25 01 2022

«Կարճ ասած»․ Վերջացած մարդու ասուլիսի, ուսապարկերի ու սրճեփի մասին



 

Ունեմ տպավորություն, որ այս իշխանության ներկայացուցիչները ամեն առավոտ զարթնելիս երբ իրենց նայում են հայելու մեջ, զարմանում են, որ դեռ ազատ ֆռֆռում են, մի բան էլ ավել՝ շքեղ կյանք են վարում․ ասում են՝ վայ քու արա, սենց բան էլ ա լինո՞ւմ․ Շուշին տաս թշնամուն, 5 հազար հոգի դնես հողի տակ ու մնաս ազատության մե՞ջ։ Մարդիկ ոգևորվել են, շարունակում են ապրել սովորականի պես ու հաբրգում են դրանից։ Լավ, ասում են, ուրեմն նորմալ ա, կարելի ա։ Դրա համար էլ էս համատարած սգի ֆոնին շքեղ հարսանիքներ են անում ու սալյուտ խփում, դրա համար էլ էս աղքատության ֆոնին տներ են առնում․ որովհետև զարմացել են, որ դեռ չեն զարթնում Արմավիրի գաղութի խցերում։ Ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր երեկ եթերում Ալիև արդարացնում, ադրբեջանական թեզեր առաջ տանում, ցեղասպանությունը ուրացողի դիրքերից հանդես գալիս․ այ դրա համար, որովհետև մեր երկրի գլխին էս աղետը բերելուց հետո մարդը ոչ թե արթնանում է գաղութում, այլ վարչապետ է։ Այդ մարդիկ մտածում են՝ մեզ ամեն ինչ կարելի է։

Հողը տվել են, տղերքին հանձնել են, հանգիստ ապրում են ու այսօր արդեն մունաթ են գալիս։ Ազգային ժողովի ուսապարկերի այսօրվա պահվածքն ուղղակի անպատկառության գագաթնակետն էր։

Հակոբ Ասլանյանն ասում է՝ կապիտուլյանտ բառն օգտագործելուց զգույշ եղեք, որովհետև վիրավորում եք ինձ։ Մարդը թիմի է մաս կազմում, որը հայրենիքը տվել է թշնամուն, մուղամը բերել է Շուշի, մարդիկ արտագաղթել են իրենց տներից, մեր լիքը տղերք զոհվել են, հաշմանդամություն են ձեռք բերել, Ալիևը ինչ ուզում է, տալիս են ու ասում են՝ որ ասում եք կապիտուկլյանտ, վատ եմ զգում․ թքած, թե դու ոնց ես զգում, այ կարևոր է թե դու ով ես, իսկ ձեր թիմը կապիտուլյանտ է։ Գիտե՞ք ինչի է մունաթ գալիս, որովհետև այնքան բանը, որ բերել են մեր երկրի գլխին, անհոգ ապրում են մեր երկրում։ Ու մատ է թափ տալիս, թե դուք ի՞նչ երկիր էիք թողել մեզ։ Ձեզ թողել են պետություն, որը վարի եք տվել։ Մեզ հետ տվեք էն երկիրը, որը ձեզ է հանձնվել 2018 թվականին․ Հայաստանում պատերազմի համար մեղավոր է, պատասխանատու է այն իշխանությունը, որը պատերազմի ժամանակ եղել է իշխանություն։ Սրանք ասում են՝ պատերազմը նախկինների պատճառով է։ Նամուսը լավ բան է, օգտվեք դրանից։ Եռաբլուրում մեր տղերքի արյունը յուրաքանչյուր քպ-ականի խղճին է։

Ու էսօր ասում են՝ հա, Քելբաջարը հանձնել ենք առանց կրակոցի, լավ ենք արել, ժողովուրդն էլ մեզ է ընտրել էդքանից հետո։ Ի՞նչ խոսք, Ժողովուրդը մեղավոր է էդ հարցում, ու ՔՊ-ն էլ զարմացած է, որ այդքանից հետո վերընտրվել է։

ՔՊ-ականները նեղվում են, թե ինչու եք ասում պատերազմից 5 հազար զոհ ենք ունեցել, 4 հազար է։ Ավելի կոնկրետ՝ հրապարակվել է 3809-ի մասին և կան անհետ կորածներ։ Ես էս թվին չեմ հավատում։ Ադրբեջանը հրապարակել է բոլոր զոհերի անունները, նրանց բոլորի լուսանկարներով էլ ֆլեշմոբ արեց․ նրանք ունեն անուն-ազգանուն, լուսանկար, կենսագրություն։ Դուք ինչո՞ւ չեք հրապարակում մեր նահատակ հերոսների անունները։ Մարդիկ հայրենիքի համար կյանքը չեն խնայել, ովքե՞ր են նրանք, ասացեք իմանանք, ասացեք իմանանք հանուն ում ենք մենք և դուք շարունակում ապրել։ Ուրեմն մի բան կա, չէ՞, որ գաղտնի եք պահում։  Ուրեմն մի բան կա, չէ՞։ Իսկ կարող ա՞ վախենում եք․ օրինակ՝ վախենում եք սխալ թվերից։ Եթե դուք անուններով հրապարակեք, կարող է հանկարծ լիքը մարդիկ ասեն՝ իմ տղու անունը, իմ եղբոր անունը, հոր անունը չկա էդ ցանկում, ու կբացահայտվի, որ ոչ թե 4 հազար մեր հայրենկից է զոհվել Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» համար, այլ՝ 5000։ Քանի դեռ չեն հրապարակվել անուն առ անուն, ես չեմ հավատալու այս իշխանությանը․ սրանք եթե կեղծում են ամեն ինչ՝ կենսագրությունը, կրթությունը, պատմությունը, փաստաթղթերը, վիճակագրությունը, անձնագրերը, քաղաքացիությունը, զոհերի թիվն ի՞նչ է, որ չկեղծեն։

Երեկ Նիկոլ Փաշինյանը  ասուլիս էր տալիս։ Նախ ծիծաղելի է դրան ասուլիս անվանելը, լրագրողը կարդում էր ինչ-որ հարցեր, հետո ահազանգեցին, թե ոչ թե հարց էին կարդում, այլ աղավաղում էին, որոնց Նիկոլը նախապես շատ լավ գիտեր ու պատրաստվել էր ու տակից դուրս էր գալիս։

Նիկոլի ասուլիսից մի քանի բան վերահաստատվեց․ Ղարաբաղը լինելու Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի հետ պայմանագիր են կնքում։ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի խնդիրը չէ, Սփյուռքի խնդիրն է։ Հարաբերություններ հաստատելու համար Թուրքիայի նախապայմաններից մեկը Ցեղասպանության հարցից հրաժարումն է կամ չշրջաանառումը։ Նիկոլն ասում է՝ այ Էրդողան ջան, ես կապ չունեմ, ՀՀ իշխանությունը կապ չունի, ավելին, մենք դեմ ենք, արի դու Սփյուռքի հետ լեզու գտիր։ Էրդողանը, բնականաբար, Սփյյուռքի հետ լեզու չի գտնի, լեզու կգնի տարբեր երկրների հետ, որոնք կասեն՝ հարաբերություններ կան Թուրքիայի ու Հայաստանի միջև, ինչո՞ւ խոչընդոտենք Ցեղասպանությունը ճանաչելով։ Դուք նկատե՞լ եք, որ անգամ 44-օրյա պատերազմը չդարձավ մոտիվացիա, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչեն գոնե մի քանի երկիր։

Նիկոլ Փաշինյանի ասուլիս կոչված շոուին անդրադառնալու բաներ, իհարկե, կան՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, բուհերի գրավում, հայ-թուրքական սահմանի բացման հետևանքներ, սոցիալական հարցեր։ Բայց նորություն չկար․ էլի խաբել, ֆռացնել, մանիպուլյացիա, ոչ թե խորքային պատասխաններ, այլ՝ ինչ այդ պահին մտածում է։ Միակ նորությունը գիտե՞ք ինչն էր՝ աշխատասենյակը։ Բավականին գեղեցիկ աշխատասենյակ էր․ հույս ունենք, որ այդ աշխատասենյակը գոնե նրան կտրամադրի մի քիչ աշխատել՝ հանուն խոստացված ապագային խաբված միամիտ ժողովրդի։

Ի վերջո, կսկսեն մի երկու լավ բան անել, գոնե, էսքան աղետից հետո, ոչ թե կմտածեն առավոտից իրիկուն ընդդիմության վրա գրոհի մասին, ոչ թե ժողովրդավարություն կգոռան, բայց Հայաստանը կվերածեն Հյուսիսային Կորեայի։

«Մարդու իրավունքների նիկոլական պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ հայտարարում էր, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ, քաղհալածյալներ չկան։ Օրվա վերջում ոստիկանությունը գողացավ-տարավ Նիկոլին ընդդիմադիր մարդկանցից մեկին՝ Սայաթ Շիրինյանին։ Արժանապատվության ու ժողովրդավարության մասին խոսացողները դա արեցին ամենափնթի կերպով։ Վկային սովորաբար հրավիրում են ցուցմունք տալու։ ՀՀ ոստիկանապետը, որը էդ պաշտոնին է միայն Նիկոլի դասընկերը լինելու համար, ոստիկանությանն ուղարկել է վկային՝ Սայաթ Շիրինյանին, ասֆալտին փռելու ու բերման ենթարկելու։ Կասկածում էին, որ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը, Երևանից իր ամենագնացը քշել է 180 կիլոմետր հեռավորություն ունեցող Մարտունի ու գողացել է սրճեփ՝ կոֆեվարկա։ Ցինիզմը նայեք։ Անգամ Արփի Դավոյանի համար հասկանալի կարող է լինել, որ սա շինծու մեղադրանք է։ Ամոթ ա։ Ավելի տղավարի կլիներ՝ գրպանը պլան գցեիք, ինչ-որ բան այլ բեմադրեիք, որ էսքան չցածրանայիք․ մտքներիդ չէ՞ր գալիս, դիմեիք Սասուն Խաչատրանին, Արթուր Դավթյանին, նրանք հակաօրինական գործ սարքելու ու դա կրծքով պաշտպանելու մասնագետ են։

Ցավ է, որ հոգեկան առողջության հետ լուրջ խնդիր ունեցող մի երկու հոգու ձեռքին խամաճիկ է դառնում պետական ապարատը, պետական ռեսուրսը անխնա վատնվում է նրանց բավարարելու համար։ Ասացվածք կա չէ, երեխայի ձեռքին չագուչ տաս, աշխարհը մեխ ա թվալու։ Սրանք էդ չագուչով երեխան են։

Կարճ ասած՝ պետությունը վարի տալը, իհարկե՝ կարող եք շարունակել, կարող եք շարունակել նաև անխնա խայտառակվելը՝ ինչպես անհատապես, այնպես էլ կոլեկտիվ կերպով։ Բայց իմացեք՝ ձեր գործողությունների պատճառով ամեն օր ձեր հետ միասին վարկաբեկվում է նաև պետությունը, հեղինակազրկվում է, քայքայվում է։ Ամեն օր ավելանում է էս իշխանությունից զզվացողների բանակը, ու լռեցնել պարզապես չեք կարող։ Ձեզանից ոչ ոք չի վախենում, բայց դուք վախենում եք բոլորից։

Հենց ձեր այդ վախերը մեր երկիրը այս օրին հասցրին ու ձեզ էլ կտանեն կործանման։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ