04 02 2022

«Կարճ ասած»․ Թարմ հարցման տվյալներով՝ ժողովուրդն այս իշխանությանն ասում է ՈՉ



 

Կար մի ժամանակ, ու դա 2-3 տարի առաջ էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն օր ֆեյսբուքում ուղիղ եթեր էր մտնում ու խոսում տարբեր բաների մասին։ Դրանք երանելի ժամանակներ էին իր համար, խոսում էր, ու ընթերցողի, դիտողի որևէ քոմենթ չէին ջնջում, որովհետև դրանք «վարչապետ ջան», «դուխով», «քեզ հետ ենք» և նմանատիպ բովանդակության էին․ եթե կար հայհոյանք, ուրեմն ուրիշներին էր վերաբերում։ Ու ի՞նչ էր ասում դրանից ոգևորված Նիկոլը․ ասում էր՝ եթե մարդիկ հանկարծ մեզ սկսեն հայհոյել, ուրեմն դա մեր պրոբլեմն է, պետք է նայենք՝ էդ հայհոյանքը արդյո՞ք ժողովրդի մոտ արձագանք գտնում է, թե ոչ, ու եթե հայհոյողների թիվը շատանում է, ուրեմն մենք անելիք չունենք որպես իշխանություն, պետք է գնանք։ Սրանք Նիկոլի խոսքերն են։ Նա ասում էր՝ մենք կարիք չունենք ատամներով իշխանություն պահելու, եթե ժողովուրդը չի ուզի, կգնանք։ Ով չհիշեց այդ խոսքերը, խնդրեմ, մտեք Yerevan.Today կայք, ես այսօր կվերահրապարակեմ հենց այդ հատվածը, դիտե՛ք, վերհիշե՛ք։ Հետո փոխվեց ամեն ինչ, սկսեց հայհոյել ժողովրդի ճնշող մեծամասնությունը, մարդիկ հայհոյում են բոլոր հնարավոր ու անհնար տեղերում, Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն ուղիղ եթեր դուրս չի գալիս, որովհետև հայհոյանքը շատ է, եթե ստիպված եթերում է հայտնվում, մեկնաբանությունների դաշտը փակում են։ Հայհոյանքների պաշտպանվելու ձև էլ գտել են օրենսդրական փոփոխությունը, տուգանքը, կալանավորումը։ Երեկ դատարանը որոշել էր, որ Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատրյանին հրապարակային հայհոյելը «հպարտ» ժողովրդի վրա կարժենա 500 հազար դրամ։

Բայց ժողովուրդը միայն հայհոյանքով չէ, որ իր կարծիքն արտահայտում է։ Ու այդ հայհոյանքն էլ ունի պատճառ։ Երեկ տարածվեց Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ 2021թ․ Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Ուշագրավ պատկեր է։

Հարցումներին մասնակցած հայաստանցիների 46 տոկոսն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է սխալ ուղղությամբ, ու միայն 34 տոկոսն է համաձայն այն կուրսի հետ, որով շարժվում ենք։ 21 թվականի մայիսին ժողովրդի 20 տոկոսն էր կարծում, թե գնում ենք սխալ ուղղությամբ, հուլիս ամսին՝ 34 տոկոսը, հիմա՝ 46 տոկոսը։ Այսինքն, ամսե-ամիս իշխանության գործունեությունը մարդկանց մոտ անվստահություն է առաջացնում ու խորացնում։ Մարդիկ հարց են տալիս, լավ, սա մեզ ո՞ւր է տանում։

Հարցին, թե մեր երկրում գլխավոր խնդիրները որոնք են, բնակչության 34 տոկոսը համարել է, որ տարածքային ամբողջականությունն ու սահմանի վիճակը, 17 տոկոսի համար ազգային անվտանգության ցածր մակարդակն է պրոբլեմ։ 17 տոկոսը գործազրկությունն է համարել պրոբլեմ։ Մարդիկ ամեն օր բողոքում են գներից, անգամ էկրանների առաջ լաց են լինում, որ չեն կարող իրենց առօրյա ծախսերը բավարարել, բայց դրանով հանդերձ, այս իշխանությունը մարդկանց գլխին այնքան մեծ պրոբլեմներ է բերել, որ իրենց սոցիալական վիճակը թողած՝ մտածում են սահմանային անվտանգության մասին։ Անկեղծ ասեք, սրանից 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ դուք սահմանի մասի՞ն էիք մտածում։ Մարդիկ, կասկած չունեն, որ մեր երկրի անվտանգությունը քայքայել է հենց այս իշխանությունը։ Նիկոլը կառավարության նիստում ասում է, որ մեր երկրում սարսափելի գնաճ է, բայց քաղաքացիների 11 տոկոսն է գնաճը համարում իր ամենամեծ պրոբլեմը, ասում է՝ ավելի լավ է սոված նստեմ, բայց սահմանս ամուր լինի։ Հա՛մ սոված է, հա՛մ սահմանն ամուր չէ։

Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 61 տոկոսը, կարծիք է հայտնել, որ մեր երկիրը կառավարում են որոշակի խմբերի շահերից ելնելով, ոչ թե ժողովրդի։ Մարդիկ համարում են, որ հեղափոխություն ասածից հանրությունը ոչինչ չի ստացել, պտուղները վայելում են իշխանական նեղ խումբը՝ իրենց փոքրիկ թիմով, օլիգարխներով, էն մարդկանցով, որ առաջ ոչինչ չունեին, բայց եկան իշխանության ու ունեն ամեն ինչ՝ ժողովրդի հաշվին։ Մարդիկ ասում են՝ Նիկոլ Փաշինյան, դու ու քո կառավարությունն աշխատում եք ի շահ ինչ-որ մանր խմբերի։

Տեսեք, ժողովուրդ, Արցախի 75 տոկոսը հանձնել են, 5 հազար ՀՀ քաղաքացու դրել են հողի տակ, աղքատությունը հասցրել են բնակչության գրեթե կեսին, գործազրկությունը դարձրել է 20 տոկոս, մեր երկրի պարտքը արդեն 9 մլրդ դոլարից անցել է, բանակը պահում են ծանր վիճակում, փոքրիկ խմբակը ծանոթ-բարեկամներով պաշտոնների են անցնում, պարգևավճարներ ու հավելավճարներ են ստանում, շքեղ ապրում են ու դա չեն թաքցնում։ Սա ո՞ւմ շահից է բխում, ժողովրդի՞։ Ոչ, ու դա ժողովուրդը տեսնում է։ Մարդը տեսնում է, որ ինքը գնացել է Հանրապետության հրապարակում գոռացել է Նիկոլ Վարչապետ՝ ՔՊ-ական ինչ-որ ջահելի հետ հավասար, հիմա ինքը ոչնչի առաջ է կանգնած, իսկ այդ ՔՊ-ականը, որ առաջ ոչինչ չուներ, հիմա կառավարական դաչայում է ապրում, 70 հազար դոլարանոց կահույք էլ դնում է իր տանը, կամ պետության հաշվին 200 հազար դոլարանոց մեքենա է գնում ու նայելով այն մնացածի աչքերի մեջ՝ ասում է՝ լավ եմ անում, էլի եմ անելու։

Մարդկանց հարց են տվել՝ գո՞հ եք պետական մարմինների աշխատանքից։ 48 տոկոսը դժգոհ է վարչապետից, 50 տոկոսը դժգոհ է նախարարներից, 44 տոկոսը դժգոհ է հակակոռուպցիոն կոմիտեից․ և չէր էլ կարող գոհ լիներ, քանի որ էս կոռուպցիոն կասկածների, իշխանականների այս գերթանկարժեք վայելքների ֆոնին չգիտենք, թե ինչով է զբաղվում Սասուն Խաչատրյանի հիմնարկը։ Իշխանական չինովնիկների արագ հարստացումը ակնհայտ կոռուպցիոն կասկածներ է հարուցում, ու դրանք մնում են անպատասխան։ Հանրության 54 տոկոսը դժգոհ է բանակի ղեկավարումից, դատարաններից դժգոհ է 47 տոկոսը։ Մարդիկ տեսնում են, որ բոլոր էն դատավորները, որոնք իշխպանության կամքին հակառակ որոշում են կայացնւմ, հայտնվում են մեղադրյալի աթոռին, անմարդկային գրոհ է նրանց նկատմամբ։ Մարդիկ կորցնում են վստահությունը դատարանների նկատմամբ։ Առաջ արդարադատության համակարգում ամենամեծ հեղինակությունը ՍԴ-ն ուներ, հիմա պարզվում է՝ հայաստանցիների 48 տոկոսը դժգոհ է։ Նիկոլն ասում էր՝ ՍԴ կազմը փոխում ենք, որովհետև վստահություն չկա։ Ու ի՞նչ, ինչի՞ հասաք։ Ազգային ժողովում, որտեղ 50 տոկոսից ավելի քվե ունի Փաշինյանը, 67 տոկոս դժգոհություն կա։ Որովհետև Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի կցորդն է, պատգամավորներն էլ զբաղված են անկապ ելույթ ունենալով ու խմբակային շահից ելած, հարձակումներով ընդդիմադիրների վրա։ Եվ այսքանից հետո պետք է հանրությունը չդժգոհե՞ր։

Մի կարևոր ցուցանիշի մասին էլ եմ ուզում խոսել․ առավոտից իրիկուն ՔՊ-ն՝ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարության անդամների ձայնակցությամբ, քարոզում է թուրք-ադրբեջամնական բարեկամություն, ասում են՝ վտանգ չկա Ադրբեջանից, Թուրքիայից, մենք չունենք սպառնալիքներ, մենք կարգավորում ենք հարաբերությունները, սահմանը բացելու ենք, առևտուր ենք անելու։ Առավոտից իրիկուն թրքասիրության քարոզ է իշխանության կողմից։ Այս հարցումները ցույց են տալիս, որ ոչ, հանրությունը չի կիսում իշխանության տեսակետը։ Հարցվածների 90 տոկոսը Թուրքային է համարել քաղաքական սպառնալիք, 77 տոկոսը՝ Ադրբեջանին։ 68 տոկոսը Թուրքիային է համարում տնտեսական սպառնալիք, 52 տոկոսը՝ Ադրբեջանին։ Հայաստանցիների 57 տոկոսը դեմ է Ադրբեջանի հետ սահմանազատմանը, և կողմ է ընդամենը 29 տոկոսը։ Սա միայն այո ու ոչ կարծիքներ չեն, այսինքն, այս մարդիկ չեն ընդունում իշխանության քայլերը Թուրքիայի ու Ադրբեջանի ուղղությամբ։

Մեկ այլ կարևոր ցուցանիշ էլ բերեմ՝ հարցվածների 66 տոկոսն ասել է, որ հավատում է, որ կարող է ազդել որոշումների կայացման վրա։ Մարդիկ հավատում են, որ կարող են իրենք բան փոխել, իշխանությանը պարտադրել իր դիրքորոշումը ու սխալ է կարծելը, թե ամեն ինչ որոշված է, իրենք ոչինչ չեն կարող անել։

Կարճ ասած՝ Հայաստանում իրականացված այս հարցումը ցույց է տալիս, որ իշխանությունը ժողովրդի շրջանում չունի վստահություն։ Ցույց է տալիս, որ ժողովուրդը դժգոհ է իշխանության ճյուղերից, դժգոհ է կառավարության աշխատանքից, չի ընդունում այս իշխանության գործելաոճը, համարում է, որ այն փոքր խմբակի շահերին է ծառայում և երկիրը տանում են սխալ տեղ։ Մենք ամեն օր ենք հարցումներ անում փողոցներում, ու մարդիկ ոչ միայն «այո» ու «ոչ»-ով, այլ երկար ու բարակ խոսքով, հայհոյանքներով նույն բանն են ասում։ Ու ամերիկյան այս հարցումը եկավ ապացուցելու, որ ժողովուրդը իշխանությունից դժգոհ է։ Այս թվերից պետք է հետևություն անի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։

Հիմա ինձ հետաքրքրում է, Նիկոլ, եթե քեզ չեն ընունում, քո արածները մերժում են, քո ծրագրերը մերժում են, մնում ես, որ ի՞նչ անես։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ