20 09 2021

«Կարճ ասած»․ Ախպերություն՝ թուրքի հետ․ Փաշինյանը ծայրահեղ վտանգավոր է դառնում մեր պետության համար



Հայաստանի անվտանգության ռեսուրսի ամբողջական քայքայումը շարունակվում է։ Ամենօրյա կտրվածքով լսում ենք ամոթալի լուրերն։ Սեպտեմբերի 19-ի խայտառակություններից մեկը վերաբերում էր մեր երկրի տարածքից մեր քաղաքացիների առևանգմանը։ Ադրբեջանը Հայաստանից մարդ է առևանգում արդեն որերորդ անգամ։ ԱԱԾ-ն արդարացնում է, թե մոլորվել են, անցել են Ադրբեջանի տարածք՝ իբր իրենք են մեղավոր։ Իշխանական դեպուտատ Գագիկ Մելքոնյանը, որ պաշտպանության փոխնախարար է եղել, ասում է՝ կարող ա՞ իշխանությունն ա մեղավոր։ Բա ո՞վ ա մեղավոր։ Ե՞ս։ Դուք է՞լ ինչի եք ընդունակ հանուն թշնամուն արդարացնելու։ Մեր երկրում ման գալն արդեն վտանգավոր է, մնում է, որ ԱԱԾ-ն հրապարակի Հայաստանի էն ճանապարհները, որտեղից գերի չեն ընկնում։

Մյուս խայտառակությունը էլ ավելի ծանր է մեր պետության համար ու խիստ վտանգավոր։ Մամուլը գրեց, որ երբ Նիկոլը պաշտոնական այցով Վրաստանում էր, Բաթումիում մի քանի ժամ անհետանում է, ոչ ոք, ո՛չ հյուրընկալողներն են իմանում որտեղ է, ո՛չ էլ անգամ թիկնազորը: Համացանցում քննարկեցին, թե Բաթումի հատուկ նպատակով էր գնացել՝ հակահայկական նոր փաստաթուղթը անձամբ թուրքական և ադրբեջանական կողմի հետ քննարկելու։

Մի ամբողջ օր այս լուրն էր տակնուվրա արել հայ ազգին։ Հայաստանի կառավարության արձագանքին էինք սպասում բոլորս։ Ոչ մի խոսք։ Ու պատկերացրեք՝ հավատում էինք, որ այդպես էլ եղել է։ Ցավոք, ստացվել է այնպես, որ բոլոր վատ լուրերին հավատում ենք․ օրինակները կան, որ ժողովրդի թիկունքում, գաղտագողի, բանավոր ու գրավոր պայմանավորվածությունների է եկել Նիկոլը, ու մենք կորցրել ենք Արցախի 76 տոկոսը, Սյունիքից հատվածներ։

Ախար սխալ եմ ասում՝ կորցրել ենք․ հանձնել են, հանձնել է․․․

Օրվա երկրորդ կեսին Էրդողանը հայտնեց, իբր Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլը դիմել է իրեն հանդիպման խնդրանքով։ Բնականաբար, Էրդողանն էլ նախապայմաններ է դնում հարաբերություններ հաստատելու համար՝ միջանցքների հարց, որոնցից մեկը Զանգեզուրն է։ Պահանջում է պատերազմի արդյունքների ճանաչում, Ադրբեջանի ճանաչում Հայաստանի այն տարածքներում, որի վրա մատը դրել է։

Ու այս ամենը արվել է թաքուն, ժողովրդի թիկունքում։ Փաշինյանը դեռ 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարում էր, թե՝ ամեն ինչ որոշելու է ժողովուրդը՝ այս հրապարակում։ Հիմա ժողովրդին ծեծում ու բերման են ենթարկում, հենց փորձում է այդ հրապարակ մտնել։ Բազմաթիվ անգամներ Փաշինյանն ասել է, թե մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ինչ կա՝ բաց ասում ենք։ Ավելի լավ է թեկուզ վատ բանը մեզանից իմանա, մենք ժողովրդից գաղտնիք չունենք։ Բա հետո՞։ Է՞լ ինչ վատ լուրեր պետք է իմանանք թշնամուց։ Ինչո՞ւ մենք պետք է Էրդողանից իմանանք, որ Նիկոլը հանդիպում է խնդրում, կարելի է գոնե մեկ անգամ ունենալ տղամարդկություն ու մարդկանց բացեիբաց ասել էինչ է անում մեր հայրենիքի հետ։

Մենք Ալիևից ենք իմանում, որ Նիկոլը իրենից ժամանակ է խնդրել, մինչև երկրի ներսում իր հարցերը կարգավորի։ Մենք ուրիշներից ենք իմանում, որ հայ-իրանական ճանապարհի հսկայական հատված, մի քանի հայկական գյուղեր հանձնել է Ադրբեջանին։ Պատահաբար՝ գիշերվա կեսին իմանում ենք գաղտագողի ստորագրված կապիտուլյացիայի մասին, պատահաբար իմանում ենք կապիտուլյացիայից դուրս տարածքներ զիջելու մասին: Ինչո՞ւ են թաքցնում։ Ու նա այդ ամենը անում է առանց խորհրդակցելու, մենակ, ոչ ոք տեղյակ չի լինում․ Անվտանգության խորհրդի անդամները, վստահ եմ, տեղյակ չեն, անգամ արտգործնախարարը, որի մականունը ժողովուրդը դրել է թուրքի գործակալ, միգուցե տեղյակ չի եղել այս ամենից։

Փաշինյանը երևի հերոսանալու նպատակ դնելով, թե՝ տեսեք, թուրքերի հետ հարաբերությունները ոչ մեկ չկարողացավ հաստատել, ես հաստատեցի, մանր շուստրիությամբ մեջտեղ է եկել ու իր կարճ խելքով մրցակցում է մուսուլմանական աշխարհի առաջնորդի հետ։ Մի մարդու հետ, որը մի քանի ամիս առաջ կոտորում էր մեր ազգը։

Ընդամենը տարիներ առաջ, էն ժամանակ, երբ Հայաստանը անվտանգ էր, երբ Հայաստանը ուժեղ էր, հաղթած էր, զարգանում էր առանց թշնամու վրա հույս դնելու, 2005 թվականին, Թուրքիան ինքն էր խնդրանքով դիմում Հայաստանին, թե՝ եկեք հանդիպենք, խոսենք։ Դա էն ժամանակ էր, երբ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ու չէիր ամաչում դու որպես ՀՀ քաղաքացի, Հայաստանի ղեկավարը չերեզ Վրաստան նամյոկ չէր անում։ Էս ի՞նչ փալասի քսաղաքականության եկանք։

Սրանք ամեն ինչ անում են, որ մենք մեզ նվաստացած զգանք, որ զիջենք, տանք, համակերպվենք՝ թուլանանք ու հաճույք ստանանք։ Սա ծրագիր է, իմ կարծիքով, որը կատարելու համար եկել են իշխանության։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու էր պետք Ռուսաստանին նեղացնել, ինչու էր պետք պատերազմում պարտվել, սատանիստական մղումներով՝ 5 հազար զոհ տալ։ Հասկանո՞ւմ եք, թե ինչու էր պետք, որ Հայաստանին օգնության ձեռք չգա։ Մարդը ուզում է Հայաստանում կտրել բոլոր կապերը Ռուսաստանի հետ ու բերել Թուրքիային, ամեն բան հանձնելով։ Թրքասերներն ակտիվացել են, Փաշինյանի մերձավոր օլիգարխից սկսած։ Նիկոլի իշխանության խոշոր փայատեր է Սորոսը, նա էլ ասում էր ռուս-թուրքական հակադրությումների մեջ պետք է պաշտպանել Թուրքիային։ Հավաքվե՞ց փազլը։

Այս լուրերի ֆոնին հերթական բանն ենք իմանում․ դատարանը մերժել է թույլատրել Ռոբերտ Քոչարյանին մի քանի օրով երկրից դուրս գալ։ Երկրորդ նախագահը պետք է Մոսկվա գնար՝ քաղաքական խորհրդակցությունների։ Մինչ սա՝ մի քանի անգամ գնացել է, ու դատարանը խնդիր չի տեսել, հիմա հանկարծ իշխանությանը ենթարկվեց․ ինչո՞ւ մերժեցին․ որպեսզի երկրորդ նախագահը չխանգարի՞ Փաշինյան-Էրդողան սիրախաղին։ Նույն կերպ, պատերազմի ժամանակ, երբ դեռ հնարավոր էր փրկել իրավիճակը, անհասկանալիորեն Փաշինյանական կորոնավիրուսի թեստը ցույց տվեց, թե Ռոբերտ Քոչարյանը հիվանդացել է, ու արգելեցին գնալ Մոսկվա։ Փաշինյանը ընտրել էր պարտության ուղին, ուրեմն պարզած օգնության ձեռքերը կմնան օդում։

Ինձ ամենաշատը հետաքրքրում է ժողովրդի արձագանքը, անտարբերությունը։ Էսքան աանտարբե՞ր։ Մարդ են առևանգում, հեչ պետքներդ չէ, Թուրքերին բերում է Հայաստան, հեչ պետքներդ չէ, տարածք է զիջում՝ պետքներդ չէ։ Ժողովուրդ, ե՞րբ էսքան թքած ունեցաք երկրի ու ձեր ճակատագրի նկատմամբ։ Հանկարծ չասեք, թե կուսակցություններն են մեղավոր․ ոտքի էին կանգնել, անհատները ոտքի էին կանգնել, ազգը չկար, միացողները քիչ էին։

Կարճ ասած՝ այս իշխանությունը ժողովրդի անունից լիազորված չէ բանակցելու և ոչ մեկի հետ։ Ժողովուրդ, դու պետք է պահանջես Նիկոլից բացել հրեշավոր այս ծրագրի մանրամասները։ Պետք է անհապաղ պատասխան տրվի, որ գունագեղ շոուի աղմուկի տակ չսղղացվի հերթական կապիտուլյացիոն բնույթի որոշումը։ Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ վտանգավոր է մեր պետության համար։ Նրա ամեն քայլ Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք է, որը հետագայում պետք է շատ ուշադիր քննել, եթե, իհարկե, երկիր մնացած լինի տակը։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ