28 09 2021

«Կարճ ասած»․ Մեր տղերքին հուշաքար դարձնողները



 

Այս օրերին քրքրում ենք մեր հիշողությունները, անդրադառնում ենք մեկ տարի առաջ արծարծած թեմաներին, վերհիշում ենք, թե ինչպիսի իրավիճակ էր այդ ժամանակ։ Սարսափում ենք։ Սարսափում ենք, որովհետև հիմա կասկածները շատ են, որ տեղի է ունեցել դավաճանություն, պլանավորված պարտություն։ Բայց էն ժամանակ դա չգիտեինք, գոնե պատերազմի առաջին շաբաթում։ Գիտեինք, որ ունենք մարտունակ բանակ և շուն-գել՝ ղեկավարություն ունենք, հրամանատարություն ունենք, գերագույն գլխավո՜ր․․․ Հետո հասկացանք, որ վերջին երկուսը իսպառ բացակայում էր։

Պատերազմի առաջին երկու օրերին գիտե՞ք ինչով էր զբաղված Նիկոլ Փաշինյանը։ Հիշում ե՞ք, առաջին օրը, երբ արդեն երկիրը խառնվել էր իրար, բանաստեղծություն դրեց իր ֆեյսբուքյան էջին, հետո երևի հասկացրեցին, որ ամոթ է, ջնջեց։ Բայց երկրորդ օրը նոր բանաստեղծություն արտասանեց։ Էս մարդը աշուղ է, նա միջավայր զբաղեցնելու համար է, ոչ թե կառավարելու։ Թշնամին առաջ էր գալիս, սս ասմունքում էր։ Մեր էրեխեքը վարի էին գնում, սա նոր քառատող էր գրում։

Ինչքա՞ն պետք է մարդ լինի հակապետական, դավաճան, չմարդ լինի, որ տա լիքը զոհեր, ունենա դադարեցնելու հնարավորություն, բայց էդ քայլին գնալու փոխարեն հայտարարի՝ «հաղթում ենք», ահա՝ վաղն էլ ու կմտնենք Բաքու։ Մարդիկ խաբում էին ու չէին էլ մտածում, որ գալու է պատասխան տալու ժամանակը․ ցավն այն է, որ այդ ժամանակը չի էլ գալիս, չնայաց որ մարդիկ ո՛չ զոհերն են մարսում, ո՛չ կորուստները, ո՛չ հայրենիքի հանձնումը, ո՛չ էլ կապիտուլյացիան։ Հերոս տղերքին դարձրել են հուշաքար ու իրենց խղճի հետ հաշտ են, արդեն 4-5 հարսանիքի են մասնակցել։

Պարբերաբար գնում եմ Եռաբլուր, ու միշտ նույն մայրերին տեսնում եմ զավակների հերեզմանների մոտ։ Կան մայրեր, որ մի կտոր հաց առնում, գալիս են ու էնտեղ, ուտում, որովհետև ամբողջ օրն այնտեղ են։ Հյուրասիրում են երեխեքին, շատ շիրմաքարերի ուտելիք է դրված, քաղցրավենիք։ Նրանք չեն ապրում, գիտե՞ք, ու գիտե՞ք քանի ծնող որդու զոհվելուց հետո չապրեց։ Այդպես դարդից էլ մահացավ։ Սակայն Նիկոլն ու իր ՔՊ-ն ապրում է, հարսանիքների է գնում, հանգստի է գնում, փարթիի է մասնակցում, առավոտյան 7-ին է Եռաբլուր գնում՝ ձևական, մամուլի հաղորդագրություն տարածելու համար, փակում են Եռաբլուրը, որ ոչ մի կենդանի շնչի հետ չխոսի։

Երեկ Բաքվում ցուցադրում էին իրենց զոհերի նկարները, դրանցով փակել էին փողոցները։ Մեր ֆեյսբուքյան տիրույթում ոգևորություն էր, թե՝ կեցցենք, քանիսի՜ն ենք սատկացրել։ Այո, միգուցե ոգևորվելու առիթ էր։ Մանավանդ որ իրենք սատկել էին ուրիշի՝ մեր հողը գրավելու ժամանակ։ Բայց ժողովուրդ, գիտե՞ք, մեզ համար մեր սուրբ նահատակների կորստի ցավը շատ ավելի մեծ է, քան նրանց համար՝ իրենց զոհերինը։ Որովհետև նրանք ձեռք բերեցին մեր հողը, մեր տղերքի արյունով ներկված հողը, որի վրա գյուղաշխատանքներ են անելու, բնակեցնելու են ահաբեկիչների, չեղած հայրենիք են իրենց համար կառուցելու։ Մենք կորցրեցինք մեր տղերքին ու ինչպես Աննա Հակոբյանն էր ասում՝ հանուն ոչնչի։ Կասե՞ք ինչի համար զոհվեցին մեր տղերքը։ Նիկոլն ասում էր՝ զոհվեցին, որ ասենք՝ պատերազմը չի ավարտվել։ Ասում էր, որ չասեք՝ դավաճան եմ։ Հիմա ես եմ հարցնում, ինչի՞ զոհվեցին մեր տղերքը․ որ Նիկոլը Էրդողանի հետ սիրալիր հարաբերություններ սկսի՞։ Էդ տղերքը, որ գնում էին՝ հստակ իմանալով, որ հնարավոր է՝ զոհվեն, գիտեի՞ն, որ իրենց պայքարի տանողը գիտակցված մսաղացի մեջ է գցում։

Ավելին ասեմ՝ Ադրբեջանը հարգում է իր զոհերին՝ պետության մասին է խոսքս, հատ-հատ բոլորի նկարները հանել էր, կենսագրությունները հրապարակել է։ Մեր ՊՆ-ն ինչ-որ պահի դադարեցրեց անունները հրապարակելը, իսկ հրապարակելուց էլ միայն անուն-ազգանունն ու ծննդյան թվականն էր նշում։ Ասում են՝ այսօր Արցախի ԱԻՆ-ը հայտնաբերել է ևս մեկ աճյուն։ Ու հետո էլ հայտնի չի դառնում, թե ո՞ր հերոսն էր։ Կարո՞ղ եք մի հասցե ասել, ինտեռնետային հարթակ ասել, որտեղ պետությունը հրապարակել է հերոսների անունները, լուսանկարները, կենսագրությունները, որտեղ են զոհվել, ինչպես։ Մեկ տարին քիչ է՞ր անելու համար։ Մարդը գնացել է ռազմադաշտ Նիկոլի կոչով, նահատակվել է, անունը թաքուն պահե՞ս, դիերն էլ ցելոֆաններում պադվալներում գցե՞ս։ Դրա համար էլ մարդիկ կասկածում են, որ զոհերը շատ են, անունները չես հրապարակում, որ բազմաթիվների անուններն էլ հետո քեզ չուղարկեն։ Ամեն մի անունի տակ մարդ կա, ճակատագիր կա, ընտանիք կա։ Չէ, ժողովուրդ, սրանց համար ոչ մեկի կյանքը արժեք չունի, բացի իրենց անարժեք կյանքից։

Պատերազմից անցել է մեկ տարի, կարո՞ղ եք ասել հասցեական աջակություն ստացե՞լ են սահմանամմերձ բնակիչները, փախստականները։ Պատերազմից մեկ տարի է անցել ու մարդիկ բողոքի ցույց են անում կառավարության դիմաց, բողոքում են օգնության բացակայությունից։ Մարդը տուն էր սարքել, ապրում էր, աշխատում էր, պետության վրա բեռ չէր, ինչո՞ւ պետությունը բեռ դարձավ նրա վրա։ Իր 2 հարկանի տունը թողել են թուրքերին, եկել են ու Ավանում հանրակացարաններում են ապրում, այնտեղից էլ դուրս են հանում, պետությունը չի կարողանում պահել․ բայց 7 միլիոն դոլարով գաղտնալսող սարք կարողանում են առնել։

Ես ասում եմ բաներ, որ ամեն ինչի հանդեպ անտարբեր մեր քաղաքացիներին կարող է և չհետաքրքրել, վերքը տիրոջն է ցավ տալիս, ով անտուն է, նա կհասկանա, տուն ունեցողը լսելու է ինձ, բայց մեկ է՝ նա իր բնակարանը ունի, մի պահ կմտածի ու ալիքը կփոխի ուրիշ հաղորդման վրա։ Բայց պետք է, չէ՞, ինչ-որ կերպ հասկանալ, որ քեզ դավաճանել են, որ քեզ նոր վտանգների մեջ են գցել, որ շարունակում ես կորցնել նաև պատերազմից հետո ու որ հենց քո, ձեզանից յուրաքանչյուրի գլխին էս պահին վտանգներ կան․ իսկ դրանց տեր կանգնողն չկա։ Նիկոլն ասում էր՝ խաղաղություն է բերել, բայց հենց այսօր նոր վիրավոր ունենք ու դա արդեն մոռացել եմ հաշիվը, թե որերորդն է։

Կարճ ասած՝ նոյեմբերի 9-ին ոչինչ չավարտվեց, նոյեմբերի 9-ին խայտառակության շարքը սկսեց ու շարունակվում է մինչ օրս։ Դա դեռ երկար է ձգվելու, քանի դեռ սրանք են իշխանության ղեկին։ Կարելի է պարտվել, ամոթ չէ, բայց այս խայտառակության մեջ ապրելն է ամոթ։ Մենք խայտառակվում ենք թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Մեզ չեն հարգում, ոչ թե պատերազմում պարտվելու համար, այլ որ դրանից հետո հանդուրժում ենք սրանց։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ