23 09 2021

«Կարճ ասած»․ Ի՞նչ կարելի էր անել «գունագեղ շոուի» 2 մլն դոլարով



 

Պարզվում է՝ ժողովրդին ամենաշատը անհանգստացնող արտահայտությունը թալանն է․ երբ մարդ տեսնում է, որ ինքը ծայրահեղ աղքատ է, ու աղքատներին, որոնց բերել է իշխանության «վերջ տանք թալանին» կոչերով, կարճ ժամանակում ծայրահեղ հարստացել են, դա հիասթափեցնում է։ Մարդկանց բերեցինք իշխանության, որոնք հպարտանում էին, թե՝ տեսեք, ժողովուրդ, վարձով ենք ապրում, բանկային հաշիվներս դատարկ են, գրպաններում էլ մկներ են վազվզում։ Երեք տարի անց նայում ես հայտարարագիրը՝ երկու բնակարան, մեկ-երկու առանձնատուն, հողամաս, թազա թիվ ավտոմեքենա։ Դեռ չես հասցնում զարմանալ, մեկ էլ կադրեր են հրապարակվում հունաստաններում թանկարժեք տժիկներից։ Ո՞նց եղավ, ինքն իրեն հարցնում է մարդը։ Պատգամավոր է, պատգամավորի աշխատավարձը, պլյուս հավելավճարն ու պարգևավճարը, այդ հնարավորությունը չեն տալիս։

Մտքովդ անցնում է, որ թալանել է։ Այ հենց դա է սարսափելի, մտածել, որ քեզ թալանել են։ Ու եթե այդքանը երևում է քո աչքի առաջ, բա ինչքանն է քո աչքից հեռու կատարվում։ Ու պետք չէ ասել՝ բա առաջ, նախկինում, 30 տարի և այլն։ Թալանը մերժելի է բոլոր ժամանակներում, բայց հարցն այն է, որ երբ սրանք գալիս էին, խոսում էին թալանը մերժելու, կոպեկ-կոպեկ վերադարձնելու, կոռուպցիան բացառելու խոստումներով։ Հիմա օդում կախված լուրեր կան այն մասին, որ թալանվում է երկիրը անխնա, հետ բերած գումարներն էլ դառնում են անշարժ գույք մերօրյա հեղափոխականների համար կամ բանկային հաշիվ։

Այսպես ասած՝ քո փողերը, ժողովուրդ, միայն ուղղակի թալանի վրա չէ, որ գնում է։ Պետբյուջեն դատարկվում է այլ ճանապարհներով ևս, դրանցից են պետգնումները, որոնց առաջիկայում մի քանի թողարկմամբ հանգամանորեն կանդրադառնամ։ Մյուս ամենակարևորը անիմաստ ծախսերն են, որը հնարավոր է՝ ատկատի համար է, որ արվում է։

Մի քանիսին անդրադառնամ․ օրերս նշում էինք Անկախության տոնը, որի գունագեղ շոուի համար հատկացվել էր 2 մլն 200 հազար դոլար։ Ընդ որում, գնումն արվել էր առանց մրցույթի։ Արդյո՞ք անիմաստ չէր ծախսը, ինչպես գրվեց, միայն դրոնների 10 րոպեի համար 110 հազար դոլար էր ծախսվել։ Ծախսը արվել էր, իբր պատերազմի զոհերի հիշատակի համար։ Իսկ կարելի՞ էր զոհերի հիշատակը, վիրավորներին ու նրանց հարազատներին հարգել բոլորովին այլ կերպ։ Նրանց պատվին դրո՞ն թռցնել՝ հիշեցնելով որ հենց դռոնից էլ զոհվել են, թե՞ օգտակար լինել։

Օրինակ, 2 մլն 200 հազար դոլարով կարելի էր կառուցել առանձնատներ, բնակարաններ անտուն մնացած 70 ընտանիքի համար։ Քննարկեիք, հարցնեիք ձեր սիրելի ժողովրդին՝ երկու ժամով հրապարակում տժա՞նք, թե՞ անտուն մնացած ընտանիքներից 70-ին ապահովենք ծածկով։

Պատերազմում ունենք 10 հազարից ավելի վիրավոր, մինչև հիմա ռեալ թիվը չի էլ նշվել, բազմաթիվ մեր տղերք զրկվել են ձեռք ու ոտքից։ Կարելի էր 200-ից ավելի վիրավորի ապահովել պրոթեզով։ Մենք բազմիցս ահազանգ ենք ստացել ու մեր ահազանգի հետքերով՝ առողջապահության նախարարն էլ հաստատեց, որ պետպատվերով բուժումները դադարեցրել են, գումար չկա։ Ավելին ասեմ, կամավոր պատերազմին մեկնածները բուժում են ստանում սեփական միջոցներով, պետությունն ասում է՝ դուք զինվոր չեք եղել, կամավոր եք եղել։ Էն որ Նիկոլն ասում էր՝ սա մեր Սարդարապատն է, բոլորդ գնացեք կռվեք, մեռեք, հույս ուներ, որ արդյունքն էնպես կլինի, որ բժշկի փող կառավարությունը չի՞ տա։ Նրանց բուժելու, հայրենիքի համար առողջությունը քայքայածների համար բուժան համար փող չկա, բայց կա գումար այդ անիմաստ շոուի համար։ Պատերազմի մասնակիցներին ասում էին քո միջոցներով արի գնա կռվելու, ավտոմեքենա չունես, կանգնի ճանապարհին, թող քեզ վերցնեն-բերեն, բայց գործուղում էին ձևակերպում Արարատ Միրզոյանի այցը Ղարաբաղ, որ գնար ու բունկերում տիտիկ աներ անհասկանալի առաքելությամբ։ Մայիսի 12-ից ի վեր թշնամին Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներից ներս է մտել ու դուրս չի գալիս։ Մեր դիրքապահներին սովորական քաղաքացիները, մանր բիզնեսմեններն էին տանում վրան, գիշերային տեսության սարքեր և այլ անհրաժեշտ իրեր։ Տոնակատարության երկու միլիոն դոլարով քա՞նի զինվոր ապահով կլիներ, քա՞նի դիրքի ամրացման աշխատանքներ կկատարեին։

Հարցն այն է, որ անիմաստ ծախսերը միայն գունագեղ հրապարակի գունագեղ շոուի վրա չէ, որ ծախսվել է։ Ցավոք, Փաշինյանը շոուի սիրահար է ու վարպետ։ Կարող է 30 միլիոն դոլար տալ ու ինքնաթիռ գնել, որը մեզ բոլորովին պետք չէ, բայց դե սիրուն սելֆի է ստացվում։ 250 հազար դոլար ծախսում են, որ, ասենք, Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը ներկվի, 220 հազար դոլար ծախսում են, որ բուկլետ տանեն ցուցահանդեսի, միլիոնավոր դոլարներ են հատկացվում, որ պատերազմից հետո երկրումս նոր պարեկային ծառայություն լինի՝ իր մեքենաներով, ֆորմաներով, աշխատավարձ-պրեմիաներով։ Պատկերացնու՞մ եք, պատերազմից հետո զինվոր չունենք որ սահման պահի, թազա պարեկային են ստեղծում որ Նիկոլի անվտանգություն ապահովվի, դեպուտատներին պադյեզդներում չծեծեն։ Անարդյունավետ ծախսեր էի՞ն սրանք։ Անարդյունավետ ծախս չէ՞ր պետհիմմնարկներում ՔՊ-ական աշխատողներով թիվը 2 հազարով ավելացնելը, երբ այս իշխանությունը եկել էր կրճատելու խոստումներով։ 60 հազար դոլար գիտե՞ք ինչի վրա են ծախսել, որ փողոցում ինչ-որ վահանակների վրա ինչ-որ մարդիկ կոչ անեն դիմակ կրելու։ 5 միլիոն դոլար ծախսվեց Գյումրու մաքսատան վրա, որը պետք է ավտոմեքենաներ մաքսազերծեր ու դա արեց ընդամենը մի քանի ամիս։ Անարդյունավետ ծախսերի ուղղակի չեմպիոն են։ Ու էս ֆոնին էլ առավոտից իրիկուն քեֆերի մեջ են՝ հարսանիք է, թանկարժեք հանգիստ գեղեցիկ կղզիներում։

Մեծ Բրիտանիայի վարչապետը 15 հազար ֆունտ ստեռնիգ էր ծախծսել հանգստի համար, քիչ էր մնում հրաժարական տար, սրանք շքեղագուն հանգիստ են վայելում, հետո ասում են՝ դա իմ անձնական կյանքն է։

Պարզապես հարյուրավորներով են այդ անարդյունավետ ծախսերի դեպքերը, մի հատ չէ, 10 հատ չէ, որ հասցնես թվարկել։ Ընդամենը երեկ գրվեց, որ Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել։ Մարդը վախենում է և բերել է ժողովրդին, ըննդդիմությանը, իսկ իմ կարծիքով՝ հենց իր թիմին գաղտնալսելու համար։ Իհարկե՝ դա անիմաստ է, որովհետև իշխանությանն ու անձամբ Փաշինյանին վաղուց բոլորը բաց են հայհոյում են։ Բայց դե մարդը մեր միջոցներից է 7 մլն դոլար ծախսել, իր վախերի համար։

Մարդիկ ամեն օր բողոքում են, ամեն անգամ խանութ մտնելիս հայհոյում են, որ գնաճ է, վարորդը վառելիք լցնելիս հայհոյում է, վառելիքը թանկացել է, գյուղացին խաղողը քաղելիս հայհոյում է, չի ծախվում, ամեն ինչ թանկացել է, բայց պետք է ապրել, չէ՞։ Դա իշխանությանը չի հետաքրքրում, կարևորը՝ իրենց վայելքի, հանգստի փողը կա։

Կարճ ասած՝ քեզ թանալնում են մի քանի ճակատով, նախ ուղիղ, հետո՝ պարգևավճարներով, հետո՝ գնումներով, հետո՝ անիմաստ ծախսերով։ Իսկ դու հանգիստ կարդում ես լուրերն ու բավարարվում բեսեդկաներում քննարկելով։ Դու էդպես ոտքի չես կանգնի։ Իշխանությանը ձեռնտու է աղքատ, հնազանդ, 10 հազար դրամի մեռած հանրություն ունենալը։ Սրանք խոպան են եկել, ժողովուրդ, Հայաստանը խոպան է, եկել են փող աշխատելու։ Ու աշխատում են։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ