Միանգամից ասեմ ասելիքս։ Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա․ սա ամենափոքր բանն է, որ նա կարող է անել։ Նա պետք է ներողություն խնդրի գերիներից, նրանց ծնողներից, ողջ հայ ժողովրդից, որին ներկայացնում է․ սա էլ է ամենափոքր բանը, որ նա կարող է անել։ Նա հերթական իշխանական գործիչն է, որի մասին Ադրբեջանում կարող են հերոսական երգեր հորինել, Ալիևներն էլ կարող են այլևս հպարտությամբ ցիտել, հիմա էլ Ալեն Սիմոնյանին։
Ազգային ժողովի նախագահը մեկ րոպեում անում է մի քանի հայտարարություն՝ թե՛ հակապետական, թե՛ հակամարդկային, թե՛ հակաժողովրդավարական։ Նա ասում է՝ «էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»։ Մյուս հայտարարությունը համեմատությունն է տեռորիստների հետ․ «Իսրայելը երբ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը»։ Երրորդը՝ «գերիներն էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել և մոլորվել են»։ Սա ասում է Հայաստանի, կրկնում եմ՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։ Ընդ որում, սա ասում է այն ֆոնին, երբ իր մեկ այլ սկանդալը՝ Ռուսաստանի հասցեին արված, էնտեղից շատ կոշտ պատասխան ստացավ։
Ուշադրություն դարձրեք՝ Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրել, չնայած նրան ներողությունը չի փրկելու, բայց ասում է՝ մոնտաժված է տեսանյութը։ Ես որպես հեռուստատեսությունում տարիներ շարունակ աշխատած մարդ՝ պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը սուտ է ասում․ կարող է իրենց զրույցն ամբողջությամբ չի դրված, վերցվել է մի կտոր, բայց դրանով միտքը աղավաղված չէ, Ալեն Սիմոնյանը ասել է հենց այդ խոսքերը։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի կայքը հրապարակում է զրույցի այսպես ասած՝ ամբողջական տարբերակը, բայց պարզվում է, որ այդտեղ ավելի վատ բաներ էլ է ասում։ Օրինակ՝ անդրադառնում է Բաքվում մեր տղերքին ճնշելուն, երբ օմբուդսմենն ու ընդդիմադիրները հրապարակում էին, ինքն էլ ասում էր՝ հորինված է․ ասում է՝ պետք է չասենք, որ մեր տղերքին նվաստացնում են, նրանք վաղը-մյուս օրը կվերադառնան, տղա են, ամոթ է։ Այսինքն, կարելի է ասել մեր տղերքը դիրքը թողած փախել են, հանցագործ են, դավաճան են, բայց չի կարելի համայն աշխարին կոչ անել, ուշադրություն հրավիրել ու ասել՝ մեր տղերքին կտտանքների են ենթարկո՞ւմ, ճնշում են բանտո՞ւմ։ Սա՞ է տրամաբանությունը։
Քանի որ այսքանից հետո Ալեն Սիմոնյանը պաշտոնավարում է, արդեն հասկանալի է, որ սա պետական քաղաքականություն է։ Աննա Հակոբյանն ասում է՝ մեր տղերքը զոհվեցին հանուն ոչնչի։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր տղերքը մի քանի ամիս էլ կսպասեն և մեզ կներեն գերության մեջ գտնվելու համար։ Լենա Նազարյանն ասում է՝ Ալիևն է գերի տարել, իրենից ուզեք։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գերիներին դեռ պետք է բերենք ու դատենք, Ալենն էլ ասում է՝ ինձ համար իրենք արդեն չկան, իրենք դիրքը թողած, զենքը գցած դավաճան են և այլն։ Սա պետական քաղաքականություն է։
Դուք հասկանում ե՞ք, որ գերիների հարցով չի զբաղվում այս իշխանությունը վայելող խմբակը, դուք հասկացա՞ք, որ եթե գերիների հարցով ինչ-որ քայլ կատարվում է, դա անում է ռուսական կողմը, իսկ մերոնք որքան կարողանում են՝ խանգարում են, որովհետև իրենց համար նրանք այլևս չկան։ Էն որ ասում են՝ մենք քննարկում ենք գերիների թեման, մենք հանդիպումների ընթացքում այդ մասին բարձրաձայնում ենք, միջազգային կառույցներում-բան, հիմա արդեն կասկածներ են առաջանում՝ իսկ ի՞նչ եք քննարկում, ասում եք, որ իրենք դավաճան ե՞ն, ասում եք, ինչպես Ալենն էր այդ վիդեոյի մեջ ասում, մեկ է՝ մի օր վերադարձնելու է՞։ Չէ՞ որ դուք ասում եք՝ մենք հանրությունից բան չենք թաքցնում, չենք գնում էնտեղ մի բան ասում, գալիս էստեղ ուրիշ բան ասում․ ուրեմն էնտեղ էլ եք էդ ասում, թե մեր տղերքը դավաճան են, գալիս եք ստեղ ժողովրդի ու հատկապես այդ գերիների հարազատների ականջներին ուրիշ բան ասում։ Դրա համար է՞ր Նիկոլն ասում՝ մեզ կներեն մեկ-երկու ամիս ավել մնալու համար․ հույս ունեք, որ Ալիևը կձանձրանա ու կվերադարձնի։ Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ գերիների վերադարձի համար ոչ միայն ոչինչ չեն անում, այլ իրենք չէին էլ պատրաստվում բան անել, չեն էլ արել։
ՀՀ ԱԺ նախագահը ՀՀ երկրորդ մարդն է, Ալիևն էլ է էս մարդու ելույթները նայում, նայում, ասում է՝ այ մարդ, որ էս գերիները իրենց համար չկան, ե՞ս ինչի եմ ստիպված դրանց մասին բանակցում, ո՞վ էլ վաղը դիմի՝ կասեմ հենա, իրանց համար նորմալ ա ոնցոր, ինչե՞ք ինձանից ուզում։ Ալիևը տեսնում է որ քո իշխանության համար քո քաղաքացիներն արժեք չունեն։ Ալեն Սիմոնյանը վտանգավոր ազդակներ է փոխանցում նաև, ասում է՝ Իսրայելը տեռորիսիտի հետ չի բանակցում, խփում է։ Էս մարդիկ ասում են՝ գերիները հանցագործներ են, գերիների համար չենք բանակցում, մի օր կտան էլի։ Արդյո՞ք այս խոսքերը մեսիջ չէ Ալիևին։ Արդյո՞ք դրա համար չէ, որ Ալիևն արդեն գերի է բռնում ու սպանում։ Դեկտեմբերի 3-ի դեպքը հիշում եք, Ճարտարի բնակչի գերի տարան, հետո դիակը հանձնեցին։ Հենց այդպես հեշտ։
Քանի որ ես առիթ չեմ ունենում Ալեն Սիմոնյանին հարց տալու, ուզում եմ եթերով հարցս հնչեցնել․ եթե, ասենք, գերիները դավաճան են, վստահ ես, որ զենքերը դրել-հանձնվել են, էդ դեպքում քո քաղաքական առաջնորդն ի՞նչ է, որ ասում էր՝ Սյունիքից զենքերը հանձնեք հետ քաշվեք։ Բացատրի, խնդրեմ, ի՞նչ տարբերություն կա նրանց արածի ու Նիկոլի արածի միջև։ Հայաստանի համար ո՞վ է ավելի վատ բան արել, գերինե՞րը, Ալիև՞ը, թե Նիկոլը։ Մի հարց էլ տամ, որ Նիկոլ Փաշինյանն իր հերոս որդուն, որը երկու ոտքով ամուր մնացել էր մարտի դաշտում, երբ գեներալները փախչում էին, ինքն էլ ասում էր՝ խնդրում եմ, մի փախեք, իր հերոս որդուն Նիկոլը ինչի՞ էր ուղարկում էդ դավաճանների համար, թե՞ ուղակի ընտրություն էր, ձայներ էր մուրում։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ մենք գերիների համար չենք սակարկի, ի՞նչ սակարկություն, բա ձեր կապիտուլյացիոն պայմանագիրը, դրա մեջ կա գերիների մասին, էլ ի՞նչ սակարկեք, պահանջեք թող կատարեն, բա էլ ինչի համարեք դուք էտ բոլորովդ։
Հարցն այն է, որ գերիները ձեզ ընդամենը պետք են շահարկելու համար։ Էն ժամանակ երբ ձեզ պետք էին, հերոս էին, ասում էիք՝ կապ չունի ում որդին են, մեր հերոսներն են, մեդալ էիք տալիս, ասում էիք ցույցեր մի արեք, ընդդիմություն, մի խանգարեք, որ հետ բերենք, հիմա ասում եք՝ ցույցեր չեն անում, որովհետև գիտեն, որ դավաճան են, բերենք՝ դատելու ենք։
Երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասում է՝ մեզ համար էդ գերիները չկան, սխալ չի ասում, այս թիմի համար նրանք չկան, իրենց համար ոչ գերիների հարց կա, ոչ Սյունիքի հարց կա, ո՛չ աղետի գոտու հարց կա, իրենց համար կա հունական կղզիներում կայֆավատների տրամադրություն, 200 հազար դոլարանոց ԲՄՎ, կիրթ Ալիև, հարևան Ադրբեջան և չայ խմելու հրավեր։
Կարճ ասած՝ այս իշխանությունը ոչ միայն Ալեն Սիմոնյանին չի պատրաստվում դատապարտել-հեռացնել, այլ կազմակերպում է ընդդիմադիրների ծեծկռտուք, որ թեման ջրի։ Ալեն Սիմոնյանը կշարունակի պաշտոնավարել ու կիքսերն իրար հետևից թույլ տալ։ Եթե կարող է զանգվածային անկարգությունների համար դատապարտվածը վարչապետ աշխատել, կեղծ դիպլոմ ունեցողը մարզպետ աշխատել, ինչի՞ չի կարող հակապետական մարդը ԱԺ նախագահ աշխատել։
Մեր պահանջը պետք է լինի հանրությունից, գերիների հարազատներից, ընդդիմությունից՝ սա իշխանության վերաբերմունքն է բոլորի նկատմամբ, բոլորիս են ձեռք առնում, բոլորին են նվաստացնում։ Մեկ բանն է մխիթարում այս աբսուրդի մեջ․ ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայում են, որ հանրությունը լայն թափով սկսել է հիասթափվել․ Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի համայնքներում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հունիսի 20-ին տարավ 21․310, իսկ այս ՏԻՄ ընտրություններում՝ 10․996։ 50 տոկոսով պակասեցրել է սրանց ձայները։ Մարդիկ զարթնում են, սթափվում են, մի օր իրոք տեր կկանգնեն իրենց, մեր երկրին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը