04 11 2021

«Կարճ ասած»․ Նիկոլականներն ընկել են քաղաքացիների հետևից



 

Արդեն 3 տարի և 7 ամիս է, ինչ այս իշխանությունը ծայրահեղ դեմագոգիայով է զբաղված։ Սրանք մարդկանց կարողացան հիմարացնել, թե՝ սիրում են բոլորին, հպարտանում եմ բոլորով։ Այնքան շատ են անտեղի օգտագործում ժողովուրդ բառը, որ հոգնում ես արդեն էդ բառից։ Ժողովրդին սարքել են ծամոն ու ծամում են առանց պերերիվի։ Սրանք ասում էին` մեռնում ենք քաղաքացու համար, բայց ընդամենը մեկ բան են արել, այն էլ՝ ձևական, սահմանել են քաղաքացու օր, ինչը դրսևորվում է Երևանի կենտրոնում խորովածով անելով ու գորգեր լվալու ինչ-որ անմակարդակ շոուով։ Ու քաղաքացու անունը տալով՝ միլիոնավոր դոլարներ են աշխատում։

Նիկոլի աջ ձեռներից մեկը հայտարարում է, թե՝ սա այլ արժեքներով առաջնորդվող քաղաքական ուժ է, մենք չենք նշելու օլիգարխների տոն, բյուջեից փողեր հափշտակողների տոն, ավելի մեծ շուքով նշելու ենք քաղաքացու տոնը, որովհետև քաղաքացին մեզ համար գերագույն արժեք է։ Տո ստի՞։ Նախ եթե խոսում եք օլիգարխիայի մասին, ապա մեր երկրի թիվ մեկ օլիգարխը ձեր խմբակցության պատգամավոր է, ձեր պատգամավորներն են ՌոլսՌոյսերով ու Բենթլիներով գալիս ԱԺ, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում։ Ես ամեն օր խոսում եմ պետգնումներով թալանի, կոռուպցիայի, անիմաստ ծախսերի, ազգուտակին պաշտոնի տեղավորելու, բարձր աշխատավարձերի, հավելավճարների, պարգևատրումների մասին, անգամ ձեր տան վարձերն եք բյուջեից առանձին տողով վերցնում, ու դուք խոսում եք բյուջեից փողեր հափշտակելու մասին՝ նկատի ունենալով ուրիշների՞ն։ Հերքի է ժողովրդի անունը տալով՝ թալանով ու ձեր խնամի-ծանոթ-բարեկամներով պետության հերն անիծեք։

Արայիկ Հարությունյանն ասում է՝ քաղաքացին մեզ համար գերագույն արժեք է, էն Գևորգ Պապոյանն էլ ասում է՝ նորմալ խոսեք ՀՀ քաղաքացիների մասին։ Ես երկու քայլածի անուն տվեցի, բայց սա էսօրվա իշխանության թիմային շուտասելուկն է, որի տակ ոչինչ չկա։ Իսկ դուք նորմա՞լ եք վարվում ՀՀ քաղաքացու հետ։ Հարցեր Նիկոլին ու իր իշխանավոր թիմին՝

Որ ժողովուրդը գերագույն արժեք է, ինչի՞ մոտ 5 հազարը այդպես հեշտությամբ դրիք հողի տակ՝ կապիտուլյացիայի տանելով։ Հենց նույն պահին, որ ասում էիք ժողովուրդը ձեզ համար գերագույն արժեք է, ձեր հպատակ ոստիկանները Նիկոլի նստավայրի դիմաց քաշքշում էին գերագույն արժեքներին՝ անհետ կորածների, գերիների ու զոհերի հարազատներին, որոնք եկել էին Նիկոլին հարցնելու, թե ինչու իրենց զավակներին խլեցին իրենց ձեռքից։ Թե՞ իրենք գերագույն արժեք չեն։

Կամ էդ որ ասում եք գերագույն արժեք է, ինչի՞ եք նրան տալիս 26 հազար դրամ թոշակ, իսկ դուք ստանում եք 1,5 մլն դրամ՝ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար ու եսիմինչեր։ Դուք տեղյակ ե՞ք, որ ձեր անարդար քաղաքականության արդյունքում գերագույն արժեքները աէրոպորտում հերթ են կանգնել, մենակ էս տարի արդեն 100 հազար արժեք է գնացել անվերադարձ, 34 հազարն էլ ստացել է ՌԴ քաղաքացիություն։ 60 հազար գերագույն արժեք Ամերիկյան գրին քարտի համար է դիմել, որ փախչի ձեզանիցփաստորեն, այդքան էլ չեն զգում իրենց գերագույն արժեք լինելը։ Բա պայմաններ ստեղծեք, որ մնան։ Մարդու իրավունքների պաշտպանը զեկույց է կազմել, թե ինչպես եք Շուռնուխում մարդու տան կեսը տվել ադրբեջանցիներին, վախի մեջ են ապրում, երեխա դաստիարակում։ Հըն, բան չունե՞ք ասելու էս ուղղությամբ։ Հո լոփո-լոփո խոսալով չէ։

Քաղաքացին գերագույն արժեք է մեզ համար․ բա ինչի՞ կորոնավիրուսի վատ կառավարման պատճառով օրական արդեն մոտ 60 գերագույն արժեք է մահանում։ Ավելի շուտ ձեր Թորոսյան Արսենն ու Անահիտ Ավանեսյանն են ձեզ համար գերագույն արժեք, որ մի պաշտոնից մյուսին եք տանում՝ պատժելու փոխարեն։ Նիկոլն ասում է՝ հիվանդանոցներում արդեն տեղ չկա։ Արա, հիվանդանոցներում տեղ չկա, անիմաստ ծախսերդ անելու փոխարեն փոքր կլինիկաներ սարքեք վարակվածների համար։ 2 մլն դոլարանոց շոուի փոխարեն մի քանի հատ սարքեիր, ոչ թե բավարարվեիր նախկինից մնացած հիվանդանոցներով։

Հա, հարց տամ, էդ ինչի՞ եք ՀՀ քաղաքացուն արագաչափով տուգանում, տեսախցիկներով տուգանում, դիմակ չդնելու համար տուգանում, վարկերի տոկոսների տակ ճռացնում։ Կարող ա՞ ձեզ համար փողն է գերագույն արժեք, ոչ թե քաղաքացին։ Գյուղացու անասուններին թշնամին ձեր պատճառով գողանում է, ասում եք՝ մենք ինչ անենք, անասունների վարկը պիտի տաս։ Արայիկ Հարությունյան, բա գնա եկամտիցդ տար տուր գերագույն արժեքի վարկը։

Էդ գնաճի տակ ինչի՞ են ճռում գերագույն արժեքները։ Էն պապին, որ դուխով գլխարկը դրել էր ու աղբամանն էր քրքրում, գերագույն արժեք չէ՞։ Նրան էլ, չէ՞, խաբեցիք, հավատացրիք, թե սիրում եք իրեն, հպարտանում եք, բայց մտքներիդ էր, որ դուք պետք է խորոված ուտեք, հետո ինքը պետք է աղբամանում մնացորդները քրքրի։

Տան հայրն աշխատում է պահեստում բեռնակիր, տանը այլ աշխատող չկա, երեք անչափահաս երեխաներին չեն կարողանում պահել, դպրոց չեն ուղարկում․ վաղը ձեր՝ իշխանավորներիդ երեխաները մեծանալու են դրսերում կրթություն ստացած, Քոչարյան Անդրանիկի պես էլ կարող է բանակից թռցնեք, կամ թիկնապահներով ուղարկեք բանակում ծառայելու, ձեր զավակները լինելու են խելացի, հարուստ և իշխանավոր, էն մարդու երեխաները անգամ ատեստատ չեն ունենալու։ Որովհետև նրանց բախտը չի բերել, հավատացել են իրենց մասին ձեր ճառերին ու ընտրել են իշխանություն։

Արայիկ ջան, գիտես չէ՞, որ շեֆդ 80 հազար գերագույն արժեքի առանց տան է թողել, նրանց տունը հանձնել է թուրքին։ Գիտե՞ս քանի հոգու է գերի թողել։ Քո ասած գերագույն արժեքներին տանջում են Ադրբեջանում․ դուք պիտի ողջ թիմով աշխարհի դռներն ընկած լինեիք ու փորձեիք ազատ արձակել, բայց ասում եք՝ մեր եղբայրներն են, մեզ կներեն ևս երկու ամիս։ 6 ամիս է անցել, Արայիկ, էդ անիմաստ ելույթից հետո, ինչքա՞ն ներեն։ Էդ գերագույն արժեքների դիերը ինչի՞ էիք մեշոքների մեջ լցրած՝ բեմունաթ շփել պադվալներում։

Որ քաղաքացին գերագույն արժեք է, ինչո՞ւ եք որոշում, որ պաշտոնյան կարող է դիմակ չկրել, բայց քաղաքացին պետք է կրի, ու եթե չկրի՝ կտուգանեք։ Էդ գերագույն արժեք ՀՀ քաղաքացին ինչո՞ւ է տրանսպորտում երթևեկում շախմատի ձիու պես։ Էդ գերագույն արժեքին ինչո՞ւ է ոստիկանը ոտքը գլխին դնում, ստորացնում, նոր բերման ենթարկում։ Էն որ Նիկոլը չագուչն առած ասում էր՝ գլուխները ջարդելու եմ, հո պատահաբար գերագույն արժեքի գլուխները չէ՞ր մտադիր ջարդել։ Էն որ Իջևանում ոստիկանները ստորացնում էին, ջարդում էին մարդկանց, Նիկոլն էլ ասում էր՝ արյուն եմ ուզում տենամ, ո՞ւմ արյունն էր դա։ Էն ստորացնելով բերման էիք ենթարկում ընտանիքի հորը երեխեքի աչքի առաջ՝ իր համար գերագույն արժեք երեխաների աչքի առաջ, նրանց լացի տակ, ի՞նչ էիք մտածում։ էդ երեխեքը իրենց մասին, իրենց իրավունքների մասին մանկուց պատկերացում կազմեցին։ Հա, իրավունքների մասին․ ՄԻՊ-ի գրասենյակին 2015 թվականին 5200 քաղաքացի է դիմել, 2020 թվականին՝ 12 հազար, էս տարի, արդեն՝ 16 հազար։ Ժողովուրդ հասկանում ե՞ք, Սերժի վախտ, երբ քաղաքացին գերագույն արժեք չէր, ընդամենը 5200 հոգի է բողոքել, որ իր իրավունքները խախտվել են, Նիկոլի վախտ, որ գերագույն արժեք է, 16 հազար հոգի։

Էս խնդիրների 90 տոկոսը նախկինների ժամանակ չկային, բայց նախկինները սենց դեմագոգիա չէին անում։ Դուք միայն խոսելուց եք լավ, դրա համար էլ Քոչարյանի օրոք սահմանին ունեցել ենք 92 զոհ, Նիկոլի օրոք՝ 5000, դրա համար էլ Քոչարյանի օրոք մի տոկոս էր ծայրահեղ աղքատությունը, Նիկկոլի օրոք՝ 5 տոկոս։ Քոչարյանի օրոք աղքատությունը 50 տոկոսից դարձավ 25 տոկոս, Նիկոլի օրոք բարձրացավ 35 տոկոսի, Քոչարյանի օրոք 1,5 միլիարդ էր պետական պարտքը, Նիկոլի օրոք՝ 9 միլիարդ դոլար, Քոչարյանի օրոք ներգաղթ էր, Նիկոլի օրոք՝ սարսափելի չափերի արտագաղթ։ Հիմա ո՞ր ժամանակ էր գերագույն արժեք քաղաքացին, հիմա՞, թե՞ էն ժամանակ, երբ ճառեր չէին ասում։

Կարճ ասած՝ Էս թվարկածներս վերաբերում է 400 հազար թոշակառուի, պատերազմի հազարավոր մասնակիցների, 10-15 հազար  վիրավորի, 5 հազար զոհերի ու նրանց հարազատների, կորոնավիրուսի 7 հազար զոհերի ու նրանց հարազատների, 100 հազարավոր արտագաղթողների՝ 2 միլիոնից ավելի մարդու։ Ձեր գործունեությունից 10 միլիոնից ավելի հայ վնաս է կրել Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում։

Սրանք երբ ասում են ժողովուրդ, ՀՀ քաղաքացի, նկատի ունեն միայն իրենց ու իրենց ուսապարկերը։ Ուրեմն իրական գերագույն արժեքները մեկ անելիք ունեն՝ հավաքվեն ու քշեն ձեզ, որովհետև եթե նրանք ձեզ համար գերագույն արժեք են, դուք իրենց համար գերագույն պոպուլիստ եք, գերագույն հողատու եք ու գերագույն սուտխոսաններ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ