22 09 2021

«Կարճ ասած»․ Ինչի՞ց է վախենում Նիկոլը



Հայաստանի անկախության տոնը առաջին անգամ մենք անցկացրինք ծանր ապրումներով․ դա ոչ միայն պատերազմի պատճառով էր, սահմաններին տեղի ունեցողի պատճառով էր, այլև այն պատճառով, թե ինչպես իրենց դրսևորեցին պետության պատասխանատուները։

Վաղ առավոտյան՝ ժամը 9-ից, Եռաբլուրը փակ էր։ Փաշինյանն ու իր պաշտոնյաներն էին գնում, ուրիշ ոչ ոք չէր կարող գնալ։ Նիկոլը գնում էր ծաղիկ դնելու, ուրեմն պանթեոնը փակ էր։ Բացի իրենից ու իր ընկերներից, մնացածի համար փակ էր։ Փակ, պատկերացնու՞մ եք։ Գիտե՞ք ինչու․ որովհետև վախենում է։ Նրա համար մահվան պես բան էր, որ հանկարծ հանդիպեր զոհի ծնողի, նա էլ իրեն հարց տար, թե ո՞նց էր իր ձագի համը, նա վախենում էր, որ որևէ լրագրող իրեն հարց տար։ Քա՞նի կոպեկ արժեր այդ հարգանքի տուրքը։ Դա հարգանքի տո՞ւրք էր, թե՞ անարգում։ Դու փակել էիր Եռաբլուրը քեզ համար, շոու անելու համար, նկարվելու համար, դու էդ տղերքին չէիր հարգում, հարգելով՝ չէիր կարող հազարներին մահվան տանել։

Շոուն շարունակվեց օրվա ընթացքում պարգևատրումներով։ Գեներալի կոչում ստացան, վաստակավորի կոչում ստացան, մեդալ ստացան։ Քա՞նի կոպեկ արժի կապիտուլյանտների տված կոչումը, Ալիևի ոտքերն ընկածի, Էրդողանի հետ հանդիպում մորացողի պղծած մեդալը։ Երեկվա տոնը խայտառակություն էր նաև երբ լսում էիր Նիկոլի գենշտաբի պետին․ ասում են թուրքը մեր սահմաններից գերի է տանում, ասում է՝ գերիներին դիմեք, մեր գործը չէ։ Բա դու ո՞ւմ ինչին ես պետք։ 

Խայտառակության եզրափակումը տոնակատարություն էր, ու էլի երևացին Նիկոլի վախերը։ Հանրապետության հրապարակ մտնող փողոցները փակ էին, ոչ միայն մեքենաների, այլ նաև հետիոտնի համար։ Եթե ուզեիր ցերեկվանից մտնեյիր Հրապարակ, պատնեշներով, ոստիկաններով փակել էին, թե՝ փա՛կ է, անվտանգության նկատառումներով։ Ու՞մ անվտանգության, ի՞մ, դժվար թե։ Մի քանի տեղ անգամ դրված էին մետաղորսիչ սարքեր, ու համերգի բոլոր եկողները մանրակրկիտ ստուգվում էին։ Հրապարակ մտնողներին խուզարկում էին, որովհետև Նիկոլը գալու էր համերգի։ Նա ձեզ համար չէր մտածում, ձեր անվտանգության համար, իր համար էր մտածում։ Իսկ ինչի՞ է վախենում։

Ես, օրինակ, ինչի՞ չեմ վախենում, դուք ինչի՞ չեք վախենում ու ինչու է վախենում Նիկոլը։ Ուրեմն մի բան արել է, չէ՞, որ վախենում է։ Իսկ ի՞նչ է արել, որ այդտեսակ անվտանգության պահելու կարիք կա։ Ուր գնում է, էլ կարմիրբերետավորներ, ոստիկաններ տարբեր հագուստներով, դիպուկահարներ տանիքներին։ Այդ ամենը հո միայն պարանոյիկ վախերից չէ, այդ մարդը անգիր գիտի, թե ինչից է վախենում։ Մարդիկ ասում են՝ դե բա զոհել է տղերքին, պլանավորած պարտության է գնացել, հայրենիք է հանձնել, պետության հերն անիծել է, բա ի՞նչ է ուզում, ուզում է հանգիստ ման գա՞լ։ Փաշինյանն ասում է՝ ինձ մարդիկ մոտենում, փաթաթվում, շնորհակալություն են հայտնում կապիտուլյացիա ստորագրելու համար։ Որ վարչապետը 150 ախրանիկի, 1500 ոստիկանի ուղեկցությամբ գնում է գերեզմանոց, դպրոցի բացում, իր անցնելիք ճանապարհին բոլոր մարդկանց խուզարկում են, հնարավոր ամեն տեղ դիպուկահարներ է շարում, դա արդյո՞ք վախի աարտահայտություն չէ։ Բա ինչի՞ ես վախենում։ Ճիշտ են ասում, ուրեմն մի բան արել ես չէ՞, որ վախենում ես ու դու համոզված ես, որ շատ վատ բան ես արել, որ այդպես ես քեզ պաշտպանել տալիս։ Կարող ես մի 690 հազար հոգու մոլորեցնել ու ընտրվես, ձայները տանես, բայց հո դու ինքդ գիտես, որ սարսափելի բան ես արել։

Իսկ քա՞նի հոգի էր Նիկոլի հետ նշում այդ օրը։ Նա նշում էր միայնակ, կարևորը ինքը էդ պահին ապահով վայրում էր։ Ուզում եմ իմանալ՝ դուք զոհվածներից քա՞նիսի հիշատակը հարգեցիք, երբ այդ հրապարակի համերգին նստած էին պաշտոնյաները, իսկ զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, լուսավորված երկնքում տեսնում էին՝ ինչպես եք դրոններով տոնում դրոններով ընկածների հիշատակը։ Փող չկար, որ դրոն առներ ու պաշտպաներ երկինքը, բայց դրոն կար հրապարակի երկնքում թռցնելու համար, որ Աննան արտասվեր։

Նիկոլ, դու փչացրեցիր մեր բոլոր տոները, կլինի հուլիսի 5՝ Սահմանադրության տոն, քանի որ բազմիցս խախտել ես սահմանադրությունը, Անկախության տոն, քանի որ անկախությունը ոտքի տակ ես տվել, մայրության ու գեղեցկության տոն, քանի որ խլել ես զավակներին, Շուշիի ազատագրման ու Հաղթանակի տոն, որովհետև հանձնել ես հայրենիքը և բոլոր հաղթանակները։

Նիկոլ Փաշինյանը հիշատակը անարգեց նաև իր ելույթով։ Ասաց՝ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին։ Եվ իսկապես, ինչո՞ւ հաղթել ուրիշներին, թող ուրիշները քեզ հաղթեն, իսկ դու հաղթիր քո ժողովրդին։ Նա միայնակ չի հաղթել, հաղթել է Ալիևի ու Էրդողանի հետ, հաղթել է էն 690 հազարի հետ, որոնք ձայն են տվել իրեն։

Երեկվա գունագեղ շոուն նկարում էր 20-ից ավելի տեսախցիկ, որից մեկը ամբողջ օրը տնկված էր ընդամենը մեկ առաքելությամբ՝ նրան փող էին տվել կոնկրետ ժամանակահատվածում կրուպնի պլանով ցույց տալու համար Աննայի լացը Նիկոլի ելույթի ժամանակ։ Կան չէ՞ դերասաններ, որոնք լացում են անգամ առանց սոխի կամ լիմոնի աղի, քեզ մի քիչ տրամադրում ես ու վերջ։ Ստացվեց, շոուն կայացել է, կարող եք անցնել ձեր առօրյա կյանքին։ Իրականում բոլորն են լացում՝ տեսնելով, թե ինչ արեցիք դուք՝ մարդ ու կին մեր երկրի հետ։

Արցախում գտան ևս երկու զինծառայողի դի, Եռաբլուրում փորեցին հերթական փոսը՝ Նիկոլի ծրագրած պարտության հերթական զոհի համար, Տավուշում մի ծնող մահացավ՝ չկարողանալով տանել որդու կորստի վիշտը, Արարատում ստիպված եղան ապրանքը վաճառել կրկնակի էժան, որ արագ լրացնեն պատերազմում վիրավոր որդու բուժման ծախսերը, որովհետև պետությունը պետպատվերի փող չունի, փողը գունագեղ շոուի համար է։ Ահա թե ինչ պայմաններում Նիկոլը գունագեղ շոու արեց։

Կարճ ասած՝ մենք երեկ հերթական անգամ տեսանք Նիկոլի սարսափելի վախերը։ Էդ մարդը վախենում է իր իսկ շողքից։ Ու դու ասում ես թե ճգնաժամը վերացել է՞, ամեն բան նորմա՞լ է։ Հայաստանում ոչ մի ճգնաժամ չի վերացել ու չի կարող վերանալ, քանի դեռ դու պատասխան չես տվել քո ու քոկիրթ ընկերների արածների համար։ Ավելին ասեմ, դու Հայաստանում քանի տարի էլ ապրես, ապրելու ես էդ վախով, այ էդպես ես ապրելու։ Դու գիտե՛ս, ինչի համար, հաստատ գիտես։

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ