Բոլոր տեսակի թերություններից ամենակարևորը, որն ունի այս պահին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հանրության մոտ վստահության դեֆիցիտն է։ Կրկնեմ՝ այս պահին։ Կա մասնագիտական պակաս, մտքի պակաս, մարդկայնության պակաս, որակի պակաս ու լիքը բացեր․ այդ պակասը կար նաև 2018 թվականին, բայց այն ժամանակ գոնե կար հույս, այժմ այդ հույսի պաշարն էլ է վերջացել։
Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովուրդ ջան, գնացեք պատվաստվեք․․․ բանի տեղ դնող չկա, ու նրա «ժողովուրդ ջանը» փոխվում է արդեն կատաղության նոպայի, այն աստիճանի, որ կառավարւթյան նիստում ուղիղ եթերով հանցագործություն է անում, թե՝ ով չի ենթարկվում՝ ձերբակալեք, կալանավորեք և այլն։ Լավ, իսկ ինչո՞ւ քաղաքացին չի պատվաստվում․ ինչո՞ւ են բազմաթիվ երկրներում 50-ից մինչև 90 տոկոս պատվաստվել, մեզ մոտ՝ ոչ։ Պարզ պատճառով՝ մեր երկրում իշխանությունը չունի վստահություն։ Եթե վստահում են, ինչպես Նիոլն է ասում՝ ժողովուրդն իրեն է ձայն տվել, մանդատ է տվել, բա ինչի՞ իր կոչը բանի տեղ չի դնում, բա ինչի՞ ես նախընտրական ժամանակի չագուչը քաղաքացու գլխին տալիս։ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ հոկտեմբերի 10-ի դրությամբ պատվաստվել է 514 հազար մարդ։ Ընդ որում, ընդամենը 170 հազար հոգին է պատվաստվել երկու դեղաչափն էլ։ Այսինքն՝ 344 հազարը նոր է պաատվաստվել, ով գիտի՝ ձերբակալության սպառնալիքի տակ։ Հիմա ասեք՝ Նիկոլին վստահող 690 հազար հոգին ո՞ւր է, եթե 170 հազարն է պատվաստվել էս սպառնալիքներից առաջ։ Եթե քեզ էդքան վստահող կա, բա քո կոչին պետք է հետևող լինի, չէ՞։ Ի դեպ, էնպես չէ՝ որ բոլոր պատվաստվածները Նիկոլի ընտրողներն են։ Իհարկե՝ ոչ, դրանց երևի կեսն ադրբեջանցիներն են ու պարսիկները, որ եկել էին Իրանից ու Հյուսիսային պողոտան սարքել էին իրենց ննջարան։ Էդ պատվաստվածներից մեկն էլ ես եմ ու իմ նման մարդիկ, որ մահվան սպառնալիքի տակ էլ Նիկոլ չեմ կարող ընտրել, բայց պատվաստվել եմ ինքս կայացնելով որոշում։
Լավ, իսկ հարց տվել ե՞ք ձեզ, թե ձեզ ինչի չեն վստահում։ Էդ ո՞նց եղավ, որ 2018 թվականին եկար, ունեիր վստահություն, հիմա չունես։ Որովհետև, երբ գալիս էիք իշխանության, հազարավոր խոստումներ տվեցիք, բայց հակառակն արեցիք։ Էն ժամանակ էլ գիտեին, որ թիմը թիմ չէ, բայց իրենք էլ առանձնահատուկ ջանք չթափեցին, որ մի բան անեն։ Շատ արագ հարմարվեցին իշխանական առավելություններին՝ պադավատ, ավտոշարասյուն, ծառայողական ինքնաթիռ, ապրուստ պալատում, պետբյուջե, տներ իրար հետևից։ Ու գոնե չփորձեցին մասնագետներին տեղ տալ, նրանք էլ լքեցին։
Կարո՞ղ եք ասել, ինչու պետք է որևէ նորմալ դիվանագետ ուզենա աշխատել Արարատ Միրզոյանի հետ։ Մարդը ոչ նորմալ խոսալ գիտի, ոչ դիվանագետ է, հետն էլ մեղադրանք են հնչեցնում, որ թուրքի ագենտ է, պատասխան չկա։ Հենց ասում են Արարատ Միրզոյան, մենք դա ենք հիշում, և ուրեմն ո՞վ պետք է վստահի նրան, ո՞վ պետք է ուզենա։
Հենց առողջապահության նախարարն ասում է պատվաստվեք, ես էդ կնոջից երկու դրվագ եմ ընդամենը հիշում, մեկ էն, որ անգամ պատվաստանյութի անունը նորմալ չէր կարողանում տալ և երկրորդ՝ հիշում եմ, որ իր նախարար եղած ժամանակ մեր հերոս տղերքի դիերը մեշոքներով լցված էին պադվալներում։ Իրեն ո՞ր մի քաղաքացին, կամ մասնագետը կվստահի։
Ո՞ր մի գեներալը կվստահի բանակին, պաշտպանությանը, եթե նրա ղեկավարը մարդ է, որը հայտնի է որպես ցուցմունքի դիմաց գործի ընդունվող․ մարդը կոպիտ հայտարարություն է տարածում, մեկ օր հետո թռնում է խոսքից։ Արդարադատության նախարարը մարդկանց ուղեղում տեղավորվել է մի բանով՝ որ Նիկոլի ֆոտոյից է ոգեշնչվում ազնիվ լինել։ Ո՞նց իրեն վստահեմ։
Ամեն օր գրում են՝ այսինչ մասնագետները հրաժարվում են աշխատել իշխանության հետ։ Բա ոչ մի նորմալ մասնագետ չի գա մի միջավայրում աշխատի, որն իրեն փչացնելու է, մի ամիս աշխատելուց հետո դառնա սրանց պես։ Ասում եք ԱԺ-ն վստահություն չունի․ որովհետև ԱԺ նախագահը բեմին պառկելով ու պարելով էր փող աշխատում․ ասում է՝ էն ժամանակ կերակրատաշտին մոտ չէի, տենց էի փող աշխատում։ Դարձել է երկրի երկրորդ մարդը, հիմա էլ սենց է փող աշխատում։ Այսինքն, այդ պաշտոնյայի պատկերացումը նա է, որ պարտադիր պետք է պետական կերակրատաշտին մոտ լինես, որ փող աշխատես․․․ Դա էլ անում է։ Ինչո՞ւ ներդրում չկա մեր երկրում, որովհետև էկոնոմիկայի նախարարը մարդ է, որը մի քանի բիզնես սննկացման է տարել։ Ու էսպես ամբողջ կառավարությունն է, քո ինչի՞ն վստահեն, ո՞նց վստահեն, վստահեն, որ ի՞նչ անես։
Ասում եք՝ ընդդիմությունն է մեղավոր, որ չեն պատվաստվում, հակառակն է քարոզում։ Նախ չեք հիշի մի ընդդիմադիրի, որ ասի՝ մի պատվաստվեք․ ընդդիմությունն ասում է՝ մի՛ ստիպեք․ խրախուսեք, օգնեք հասկանալ, համոզեք՝ պատվաստումը մարդու գիտակցված ընտրությունը պետք է լինի։ Բայց եթե դուք ճիշտ եք ասում, ստացվում է՝ 170 հազար մարդ է ընդամենը ձեզ վստահել, բայց մի 2,3 մլն մարդ ընդդիմությա՞նը։ Այն երկրներում, որտեղ պատվաստման մակարդակը բարձր է, ոչ թե ընդդիմությունն ու իշխանությունը քուր-ախպեր են, այլ իշխանությունը կարողացել է բացատրել, համոզել, որ դա ճիշտ տարբերակ է։ Մեզ մոտ վարչապետը սպառնում է ու ինադ է գցում մարդկանց։ Եթե ես պատվաստված չլինեի, միայն Նիկոլի՝ կառավարության նիստում վերջին հիստերիկ ելույթին ինադու չէի պատվաստվի, դե տեսնեի ինչ են անում։ Մարդիկ քեզ դավերիա չեն անում, վստահ են որ ինչ-որ բանում իրենց գցում ես, չեն պատվաստվում, դու դնում-ասում ես մարդիկ կան, որ ուզում են կորոնավիրուսը զարգանա, շատ մարդիկ մահանան։ Ես էլ կասեմ՝ էդ մարդկանցից մեկը դու ես, դու էիր կորոնավիրուսի ամենաթեժ պահին քարոզարշավ անում։ Սեպտեմբեր ամսին օրը 1000 դեպք գրանցվել էր, մարդկանց հրավիրել էիր հրապարակ ու առանց խղճի խայթի՝ զոհերի հիշատակին գունագեղ փարթի էիր անում։ Այլ երկրի քաղաքացին վստահ է, որ իր պետությունն իրեն չի վնասի․ քա՞նի օրինակ բերեմ, որ անձամբ վնասել եք են մարդկանց։
Դե հիմա 100 անգամ լայվ մտի, ասա սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, պատվաստվեք։ Չի պատվաստվի, չի օգնում, որովհետև քեզ դավերիա չեն անում, որովհետև ուղիղ մի տարի առաջ էս օրերին ասում էիր՝ ձեզնով հպարտանում եմ, սիրում եմ ձեզ, մենք ձեզ համար վատ բան չենք անի, գնացեք հաղթանակին մասնակցեք, բայց հազարներին դրիր հողի տակ։ Դուք քայլ-քայլ հասցրել եք նրան, որ ձեզ ուղղակի ատում են։
Կարճ ասած՝ վստահության պակասն ամենավատն է․ դու արդեն ոչ մի ծրագիր չես կարող իրականացնել, քո բոլոր նախաձեռնությունները դիմադրության են արժանանալու ու փորձելու ես այ էսպես ճնշելով, ձերբակալելով անել։ Դու հարգանք չունես ու չես ունենալու։ Դու որևէ բարեփոխում չես կարողանում անել, անում ես միայն վատը։ Դու ուղղակի աշխատել չես կարող։ Այս պայմաններում ես բացառում եմ, որ այս իշխանությունը հաջողություն ունենա։ Վստահություն չունեցող կառավարությունը վատ վախճան է ունենում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը