21 06 2021

«Կարճ ասած»․ 54 տոկոսի ֆենոմենը․ Ի՞նչ տեխնոլոգիաներ են աշխատել ու ինչ պետք է անել



Հայաստանում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց միայն քվեարկության փուլը։ Ինչո՞ւ․ որովհետև սա գործընթացի ավարտ չէ, և սրանով մեր երկրում ոչինչ չխաղաղվեց, որևէ հարց չլուծվեց։ Մենք ստացանք տարօրինակ մի վիճակ․ վիճակ, երբ մեր երկրում ռեալ ընդամենը 15-20 տոկոս վստահություն ունեցող ուժը 54 տոկոսով հաղթեց ընտրություններում։

Ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի անխնա օգտագործման բազմաթիվ փաստեր կան, սկսած նրանից, որ Փաշինյանը մինչև վերջ չմնաց արձակուրդում և որպես վարչապետի ԺՊ՝ գործունեություն իրականցրեց, շարունակած այն լուրերից, որ աշխատանքից ազատման սպառնալիքով մարդկանց ստիպում էին քվեարկել իշխող ուժի օգտին, հանձնաժողովի նախագահը կնիքը գողանում էր, քրքրված քվեաթրեիկները վավեր էին համարվում, հաշվարկի ժամանակ միանգամից հոսանքը գնում էր մի շարք մեծ քաղաքներում, ձերբակալում էին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին, խուզարկություններ էին տեղի ունենում, տեղամասերում ուղորդումներ էին, մարդկանց էին մեքենաներով կրում ու կրում, զինվորների ձեռքին տալիս էին 3-րդ համարի քվեաթերթիկները, մյուս քվեաթերթիկների վրա խզբզում էին․․․ Խախտումներին ուղղակի թիվ չկա։

Բայց անգամ այդ խախտումներով, այս իշխանությունը չէր կարող 20-25 տոկոսից ավելի ձայն տանել։ Շատերն են, երեկվանից ասում, որ աշխատել են այլ տեխնոլոգիաներ։ Ուզում եմ հատուկ շեշտել՝  Նիկոլ Փաշինյանը խախտեց վերջին սկզբունքը, որ ուներ՝ ազատ արդար ընտրությունների սկզբունքը։ Դա էլ խախտեց։

Մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը գյուղերում․ մասնակցում էր ամենաշատը 300 հոգի, որից 250-ը մեքենաներով իր հետ տարած մարդիկ էին։ Հիշում ենք մայրաքաղաքում հանրահավաքը՝ հազիվ մի քանի հազար հոգի էր բերել, այն էլ՝ մարզերից, այն էլ՝ ավտուբուսներով, միգուցե՝ վճարված։ Անգամ հատուկ հաստատություններից էր մարդիկ քաշել-բերել հանրահավաքի։ Ոստիկաններ, Աին, ԱԱծ, ՊՆ, բոլորին ասել էին՝ հագեք ձեր քաղաքացիական հանդերձանքը, ու կներկայանաք հանրահավաքի, հրամանով: Ընդ որում, ով այնտեղ գնացել է, դուրս է եկել և երդվել, որ իրեն մեկ է՝ չի ընտրելու:

Ու ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ 20 թիկնապահով զուգարան գնացող այդ անձը ինչ-որ հրաշքով ունի 54 տոկոս վստահության քվե։ Բոլոր կարգի սոցհարցումները, համացանցային տրամադրությունները, քաղաքացիների տրամադրությունները, բոլորը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի էին ու վստահ եմ՝ հիմա ավելի շատ են նրա դեմ։

Կրկնում եմ՝ որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Նիկոլն այսօր ունի այնքան աջակից, ինչքան աջակից ուներ 2018 թվականին։ Ավելին, 2019 թվականին անգամ նիկոլ Փաշինյանը չուներ այնքան աջակից, որքան ուներ 2018-ին, չնայած նրա, որ դեռ պատերազմ ու զոհեր չկային։ Անգամ այդ ժամանակ արդեն պայթում էին ստի փուչիկները, իսկ նախկինում ոգևորվածները բավականին արդեն հիասթափվել էին: Այս երեք տարվա ընթացքում հազարավոր մարդկանց եմ հանդիպել, ինձ ամեն Աստծո օր տասնյակ մարդիկ են ասում, որ նիկոլական ենք եղել ու հիասթափվել են, մեր հարցումներում բազմաթիվ մարդիկ ասում էին՝ ձեռքներս կոտրվեր՝ դրան չքվեարկեինք, բայց ես չեմ հանդիպել գոնե մեկ հոգու, որ ասեր՝ ես դարձել եմ նիկոլական։ Չկա մի ցուցանիշ, որ կարող են բերել ու ես համոզվեմ, որ Փաշինյանը, այդ անհույս ձախողակը, կարող է այսքան տոկոս հավաքել։

Ես չեմ ասի՝ հիասթափված եմ ժողովրդից և այլն և այլն։ Ոչ։ Այս ընթացքում ես տեսել եմ, որ ժողովուրդը հետ է գալիս։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի հետ մնացել էր իր անգիտակից մասը, որ ասում է՝ Շուշին ադրբեջանական է և այլն։ Դա կազմում էր առավելագույնը 15 տոկոս։ Նրանց գումարում եմ 5 տոկոս մեր այն հայրենակիցներին, որոնք դեռ մոլորության մեջ են։ Դա էր իր ռեալ ձայնը։ Բոլոր ուսումնասիրությունները դա էին վկայում: Ու նա տարել է հենց այդքան ձայն։ Պետք է արդեն շատ լուրջ ուսումնասիրել, թե էն 30 տոկոսը որտեղից ծլեց։ Ո՞վ ու ոնց ավելացրեց այդ տվյալը: Համոզված եմ՝ աշխատել է տեխնոլոգիա, որը, հույս ունեմ, կբացահայտվի։ Պետք է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել։

Կրկնում եմ այն, ինչ ասացի ամենասկզբում՝ Հայաստանում խառը, ճգնաժամային իրավիճակը հանգեցրել էր արտահերթ ընտրությունների, բայց այս ընտրությունները հարց չլուծեցին, որովհետև ճգնաժամի հասցրած ուժը, թիմ կոչեցյալը մնաց։ Ուրեմն մեր երկրում ընդամենը խորանում է ճգնաժամը։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանում խնդիրները պակասեցի՞ն։ Ոչ։ Բևեռացվածությունը թուլացա՞վ։ Ոչ։ Նիկոլին ատողները սկսեցին սիրե՞լ։ Ոչ։ Նիկոլը էլ 50 հոգանոց շքախմբով ման չի՞ գալու։ Հե՛նց այդպես է ման գալու։ Ոստիկանները չե՞ն շարունակելու բռնաճնշումները։ Շարունակելու են։ Թոշակ վճարելու համար արտաքին պարտք չի՞ վերցնելու։ Վերցնելու է։ Սահմանները չի՞ գծելու և Տավուշից, Գեղարքունիքից, Սյունիքից հողեր տա։ Գծելու է, ու տալու է։ Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը լուսնից նոր թի՞մ է բերելու, թե՞ շարունակելու է բանկա-բութուլկաներով լցնել ԱԺ-ն ու կառավարությունը։ Կրթություն չունեցող անհաջող լրագրողը չէ՞ սահմանադրական օրենքներ գրելու։ Ո՞վ է լինելու սրանց արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը։ Ո՞ւմով են փոխելու, ի՞նչ են փոխելու։

Նիկոլը չուներ թիմ և շարունակում է չունենալ որակյալ թիմ, սա մի գեղցիների հավաք է, որը ոչ մի բանի ընդունակ չէ։ Սրանք մեր հողերը նվիրեցին թշնամուն, պետությունը վարի տվեցին ու նույն դավաճանական, անհաջող խմբակը շարունակում է մնալ։ Եթե էս իշխանությունը երեք տարում կարողացավ երկրի ղեկը գցել ոտքին ու հասնել արտահերթ ընտրությունների, ապա դա կրկնելու է շուտով։ Չկա աշխարհում մի ուժ, որը կարող է բարձրացնել Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, չկա աշխարհում մի ուժ, որը կարող է նրանց պահել իշխանության։

Այսօր առավոտյան, Հայաստանի կառավարության մոտով քայլելիս նկատեցի իմ առջևից և հետրևից քայլող 5 ադրբեջանցու, որոնք խոսում էին ադրբեջաներեն, խոսում էին շատ բարձր ու տալիս էին Նիկոլի ազգանունը։ Դա ժամը 10։30-ին մոտ էր․ հուսամ՝ կառավարության շենքի տեսախցիկներով կարող են նրանց դեմքը հետազոտել ու տեսնել՝ ովքեր են, ինչպես են ադրբեջանցիները Հայաստան եկել ու ինչ են ուզում անել։ Բայց ես գիտեմ, որ ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ նրանց հայ իշխանական եղբայրներին թողնելու հայրենիք չունենք։

Կարճ ասած՝ ժողովուրդ, Հայաստանում նոր պայքար է սկսում։ Ես կոչ եմ անում բոլորիդ, ոչ մի պարագայում չհուսահատվել, ոչ մի պարագայում ձեզ ավելորդ չզգալ, ոչ մի պարագայում չմտածել երկրից գնալու մասին․ էս թուրքական դրածոները դրան են սպասում։ Ես չեմ կարող ասել մեկ քայլ, որը պետք է աներ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի ու, չի արել, սխալ է արել։ Ես իրեն չվստահելու պատճառ չունեմ։ Ես շարունակում եմ իմ պայքարը, ձեզ էլ կոչ եմ անում չհուսահատվել։ Մենք պետք է փրկենք մեր հայրենիքը թրքանման, թրքասեր, թրքաբարո այս տեսակից։ Ամեն ինչ սկսվում է նոր թափով։    

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ