Վարորդները բողոքի ակցիա են անում։ Պատճառը ԱՊՊԱ-ի թանկացումն է։ Ես, իհարկե, աջակցում եմ թանկացման դեմ բոլոր ակցիաներին․ անգամ եթե մարդիկ դուրս գան լուցկու թանկացման դեմ, բողոքի, որը իրականում կրկնակի թանկացել է․ կողջունեմ։ Հիշենք, 2018 թվականի հեղաշրջումից ընդամենը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, մեկ էլ եթե չեմ սխալվում՝ Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի՝ «պտուղը ծառից հեռու ընկած եղբայրը» ցույց էին անում գնաճի դեմ ու ասում էին՝ գազը թանկացնում են, որ ձեզ թալանեն, կանաչին թանկացնոմ են, որ թալանեն և այլն։ Մարդկանց գլուխները այ էդպես լցրեցին ու հեղաշրջում արեցին։ Այն ժամանակ, ի դեպ, մենք բողոքում էինք թանկացումներից, բայց այն ժամանակ ցանկացած բան՝ ապրանք, ծառայություն, անհամեմատ ավելի էժան էին այսօրվանից։ Ես, իհարկե, չեմ հասկանում, թե ինչու են վարորդները բողոքում միայն ԱՊՊԱ-ի թանկացումից։
Եկեք միասին մի հատ պարզ հաշվարկ անենք։ Երբ ասում ենք եղել է 7,5 տոկոս գնաճ կամ սննդամթերքի 12 տոկոս գնաճ, դա ուղղակի տոկոս է, որը մարդ չի պատկերացնում՝ իր գրպանը ոնց է քրքրում։ Բենզինի գինը թանկացել-հասել է 520 դրամի․ առաջ տևական ժամանակ 430 դրամ էր, կորոնավիրուսի ժամանակ ամիսներ շարունակ 270-290 դրամ էր։ Վերցնեմ 430 դրամը․ թանկացել է 90 դրամով։ Շաբաթական, ասենք, օգտագործում ես 20 լիտր բենզին, մինիմալ հաշվարկով։ Պարզ հաշվարկով, ամսական տուժում եք 7,5 հազար դրամ՝ միայն բենզինի թանկացումից։
Ցամաք հացը թանկացել է 50-90 դրամով։ Վերցնում եմ ամենանվազ թանկացումը՝ 50 դրամ։ 4 հոգանոց ընտանիքը օրը 2 հաց կուտի, մատնաքաշ․ ամենանվազ հաշվարկն եմ բերում, ժողովուրդ։ Դա կազմեց 3000 դրամ մեկ ամսում։ Միայն հացից։ Երկրորդ հացը կարտոֆիլն է, թանկացել է 170-200 դրամով, նախորդ տարի 150-200 էր, հիմա 320-400 դրամ։ Ամսական կօգտագործեք ամենաքիչը 10 կիլոգրամ։ Միայն մեկ ամսում, միայն կարտոֆիլից տուժելու եք 1700 դրամ։ Կրկին ասում եմ, ոչ թե ծախսելու էք այդքան, այլ՝ նախկինի համեմատ էդքանով ավելի։ Ձեթը մի հատ կրկնակի թանկացել էր, հետո մի հատ էլ թանկացել է մինչև 350 դրամով։ 4 հոգանոց ընտանիքի համար ամսական հաշվում եմ երկու լիտր ձեթ։ Միայն ձեթից մեկ ամսում դուք տուժում եք 1600 դրամ։ Բրինձը թանկացել է կիլոգրամը 300-500 դրամով։ Հաշվում եմ, որ կօգտագործեք 2 կիլոգրամ մեկ ամսում։ Միայն բրնձից տուժում եք 700 դրամ։ Կաթնամթերքը, կարագը հատկապես թանկացել է սարսափելի, պանիրը թանկացել է։ Ամեն-ամեն ինչ թանկացել է, անձեռոցիկ, լուցկի, մինչև տավարի միս։ Գոտին ձգած ընտանիքը ամեն ամիս թանկացումների համար լրացուցիչ 30-50 հազար դրամ է ծախսում, միայն թանկացումների համար։ Աչքներդ լույս, կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ այս տարի էլի թանկացումներ կլինիեն։ Այսինքն ժողովուրդ, սրան գումարվելու են էլի թանկացումներ։
Գազը թանկանալու է, հոսանքն արդեն թանկացել է, ջուրը թանկացել է։ Վերցնում եմ հոսանքը։ 4,7 դրամով թակնացել է միջինում։ Շատ են մարդիկ, որոնք տունը ջեռուցում են հոսանքով․ ամենամինիմալը, մի փոքրիկ տունը ջեռուցելու համար ծախսվում է մեկ ամսում 300 կիլովատ ժամ հոսանք։ Միայն հոսանքի համար ամիսը 1400 դրամ ավելի եք ծախսում։ Հիմա շատերը կասեն ինչ ես խոսում, ինչ 300 կիլովատ։ Կրկնում եմ էս հաշվարկներս ամենանվազն են։ Ընդ որում, հոսանքի թանկացումը բերելու է բոլոր այն ապրանքների թանկացմանը, որոնք արտադրելու համար հոսանք է պետք՝ սկսած կաթից, որը զտելու սարքը հոսանքով է աշխատում։ Առաջ ասում էին չի բարձրանա գազի գինը, հիմա ասում են կբարձրանա, բայց սոցիալապես անապահովների համար չի բարձրանա։ բայց եթե մեր երկրում բարձրանում են ապրանքի գները, բայց մարդնկնաց ֆինանսները մնում է նույնը, նշանակում է, որ հերթականությամբ բոլորն են դառնում են սոցիալապես անապահով։
Հիմա կառավարության նիստում հավաքվել են բարեկեցիկ ապրող մարդիկ ու ասում են՝ աննախադեպ թիվ ունենք աշխատատեղերի։ 20 տոկոսոս գործազրկության ֆոնին աննախադեպ աշխատատեղերի մասին են խոսում։ Աննախադեպ գնաճի ֆոնին ասում են՝ մերը ամենաքիչն է։ Եղբայր, հոպ, մի հատ բարեհաճեք, լուսնից իջեք, տեսնենք՝ որ խոստումների տակից ոնց եք դուրս գալիս։ Ամենն արդարացնում են աշխարհով։ Ասում են՝ աշխարհոում էլ ա էդպես․ եղբայր, բա ո՞նց է լինում որ աշխարհում գնաճ էր լինում, իսկ մեզ մոտ երկուհազարականներին 10 տարի գները նույնն էին, ու մի բան էլ իջնում էին։ Էն ժամանակ, կարող էին, չէ՞, ձեզ պես ոչինչ չանեին, նստեին-վայելեին, ու սաղ գցեին աշխարհի վրա։ Բա որ չեն ասում՝ Վրաստանում, գնաճը 13 տոկոս է․ բա որ՝ տնտեսական աճն էլ իրականում, ոչ թե կատակով, երկնիշ է, դա ինչի՞ չեք ասում։
Էսքանի ֆոնին ո՛չ կարողանում եք տնտեսական աճ ապահովեք, ո՛չ գնածը զսպեք, սաղ օրը իրար պաշտոնների եք տեղավորում, քեֆեր անում, բան ու գործ էլ չի լինում՝ քովիդ եք ընկնում․ ոչ մի դրականի մասին ո՛չ շարժ, ո՛չ հույս կա։ Ու ես բողոքի ցույց չեմ տեսնում։
Երկու օր առաջ մի կին մոտեցել ու ասում էր՝ տունը փչովի պլիտա եմ միացնում, օրը երկու ժամ, ձմեռը ամբողջ օրն անկողնում եմ, հենց տուն եմ մտնում, մտնում եմ անկողին, անկողնում տաք ա։ Քիչ չէ խնայում էի, հիմա էլ թանկացել ա հոսանքը, ի՞նչ եմ անելու։ Էդ կնոջը կարեկցեցի մինչև էն պահը, երբ ասաց, որ էս անգամ էլ ընտրեց Նիկոլին ու խաբվեց։ Ասում եմ, բայց էդ ի՞նչ նոր բան է արել, կամ չի արել, որ հատկապես այս անգամ ընտրել ու փոշմանել ես, էդ ի՞նչ էր արել մինչև ընտրությունները, որ քեզ վստահություն էր տվել, թե լավ է լինելու․ ինչ արել էր, նույն կերպ էլ շարունակում է։ Դե, ասում է, հույս ունեի փոփոխություն կլինի, մտածում էի՝ էլ չի կարող սխալ բան անել, լիմիտը պրծել է, վատը լինելու տեղ չկա, սրանից հետո լավ կլինի։
Մի էսպիսի պատմություն կա Հովհաննես Թումանյանի մասին ընտանիքի անդամների հուշերում․ ասում են՝ ընկույզ շատ էր սիրում, պարկով էր գնում։ Մի անգամ մի պարկ բերում է, որը կոտրում են՝ փուչ է․ հարցնում են՝ ինչո՞ւ չես փորձել, նոր առնեիր․ պատասխանում է՝ մի 5 հատ կոտրեցի, փուչ էին, ասի մնացածը նորմալ կլինի։ Հիմա դուք տեսել եք, որ փուչ ա, դատարկ ա, բայց ասել եք ընտրենք, սրանից հետո լավը կլինի։
Հիմա ինձ ու իմ նման հարյուր հազարավոր մարդկանց, շատ է մտահոգում այն, որ արտահերթ ընտրությունների ժամանակ ձայն ենք տվել այն Հայաստանին, որտեղ հոսանքը 25 դրամ էր։ Ես ձայն եմ տվել այն Հայաստանի համար, որտեղ սննդամթերքի գնաճը տարեկան ոչ թե 12 տոկոս էր, այլ մեկ տոկոս։ Ես ձայն եմ տվել այն Հայաստանի համար, որը հզոր էր, այն Հայաստանի համար, որի նախագահը խոսում էր դրսում, ես ամոթից գլուխս չէի կախում, այլ հպարտանում էի։ Այն Հայաստանին եմ ձայն տվել, որտեղ ներգաղթ կար։ Հիմա ինչի՞ պետք է մարդիկ իրենց էս սխալ որոշմամբ ինձ բերեն գցեն մի Հայաստան, որտեղ իշխում է անգրագիտությունը, սովը, գործազրկությունը, աղքատությունը, որի տարածքը ամեն օր նեղանում է։ Ինձ հետաքրքիր է ինչո՞ւ պետք է ապահով, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան ընտրողս հավասարապես կրի էն դժվարությունները, որ կրում են էն մարդիկ, որոնք իրենց աբսուրդային մտածելակերպով ինձ կանգնեցրել են փաստի առաջ։ Ինչո՞ւ պետք է ես հավասարաչափ կրեմ նույն վնասները, ինչ-որ Նիկոլ ընտրածները։ Ավելին ասեմ, ինչո՞ւ պետք է գնան Նիկոլ ընտրեն, հետո գնան խոպան՝ իրենց ընտրության ծանր հետևանքը թողնելով մեզ։ Ու հերիք չէ ձեր ընտրութմաբ մեզ գցել եք ճահիճը, մի հատ էլ հանգիստ նստել ե՞ք։ Բա ո՞վ պետք է դուրս գա փողոց էս ձեր արածների հետևանքները մաքրելու, սխալը ուղղելու, ինչ-որ չեմ տեսնում ձեզ։
«Կարճ ասած»՝ հիշեցնե՞մ Նիկոլին ինչի համար էիք բերել․ ձեր հոգսը թեթևացնելու։ Եկել է ու դարձել է ձեր գլխավոր հոգսը։ Ինձ մի բան է միայն հուսադրում, որ չնայած բավականին ուշ, սակայն խելքի եկողները օր-օրի շատանում են ու այս դժգոհության ու հիասթափության հետ ոչինչ չի լինի անել։ Այստեղ ո՛չ պատրուլը կօգնի Նիկոլի իշխանությանը, ո՛չ բերման ենթարկումները, ոչ սրա-նրա գլխին գործ սարքելը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը