Երբ հարցնում էինք՝ ինչո՞ւ Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր մտած ադրբեջանցի զինվորներին դուրս չեք շպրտում, Նիկոլը պատասխանում էր՝ դրանց համար հո պատերազմ չե՞մ անելու, բանակցում եմ։ Երկուսուկես ամիս մենք չտեսանք, թե ինչ են բանակցում ու ինչպես են բանակցում, որ թշնամին դեռ մեր երկրում է։ Դե իհարկե՝ չէինք էլ կարող տեսնել, որովհետև բանակցողը արտգործնախարարը պետք է լիներ, որը չկա, պաշտպանության նախարարը չկա, վարչապետ՝ առավել ևս չկա։ Ողջամիտ ժամկետ էին տվել՝ սպառնալով կրակել, բայց որևէ օրենքով ամրագրված չէ, թե այդ ողջամիտ ժամկետը քանի ամիս կամ տարի է տևում։
Թշնամին մեր երկրում արդեն տեղավորվել է և մարտական գործողություններ է անում, մեր դիրքերի ուղղությամբ։ Ցավակցում եմ մեր կրած զոհերի ընտանիքներին, վիրավորներին մաղթում եմ առողջություն։
Որևէ մեկը հասկացա՞վ ինչ է իրականում կատրվում սահմանին։ ՊՆ-ն հաղորդագրություններ է տարածում, այդ թվում՝ 3 զոհի, 4 վիրավորի մասին, մեծն Արծրունն է ակտիվացել, ինչոր բաներ է գրում, լայվ մտնում․ ես՝ որպես լրատվամիջոցի ղեկավար, չգիտեմ՝ հավատա՞լ ՊՆ լուրերին։ Պաշտոնական լրահոսին չեմ հավատում։ 44 օր ստածները ինչո՞ւ այսօր էլ չեն կարող նույն բանը անել, մանավանդ որ լրիվ նույն մարդիկ են՝ Արծրունից սկսած։
Եթե կարճ, ապա սահմանին կատարվում է հետևյալը․ Ադրբեջանն ուզում է իր պարտադրած կապիտուլյացիան ամրագրել փաստաթղթով, պարտադրում է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ոչ միայն Արցախն է, այլև տարածքներ Հայաստանից։ Ուզում է դա ամրագրել որպես իր միջազգայնորեն ճանաչված սահման։ Ալիևն ուզում է, որ Հայաստանը իրեն Զանգեզուրի միջանցք կոչված այդ ամբողջ հատվածը տա։ Ալիևը ամիսներ շարունակ տարբեր երկրների հրավիրում է համատեղ շահագործել այդ միջանցքը․ մեր տարածքների վրա նա հրավերք է անում, Հայաստանի իշխանության շնորհիվ՝ այդ իշխանության ու հայ ժողովրդի կարծիքի վրա էլ թքած ունի։ Իզուր, որովհետև իշխանությունը կարծիք չի էլ հայտնում։ Իշխանությունը բավականին հանդուրժող է Ալիևի նկատմամբ, Ալիևի տարածքային պահանջների նկատմամբ։ Եվ այսօր, արդեն, բոլորն են սպասում ու վստահ են, որ Փաշինյանն ինչ փաստաթուղթ էլ լինի՝ ստորագրելու է։
Իմ կարծիքով, զոհերն էլ է տալիս, որ երկրի հանձնումը արդարացնի, ինչպե՞ս էր ասում՝ Ղարաբաղը տվեցի, որ 20 հազար զինվորի կյանք փրկեմ, հետո հասցրեց 35 հազարի, հիմա կասի՝ տվեցի Վարդենիսը, որ փրկեմ Երևանը։ Ու մարդկանց տեսակ կա, մի 700 հազարի կարգի, որ կասի՝ տուր, Նիկոլ ջան, Հայաստանը տուր Ադրբեջանին, միայն թե խաղաղություն բեր, դա դու չես մեղավոր, սաղ նախկիններն են։ Ու կարծես թե սա սցենար է, մարդկանց մեջ տագնապ մտցնել, որ՝ կրակում են ամբողջ երկայնքով, ունենք զոհեր, եկեք Շորժան տանք-պրծնենք։ Այսպես արդարացնում են բոլոր կարգի զիջումները։ Ինչպես որ արդարացրին Արցախը թշնամուն հանձնելը։ Հոգնեք, զզվեք, ասեք ախպեր՝ տուր, մենակ թե զինվորներին փրկի, մեզ էլ թող գնանք մեր սերիալներին, հոգնել ենք։ Այ էդ ա։
Ինչ-որ անասնակերպ մարդկանց հետևողականորեն մեջտեղ բերում, ֆեյքերի, լայվեր անողների, թե՝ բա չիմացաք, դա սաղ նախկիններն են արել, նրանք են մեղավոր։ Դրանք ընդամենը տեխնոլոգիա են, որոնք օգտագործվում են ուղեղներ լվանալու նպատակով։ Հենց սպասվում է, որ պետք է քննադատության լայն ալիք բարձրանա, դրանք միանում են, թե բա՝ Նիկոլը մեղք չունի։ Փոխեք հին պլաստինկան։
Մարդիկ կան, որ մեղադրում են Ռուսաստանին, թե Պուտինը չի դադարեցնում․ ի՞նչ ես ուրիշներին մեղադրում․ քո իշխամնությունը ի՞նչ է արել, որ այս վիճակը չլինի։ Թշնամին լցվել է մեր երկիր, սրանք ասում են՝ մենք բանակցում ենք, հիմա ո՞ւմ եք մեղադրում, փոխարենը բանակ վերականգնեն, ամբողջ օրը խրախճանքների մեջ են․ բա ի՞նչ էիք ուզում։ Նիկոլն էր կարծեմ ասում՝ մարդասիրություն եմ անում, ականապատված տարածքների քարտեզներ եմ տալիս։ Նա չէ՞ր ասում՝ պետք է առևտուր անենք ադրբեջանցիների հետ, թշնամուն կառավարում ենք։ Կատարվո՞ւմ է մի բան, որը կապիտուլյացիայի տրամաբանության մեջ չէր։ Ոչ։
Երբ ընտրում էիր 3-րդ համարի քվեաթերթիկը, չգիտեի՞ր, որ հենց ռազմական գործողություն լինի՝ Նիկոլի իզը-թոզը չի երևալու, բունկեր է մտնելու։ Գիտեիր։ Բա էլ ի՞նչ ես ուզում, ո՞ւմից ես ուզում։ Ուղղակի մարդիկ են զոհվում ձեր սխալ ընտրության, ձեր ընտրյալի նպատակների, անհասկանալի ծրագրերի, պայմանավորվածությունների պատճառով։
Էլի ինչ-որ մարդիկ են ի հայտ եկել, ասում են՝ ընդդիմությունը ո՞ւր ա, ինչո՞վ է զբաղված։ Հոպ, ընդդիմությունը էս պահին ի՞նչ կարող է անել, հայտարարություն կամ բողոքի ակցիա անի, դուք էլ հեռախոսների մեջ մտած՝ մարդաքանակ հաշվեք՝ շատ էին, քիչ էին։ Թամաշա՞ է, ի՞նչ է։ Էսօրվա աշխատողը իշխանությունը պետք է լինի։ Նիկոլ Փաշինյանը կարծեմ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է․ մենք չգիտենք՝ ո՛ր բունկերում է, գլուխը ո՛ր ավազի մեջ է մտցրել։
Քեզ ասում էին՝ արժանապատիվ խաղաղություն, դու իբր թե վախեցար պատերազմից, գնացիր կզած զիջումների հետևից։ Հիմա ումից ինչ ես ուզում։ Սահմանամերձ բնակավայրերը նայում ես, բոլորն ասում են՝ մենք ձայն չենք տվել, զինվորներին են բերել-քվեարկել։ Էդ զինվորներին էլ Նիկոլը զոհ է տալիս։ Էսօր զոհված մեր եղբայրներին ուղիղ մեկ ամիս առաջ չէի՞ն տարել ընտրատեղամաս ու 3-րդ համարի քվեաթերթիկը տվել ձեռքը՝ չմոռանալով համոզել, որ ապագա կա։ Ո՞րն էր իր ապագան։
Հիմա կասեք՝ դա հիշեցնելու ժամանա՞կն է։ Այո, ժամանակն է, չէ՞ որ այդ ընտրությոննեը մեկ ամիս առաջ էր, ու մենք գիտեինք, որ եթե Նիկոլը ընտրվեց, սա՛ է լինելու։ Էսօր Սոթքից մինչև Վերին Շորժայում այդ մարտական գործողությունները չէին լինի, եթե ընտրությունների ժամանակ հաշիվները մաքրեիք կապիտուլյանտի հետ։ Նա՛ էր հողերը տալիս, նա՛ էր ընտրությունները կեղծում, որ մնա, նա՛ էր գեներալներին հանում գործից այս թեժ շրջանում, նա՛ էր Արշակ Կարապետյան բերում պաշտպանության նախարար, էն մի սորոսականին՝ արտաքին գործերի նախարար։
Ո՞ւր է Նիկոլը, տեղեկություն կա՞․ հանկարծակի ոչ մի պատերազմ չի լինում, բոլորս գիտեինք ու ասում էինք, որ էլի է զիջումների գնալու․ Բայց մարդը հարսանիքի էր, հետո վարդավառ էր տոնում։ Գեղարքունիքի մարզում պատերազմական վիճակ է․ իշխանությունը ինչո՞վ է զբաղված․ Զոլաքար համայնքի ղեկավարին է փոխում, ու քանի որ նա նիկոլական չէ, դրսից իր մարդուն է բերել և լիքը ոստիկանների է հանել մեջտեղ, որ նա մտնի գյուղապետարան։ Մի քանի կիլոմետր այն կողմ կրակոցներ են, պատերազմ է։ Զոլաքարն ու Շորժան քիչ են հեռու։ Ասենք էդ գյուղում էլ քո մարդը ունեցար, հետո՞, չէ՞ որ գյուղերը տալով գալիս ես։
Կարծում եմ՝ լայնածավալ պատերազմ չի սկսի, բայց դիրքային առաջխաղացումներ միշտ կունենա թշնամին: Ուղղակի Ադրբեջանը ճնշում է գործադրում նոր փաստաթղթի համար, Նիկոլն էլ դեռ զոհեր է տալիս, երևի որ արդարացնի ստորագրումը։ Այդքան բան։ Մարդկային կյանքե՞ր, իսկ նրանք Նիկոլին պե՞տք են, երբևէ հետաքրքիր են եղե՞լ։ Հը՞։ Դուք չգիտեք, թե ինչ տեսակ է սա։ Ո՞վ է մեղավորը այս ամենի, ո՞ւմ վրա է զոհերի արյունը, տարածքային կորուստները, ո՞ւմ խղճին են․ Նիկոլ Փաշինյանի, թիմի և ՀՀ 688,761 մոլորված քաղաքացու։
Կարճ ասած՝ ես ձեր տեղը լինեմ, վերջապես կահասկանամ, որ մեր պրոբլեմը անգամ այս պահին կրակվող Շորժայում չէ, ոչ ժողովուրդ, կառավարության շենքում է։ Քանի նա կա, հա՛մ զիջելու ենք, հա՛մ զոհվելու ենք, հա՛մ տալու ենք։ «Ապագա կա, կա ապագա»։ Էս ա ձեր ապագան, իր պատկերացրած ապագան։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը