14 09 2021

«Կարճ ասած»․ Հայկակա՞ն, Վրացակա՞ն, թե՞ ադբեջանական ներդրումների սպասենք



Հայաստանի ղեկավարությունը Ադրբեջանին ոչ միայն Արցախն է հանձնել, այլև հրավիրել է Հայաստանը վերցնելու․ թշնամին էլ դա սիրով անում է՝ ինչպես զենքով, որը տեսնում ենք մեր երկրի սահմաններին, այլև տնտեսապես։ Փաշինյանական վարչախումբը անընդհատ այն թեզն է առաջ բրդում, թե հեսա սահմանները բացելու ենք, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտուր ենք անելու, ու լավ եք ապրելու, ժողովուրդ։ Մեզ խանգարում էր Ղարաբաղը, հանձնեցինք հիմա արդեն հանգիստ կապրենք։ Պատերազմներ տեսած ժողովրդին ի՞նչ է ավելի շատ հետաքրքրում, քան խաղաղությունը։ Իհարկե՝ աչք ունեցողները տեսնում են, ուղեղ ունեցողները հասկանում են, որ ամեն ինչ ավելի է վատացել ու վատանալու է է՛լ ավելի, եթե այսպես շարունակեն։ Ու չնայած այդ ամենին, աղքատության հասցրած երկրի ժողովրդին վարչախումբը կերակրում է վտանգավոր խոստումներով։ Այսօր արդեն կա մեծ վտանգ, որ Թուրքիան ու Ադրբեջանը կլանելու են Հայաստանի տնտեսությունը։

Մեկ օրինակի վրա կանգ առնեմ, ընդամենը․ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 27-ին հայտարարեց, թե մոտ 60 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր կա՝ նոր որակի ու նոր ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծում Հայաստանում։ Ներդրումը, ասաց, Վրաստանից է։ Հստակ չասաց, թե ովքեր են ներդրում անողները։ Մի քանի բիզնես սննկացման տարած նախարարը պետք է որ լավ իմանա, թե Հայաստանի վառելիքի փոքր շուկայում այդքան գումարի ներդրումը ինչպես է կլանելու ամբողջ շուկան ու հաստատապես տանի մոնոպոլիզացման։ Օլիգարխների վերակենդանացնող մեր կառավարությունը դրան սովորական է վերաբերվում․ ոգևորված է, որ ներդրում ենք ունենալու։ Բայց կարևոր է, թե ո՛ր ընկերությունն է այդ մենաշնորհը փորձում հաստատել։

Ի՞նչ է բացահայտում մամուլը․ Հայաստանում բենզալակայանների ցանց ստեղծելու ծրագրի հետևում կանգնած է հայտնի մեծահարուստ, միջազգային սկանդալների մեջ հայտնված, տարբեր ժամանակահատվածներում ՌԴ–ի, Շվեդիայի ու Վրաստանի քաղաքացի հանդիսացող Դավիդ Յակոբաշվիլին։ Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrogas Energy Group»–ը և զբաղվում է բեռնափոխադրումներով։ Այս ընկերությանն են պատկանում վրացական Փոթի նավահանգստի տերմինալները և ռեզերվուարները, որտեղ նավերից դատարկվում են բենզինն ու դիզվառելիքը։ Այն նաև դեպի Հայաստան եկող վառելիքի երկաթուղային փոխադրողն է։ Փաստորեն, դառնալու է հա՛մ Հայաստան վառելիք փոխադրող, հա՛մ մանրածախ վաճառող։ Նա մրցակցային աառավելություն ունի և 60 միլիոն դոլար ներդնելով Հայաստանի բենզինի ու դիզելի շուկա՝ ամբողջությամբ կլանելու է այն։ Բնական է՝ սկզբի համար վառելիքի գինը կիջնի, ու մարդիկ կուրախանան, իսկ կարճ ժամանակ հետո, երբ մյուսները սննկացած կլինեն արդեն, նա կբարձրացնի վառելիքի գինը, ամեն ինչ կգա այսօրվա վիճակից էլ ավելի թանկ գնի, ու մեկ կարևոր տարբերությամբ՝ շուկայում կմնա միայնակ, մենք էլ կախված կլինես նրա բարի կամքից։ 

Հայաստանում, իհարկե, կան մի շարք մենաշնորհներ, որոնց գլուխ կանգնածները այսօրվա իշխանության մոտ օլիգարխներն են։ Դա, սակայն, այնքան անհանգստացնող չէ, որքան այս մեկը։ Գիտե՞ք ինչու, որովհետև Յակոբաշվիլու գործընկերը վառելիքի շուկայում ադրբեջանական «Socar»–ն է՝ Ալիևների կլանին պատկանող նավթային ընկերությունը։ Այսօր, արդեն, մամուլը, վերլուծաբանները բազմաթիվ կասածներ են հայտնում, որ ի դեմս Յակոբաշվիլու՝ Հայաստանի վառելիքի շուկա է ուզում անուղղակիորեն մուտք գործել «Socar»–ը։ Ձեր կարծիքով, կարո՞ղ է Հայաստանի ղեկավարությունը չիմանալ, թե ով է ներդրող կոչվածը, ինչ կապ ունի ադրբեջաննական պետական նավթային ընկերության հետ։ Իմ կարծիքով՝ անհնար է չիմանա։ Իսկ գուցե Քերոբյանը անձնական բիզնես շա՞հ ունի, որ չտեսնելու է տալիս։ Կարող է ունենալ, բիզնեսմեն է, բայց արդյո՞ք այս կարգի բաները կարող են լինել առանց երկրի ղեկավարի կամ հատուկ ծառայությունների իմացության։ Իսկ ո՞վ ասաց, որ փողասեր Փաշինյանը, մարդ, որը, ըստ օդում կախված լուրերի, կահույքով հոդված էր գրում, ադրբեջանական միլիարդավոր դոլարների պարգևից կարող է հրաժարվել։ Կասկածում ե՞ք․ մի՛ մոռացեք, որ մենք ունենք 5 մլրդ դոլարով հայրենիքը հանձնելու՝ օդում կախված թեմա։ Եվ ուշադիր եղեք, որ Ալիևը մշտապես ծաղրում է Փաշինյանին ու չի ստանում պատասխան․ արդեն կասկածներ կան, թե ինչ բացահայտումներից է վախենում։

Հարցում ենք ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, թե որ ընկերությունն է մտնում Հայաստանում վառելիքի շուկա, ով է սեփականատերը, հաշվարկվե՞լ են ռիսկերը, Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը․ Քերոբյանի նախարարությունը երկու տող ցնդաբանություն է պատասխանել, թե՝ երբ Հայաստանում ստանա աշխատելու թույլտվություն, էն ժամանակ կարող է և պատասխանի, եթե նպատակահարմար համարի։

Մեր երկրից փախչում են տեղի ներդրումները, բիզնեսը հոգնում է այս ամենից ու հիմա, պատերազմից հետո, երբ հսկայական ներդնում անող է ի հայտ գալիս, այն էլ՝ Վրաստանից, այն էլ՝ վառելիքի շուկայում, այն դեպքում, երբ Վրաստանում աջ ու ձախ «Socar»-ի կալոնկաներն են, պետք է լրջորեն ուսումնասիրվի՝ ովքեր են ներդրողները, արդյո՞ք միջնորդավորված կերպով Ադրբեջանն ու Թուրքիան չեն մտնում հայկական շուկա։ Պետք է հաշվարկվի, թե որքան օգուտ և ամենից կարևորը՝ երկարաժամկետ ընթացքում ինչ վնաս կարող է հասցնել այդ կարևոր, տառացիորեն ազգային անվտանգության կարևորության ոլորտի մոնոպոլացումը այլ, առնվազն՝ ոչ վստահելի երկրի մասնավոր կապիտալի կողմից։

Իրականում նոնսենս է, որ մեր իշխանությունը տնտեսությունը զարգացնելու համար հույսը դրել է ոչ թե մեր, այլ մեր թշնամի երկրների վրա։ Սա աբսուրդ է, քո երկրի զարգացման հույսը մի երկիր է, որը քեզ, քո երեխեքին բայրաքթարերի տակ սպանեց ու խլեց քո տարածքները։ Հիմա նրանց նպատակը ո՞րը կարող է լինել, թեկուզ քեզ ներդրում բերելով։ Ի՞նչ է, որևէ մեկը մտածում է թե Ադրբեջանն ու Թուրքիան մեր երկրում փող կդնեն, որ մե՞զ լավ լինի, թե՞ իրենց։

Հանուն ճշմարտության, ասեմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայությունը մեր երկրում նոր չէ դրանք վաղուց են Հայաստանում իրենց գործակալներով, թրքասեր դեպուտատներով ու նախարարներով, որոնք բազմել են մեր երկրներում կարևոր պաշտոնների։

Կարճ ասած՝ երբ ասում ենք, որ պետությունը տվել ենք դիտելետանտներին, թրքասերներին, որոնք էլ իրենց հերթին վարի են տալիս, հենց սա՛ նկատի ունենք։ Հեշտ է պատերազմից, կորոնավիրուսից, վատ կառավարումից քայքայված երկրի աղքատ ժողովրդին կերակրել խոստումներով, լավ ապրելու հեռանկարներով բայց կրկնում եմ՝ սարսափելի է, որ քո տնտեսությունը փրկելու հույսը քո թշնամի երկրներն են։ Էլի եմ ասում, դո՛ւ մտածի՝ նրանք կուզենան քեզ օգնել, փրկե՞լ, թե՞ կործանել, վերջնականապես։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ