Մենք շատ հաճախ ենք ասում, որ կառավարությունը խորթացել է հանրությունից, որոշումները չեն բխում մեր երկրում առկա վիճակից, հանրության մատից փուշ չեն հանում։ Ու Նիկոլի կառավարությունը նիստից նիստ հաստատում է մեր ասածը։
Այսօր 72 որոշում կար` նախկին որոշումների չեղարկում, գաղտնի որոշումներ, օրենքներում փոփոխություններ, գույք տալ-վերցնել, մեկ անձից գնումներ, գումարների հատկացում, պարգևատրումներ և այլն։ 72 հարցից մի երկուսը ձևականորեն զեկուցեցին՝ լուրջ դեմքով, մնացածը մեկ որոշմամբ սղղացրին-գնաց։
5,2 միլիոն դոլար հատկացվեց առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման համար․ 990 միլիոն՝ հիվանդանոցների պահպանման ծախսեր, 880 միլիոն՝ աշխատավարձ, 55 միլիոն՝ կոմունալ, 480 միլիոն՝ բժիշկների վճար, 370 միլիոն՝ դեղերի փող և այլն, կլորացրել-գրել են մարդիկ։ Ձեզանից քա՞նիսն է հիվանդացել կորոնավիրուսով ու բուժվել տանը սեփական միջոցներով․ ես հիվանդացել եմ ու բուժվել եմ իմ փողերով։ Իմ կոլեգայի մայրը հիվանդանոցում է բուժումը ստացել, ասել են, որ վիճակը ծանրացել է, այսինչ դեղից պետք է երկու կոճակ առնեք, յուրաքանչյուրը՝ 400 հազար դրամ։ Պետությունը գումար է հատկացնում, որ դեղ առնի մեզ բուժի, մեզանից շատերը մեր միջոցներով ենք բուժվում։ Կորոնավիրուսի բուժման համար հարյուր միլիոնավոր դոլարներ են մտել մեր երկիր, ի՞նչ են եղել։ Ձեզանից ո՞ր մեկն է ստացել հաշվետվություն, թե ինչի վրա են ծախսվել փողերը։ Ասում են՝ մեկ հիվանդի բուժման ծախսը արժե 620 հազար դրամից մինչև 1 միլիոն և ավելի, հիմա մենք մեր միջոցներով բուժվում ենք, ո՞ւր են գնում մեզ համար դուրս գրված փողերը։ Հիմա էլ 2,5 միլիարդ դրամ են հատկացնում ու մենք կասկածում ենք, որ նպատակին ծառայելու է։ Կրկնում եմ՝ հաշվետվություն չենք տեսել։
Հիշո՞ւմ եք՝ 5 աստղանի հյուրանոցներում էին պահում մարդկանց, որոնք հնարավոր է՝ շփվել էին կորոնավիրուսով վարակվածի հետ, փողերը քամուն էին տալիս, բայց հիվանդին ասում են՝ բուժվի քո միջոցներով, չնայած որ բուժման փող են դուրս գրում։
Կառավարության այսօրվա մի քանի որոշումներով ուղղակի պետական հիմնարկներին գումարներ տրվեցին՝ 36 միլիոն դրամ դատախազությանը, 7,5 միլիոն դրամ՝ պետգույքի կառավարման կոմիտեին։ Էս կառույցի ղեկավարն էլ արդեն քանի ամիս է` մոռացել է ինքը ինչ է աշխատում ու զբաղված է Վեդին զավթելու անհեռանկար օպերաիցիայով։ Ո’չ կարողանում է քաղաքապետ ընտրվել կոկորդիլոսագետը, ո’չ էլ էս գործից են հանում։ Ընդհանրապես, կառավարությունը խառնել ամեն ինչ իրար. Դեկտեմբերի 5-ին բազմաթիվ համայնքներում ընտրություններ եղան, հարց չլուծեցին դրանք․ անգամ մարդավարի ընտրություններ կազմակերպել չգիտեն, համայնքներում խառնվել են իրար, ընտրություները պետք է լինեին կրքերը հանգստացնելու գագաթնակետը, բայց բորբոքեցին, փողոց են փակում մարդիկ, բերման են ենթարկում, մի քանի տեղ ընտրվածներին են կալանավորում, մի տեղ երկու համայնքապետ է ընտրվել, մի քանի տեղ առնում են ընդդիմությանը։ Աջաբ սանդալ է ստեղծվել։ Էնպես են խառնել, որ ընտրությունից արդեն 20 օր է անցել, մի շարք համայնքներում անհնար է հասկանալը, թե ով է հաղթել կամ ով կդառնա քաղաքապետ։ Կոկորդիլոսագետին թողնենք Վեդիի ճամփեքին, գանք կառավարության նիստին։
1 միլիարդ 470 միլիոն դրամ հատկացրեց պաշտպանության նախարարությանը՝ «ՊՆ շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում: Թող զինվորը ցեխի մեջ քնի, դուք ՊՆ շենքը բարելավեք։ Ու այս ամենը սղացրին չզեկուցվող կամ գաղտնի հարցերի տակ։
Նույն չզեկուցվող որոշմամբ, 500 միլիոն դրամ՝ մեկ միլիոն դոլարից ավելի գումար տվեցին ոստիկանության պարգևատրմանը ու ձևակերպեցին․ «որակյալ աշխատանքի և հատուկ առաջադրանքների կատարման համար»՝ որպես 13-րդ աշխատավարձ։ Բա իհարկե, Նիկոլին 200 մետր գնալու համար 1500 ոստիկան է հսկել․ որակյալ աշխատանք և հատուք առաջադրանք, տարեցներին ու կանանց քաշքշել է, պատգամավորներին քաշքշել է, աղջիկներին ծեծել է ու բերման է ենթարկել։ Թողել է քաղաքի կենտրոնում իրար սպանեն, բայց չի թողել, որ եռաբլուրում զոհվածի մայրը Նիկոլին մոտենա ու իրենից խլված որդուց հարցնի։
Չգիտես ինչի՝ կառավարությունը չորոշեց 13-րդ թոշակով պարգևատրել մեր տատիկ-պապիկներին, մեր նպաստառուներին, ընդամենը նվազագույն՝ 68 հազար դրամ ստացողներին։ Չէ, թող ոստիկանները պարգևատրվեն, իրենք հատուկ առաջադրանք են կատարում, քա՜նի ընդդիմադիր կա, որ պետք է արյունլվիկ արվեն։ Էսօր Փարաքարում 13 ոստիկանով մի մարդու էին բերման ենթարկում, որը դուրս էր եկել բողոքի ցույցի։ Մի քանի ոստիկան լցվել էին մեկ հոգու վրա։ Ապրեք դուք, հեսա դրա համար փողը կստանաք։
Հա, ԱԺ նախագահն էլ ՔՊ-ական պատգամավորներին է պարգևատրել։ Էլի երևի որակյալ աշխատանքի համար։ Բա պիտի քպ-ական դեպուտատները, Նիկոլի թիմը հա՛մ լավ աշխատավարձ ստանա, հա՛մ պարգևատրում, հա՛մ տներ առնեն, հա՛մ լավ ավտոներ քշեն, որովհետև իրենց օլիգարխի համար 200 հազար դոլարից պակաս գնով ցանկացած ավտո հավասար է էշի։ Էս եք դուք։ Ականջդ կանչի, հեղափոխական Հայկո, ասում էր՝ հեղափոխություն ենք արել, որ մարդիկ լավ ապրեն, ոչ թե Նիկոլի շրջապատը։
Կառավարությունը 2 միլիարդ դրամ հատկացրեց Լծեն-Տաթև ճաանապարհի վերակառուցման համար ու գիտե՞ք ինչի։ Որովհետև մայրուղին Նիկոլը բանավոր կամ էլ գրավոր պայմանավորվածությամբ հանձնել է Ադրբեջանին, ու հիմա չճամփա չկա, որ ՀՀ քաղաքացիներն անցնեն-գնան։ Ասֆալտ են անում ու նվիրում թուրքերին։ Հիմա էլ արդեն մամուլը գրում է, որ Տավուշում են այլընտրանքային ճանապարհներ ուզում սարքել, էնտեղից էլ Ադրբեջանցիներին տալու բաներ ոնցոր կան։
Էսօրվա նիստում քեզ համար աշխատող կառավարությունը մեկ անձից գնում անելու թույլտվություն տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Զուգահեռ էլ մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկում էր նվազեցնել մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները: պատգամավորն ասում է՝ կոռուպցիա է պարունակում։ Բայց դե ինչպե՞ս համաձայնություն կտային, բա ո՞նց պաշտոնյաների մերձվորները հարստանան։ Մեկ անձից գնումներն այսօր պետական գնումների ուղիղ կեսն են։ Դուք էլ մտածում եք ինչու եք աղքա՞տ, ժողովուրդ ջան։
Կարճ ասած՝ ամեն անգամ մեզ ապացուցում է Փաշինյանի կառավարությունը, թե ինչքան ենք մենք սխալվել՝ ամենաանպատասխանատու խմբակին վստահելով պետություն ղեկավարելու այս պատասխանատու գործը։ Ես բերեցի կառավարության ընդամենը մեկ նիստի որոշումներից մի քանիսը, իսկ իրենք ամեն շաբաթ են նիստ անում, պեչատում որոշումներ՝ առանց զեկուցելու ու գաղտնի ու աջ ու ձախ շաղ տալիս պետության փողերը, մեր՝ հարկատուներիս փողերը։ Իսկ երբ պետք է պետության համար մի նորմալ գործ անել, ժողովրդի համար աշխատել, պարզվում է՝ փող չկա։
Ընտրել ես՝ վայելիր, մինչև խելքի գաս։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը