21 01 2022

«Կարճ ասած»․ Պատերազմի կեսից, արդեն, Նիկոլ Փաշինյանը խոսել է խորհրդային քարտեզների մասին



 

Տեսնում ենք, որ իշխանությունն ամեն ինչ անում է՝ շեղելու համար հանրության, ընդդիմության ուշադրությունը, մոռացնել տալու պլանավորված պարտությունը, պատերազմը։ Հիշողությունից փորձում են մոռացնել տալ վերջին պատերազմի մասին դրվագները։ Իշխանությունն ամեն ինչ բերում է առօրյա կենցաղային մակարդակի, խորհրդարանում իշխող խմբակցության ելույթները փողոցային վարքուբարքով են։ Կարծես ամեն ինչ նորմալ է, խնդիր չունենք, պատերազմ չի եղել, զոհ-վիրավոր-գերի, պետության կորուստ չի եղել։ Սուտասան նախարարների քրքիջներ, կենսագրություն կեղծող պաշտոնյաների շքերթ, իրեն ստրկատեր հայտարարած իշխանավորի ցինիկ վարք, պաշտոններին չմասնագետների նշանակում, բյուջեի վայելք, մանկապարտեզից էլ ցածր մակարդակ։

Իրենք գլխավոր թեմաներից շեղում են մի պատգամավորի տխմար ելույթ հանձնարարելով։ Հանրությունը շեղվում է էդ հիմար թեմաների վրա, իսկ իրենք տակից Հայաստանն են վարի տալիս՝ կասկածելի ու վտանգավոր հարաբերություններ Թուրքիայի հետ, կասկածելի ու վտանգավոր սահմանագծում Ադրբեջանի հետ։ Պատերազմից անցել է 1 տարի և երկու ամիս, բայց դեռ մարտադաշտում մեր հերոսների կմախքներն ենք փնտրում, ունենք գերիներ, որոնցից մի քանիսի ծնողներն արդեն մահացել են երեխային սպասելու դարդից, ու այս ամենը մեր գլխին բերած իշխանությունը ձեզ կերակրում է շոուներով՝ ինքն էլ տակից հենց էս պահին երկխոսելով թշնամու հետ։

Անգամ սրանց խոստացած կասկածելի քննիչ հանձնաժողովը չկա։ Բայց կան պատերազմին վերաբերող լիքը փաստեր, որոնք քննության կարիք ունեն։ Օրերս պատմեցի այն հայտնի խորհրդակցության մասին, որ պատերազմի օրերին տեղի էր ունեցել Գորիսում․ հիշեցնեմ՝ էն խորհրդակցությունը, որի ժամանակ անօդաչուի ձայն լսելով՝ Նիկոլը լեղապատառ փախել էր սենյակից և մտել ապաստարան՝ հարուցելով ներկաների զարմանքն ու ծիծաղը։ Այսօր խոսելու եմ այդ խորհրդակցության ամենակարևոր դետալի մասին, որը ևս, իմ կարծիքով, պլանավորված պարտության մաս է։

2020 թվականի հոկտեմբերի 17-ին, երբ մարտեր էին Ջեբրայիլի համար, երբ թշնամին 150 կիլոմետր հեռու էր Սյունիքից, Գորիսում խորհրդակցություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանը՝ ուժային ներկայացուցիչների և ՏԻՄ ղեկավարների մասնակցությամբ։ Հանձնարարում է կազմել ինքնապաշտպանական ջոկատներ, պատրաստվել Սյունիքի պաշտպանությանը, խրամատ փորել և՝ ուշադրություն՝ առաջնորդվել Խորհրդային Միության ժամանակի քարտեզներով։ Այո, հիմա արդեն պարզ է դառնում, որ էդ խորհրդային քարտեզներին ոչ թե անցել են ստիպված, այլ պատերազմի կեսից, արդեն, դա եղել է օրակարգում, սրանք, իմ կրծիքով, պատրաստվել են պարտության։

2020 թվական, հոկտեմբերի 17, պատերազմի ուղիղ կեսին, կապիտուլյացիայից 23 օր առաջ ինչո՞ւ ես խոսում Սյունիքի պաշտպանության մասին, երբ թշնամին հեռու է 150 կիլոմետրով։ Դեռ Ջեբրաիլում կռիվ է, Զանգելանը չի ընկել։ Զորքը փոխանակ ուղարկեն էնտեղ պաշտպանելու, էնտեղից հետ են բերում Սյունիք։ Ջրականից՝ պատերազմի գոտուց հետ են գալիս, որ պատերազմի պատրաստվեն մի վայրում, որտեղ պետք է կյանքում թշնամու ոտք չհայտնվեր։ Ինչո՞ւ ես խոսում խորհրդային քարտեզների մասին, արդո՞ք էդ ժամանակ արդեն որոշել էիր, որ պետք է թշնամին գա մինչև այդ տարածք։ Դու, ստացվում է, այդ ժամանակ պլանավորել ես, որ մինչև այդտեղ զիջելու ես, բայց դրանից 100-ավոր կիլոմետրեր էն կողմ զորք ես պահել, կոտորվել են։ Հոկտեմբերի 19-ին դեռևս հայտարարվել էր 729 զոհի անուն, այն ժամանակ, երբ Նիկոլը խոսել է խորհրդային քարտեզների մասին, դրանից երկու օր անց լինում է պատերազմը կանգնեցնելու առաջարկ, առանց այդքան տարածքային կորուստների։ Փաշինյանը մերժում է, քանի որ, ինչպես տեսնում ենք, տալու բաներ դեռ լիքը ուներ․ մերժում է, ինչպես ասաց, որ իրեն չասեն դավաճան։ Մերժելու ժամանակ հայտարարվել էր 700-ի կարգի զոհերի մասին, այսօր խոսվում է 4 հազարից՝ պաշտոնական ոչ վստահելի թվերով։

Դհոլչի դատախազը պարտավոր է մանրակրկտությամբ անդրադառնալ Գորիսի հոկտեմբերի 17-ի խորհրդակցությանը։

Պատերազմից հետո Սյունիքի ինքնապաշտպանական ուժերը մնացել էին սահմանին, պահում էին հայրենիքը։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին տեղի է ունենում փակ խորհրդակցություն, որի արդյունքը ողբերգական է։ Կառավարության շենքում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետները, Պ նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԳՇ պետ Օնիկ Գազպարյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահայանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԱԾ սահմանային զորքերի հրամանարտարն ու ԱԱԾ սահանապահ զորքերի շտաբի պետը և գուցե այլ մարդիկ ևս։ Որոշվում է Սյունիքի ճակատագիրը։

Դեկտեմբերի 17-ին Սյունիք է ժամանում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, հանդիպում է նաև համայնքների ղեկավարներին, ինքնապաշտպանական շրջանների հրամանատարներին և ասում է՝ հետ քաշեք ջոկատները, ձեզ մեկ օր ժամանակ։ Ներկաները հարցնում են՝ ինչո՞ւ, ասում է՝ չգիտեմ։ Հարցնում են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մեջ չկա նման կետ, որ պետք է Սյունիքից հետ քաշվենք, ինչի՞ հիման վրա եք ասում, ասում է,որ ոչինչ չգիտի, գիտի միայն, որ պետք է հետ քաշվեն։ Հետո պարզվում է, որ ոչ միայն գիտեր, այլև ինքն անձամբ է ստորագրել այդ փաստաթուղթը։ Սա այն ստորագրությունն է, որ Նիկոլը մեկ ասում էր՝ գրավոր եմ պայմանավորվել, հետո ասում էր՝ ո՞վ, ես եմ տենց բան ասե՞լ։ Նիկոլն ասում է՝ եթե որոշումը չկայացվեր, ռազմական գործողություններ կսկսեին։ Թշնամին հիմա կպած է Կապանին, Գորիսին, հանձնվել են ռազմավարական նշանակության բարձունքները, Գորիս Կապան մյարուղու 21 կմ հատվածը, Կապան-Ճակատեն ճանապարհը, Կապան-Ագարակ ճանապարհն էլ անհասկանալի կարգավիճակ ունի։

Էդ ընթացքում ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարի անվան տակ սյունեցիներին զինաթափեցին, քրգործեր հարուցեցին, կալանքներ տվեցին, զինվորներին չզինեցին ու այդպես արդարացրին Սյունիքից հանձնումները։ Սրանք բաներ են, որ պետք է բացահայտվեն, էսպիսի բազմաթիվ դեպքեր կան, որոնք բոլորն էլ բացահայտման կարիք ունեն։

Կարճ ասած՝ կա մի մեծ դավադրություն, որը պետք է գնահատական ստանա, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ողբերգությունը հաղթահարելու հեռանկարների մասին։ Մենք դեռ նոյեմբերի 9-ի մեջ ենք, դեռ չենք անցել նոյեմբերի 10։ Իշխանությունը իր համար հանգիստ կյանքն է վայելում, ասես ոչինչ չի եղել․ բայց պետք է քննություն լինի, լինեն պատասխան տվողներ՝ սկսած գերագույն գլխավոր կոչվածից, որն ինքն է խոստովանել, որ մեղավոր է ու պատասխանատու։ Դա հայրենիքը հետ չի բերի, բայց կիմանանք կապիտուլյանտներին, դավաճաններին փաստերով։ Դա մեր պատմությունն է, պետք է այդ պատմությունը սովորել՝ դասեր քաղելու համար․ որպեսզի փողոցից ինչ-որ թափառականների խումբ այլևս չգա ու պետության հերը նորից անիծի։

Ամենախիստ պատիժն առջևում է, բայց քանի դեռ դա չկա, պետք է պատրաստվել մեր պետության գլխին եկող հաջորդ վտանգներին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ