Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում թուրքական կողմի քաղաքական շանտաժները նոր չեն: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Անկարան սահմանները կբացի Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո:
«Իրենք տարբեր ժամանակներում տարբեր ձև են արտահայտվել ու քանի կա Հայաստանի կապիտուլացված իշխանություն, ապա իրենք միշտ էլ ստանալու են թուրքական կողմի շագանակներ, բայց դրա տակ թաքնված են լինելու նախապայմաններ»:
Գառնիկ Դավթյանի խոսքով՝ Էրդողանի նման բովանդակությամբ հայտարարությունն էլ նոր բան չէ, մի քանի ամիս առաջ ևս Թուրքիայի նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս էլի նշել է ադրբեջանական գործոնի մասին:
«Իրականում սա նախապայմաններից մեկն է: Իրենք հաշվի առնելով ՀՀ այսօրվա վարչապետի կապիտուլացված կարգավիճակը, փորձում են տարբեր ճնշումներով ստանալ նոր զիջումներ, և դա մտցնել այսպես կոչված՝ հարաբերությունների կարգավորման համատեքստ: Սակայն բոլորի համար էլ պարզ է, որ հարաբերությունների կարգավորումը չի կարող կախված լինել 3-րդ պետության հետ հարաբերությունների կարգավորումից, եթե իհարկե, բարի նպատակ ունես տվյալ պետության հետ հարաբերություններ կարգավորել»:
Իսկ թուրքական կողմը, ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ նման նպատակ չունի, և եթե հայկական կողմից կատարվեն թուրքական պահանջները, նորերն են առաջանալու:
«Թուրքական կողմի ախորժակը բավարարել չի լինելու, մեկ անգամ զիջումների համն առնելով, շարունակելու են հայկական կողմից պոկել այն հնարավորը, ինչը կարելի է, և դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմն ունի կապիտուլացված ղեկավարություն, որը զիջումների համար խենթանում է: Իսկ այս պահանջները չեն ունենալու վերջ, և ես չեմ հավատում, որ համենայնդեպս այս ժամանակաշրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է»:
Փորձագետը նաև հավելում է, որ պետք չէ զարմանալ այն բանից, որ ժամանակի ընթաքում թուրքական կողմն ավելի հստակ և ավելի կոնկրետ պահանջներ կներկայացնի.
«Հիմա պահանջներից մեկն իմ կարծիքով՝ միջանցքի տրամադրումն է, որը բոլոր գերտերությունները թույլ չեն տալիս, բայց հայկական կողմը համաձայնող է»:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը, որի մասին այսօր խոսել էր ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, Գառնիկ Դավթյանը նշեց, որ ցանկացած հանդիպումից հետո պետք է սպասել նոր զիջումների. «Յուրաքանչյուր հանդիպումից հետո կատարվում են զիջումներ, ամեն հանդիպումից հետո վաճառվում է հայկական շահը ու դրա մեղավորը առաջին հերթին Նիկոլ Փաշինյան անունով, ցավոք սրտի ոչ բարով մեր վարչապետն է»:
Նշենք, որ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո պաշտոնապես հայտարարվեց Արցախից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին:
«Ես չեմ բացառում, որ այս հանդիպումները նաև պայմանավորված կլինեն որոշակի ճնշումների հետ, որպեսզի հայկական կողմին ստիպեն, նշված խնդիրների շուրջ կոնկրետ զիջումների գնալ, ու դա արվի պետական հայտարարաւթյան համատեքստում: Այնպես որ ես կարծում եմ, որ կլինեն զիջումներ ու պետք չէ սպասել, որ նոր հանդիպումները նոր զիջումներ չեն ունենա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը