07 10 2021

«Կարճ ասած»․ Սենսացիաներ, որոնք մնացին վարագույրի հետևում



 

Փաշինյան և պատգամավորներ հարցուպատասխանն ամեն անգամ նյարդայնացնում է շատերիս։ Ընդդիմադիր պատգամավորները տալիս են բավականին սուր հարցեր, պարզաբանման ենթակա հրատապ հարցեր։ Նիկոլը, լինելով լավ դեմագոգ ու մանիպուլյացիայի գիգանտ ու հաշվի առնելով, որ վերջին խոսքը իրենն է, կարողանում է խառնել ու անցնել առաջ։ Ամեն-ամեն անգամ զարմանում ենք, թե արդյո՞ք այդքան լկտի կարող է լինել մարդ։ Դա էությունն է, բայց զարմանում ենք։ Երեկվա ԱԺ նիստը բացառություն չէր, Փաշինյանի մոտ բացառություն չի լինում։

ԱԺ պատգամավորը Փաշինյանին մեղադրում է թշնամու հետ դավադիր խաղերի` օպերատիվ կապի մեջ։ Նիկոլն ասում է՝ այդ օպերատիվ կապը ապահովել է Արթուր Վանեցյանը։ Մի բան էլ ծաղրում է, թե՝ գնացեք խմբակցությունով հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ ինչ է պայմանավորվել և ում հետ։ Մարդը պետությունը, ըստ էության, հանձնել է թշնամուն, պետության մյուս հատվածը աճուրդի է դրել ու մեղադրում է ուրիշներին։ Գիտե՞ք ինչու իրավունք ունի, որովհետև մարդիկ լռում են, ու դրա արդյունքում նա կարողացավ բունկերից դուրս գալ։

Արթուր Վանեցյանին հարցնում են՝ ի՞նչ օպերատիվ կապ է եղել, պատասխանում է, թե որպես ԱԱԾ տնօրեն, իր լիազորությունների շրջանակում, իսկապես, ապահովել է օպերատիվ կապ։ Նաև նշում է, որ խոսքը մամուլում հրապարակված քաղաքական հարցերով օպերատիվ կապ ապահովողի գոյության մասին է և որը չի հերքվել։ Շեշտում է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հարցերով օպերատիվ կապով զբաղվել է մեկ այլ անձ։ Արթուր Վանեցյանից կփորձենք տեղեկություն ստանալ օպերատիվ կապից, այդ կոնկրետ դեպքից կամ այլ հարցերի պարզաբանում ստանալ, որոնք լույս կսփռեն այս խառը պատմությանը։ Չնայած նա նշում է, թե իրավունք չունի բացահայտել ծառայության ընթացքում հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները, բայց նա, կարծեմ, ծառայողական նման սահմանափակումներ այս պահին չունի։ Թեման դնենք մի կողմ, կանդրադառնանք վերջում։

Գանք օպերատիվ կապին․ ուզում եմ հիշեցնել ընդամենը պատերազմից երեք օր առաջ՝ սեպտեմբերի 24-ին հրապարակված սենսացիոն տեղեկությունները, ըստ որոնց՝ 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, երբ Փաշինյանը նոր էր վերցրել իշխանությունը, նրա արտաքին հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին՝ առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ։ Եվրոպական երկրներից մեկում հանդիպում է եղել և Խառատյանը, ըստ այդ հրապարակման, հայտարարել է, որ Փաշինյանը պատրաստ է բանակցությունների՝ նոր ֆորմատով, փոխզիջումներով, «Տարածքներ խաղաղության դիմաց» մոդելով։ Նույն հրապարակման համաձայն, առաջին փուլում 3 շրջան կհանձնեն, երկրորդ փուլում՝ երկու շրջան։ Նաև իբր խոսք է գնացել Ռուսաստանին բանակցություններից դուրս մղելու մասին։ Իսկ մինչ դա, պետք է մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Յուրի Խաչատուրովին։ Խաչատուրովին նրա համար, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է։ Ու ժամանակ է խնդրում Փաշինյանի անունից, մինչև երկրի ներսում այս հարցերը լուծի։ Դրանից հետո կսկսեն ուղիղ բանակցություններ։ Հիշո՞ւմ եք, պատերազմից օրեր առաջ Ալիևը հայտարարեց, որ Փաշինյանն անձամբ իրեն հուսադրող բան է ասել և խնդրել է չկրակել, մինչև երկրի ներսում հարցերը լուծի։ Գաղտնի բանակցությունների մասին, գրում էին, որ տեղյակ են եղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Պնախարար Դավիթ Տոնոյանը։ Ադրբեջանական կողմն է այս ինֆորմացիաները գաղտնազերծել, չենք վստահում, իհարկե, բայց սրանք բաներ են, որոնք պետք է մանրամասնորեն հասկանալ։

Եվս մեկ խիստ կարևոր փաստ․ այժմ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ասուլիս տվեց «13 հարց և բացահայտում» խորագրով, որի առաջին հարց-բացահայտումը հետևյալն էր․ «2019-ին արդո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված,ասելով՝ տես թե էդ անասունները ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»։ Հետո Միքայել Մինասյանը ասաց, որ առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։ Արթուր Վանեցյանը հաստատեց, որ ադրբեջանի ներկայացուցիչների հետ ունեցել են օպերատիվ կապ և բազմիցս տարաբնույթ տեղեկություններ է ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, այդ թվում՝ ծրար։ Բովանդակությունը՝ ծառայողական գաղտնիք է։

Վանեցյանն ասում էր, թե երբ հրաժարականի ժամանակ ասում էր կանգ առ, նաև նկատի ուներ դա։ Արթուր Վանեցյանը նշում է՝ Փաշինյանը դավաճան է և պետք է հեռանա։ Երբ ես ասում եմ Փաշինյանը դավաճան է, կարող է դա լինել որպես քաղաքացի՝ իմ դիրքորոշումը, որպես լրագրող՝ փաստերի վերլուծության արդյունքում իմ կարծիքը։ Բայց երբ ԱԱԾ տնօրենն ասում է դավաճան է, ես ենթադրում եմ, որ դրա տակ փաստեր են, հենց այնպես չի կարող ասել։

Փաշինյանը մեկ ասում է՝ գիտեինք, որ պատերազմ էր սկսելու, մեկ ասում է՝ ինձ համար տանը նստած քյաբաբ էի ուտում, մեկ էլ՝ շրըխկ ասին մտի բունկեր։ Էդպես չի լինում ժողովուրդ, մտքներից հանեք, թե Ադրբեջանը ուղղակի պատերազմ սկսեց, հարձակվեց, գրավեց ու ունենք էս վիճակը։ Սրա մեջ կան դավադրություններ, հանցավոր աստիճանի տգիտության տարրեր, անհասկանալի պայմանավորվածություններ, բանավոր հանձնումներ։ 2018 թվականի հեղաշրջման մեխը, իմ կարծիքով՝ սա էր և վերջապես, հնարավոր է որ այդ ամենի մոտիվացիան փողն է․ լավ, շա՜տ փողը։

Այս ամենի կենտրոնական ֆիգուրը բոլորի վրա է գցում մեղքը, ինքն անմեղ է։ Դրա համար հիմա արդեն ծայրահեղ անհրաժեշտ է, որ լինեն խոսելու պատրաստ մարդիկ, նախկին ու ներկա պաշտոնյաներ, գեներալներ։ Զոհրաբ Մնացականյանին երբ վերելակում բռնացնում ու հարց ենք տալիս, պետք է ոչ թե մտնի էս սենյակը, էն սենյակը, այլ պարտավոր է որպես քաղաքացի, եթե ունի հայրենասիրություն, ասի՝ ինչ կա։ Պետք է Դավիթ Տոնոյանն ասի՝ ինչ գիտի, Օնիկ Գասպարյանը, մյուս բոլորը։ Արթուր Վանեցյանը ոչ թե պետք է ասի՝ մի մանիպուլացրու և այլն, այլ պետք է ասի, թե ինչն է մանիպուլացնում ու իրականում ինչ է եղել։ Վստահ եմ, որ ուզենա ասի, դրա ձևը կգտնի։ Չեք կարող ինքներդ ձեզ կաշկանդել պետական գաղտնիքով, սպայի պատվով ու եսիմինչով։

Կարճ ասած՝ ամեն օր պետականությունը մաշվում է, երկիրը մեր աչքի առաջ քանդվում է։ Չկա այդպիսի սպայական պատիվ, ծառայողական գաղտնիք, որ պետությունից ավելի թանկ լինի։ Նիկոլը ֆռացնում է, ասում եք՝ խաբում ես, է դո՛ւք ասեք ճիշտը։ Ձեր լռության պատճառով էդ մարդը համարձակվել է բունկերից դուրս գալ, վերընտրվել, ու հիմա ինքն է հոխորտում։

Եթե դուք գիտեք մի փաստ, օրինակ՝ որ Փաշինյանը հոգեկան հիդվանդ է, ու թաքցնում եք, որովհետև ծառայողական պարտականությունների ժամանակ եք իմացել, դա շատ սխալ է, որովհետև այս ամենը մեր երկիրը հասցրեց քաոսի։ Կրկնում եմ՝ թե որևէ գեներալ, պաշտոնյա գաղտնիք գիտի այն մասին, թե ինչպես եղավ կապիտուիլյանցիան, ինչ թերություններ կային ու լռության ուխտ է կնքել կամ մտածում է, թե կխոսի, երբ իրեն անձնապես պետք լինի, դա հանցակցություն է։ Չի կարող պետական շահը ավելի ցածր լինել սպայի պատվից, առավելևս՝ որ տվյալ դեպքում սպայի պատիվը պահանջում է ոչ թե լռել, այլ բարձրաձայնել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ