25 10 2021

«Կարճ ասած»․ ժողովուրդ, այլ հնարավորություն չես ունենա․ հենց վաղը դուրս արի փողոց



 

Մի քանի օր է, ինչ ներհասարակական ու քաղաքական մթնոլորտը թեժացել է նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման կապակցությամբ։ Նիկոլի աջակից ու համախոհ սորոսական գործչի կայքը ինֆորմացիա գցեց, թե նոյեմբերի 9-ին պատրաստվում է երկու փաստաթուղթ ստորագրել Ալիևի հետ, մեկը սահմանագծման մասին, մյուսը՝ հաղորդակցական ուղիների վերաբացման։ Կարող է՝ պարզապես մեր անտարբեր հանրության մոտ ինֆո էին գցել՝ տրամադրությունները ստուգելու համար։ Բանը կարծես գնում է դեպի ստորագրում։ Ու ժամանակը կարևոր չէ․ Նիկոլը բանակցային սեղանի վրա է, ուրեմն կստորագրի երբ ասեն։ Կարող է՝ դա լինի ոչ թե նոյեմբերի 9, այլ մի քանի օր այս կողմ կամ մի երկու ամիս այն կողմ, բայց նրանք բռնել են Նիկոլի թույլ տեղից (չնայած դա ամբողջությամբ թույլ է)․ նա անում է այն, ինչ ուզում են։ Հանուն ճշմարտության ասեմ, որ Նիկոլը պատրաստ է այդ ամենն անել նաև առանց ճնշումների։

Այս նոր փաստաթղթերի շուրջ, եթե տեղեկությունները ճիշտ են, ու ստորագրվելու է, մի շարք հարցեր կան․ առաջինը գաղտնիությունն է․ դարձյալ ամեն ինչ արվում է ժողովրդից թաքուն․ պատերազմից հետո բազմիցս հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ փոխվարչապետները, ի՞նչ են քննարկել, չգիտենք, Ադրբեջանը միշտ ասել է, որ հուսադրող են, այսինքն՝ հօգուտ իրեն է, բայց մենք չգիտենք, թե՝ մի տող անգամ կա՞ հօգուտ մեզ։ Նիկոլը արդյո՞ք Ալիևի հետ ուղիղ կապը չի պահպանում, մենք ոչինչ չգիտենք ու նորից կանգնելու ենք փաստի առաջ։ Ասում էր այ քեզ բան ինչ ուզում բանակցում եմ։ Բա հիմա ի՞նչ ես ուզել բանակցես, թաքուն է ամեն ինչ։

Հաջորդ խնդիրն այն է, որ մենք սահմանագծման ենք գնում մի վիճակում, երբ թշնամու հետ ծայրահեղ վատ հարաբերություններ են, ունի գերիներ, գողանում եմ մեր տարածքից ինչ և ում կարողանում է։ Սրանք հարաբերություն են հաստատում մեր թշնամու հետ, որը սպառնում է հասնել Երևան։

Աշխարհում ապրում է 10 մլն հայ, նրանցից շատերը հետաքրքրված են Հայաստանով, անհանգստանում են, գումար են հանգանակում և այլն։ Արդյո՞ք Նիկոլն ունի հայերի համաձայնությունը թշնամու հետ գործարքի գնալու համար։ Աշխարհում կա 10 մլն հայ, որոնցից ընդամենը 690 հազարի՝ 6․9 տոկոսի վստահությունը ունի Նիկոլը։ Կասկածելի պայմաններում, կասկածելի կերպով ընդամենը 6,9 տոկոս վստահություն քերածն արդյո՞ք իրավունք ունի փաստաթուղթ ստորագրելու, որը ենթադրում է Հայաստանի սահմանների փոքրացում, թշնամու հետ հարաբերությունների հաստատում։ Նման իրավունք նա չունի։

Թշնամու հետ գործարք է կնքում, փաստաթուղթ է ստորագրելու մարդ, որը չունի վստահություն, չունի հեղինակություն, չունի խելք, չունի շնորհք, չունի ոչինչ, բացի ամեն ինչ կործանելու տաղանդից, ու գնում է ներկայացնելու մեզ։ Էս մարդու ձեռքը հենց միկրոֆոն են տալիս, անմիջապես հայտարարում է՝ մենք Ալիևից ոչ մի պահանջ չունենք, մենք հողերի ակնկալիք չունենք։ Մարդը էսօր էլ դա է ասում։ Շուշին, Հադրութը օկուպացվել են, սրանք ասում են՝ վտանգավոր է, մի այդպես ասեք, Ալիև, մենք քեզնից պահանջ չունենք։ Սա Հայաստան է ներկայացնում, հայ ժողովրդին։

Իսկ կա՞ մեկը, որ մտածում է, թե Նիկոլը կարող է հօգուտ մեզ բանակցել։ Արդյո՞ք կա մարդ, որը մտածում է, որ Նիկոլը փորձելու է մեզ համար առավելագույնը ստանա։ Անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն թղթում նա չբանակցեց, որ որոշ բաներ չզիջի, ամեն ինչ չտա, կապի միջոցները ամբողջությամբ չփակի։ Կար հնարավորություն՝ հանձնելու ժամկետները չփոխեց, ու մարդիկ տկլոր փախան իրենց տներից։ Որևէ մեկս չունի ակնկալիք, որ Նիկոլը հօգուտ մեզ է բանակցում, ավելին ասեմ՝ անգամ քպ-ական պատգամավորները չգիտեն դա ինչ է բանակցում։

Եվ ուրեմն, ի՞նչ պետք է անել․ պետք է դուրս գալ փողոց․ պետք է, ի վերջո, մեկ անգամ մարդվարի կանգնել, կանգնել ամբողջական ու հաղթել։ Պետք է չասել՝ տեսնենք ինչ է լինում, նոր դուրս գանք։ Բանը բանից անցնում է։ Իմ կարծիքով, եթե հիմնա մարդ կա, քաղաքական ուժ կա, որը միտինգ է անում Նիկոլին հեռացնելու պահանջով, ու այդ ուժը Նիկոլի աջակիցներից չէ, իր հետ գործարքի գնացած չէ, տեռորիստ չէ, պետք է գնալ ու կանգնել կողքը։ Այդպես վաղը շատ ուժեր ու շատ մարդիկ կլինեն փողոցում։

Պետք է դադարեցնել իրար վրա տակառ գլորելու փորձերը, որը միայն իշխանությանն են ձեռնտու․ եթե այսօր կա մեկը, որը հարվածում է հականիկոլական ուժերին, ուրեմն նա կասկածելի տեղից է սնվում ու կասկածելի նպատակներ ունի։ Պետք է համատեղ գործել․ սա մի հոգու պայքար չէ, մի հոգու լուծելու հարցը չէ։

Մարդիկ համացանցի առաջ նստած՝ բստրում են՝ ո՞ւր ես ընդդիմություն, ինչո՞վ ես զբաղված․ իսկ ինչով ես զբաղված դու անձամբ։ Հետին թվով խելացիները շատացել են, մարդիկ են ի հայտ գալիս, որ մինչև վերջերս չեզոք էին, իշխանամերձ էին, անտարբեր էին, հանկարծ դարձան թունդ ընդդիմադիր ու ասում են՝ ո՞ւր է ընդդիմությունը, ի՞նչ է անում երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 10-ից չէ, որ ոտքի է կանգնել կամ հիմա չէ, որ ոտքի է կանգնում։ Երբ նախագահ էին կալանավորում, որ Ղարաբաղը հանձնեն, գեներալներին էին դատարան տանում, որ բանակը թուլացնեն ու Ղարաբաղը հանձնեն, ո՞ւր էիր դու։ Ղարաբաղը հիմա չէ, որ հանձնեցին, հանձնեցին 2018թ․ հուլիսի 27-ին՝ կալանքի տանելով ՀՀ երկրորդ նախագահին․ մենք հենց էդ ժամանակ ասում էին՝ մեկուսացնում են բոլոր նրանց, ովքեր կարող են ընդդիմանալ Ղարաբաղի հանձնմանը․ ի՞նչ էիք անում, ք՞նիսն էին զբաղված մուտիլովկաներով։ Ես այս թեմայի մեջ չեմ խորանում, որովհետև հենց այս պահին ժամանակը չէ պարզելու ով որտեղ ինչ էր անում։ Կարևոր է, որ այսօր մեր երկրում կա մեկ մարդ, որը որոշել է Հայաստանի վերջը տալ։ Ուրեմն նրան պետք է հեռացնել իշխանությունից։

Կարճ ասած՝ ես ահազանգ եմ հնչեցնում՝ պետությունը քայքայվելու վերջին փուլում է, կասեցնելու ևս մեկ հնարավորություն ունես։ Կա՛մ դու հելնում ես ոտքի, կա՛մ նախագահ Արմեն Սարգսյանի պես ասում ես՝ դա իմ գործը չէ։ Ամեն մեկդ հարցրեք ձեզ՝ ես իմ ուժերի ներածին չափով արե՞լ եմ, որ չլիներ այն, ինչ եղել է։ Դուք ձեր ուժերի ներածինը արե՞լ եք, որ էս անաստվածները, այս գազանները հեռանան։ Չես արել, ուրեմն հիմա պետք է քո անտարբերության մեղքը քավես փողոց դուրս գալով։

Կրկնում եմ՝ ժամանակ չկա, այլ հնարավորություն չի լինի։ Ու սա հենց նենց խոսքեր չեն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ