Նախընտրական քարոզարշավի շրջանակներում նիկոլականները «վերևից իջեցրած» թեզ էին շրջանառում․ թե՝ Սև լիճը գրաված, Շորժա մտած ադրբեջանցիներն ասում են ե՞րբ Հայաստանում ընտրությունները կավարտվեն, վերադառնանք մեր երկիր։ Քարոզչությունն այսպիսին էր՝ եթե ընտրվի Քոչարյանը, Ադրբեջանի հետ պատերազմ կսկսի, Նիկոլը ընտրվի՝ խաղաղություն, ու իրենք կգնան, որից հետո արդեն կսկսվի դարավոր խաղաղությունը հայերի ու ադրբեջանցիների միջև։ Նիկոլն իրեն ընտրեց ղեկավար, թշնամին էլ ոչ միայն չգնաց, այլև մարտական գործողություններ սկսեց։
Մի քանի նիկոլական գործիչ տաք տեղից ինչ-որ հայտարարություններ է անում՝ մեր զինված ուժերը թույլ չեն տալու որևէ ոտնձգություն մեր սուվերեն տարածքներից ներս։ Բանից բեխաբար մարդիկ են․ մեր սուվերեն տարածքն ամիսներով ոտնձգության մեջ է, թույլ եք տվել։
Մարզպետին ասում ես՝ ինչո՞ւ էն ժամանակ թույլ տվեցիք գային, իսկ հիմա ասում եք՝ չենք զիջելու, պատասխանում է՝ մայիսին թշնամին կեղծ քարտեզներով էր մոտեցել սահմանին, դրա համար չդիմակայեցինք։ Էս ա մակարդակը։
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարում է, թե Ադրբեջանի նախագահն իրեն ֆռացնում է, հիմարացնում է, խաբում է ու չի կատարում պայմանավորվածությունները։ Որ Ալիևը կարող է նման ստորության գնալ, չեմ կասկածում, բայց զարմանում եմ, որ դրանից զարմանում է ու դժգոհում է Նիկոլը։ Ուղիղ երեք տարի ու երեք ամիս է՝ մեր ժամանակավոր կառավարության ղեկավարը խաբում է, աշխարհի ստերն է հորինում, բոլոր հանդիպումների մասին ստում է, բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին ստում է։ Մենք իր բերանից ճիշտ խոսք դեռ լսած չկանք։ Չկա մի կարևոր թեմա, որի մասին խոսի, հետո մի քանի հոգի չասեն, որ էդպես չի եղել, սուտ է։ Նա չի կատարել որևէ խոստում, որևէ պայմանավորվածություն, կարելի է բացել խոստումների ցանկն ու գնալ կետ առ կետ բոլորի հետևից, խաբել է, ֆռացրել է, չի կատարել։ Ու հիմա բողոքում է, որ իրեն ֆռացնում, հիմարացնում ե՞ն։
Վատ է, չէ՞, Նիկոլ, երբ խաբում են։ Այս առումով երկուսդ էլ իրար խիստ նման եք, արժեք իրար։ Բայց քո խաբեության զոհն էլ մենք ենք՝ ժողովուրդը։
Հայաստանին առաջարկվում էր դառնալ ամուր պետություն, որն ունի արժանապատիվ խաղաղություն, որը խաղաղություն է պարտադրում։ Ու գիտեինք, որ դա կարող է անել «Հայաստան» դաշինքը, ունի այդքան փորձ, հմտություն, կարողություն ունեցող առաջնորդ։ Առաջարկվում էր արագ վերականգնել բանակը, վերականգնել կորցրած շուրջ 3 մլրդ դոլար ռազմական կարողությունները, այսինքն՝ բանակը վերականգնել թե՛ ֆիզիկապե, թե՛ բարոյապես, թե՛ պատրաստության բարձր մակարդակի բերել, դիրքերը բարելավել։ Ի՞նչ ունենք հիմա։ Պատերազմից անցել է 10 ամիս, ո՞ր դիրքն եք բարելավել, որտե՞ղ եք ինժեներական աշխատանքներ իրականացրել։ Ադրբեջանը արդեն 30 զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին, դուք վրաններում չե՞ք քնում։
Բանակում բարեփոխում էիք ասում կանեք, ի՞նչն եք բարեփոխել․ դուք չեք տալիս հարցի պատասխանը՝ ինչու են մեր զինվորները սահման պահում առանց զենքի, չկրակելու հրամանով։ Առանց զենքի սահման պահելը հանձնվել պես բան է։ Երբ զինվորին ուղարկում ես թշնամու դեմ ու փամփուշտ չես տալիս, ո՞նց նրա մարտական ոգին բարձր կլինի։
Մեզ պետք է կտրուկ փոփոխություն բանակում․ դա կարող է անել ուժեղ ղեկավարը, ուժեղ թիմը։ Դրան մեկ բան է խանգարում՝ Նիկոլ Փաշինյանը:
Քեզ առաջարկում էին արժանապատիվ խաղաղություն։ Դու չգնացիր դրա հետևից։ Այսօր, խնդրեմ, մի օր խփում-ջարդում են հաց տեղափոխողի գլուխը, մի օր հարձակվում են հովվի վրա, կոմբայնավարին են գողանում, պարբերաբար մարտեր են սկսում, ու զոհեր ունենք։
Պատերազմ ենք անցել ու պատերազմի վտանգի տակ ենք, այս ընթացքում ԱԺ-ն հրատապ կարգով բարձրացրեց պատգամավորներին տրվելիք վճարները մի քանի անգամ՝ 50 հազարը դարձնելով 250 հազար դրամ, քանի անգամ պարգևավճար են բաժանվել, 10 ամիս անց ի՞նչ զենքեր է գնել Հայաստանը և գնե՞լ է, թե ոչ։ Ամեն ինչի իմիտացիա եք անում, պատրանք, թե աշխատում եք։
Փաշինյանը հրավիրում է Ռուսաստանին, խնդրում, որ մեր սահմաններին ռուսական զորք կանգնի։ Մենք խոսում ենք արժանապատիվ պետություն ունենալու մասին, այլ երկրների հետ գլուխդ բարձր պահելու մասին, իսկ սա Հայաստանին ինքնիշխանությունը լրիվ հանձնում է։
Էսքան նողկալի արտաքին կապեր չենք ունեցել․ Ադրբեջանը մտել է Հայստանի տարածք ու պատերազմ է անում, միջազգային մի դրական կարծիք չես կարողանում ստանալ, ավելին՝ արդեն Ադրբեջանը Հայաստանի որ տարածք մտնում է, դա անվանում են վիճելի տարածք։ Արտաքին կապերդ զրո են։ Քեզ առաջարկվում էր արժանապատիվ փոխգործակցություն։ Նիկոլը խանգարում է մեզ արժանապատիվ պետություն ունենալ։
Օդ ու ջրի պես մեզ անվտանգություն է պետք, բոլորս դրա կարիքն ունենք, անվտանգություն երկրի ներսում ու երկրից դուրս․ ամեն օր թշնամին առաջ է գալիս, ահաբեկում է։ Անվտանգություն է պետք երկրի ներսում, որ վստահ լինես՝ Սյունիքի մարզպետի որդին չի կրակելու մի օր քեզ վրա, հերն էլ թաքցնի տղուն, ասի՝ իր գործերով ա զբաղված, որ պատգամավոր եղբայրը չկրակի Երևանի կենտրոնում, որ իրար չեն մորթի մեր քաղաքացիները՝ ոգևորված Նիկոլի մուրճով ելույթներից։
Քեզ առաջարկվում էր Հայաստանը դարձնել անվտանգ երկիր, ինչպիսին եղել է երկար տարիներ։ «Հայաստան» դաշինքն այդ անվտանգությունը խոստանում էր, ու դաշինքի ղեկավարի նախագահության ամբողջ ընթացքում զգացել ես այդ անվտանգությունը։ Չես կարող սահմանին անվտանգություն ունեալ, երբ գերագույն հրամանատար կոչվածը բանակից փախած է, պաշտպանության նախարարդ անհասկանալի դեմք է, ցուցմունքով պաշտոնի նշանակվող, ոստիկանապետդ միայն զվբաղվում է իր դասընկեր վարչապետի անվտանգությամբ։ Մեզ միայն Նիկոլն է այսօր խանգարում անվտանգ երկիր ունենալուն։
Սրա իշխանությունը չի կարողանում ապահովել ՀՀ տարածքների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, չի կարողանում ապահովել իր քաղաքացու կւյանքի իրավունքը։
Կարճ ասած՝ բոլոր ոլորտներում ուժեղ պետության խիստ կարիք ունենք․ մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, ամուր պետություն, ոտքի վրա կանգնած պետություն։ Ես տեսնում եմ, որ այս պահին դա կարող է տալ «Հայաստան» դաշինքը՝ իր առաջնորդի գլխավորությամբ ու տեսնում եմ նաև, որ բոլոր ոլորտներում դրան խանգարում է Նիկոլ Փաշինյանը՝ ոչնչից գլուխ չհանող իր խմբով։ Այս պարտված թիմը չի թողնում մեզ ապրել։ Խանգարում է մեր առաջընթացին։ Հայաստանի առաջընթացը կանգ է առել ու զարգացմանը խանգարում է Նիկոլ Փաշինյանը։ Նա այն դևն է, որ նստած է աղբյուրի մոտ ու կուլ է տալիս բոլոր նրանց, ովքեր ուզում են ջուր խմել։ Այդ դևի հարցը պետք է լուծել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը