կամ հենց լրատվամիջոցներին ասեք։ Ասում են՝ չէ, բանակ չի թողել, քանդել է, սնունդ չկա։ Մարդիկ զրկանքներ են տեսնում, բայց չեն ուզում իրենց խնդրի մասին խոսել, վախենում են, ասում են՝ չեք տեսնո՞ւմ ոնց է հիստերիկանում, միայն Ալիևին չի համարձակվում, երևի մի բան կա ուրեմն։
Շենքի մի քանի բնակիչ եկել-բողոքում է իրենց բակում ապօրինի շինության դեմ, ասում են քաղաքապետարանից օգուտ չկա, ասում եմ՝ ակցիա արեք, վախենում են, ասում են՝ տեսա՞ք ֆիզգորոդոկի բնակիչներին ոնց ծեծեցին ոստիկանները։
Ձեզ ասեմ, ոստիկանները հանգիստ բերման կենթարկեն բոլորին, չեն ազդվի ո՛չ զոհված զինվորի մորը գետնին քարշ տալուց, ո՛չ գերու հորը, ո՛չ թոշակառու տատիկին․ վաղը կանանց տոնն է, մի տարի առաջ էդպիսի մի օրը կանանց էին ծեծում էդ ոստիկանները։ Կնոջը ոստիկանություն են բերման ենթարկել քրգործ հարուցել գիտե՞ք ինչի համար․ «Տորիչելյան դատարկություն» բառը չեն հասկացել, իրենց թվացել է, թե դա նշանակում է «ԿՈՆՉԸՆԻ դատարկություն»։ Նախատրամադրվածությունն է այդպիսին, նրանք փողոց չեն դուրս գալիս, որ քաղաքացու պաշտպանեն, նրանց առաջնային հրահանգն ու անելիքն է Նիկոլին պաշտպանելը։
Կարճ ասած՝ ամեն ինչ արվում է, որ հանրությունն իր վիշտը, դարդն ու ցավը, զրկանքները, հոգսերը իր մեջ պահի, չարտահայտվի, կառավարությունից ոչինչ չպահանջի։ Ինքն իր համար յոլա գնա, ՔՊ-ականներն իրենց համար վայելեն։ Բայց այսպես ուղղակի անհնար է ձգելը, իշխանությունը չի կարող այսպես երկար ճնշել․ սա կուտակում է ատելություն ու արդեն ոչ թե քաղաքացիներն իրենց նկատմամբ, այլ՝ ոստիկանների նկատմամբ, նրանց հրաման տվողների նկատմամամբ, նրանց նկատամբ, ում այդպես որդիաբար հսկում են ոստիկանները։
Սա պայթելու է ու սա շատ ահավոր պայթյուն է լինելու, ոստիկանապետը թող վերլուծի ինքն իր համար, հետևություններ անի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը