12 11 2021

«Կարճ ասած»․ Մեկը սովից նիհարել է, մեկը արտագաղթել է, մեկը զոհվեց․ Նիկոլին բերածների վիճակը՝ այսօր



2018 թվականի ապրիլի 24-ի վաղ առավոտյան իմ լավ ընկեր Արմանը իր ընկերուհու և մի քանի ընկերների հետ գնաց Հանրապետության հրապարակը մաքրելու։ Մինչև գիշեր հարբել էին, շշեր դատարկել ու լցրել հրապարակում, ուրախացել էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Առավոտ էլ համատեղ ուժերով մաքրում էին հրապարակը։ Գովելի քայլ էր։ Արմանը էդ ժամանակ 31 տարեկան էր, 4 տարի խոպան էր գնում։ Ասում էր՝ ունեմ բարձրագույն կրթություն, ո՞ր մեկից եմ պակաս, որ պտի դառնան դեպուտատ, ես էթամ Սիբիրում աշխատեմ։ դա միակ տարին էր, որ խոպան չգնաց։ Նիկոլի հետ հույսեր էր կապում։ Ասում էի՝ Նիկոլին դու չգիտես, նայի՝ Նիկոլի հետ շփված կոլեգաներից ո՞ր մեկն է հիմա իր կողքը։ Վիճում էր հետս։ Նախորդ շաբաթ Արմանը կնոջ ու երկու երեխաների հետ գնաց ապրելու հենց Սիբիր։ Դժգոհում էր, որ չի կարողանում ընտանիքը պահել, Սերժի վախտ գոնե աշխատում-ուղարկում էր, հիմա փողը գին չունի, ապագա էլ չկա։

Կարինեն աշխատում է դպրոցում ուսուցչուհի, երբ իշխանությունը հանրահավաք էր անում՝ Սերժի ժամանակ, Կարինեն իր դասղեկ դասարանի երեխաների ծնողներին հավաքում էր ու գնում միտինգի, ինքը չէր մասնակցում, կանգնում էր մի քիչ հեռու, որ հսկի՝ ծնողները չգնան։ Դժգոհում էր, որ ուսուցիչը գնահատված չէ, աշխատավարձ քիչ է ստանում, ստիպված կրկնուսույց է աշխատում նաև։ Տիկին Կարինեն իշխանության դեմ բողոքի ցույցերին սկսեց մասնակցել, երբ բանը բանից անցել էր արդեն, վարչապետ չունեինք։ Նա գնում էր լավ ապրելու հույսով․ Նիկոլը այդ օրերին խոստացել էր, որ ուսուցիչների ու ոստիկանների աշխատավարձը առաջինն է բարձրացնելու։ Տիկին Կարինեն եթե Սերժի վախտ աշակերտների ծնողներին էր ուղարկում միտինգի, Նիկոլի ժամանակ անձամբ է գնում՝ ստիպված, որ չհանեն։ Աշխատավարձը չեն բարձրացրել, բայց ասել են, որ եթե ատեստացիայի արդյունքում ուսուցիչներ կրճատվեն, նրանց փողը կտան մյուս աշխատողներին։ Տիկին Կարինեն անգամ երկու հարազատի պատերազմում կորցնելուց հետո խելքի չեկավ, այլ միայն էն ժամանակ, երբ կանգնեց աշխատանքը կորցնելու փաստի առաջ։ Ասում է՝ Նիկոլը խաբեց։ Ի դեպ, եթե տիկին Կարինեին ասում էին պետք է գնաս միտինգի, երեկ նկարել էինք դպրոցի տնօրենի, որ աշխատանքից ազատելլ են կոկորդիլոսագետ Գրիկ Սարգսյանի օգտին դպրոցում ագիտացիա չանելու համար։

Սիրանուշ տատին ասում էր՝ Նիկոլս ոնցոր իմ տղեն լինի, իմ պես բարի ա, աղքատ ա, խեղճ ա։ Ասում էի՝ Սիրուշ տատի, ատամներին մի խաբվի։ Չէ ասում էր, խեղճ Նիկոլին ո՞րտեղից փող, որ ատամները սարքի, ինքը մեղկ է, խեղճ է։ Ասում էի՝ Սիրուշ տատի ջան, բա որ խեղճ է, ո՞նց ենք մեզ ղեկավար բերում, ինչի՞ չենք ասում խեղճ Քոչարյան, խեղճ Սերժ, ասում ենք խեղճ Նիկոլ, խեղճ մարդը ո՞նց է երկիր պահելու։ Ասում էր՝ ես 3 քո տարիքն ապրել եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Մարդուն խոստացել էին, որ 41 հազար դրամի փոխարեն կրկնակի թոշակ կստանա։ Տիկին Սիրանուշին էս նյութը գրելուց առաջ տեսա, մտադիր էի անդրադառնալ։ Սարսափ եմ ապրում, երբ մարդ սոված է քնում․ Սիրուշ տատին թերսնվելուց նիհարել էր․ Նիկոլ, ահա քո պահած երկիրը․ թոշակառուն սոված է քնում, հասկանում ե՞ս, քեզ հավատացած թոշակառուն։

Քա՜նի-քանի հոգու եմ ճանաչում, որ եկել էին հրապարակ, որ հետո լավ ապրեն։ Նրանք չէին եկել, որ քեզ բերեն վարչապետ, դու լավ ապրես, եկել էին իրենք իրենց համար հեռանկար տեսնելու, ու շատերը, երբ դու ասացիր, որ կամ դու կլինես վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, գնացին փողոցից տուն, հասկացան, որ իրենք ուրիշ պայքարի են մասովկա ապահովում։ Էլ ուսուցիչ, էլ մարզիչ, էլ դասախոս, շինարար, բոլորը փոփոխության ակնկալիք ունեին։ Բրոքերները խմբով էին եկել միտինգի, ասում էին՝ Նիկոլը որ եկավ, ամբողջ Սփյուռքը Հայաստան կտեղափոխվի, տներ կառնեն։ Ջահելները էնքա՜ն շատ էին, մարդիկ ուզում էին մնալ ու իրենց մասնագիտությամբ ապրեին-արարեին Հայաստանում։ Արսենը 19 տարեկան էր, ամբողջ հանրահավաքներին մասնակցում էր, երեսներին դրոշ էր դաջել, Նիկոլի դեմքով սպիտակ մայկա էր հագել։ Ասում էր՝ կգնամ էրազմուս ծրագրով կսովորեմ, կգամ լավ գործ կունենամ։ Պատերազմից 5 ամիս անց Արսենի ծնողներին զանգեցին հրավիրեցին Արսենի դին ճանաչելու։ Ծրագրեր ուներ, բայց զոհվեց, որովհետև Նիկոլն ավելի մեծ ծրագրեր ուներ։

Տեսնում ե՞ք, թե Նիկոլը որքանով գնահատեց իր հետևից, իր կոչով ու իր համար փողոց դուրս եկածներին։ Ես անվանական խոսեցի մի քանի հոգու մասին, բայց նրանք շա՜-տ-շատ են, այդ խաբվածները, վստահ եմ, դուք ինքներդ կարող եք թվարկել այդպիսիքին։ Հիմա ովքե՞ր են մեր երկրի ամենագնահատված մարդիկ։ Սովից նիհարող թոշակառուն, երբ հեռուստացույցով լսում է, որ շտապօգնության աշխատողը բողոքի ցույց է անում իր աշխատավարձի համար, լավ, ասում է, ամբողջ երկրում է վատ, բայց որ նույն պահին հաջորդ լուրն է կարդում, որ գլխավոր դատախազի մեկ միլիոնը 2 միլիոն են սարքում, ի՞նչ պետք է մտածի։ Արթուր Դավթյանի աշխատավարձը 120 տոկոսով բարձրացնում են, որ հանկարծ չնիհարի՞։ Հլը թոշակառուն փողոց էր դուրս եկել Նիկոլի համար, իսկ Արթուր Դավթյանը էդ պահին ԱԺ էր մտել, որ Նիկոլի կալանքի սանկցիան ստանա, էդ էլ ա մտածում էտ թոշակառուն։ Արթուր Դավթյանի, որը հանցագործություն է տեսնում ու չի արձագանքում, ինչպես, օրինակ, դպրոցի տնօրենին գործից ազատելը՝ սրանց ձայն չբերելու համար։

Մեր երկրի գնահատված աշխատողը ուսուցիչը չէ, բժիշկը չէ, երաժիշտը չէ, դասախոսը չէ, սպան չէ․ մեր երկրի հեռանկար երիտասարդը չէ, ԱԱԾ-ն է, ոստիկանն է, դատախազն է։ Միայն օրը 800-ից ավելի կանչեր են լինում շտապօգնության, բայց վարորդը գործադուլ է անում, որովհետև փող չեք տալիս, մինիմալ եք տալիս, մարդկանց փրկողներին փող չեք տալիս, մարդկանց գլխին սարքողների աշխատավարձը կրկնապատկում եք ու մի բան էլ ավելի։ Արթուր Դավթյանը հայտարարագրել է 7 միլիարդ դրամ, երեք հողամաս, երկու տուն, դղյակ․ Նիկոլը էդ դղյակի պահպանման ծասեր է տալիս, իսկ թոշակառուն սովից նիհարում է։ Շտապօգնության աշխատողի արդյունավետությունը երևում է, իսկ ՔՊ-ական պատգամավորի, տարատեսակ ուսապարկերի, աներձագ ու քավորների արդյունավետությունը ո՞րն է, որ բարձր աշխատավարձ, հավելավճար, պարգևավճար եք տալիս, կամ դատախազի արդյունավետությունը ո՞րն է, որ 3 տարի շարունակ 6 դատախազով, այդ թվում գլխավոր դատախազը պաշտպանում էին մի մեղադրանք, որը, պարզվում է, հակասահմանադրական էր էն գլխից։

Սրանք իրենց աշխատավարձը բարձրացնում են, բայց քեզ ասում են՝ մասնագիտությունդ փոխի, որ աշխատանք ունենաս։ Մարդը տարիներ, ջանքեր է ներդրել, մասնագետ է դարձել, Նիկոլն ասում է՝ հազարավոր թափուր աշխատատեղեր կան շինարարության ասֆալտ փռելու ոլորտում։ Քերոբյանն ասում է՝ ինչո՞ւ են գյուղատնտեսության խորհրդատու աշխատում, թող գնան ընկերոջս մոտ նասկի կարեն։ Ինչո՞ւ ես դոկտոր աշխատում ակադեմիայում, գնա ցեխ կրի։ Բայց չգիտես ինչու, միայն Նիկոլի աներձագն է իր կիսամասնագիտությունը փոխել-դարձել է պատգամավոր, հարստացել է, բայց որ գիտությունների դոկտորը գործ գտնի, դա լինելու է բանվորի աշխատանք կամ տաքսու վարորդ։

Նիկոլն է ասել, որ դու՝ քաղաքացի, պետք է գնաս ու պահանջես, որ պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա։ Մինչև Շիշ բռնողը ամիսը 1 միլիոն դրամ չստանա, Արթուր Դավթյանը 2 միլիոն չստանա, մեր երկիրը երկիր չի դառնա, իրենց տրամաբանությամբ։ Լենա Նազարյանն էր ասում, չէ՞, հո մենք նվիրյալներ չենք, որ քիչ փողով աշխատենք։ Դե Սիրանուշ տատիկին բացատրի, որ ինքը սովամահ է լինում, որովհետև Նազարյան Լենան նվիրյալ չէր, որ գար իրեն բարեկեցություն ապահովեր։ Ասում են՝ պետք է դատախազը բարձր ստանա, որ կոռուպցիա չանի․ այսինքն էս 3 տարի, որ ցածր էր ստանում, կոռուպցիա էր անո՞ւմ։ Այսինքն, ուսուցիչը կարող է կոռուպցիա անել, որովհետև ցածր է աշխատավարձը՞․ է բա բարձրացրեք․ ինչո՞ւ եք մյուսներին հանում, ուղարկում սովամահ լինելու, որ մյուսինը մի քիչ բարձրանա։ Բա տենց դատախազներին էլ հանեք, ինչու՞ եք նոր հակակոռուպցիոն մարմիններ ստեղծում, բյուջեները մեծացնում։

Կարճ ասած՝ այս իշխանությունից այլ բան սպասել ուղղակի հնարավոր չէր․ սա մի վարչապետ է, որը հայրենիքի կեսը թշնամուն տալուց հետո ողբում էր օծանելիքի կորստի համար։ 5 հազար զոհ պատերազմից և 8 հազար զոհ կորնավիրուսից տված իշխանությունը ողբում էր, որ «սպարտիվկի վերխ» է կորցրել ու վարորդական վկայական։ Դրա համար էլ մեր երկրում նշում են քաղաքացու տոնը, բայց զարգանում է օլիգարխիան, իսկ քաղաքացին սովից նիհարում է, դրա համար էլ մեր երկրում, պրոֆեսորին բռնում են, իսկ խուլիգանին կամ ահաբեկչության համար մեղադրվողին բաց թողնում։ Որովհետև մեր երկրում ոչ թե պատգամավորն ունի անձեռնմխելիություն, այլ օլիգարխի ախպերը։

2018 թվականին դուրս էիր եկել շատ բան փոխելու, բայց ամեն ինչ շաաատ ավելի վատը եղավ։ Էն գլխից Սիրանուշ տատիկին ասում էի՝ Սերժի վախտերին էրնեկ եք տալու, ցավոք՝ ճիշտ էի։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ