24 02 2022

«Կարճ ասած»․ Երկու դեպք, երբ պոպուլիստները քանդեցին երկիրը ու տարան կործանման



Թե ինչ է կատարվում այս պահին Ուկրաինայում, բոլորի աչքի առաջ է․ պատերազմ՝ ուղիղ եթերում, Ուկրաինան մաղվում է ու փոքրանում քարտեզի վրա։ Ո՞վ է ճիշտ, ով է սխալ, պատերազմի ժամանակ նման բաները հաշվի չեն առնում։ Օրինակ՝ երբ Հայաստանի իշխանությունն ասում էր՝ տեսեք, աշխարհ, Ադրբեջանի կողմից կռվում են թուրքական ու սիրիական, իսլամական պետության ահաբեկիչներ, տեսեք ֆոսֆորային ռումբեր են գործածում և այլն, դա անիմաստ էր, քանի որ մինչև պատերազմը ինչ արեցիր՝ արեցիր։ Երբ պատերազմի ժամանակ հույսդ դնում ես, որ պետք է այսինչը օգնի, դա չես ստանալու։ Լավագույնը մի կես-բերան դատապարտում են։ Արևմուտքը ի՞նչ էր անում մինչ այս, զենք էր կուտակում Ուկարինայում, փող էր տալիս, ոգևորում էր, ասում էր` քեզ հետ ենք, հիմա, երբ պատերազմ է  սկսել, ի՞նչ են անում, ասում են՝ դատապարտում ենք ՌԴ քայլերը, աղոթում ենք Ուկրաինայի համար, հույս ունենք` կկարողանա դիմադրել և այդքանը։

Այս պատերազմում Ուկրաինայի պահվածքը շատ նման է Հայաստանի ղեկավարության՝ 44-օրյա պատերազմում պահվածքին։ Նայեք Նիկոլի ելույթները պատերազմի ողջ ընթացքում, ուղերձները, հռետորաբանությունը, լսեք Զելինսկիին, նույն ոճն է, նույն բառապաշարն է։ Զելինսկին հրաժարվեց ճանաչել Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունը, որ իրեն չասեն դավաճան, նույնությամբ, Նիկոլը պատերազմը չկանգնեցրեց, որ իրեն չասեն դավաճան։ Զելինսկին ոգևորված ուղերձ է հղում Ռուսներին՝ «Դուք կտեսնեք մեր դեմքը, բայց ոչ երբեք՝ մեր թիկունքը»։ «Ուկրաինայում ապագա կա, ուկրաինացի ժողովուրդը ապագա է կառուցում, ոչ թե քանդում», «Կա՛մ Պուտինին ասեք նստի բանակցությունների, կամ էլ կնստի բանակցությունների արդեն ձեզ հետ»։ Նիկոլն էլ էր ասում՝ Ալիևին ասեք խելքը գլուխը հավաքի, թե չէ նենց բան կասեմ, որ այդ երկիրը կքանդվի ներսից, մեր ոգին ամուր է քարից էլ և այլն և այլն։

Պատերազմն ուկրաինացիները վարում են նույն ձևով․ եթե Նիկոլը պատերազմի երկրորդ շաբաթում ասաց ով տունը կասկա-բան ունի, հելեք վերցրեք, գնացեք կամավոր գրվեք, Ուկրաինայի նախագահն ու ՊՆ-ն նույնը ասում են այսօր։ Ավելին ասեմ, տպավորություն է, թե Արծրունին մի 44 օրով պարտքով ուզել են Նիկոլից, որ «Գյոռբագյոռ 2022» օպերացիա անի։ Ուկրաինայի ՊՆ-ն ասում է՝ խփել ենք ռուսական 6 ինքնաթիռ, այսքան տանկ, ավտոմեքենա, նահանջում են ռուսները, փախչում են, տեսնում ենք տեսանյութեր, թե ինչպես են հանձնվում ուկրաինացի զինվորները՝ սպիտակ դրոշը ծածանելով, իսկ էդ խոցված ուղղաթիռներն էլ, պարզվում է՝ ինչ-որ համակարգչային խաղից վերցված կտոր է։ Ասում են՝ ամեն ինչ վերահսկվում է, բայց մենք տեսնում ենք, թե Ուկրաինայի մայրաքաղաքից ոնց են դատարկվում մարդիկ, մեքենաներով փախչում են։ Զելինսկին տեսավ, որ Նիկոլի հռետորաբանությունը տարավ կապիտուլյացիայի, բայց նույն գործելաոճն է որդեգրել։

Հասկանո՞ւմ են ուկրաինացիները, թե ինչ է կատարվում իրենց երկրում․ նայեք ուղիղ եթերում ուկրաինացիների քոմենթները․ էնտեղի անտեղյակները, էսպես ասած՝ Արծրունի գերիները, ասում են՝ հաղթում ենք, Ռուսաստանը վերացնելու ենք, չոքացրել ենք, մենք հզոր ենք, հիմա մեզ կօգնի Ամերիկան, ՆԱՏՕ-ն, Մեծ Բրիտանիան և այլն։ Ադեկվատ մարդիկ գրում են՝ Զելինսկին տանում է Ուկրաինան Նիկոլ Փաշինյանի ճանապարհով։ Մարդիկ հիմնականում հասկանում են՝ ինչ է կատարվում։

Գիտե՞ք, արցախյան պատերազմում մեր հույսը Ռուսաստանն էր, որը որպես միջնորդ պետք է դադարեցներ։ Իրականում այդպես էլ եղավ․ Ուկրաինայի պարագայում չկա այդ միջնորդը, որ կարողանա դադարեցնել․ բոլորը ներքաշված են․ պատերազմը կկանգնի, երբ Ուկրաինան խնդրի՝ համաձայնելով պայմաններին։ Ռուսաստանը կանգ չի առնի, կգնա այնքան, մինչև լուծի իր խնդիրը։

Ժողովուրդ, կրկնում եմ, այս ամենի պատճառը մեկ բան է՝ Ուկրաինայում իշխում է պոպուլիստ, գործից չհասկացող, ոչ մի բանից չհասկացող ու չգիտենք՝ ում ազդեցության տակ գտնվող ղեկավար։ Բոլոր երկրների հետ է այսպես է լինում, որոնց ղեկավարները այդպիսին են։ Ուկրաինան հաղթելու շանս չունի, բայց կարող է համեմատաբար քիչ կորուստներով դուրս գալ պատերազմից, եթե հիմա՝ այս պատերազմի ընթացքում փոխի իր ղեկավարին, ադեկվատ մեկին բերի։ Ուզում եմ կոնկրետ զուգահեռ բերենք․ 44-օրյա պատերազմի ժամանակ շատերս պնդում էինք, որ մենք կարող ենք հաղթել, բայց դա կլինի միայն մի դեպքում՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, քանի որ երևում էր՝ նա տանում է ծրագրավորված պարտության։ Շատերն էին ասում չէ, պետք է պատերազմի ժամանակ համախմբվել իշխանության շուրջ։ Ասում էինք, որ նա տանում է պարտության․ չփոխեցինք Նիկոլին ու ստացանք կապիտուլյացիա։ Հիմա Զելինսկիին փոխելով, Ուկրաինան չի հաղթի, ուժերը շատ անհավասար են, բայց շատ ավելի քիչ կորուստներ կունենա։ Այլապես Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի համար է հիմա պայքարում, բայց կկորցնի Կիևը։

Ես որպես ՀՀ քաղաքացի, Ուկրաինայի համար չեմ ցավում․ ամենաառաջին հերթին հիշում եմ ղարաբաղյան պատերազմում նրանց դիրքորոշումն ու Ալիևին շնորհավորելը, ռազմական օգնությունը, որ ցուցաբերել են․ ափսոսում եմ ուղղակի, որ մարդիկ են զոհվում։ Դա էլ պատերազմի կանոններն են։ Իմ դիրքորոշումը՝ որպես քաղաքացու, մանր է ու համարյա ոչ մեկին հետաքրքիր չէ, բայց այ հետաքրքիր է Հայաստանի իշխանության դիրքորոշումը։

Էս մերադիկ կեղծում են իրենց։ Հայաստանի իշխանությունում հայտնվել են մարդիկ, ովքեր բողոքի ցույց էին անում Ռուսաստանի դեսպանատան դիմաց տարբեր տարիներին։ Մարդը, որը Պուտինին համարում էր «ԿԳԲ-շնիկ գյադա», հիմա ՀՀ նախագահի պարտականություններն է կատարում, ԱԺ նախագահի պարտականություննները կատարողը, ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը ուղնուծուծով հակառուսական կերպարներ են, միտինգներ էին անում ընդդեմ Ռուսաստանի, սորոսական տիպեր կան ահագին․ նրանք հիմա մեջից տրաքվում են, որ պաշտոնը չի թողնում գնալ Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Սրանք հենց էս պահին չէի՞ն ուզենա ոչ թե իշխանություն լինել, այլ մի քանի օրով ընդդիմություն աշխատեին ու գնային ՌԴ դեսպանատան դիմաց, ասեին՝ «պուտին կապուտ» ու փիարվեին։ Բայց դե չեն կարող։ Էնպես չէ, թե գնացող չկա․ Ադրբեջանը մի տարի առաջ կոտորում էր հայերին Թուրքիայի հետ միասին, Ուկրաինայի նախագահ նույն Զելինսկին շնորհավորում էր Ադրբեջանին, ու հիմա ինչ-որ մարդիկ կան՝ Տիգրան Խզմալյան և այլն, գնում են ՌԴ դեսպանատան դիմաց, թե՝ դուք Ուկրաինայում․․․ և այլն։ Աբսուրդ է։ Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ տարբեր արևմտյան ուղղղություններից սնվել են ու Հայաստանը քայքայելու մեջ մեծ ամագ ունեն, կանգնելու են պատասխանատվության առաջ։ Իրենց խիղճը իրենց չի տանջի, իրենց պետք է օրենքով ենթարկել պատժի։

Կարճ ասած՝ սա առաջին դեպքը չէ, որ հայտնի ուժերը իշխանության են բերում պոպուլիստների, որոնք ամեն ինչի պատրաստ են հանուն փողի ու իշխանության ու նրանց միջոցով փորձում է Ռուսաստանի նյարդերը։ Իրենք իրենց գեոպոլիտիկ խաղն են տանում՝ մեզ դիտարկելով որպես այդ խաղի մանրադրամ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ