24 06 2021

«Կարճ ասած»․ Ի՞նչ կարող է ուզել կյանք խլողը կյանք փրկողից



Ի՞նչը ոչ մի ռեսուրս, կառավարման ընդունակություն չունեցող այս խմբակին երեք տարի պահեց իշխանության․ մեկ բան՝ ատելությունը։ Ի՞նչը այս բառիս բուն իմաստով անպետք թիմին նորից իշխանության բերեց․ դարձյալ ատելությունը։ Այդ ատելությունը նախկինների նկատմամբ չէ, այդ ատելությունը երկրի նկատմամբ է, մարդկանց նկատմամբ է, վրեժ հայրենիքից։ «Եթե ինձ համար լավ չէ, թող բոլորի համար էլ վատ լինի» սկզբունքն է գերիշխում։

Նիկոլին ընտրող՝ ինձ լավ ծանոթ քաղաքացիներից մեկը ասում էր՝ ով էլ ընտրվի, ես իմ հողն եմ մշակելու, դրա համար Նիկոլին եմ ընտրում․ եթե ես լավ չեմ ապրում, պտի ոչ մեկն էլ լավ չապրի։  Նիկոլի հանդիպումից հետո բառիս ամենաուղիղ իմաստով մի չոբան՝ գառնարած, տավարած, ասում է՝ ես Նիկոլին եմ ընտրում։ Ու գիտե՞ք ինչի համար, ասում է՝ խոսքի ազատություն է բերել։ Դու առավոտից իրիկուն սարերն ես, քո խոսքի ազատությանը ովքե՞ր էին սպառնում, ոչխարնե՞րը։ Իրականում նա էլ նույ  մոտիվացիան ունի ընտրությու կատարելիս՝ եթե ես լավ չեմ ապրում, ուրեմն թող էնպես լինի, որ ոչ ոք լավ չապրի։ Սա հենց այդ ատելությունն է։

Վաղ առավոտյան հերթի մեջ երկու կին բարձր դժգոհում էին երկրի վիճակից, հիշեցին Աբովյանի դիահերձարանը, հիշեցին գերիներին։ Նրանից մեկն ասաց՝ էս ձեռքս կոտրվեր, որ գնացի ու էլի ձեն տվեցի դրան։ Ընտրությունից անցել է ընդամենը 4 օր, բայց մարդը փոշմանել է, որ Նիկոլ է ընտրել։ Բայց Նիկոլից հիասթափվողը հիասթափվել էր մինչև ընտրությունները, ինչո՞ւ գնացիր ու ձայն տվեցիր։ Պարզ պատճառով՝ ընտրել են իրենց հանգստության համար, բայց հույս են ունեցել, որ չի անցնի։ Նիկոլի այս ընտրությունը նշանակում է, որ այս անգամ թեկուզ ամենավերջին զոմբին իր մաշկի վրա կզգա նման վարչապետ ունենալու դժբախտությունը։

Թվարկածս մարդկանց տեսակը անգամ ամենածայրահեղ դեպքում չի մտածում իր երկրի մասին ու դիմացինի մասին, նա ատելությամբ է լցված բոլորի նկատմամբ։ Իսկ որտեղի՞ց այդ ատելությունը։ Ինչո՞ւ հատկապես այս երեք տարում դա սուր երևաց։

Բազմիցս ասել եմ ու էլի կասեմ՝ ատելության առաջին դրսևորումները տեղի ունեցան հենց 2018թ․ հեղափոխության օրերին, դագաղների շքահանդեսով։ Հետո ատելությունը դրսևորվեց արդեն բանակի ու գեներալիտետի նկատմամբ քրեական գործերով։ Բանակից թռած մարդիկ էին, բանակը ատող մարդիկ էին ու վարի տվեցին զինվորի, հրամանատարի բարձր անունը։ Փախչող տեսակ է Նիկոլը, վախկոտ տեսակ է և ուժեղ մարդկանց ատում է։ Հայրենիքի ու հայրենասերների նկատմամբ ատելության պատճառով է, որ պատերազմի մասնակիցներից շատերին հերթով աշխատանքից ազատում են, քրեական գործեր են սարքում։

Ատելության բացառիկ դեպքերից է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքը։ Նիկոլ Փաշինյանը ատում է մարդկանց։ Մենք տեսանք, որ նրանք անզգույշ գտնվեցին կորոնավիրուսի նկատմամբ, ծաղրում էին, և 5,5 հազար մարդ մահացավ։ Սպանեցին մարդկանց։ Հետո եղավ պատերազմ, որի երրորդ օրից սկսած նա կարող էր կանխել ու չկանխեց, համբերատար սպասեց, մինչև 5 հազար զինվոր զոհվի։ Արմեն Չարչյանը գիտակցական ողջ կյանքում կյանք է փրկել, բժշկել է մարդկանց՝ պատերազմի դաշտում էլ է նույնը արել։ Նիկոլը կյանք խլող տեսակ, կյանք վերցնող տեսակ է և դրանով էլ հենց բացատրվում է կյանք փրկողների նկատմամբ նրա ատելությունը։ Հենց դրա համար էլ մեղադրյալի աթոռին բժիշկ Չարչյանն է։ Հիմա հասկացա՞ք, թե բազում մահերի պատճառ դարձածը ինչ ատելություն ունի կյանքեր փրկողների նկատմամբ։

Նիկոլը սպառնում է մուրճով գլուխներ ջարդել, էդ ջարդած գլուխները պրոֆեսոր Չարչյանն է բուժելու ու վստահ եմ՝ նա ջոկողություն չի դնի՝ դա ՆԻկոլի գլուխն է, իրեն կալանավորած դատավոր Մելիքսեթյանի գլուխն է, թե իր նկատմամբ գործ շինած Սասուն Խաչատրյանի։ Ի դեպ, Չարչյանի նկատմամբ գործը կարած ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բարոյական որակներին եմ ուզում անդրադառնալ։ մասնագիտական որակներին չեմ անդրադառնա, որովհետև նա Փաշինյանի ամենաանհաջող կադրերից մեկն է։

Շուրջ կես տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերին, արձակուրդում գտնվող Արմեն Չարչյանին տեղեկացնում են, որ Սասուն Խաչատրյանի հայրը հիվանդանոցում է և վիրահատական միջամտության կարիք կա։ Կիսատ է թողնում արձակուրդը և Դիլիջանից շտապում է վիրահատության։ Երբ բժիշկը փրկում է քո կյանքը, քո հարազատի կյանքը, դա պարտքի զգացում է, որը ողջ կյանքում քեզ ուղեկցում է։ Եթե Սասուն Խաչատրյանն ունենար մարդկային այդ որակները, նա ընդամենը, ուսումնասիրելով փաստը և տեսնելով, որ հանցանքի նշույլ անգամ չկա, կասեր՝ պարոն Փաշինյան, չեմ կարող այս մեկ պատվերը կատարել, այս մարդը բացի նրանից որ անմեղ է, նաև բարոյական առումով ձեռքս չի գնա։ Բայց մենք գործ ունենք այս դեպքում մարդկությունից, սրբությունից զուրկ մարդկանց հետ։

Ինչ վերաբերում է դատավոր Արմինե Մելիքսեթյանին․ նա հերթական Արեն Դանիելյան է, Մնացական Մարտիրոսյան է, Արտուշ Գաբրիելյան է․ եթե նրանք կալանքի հրաման տան այդ դատավորի ընտանիքի որևէ անդամի նկատմամբ, ինձ մոտ տպավորություն է, որ կկալանավորի։ Բայց դատավոր Մելիքսեթյանի մասին ամենուշագրավ պատմությունը կապված է Գագիկ Սողոմոնյան ֆեյքի հետ։ Սա կալանավորում է Արա Սաղաթելյանին, թե Գագիկ Սողոմոնյան ֆեյքը նա է, հետո այստեղ-այնտեղ հայտարարում է, թե «Մենք պարտավոր ենք գտնել Գագիկ Սողոմոնյանին»։ Այսինքն՝ նա ինքը համոզված չէ, թե ճիշտ մարդու է կալանավորելմ, բայց կալանավորում է։

Արմեն Չարչյանը դուրս կգա կալանքի տակից, նրա փայլուն կարիերան շարունակվելու է դեռ շատ երկար, բայց դուք, երբ դարձյալ բժշկի կարիք ունենաք, իմացեք, որ մարդկությանն ու բնությանը ավելի օգուտ կլինի, որ ոչ մի բժիշկ չփրկի ձեզ։

Կարճ ասած՝ չգիտեմ՝ որքան է հնարավոր այս ատելությամբ առաջ գնալ, մեզ այսօր պետք է քանդված տնտեսությունը վերականգնել, քանդված բանակը վերականգնել, պատերազմի հետևանքները հաղթահարել, դիվանագիտություը զարգացնել, արտաքին կապերը։ Իշխանությունը տրված չէ վենդետաների, անմիտ բաներ համար։ Դուք պատասխանատու եք երկրի, ժողովրդի առաջ։ Մի մոռացեք, որ դուք մարդ եք, պաշտոնյա եք, պետություն եք ղեկավարում, ցավոք սրտի։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ