Հայաստանի այսօրվա իշխանությունը բազմաթիվ բաներ զիջելով Ադրբեջանին, դա արդարացնում է նախկիններով, մեղադրում է նախկիններին, հողերը տվել եմ, որովհետև նախկինները էսպես, էնպես, ժամանակին այ էսպիսի օրենքներ, որոշումներ, բանաձևեր, հռչակագրեր։ Նա ուղիղ մեջբերում չի անում, նա կարդում է վերնագիրը և վերլուծում այնպես, ինչես պահանջում է այ հենց էդ պահին, իր շահը։ Սովորաբար մարդն ինչպիսին է․ օրինակ, լուրերը կարդում է վերնագրերով, վերնագրից գաղափար կազմում, թե ինչի մասին է ու եթե դուրը գալիս է, շարունակում է նյութը ընթերցել։ Նիկոլը անգամ պետության ղեկին գտնվելիս է միայն վերնագրերը կարդում ու սկսում է վերլուծել, ավելին, սկսում է մյուսներին այնպիսի վստահությամբ համոզել, որ մտածում ես՝ ճիշտ է ասում։ Նույնն է Ստամբուլյան խարտիայի պարագայում․ վերնագիրը կարդացել է Ստամբուլ ու տարիներ շարունակ մարդկանց մոտ սուտ լուրեր տարածել, թե եթե Ստամբուլում է, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Երեկվա ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հարց տվեց, այդ Ստամբուլյան Խարտիան, որին օր ու մեջ հղում է անում Նիկոլն ու թիմակիցները, կարդացե՞լ եք․ ասում է, որ 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին իր ստորագրած փաստաթուղթը մեզ համար ամենից հաջողված փաստաթղթերից մեկն է, իսկ, որ ամենից կարևորն է՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ հատվածում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ այն դեպքում, երբ կոնֆլիկտ ունեցող բոլոր պետությունների պարագայում դա գրված է, շեշտված ու վերահաստատած։
Հարավսլավիայի վերաբերյալ, Բոսնիա և Հերցեգովինայի վերաբերյալ, Վրաստանի վերաբերյալ, Մոլդովայի վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ այդ փաստաթղթում շեշտում է դրանց հանգուցալուծումը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում։
Ղարաբաղի մասին տողում ընդամենը ուրախություն են հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ակտիվացրել են երկխոսությունը և կոչ են անում շարունակել այն՝ հուսալով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կվերսկսվեն։ Ասում են, որ ամենահարմար ձևաչափը Մինսկի խումբն է։ Այ էս ա։
Հիմա հարց՝ Նիկոլ, էստեղ ո՞րտեղ ես տեսել Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելը, որ մի հատ էլ մեղադրում ես Քոչարյանին այն ստորագրելու մեջ։ Ես հասկանում եմ, դու լինեիր՝ չէիր ստորագրի, որովհետև այդ փաստաթուղթը ենթադրում էր Ղարաբաղյան հարցի շարունակվող քննարկում, բանակցություններ, աշխատանք, պատասխանատվություն, իսկ ձեր ուզած և արածը հրաժարվելն է այդ ամենից, դա ձեզ պետք չէ, ձեր պարգևավճարները չեն ավելանում դրանից։
Գիտե՞ք հարցը որն է, որ Նիկոլ Փաշինյանը փոխանակ հպարտանար էս փաստաթղթով, փոխանակ հարցազրույցներում գլուխ գովեր, ասեր՝ տեսեք, աշխարհ, ի տարբերություն լիքը այլ պետությունների, մեր պետությունը այ էսպիսի հաջողություն է ունեցել, էն էլ Թուրքիայում, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի ու նրա որդու՝ այսօրվա նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ, ու նրանք ծպտուն չեն հանել, Նիկոլը փոխանակ հպարտանա, հակառակն է ասում, ասում է՝ չէէ, Հայաստանը դեռ 99-ին ճանաչել է Ադրբեջանի կազմում Ղարաբաղը, յան տվեք ինձանից, ինձ էդ անհետաքրքիր ազգային գործերով մի անհանգստացրեք։ Բայց, հետաքրքիր է նաև՝ երբ և ինչպես է նա դա անում։
Ուրեմն, Նիկոլը գնում էր նախընտրական քարոզարշավի ու ուղիղ եթերում հայտարարում էր՝ Քորչարյանի ստորագրած փաստաթղթով ղարաբաղցիներն ազգային փոքրամասնություն են և պետք է նրանք մնան Ադրբեջանի կազմում։ Խաբում էր ձեզ, էն ՔՊ-ականներն էլ իրար հերթ չտալով դա կրկնում էին ու իրենց քարոզչամիջոցներում առավոտից իրիկուն այդ ստերը տարածում էին։ Բայց նրանք չէին էլ կարդացել փաստաթուղթը, նրանք զուտ քաղաքական շահի համար, ստացվում է՝ Ադրբեջանի թեզերն են տարածել, Ալիևների փիարն են արել Հայաստանում, ինչ է թե արդարանան։ Սա հանցագործություն է, մեր պետության համար ողբերգություն է, ժողովուրդ։ Ալիևները մասնակցել են Ստամբուլյան էդ գագաթաժողովին, ռիսկ չեն արել խոսել, Թուրքիան իր երկրում, բազմաթիվ պետությունների ղեկավարների ներկայությամբ, չի կարողացել պաշտպանել Ադրբեջանի շահերը, ու ստորագրել են էդ փաստաթուղթը, որտեղ Արցախը Հայաստան դառնալու ճանապարհին էր։ Ու Նիկոլն ու ՔՊ-ականները, գյուղե-գյուղ ընկած, Ադրբեջանի քարոզն են արել, Ալիևների փոխարեն։ Էս իշխանությունը շարժվում է Ալիևի թեզերով։ Գժվելու բան է։ Դե հիմա որևէ մեկը թող ապացուցի, որ Նիկոլն ադրբեջանական քարոզիչ չէ, որ Ալիևն ու Նիկոլը չեն պայմանավորվել։
Ու միայն էս հարցում չէ։ Եթե իրար հետ համագործակցելով չեն աշխատում, այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլը ամեն հարցում պաշտպանում Ալիևին և կեղծում մեր պատմությունը՝ հանդես գալով Հայաստանի ներկայացուցիչ։ Ամբողջ աշխարհի հայությունն ասում է՝ Ղարաբաղը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, ունի իրավունք ինքը որոշելու, թե ինչ պետության կազմում լինի կամ անկախ լինի, Նիկոլն ասում է՝ էդ սաղ սուտ ա, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղն էլ մեջը։ Մենք ասում ենք՝ վարչատարածքային բաժանման օրենքը կապ չունի պետական սահմանների հետ, Նիկոլն ասում է՝ Հայաստանը գծել է, որ Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան է։ Հիմա ես չեմ, դուք եք, ի՞նչ կմտածեք այդ մարդու մասին։ Հիշեցնում եմ, նա դեռ մեր պետության ներկայացուցիչն է, աշխարհի համար։
Ու հենց դրա համար է Ռոբերտ Քոչարյանն ասում, որ Հայաստանի ու Արցախի համար լավագույն տարբերակը կլինի այն, որ Նիկոլ Փաշինյանը չմասնակցի Արցախի հարցով որևէ բանակցությունների, ավելի լավ է որևէ բանակցություն չլինի, եթե պետք է սրանք բանակցեն ու այս ձևով։ Պատկերավոր նկարագրում է, որ այդ բանակցություն կոչվածը ընթացքում, դեմը դնելու են տարբեր ժամանակների իր հայտարարածները, միացնեն ձայնագրությունը, ու ասեն, ընկեր, էս սաղ դու ես ասել, մեզանից ինչ ես ուզում։
Կրկնում եմ, Նիկոլն ինքը պետք է հպարտանար, որ Հայաստանը էնքան ուժեղ է եղել, որ կարողացել է Թուրքիայում էսպիսի դիվանագիտական հաղթանակ ունենալ։ Հիմա Նիկոլը հենց պետք է մի հատ մի երկիր գնա, վախենում ենք, որ բանակցությունների արդյունքում մի բան զիջելու է, սրտատրոփ սպասում ենք։ Ադրբեջանը ստորագրել է փաստաթուղթ, որում տարբեր երկրների տարածքային ամբողջականության մասին խոսում են, իր մասին միայն վստահություն են հայտնում, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե Ալիևը ուր է հասել, ամեն հնարավոր ձևով նվաստացնում է Հայաստանի վարչապետին, ու սա անգամ իր երկրի բունկերում պախկված ռիսկ չի անում արձագանքել։ Էն ժամանակ Ալիևը ինչ չի կարողացել անել, հիմա է անում։ Որովհետև էն ժամանակ մեր պետության ղեկավարը պետական մարդ էր, հաղթած ղեկավար էր, տղա էր, վերջապես։
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ Փաշինյանի իշխանությունը կեղծում է ինչ հնարավոր է՝ կենսագրություն, փաստաթղթեր, վիճակագրություն, պատմություն ու ամեն ինչ։
Կարճ ասած՝ ես միայն ցավում եմ, բոլորիս փոխարեն, որ այսօր հպարտանալու արժանի հաջողություն չունենք և հպարտանում ենք անցյալի ձեռքբերումներով, որը մսխվել է, չնայած որ որոշ խղճուկներ անգամ դա են ուզում սևացնել, թե էն գլխից ձախողված ենք եղել։ Ոչ, ժողովուրդ, եղել ենք ուժեղ, ունեցել ենք հաղթանակ, ուժեղ նախագահ, ուժեղ դիվանագիտություն և դրան զուգահեռ՝ ուժեղ բանակ, և թշնամին չի կարողացել հաջողության հասնել դիվանագիտական սեղանների շուրջ, չի փորձել ուժերը պատերազմի դաշտում, վախեցել է, ու սահմաններն էլ խաղաղ են եղել։ Բա, ժողովուրդ ջան, այդպես է լինում խաղաղությունը, ոչ թե սենց։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը