10 06 2021

«Կարճ ասած»․ Քվեաթերթիկը դարձրեք զենք՝ վենդետա խոստացողների դեմ



Այս ընտրություններում ավելի շատ ձայն հավաքելու հնարավորություն ունեցող երկու քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների բառապաշարները խիստ տարբեր են։ Եթե Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ինձ ընտրեք, որ առաջին հերթին հանդարտություն, հանգստություն բերեմ մեր երկրին, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինձ ձայն տվեք, որ ջարդեմ-փշրեմ, վենդետա անեմ։

Անկեղծ ասած՝ զարմանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ծափահարում են քանդեմ-ջարդեմի հայտարարությունները։ Մեր ժողովուրդը հաստատ զգացել է իր մաշկի վրա այդ քանդելու վատ արդյունքը, դա 1991-1997, 2018-21 թվականներին լավագույնս իրականացվել է մեր երկրում ու թվում է՝ պետք է դա մերժվեր, քննադատվեր, ոչ թե ծափահարողների լինեին։

Վարչապետի թեկնածուն հայտարարում է՝ ինձ ձայն տվեք, որ վենդետա անեմ, քրեական մշակույթին հատուկ բառապաշար է օգտագործում։ Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, վենդետա ենք անելու արտահայտության համար դատախազը անմիջապես գործի կանցներ, Հայաստանում գտնվող միջազգային դիտորդական կազմակերպությունների աղմուկը խլացնել չէր լինի։ Բայց ի՞նչ է ստացվում, Արթուր Դավթյանը անտարբերության չեմպիոն է և այս հարցում միակ մրցակիցը Տիգրան Մուկուչյանն է։ ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն ունի Հայաստանում, նրանք ընտրություններին են հետևում, բա ոչինչ չեն նկատում։ Ի՞նչ խնդիր են նրանք լուծում մեր երկրում իրենց համար։

Եթե 4-5 տարի առաջ նախագահի թեկնածուն հանկարծ ասեր՝ ինձ ընտրեք, որ վենդետա անեմ, պատկերացնում ե՞ս ինչ կլիներ։ Ու հիմա պետք է մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից բարբաջողներ լինե՞ն։

Մեր երկրում հիմա ամեն ինչ թողնված է ընդդիմության բանականության վրա և ժողովրդի բանականության վրա։ Ընդդիությունը, որքան էլ ուզենա չտեսնելու տալ հանրությանը բորբոքելու կոչերը, հանրությանը տրամադրելը, չի կարող հանգիստ անցնել իր քարոզարշավին, որոհետև ընդդիմությունը ելույթում ասում է՝ բոլորի համար աշխատատեղ կստեղծենք, բանակը կվերականգնենք, կապահովենք անվտանգություն, ու դիմացից լսում է արձագանք՝ թաթիկներ կկտրենք, ու ամեն ինչ խառնվում է իրար։

Եթե Երկրի ղեկավարը ասում է՝ պետք է վենդետա անենք, մեկ միլիոն մարդ դա լսելով՝ կասի՝ խփնված են․ բայց կարող է մի 5 հազար հոգի էլ կույր հավատա նրան ու ասի՝ գնանք վենդետա անելու։ Հնարավոր է, չէ՞։ Մարտի 1-ը ո՞նց եղավ, մարդկանց դրդեցին բախումների ոստիկանության հետ, էդ ժամանակ էլ շատերը հետ քաշվեցին, բայց կար ագրեսիվ փոքրամասնություն, որ կերավ կուտը ու գնաց բախման։

Մարտի 1-ին երկրի ղեկավարությունը անկարգությունների դեմն առնելու քայլ արեց, իսկ հիմա երկրի ղեկավարությունն է անկարգություններ հրահրում։ Ժողովուրդ, կանցնի այս 11 օրը, բայց պետք է հետևանքներից երկիրը դուրս գա։ Միայն Արցախը թուրքերին տվողներին, առանց մեկ կրակոցի՝ մեր հողերը տվողներին, այդ հողերը վերցնողներին ու այդ բոլորի հովանավորներին կարող է դուր գալ այս վիճակը։

Ես ներկայացրի իշխանության ներկայացուցչի բառապաշարը, հիմա ընդդիմության բառապաշարը նայենք։ Նախագահ Քոչարյանը ուղերձով դիմելով իր համակիրներին, ասում էր, որ ատելության խոսքը մեզ համար անընդունելի է, եկեք քարոզարշավի ընթացքում կենտրոնանանք դաշինքի ծրագրի բովանդակության վրա։ Ասում է՝ եկեք մարդկանց վարակեկք պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն մտցնենք հույսի և արժանապատվության գաղափարը։ Համբերատար խոսենք հայրենակիցների հետ։ Միայն պարտության վախից դրդվողը կարող է կոչ անել վենդետաների։

Ինչ վերաբերում է վենդետային, նախագահը հստակ նշում է, ուզում եմ մեջբերել նրա խոսքը․ «Բարոյական տեսանկյունից՝ այս իշխանության կողմից հնչեցվող վենդետայի իրավունքն ունեն առնվազն 5 հազար զոհվածների հարազատներ, 10 հազար վիրավորների ընտանիքներ և հարազատներ։ Վենդետայի իրավունք ունեն բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց տները, ունեզրկվել են։ Իսկ դա 35 հազար մարդ է։ Ահռելի թվով ժողովուրդ ունի վենդետայի բարոյական իրավունք։ Բայց մեր պարտքն է թույլ չտալ դա»։

Քոչարյանն ասում է՝ գալիս եմ, որ էս մթնոլորտը թուլացնեմ, էս լարվածությունը թուլացնեմ, թունավոր է վիճակը։ Իսկ նա, ով չունի հանրությանը ներկայանալու դեմք, մարդավարի ծրագիր, պետք է ամեն ինչ անի, որ փոխի թեման, սևացնի մյուսներին և դրա ֆոնին լավը երևա։ Իմացեք՝ չի եղել դեպք, երբ բռնության կոչերը պսակվեն երջանկությամբ, դա բերում է արյան։ «Զինվեք երկաթով, քարերով, փայտերով, ով ինչով կարող է» արտահայտությունները անպայման արյան են բերում։

Կարճ ասած՝ ժողովուրդ, սթափվելու կոչ եմ անում։ Դու պետք է կարողանաս մեծ համբերություն ունենալ այս օրերը խաղաղ անցկացնելու համար։ Դու նաև պետք է համոզես բոլորին՝ քո հարևանին, քո բարեկամին, ծանոթներին, ընկերներին, բոլորին, ում կարիքը կա, պետք է համոզես, որ մեզ համար հիմա օդ ու ջուր է հանգիստ, կայուն վիճակը։ Իսկ դա կարող են ստեղծել մարդիկ, քաղաքական ուժերը, որոնք քեզ ոչ թե բախումներ են խոստանում, այլ՝ հանգստություն, ովքեր անվտանգություն են խոստանում ներսում ու դրսում։

Հետևեք մարդկանց ծրագրերին՝ ինչ են առաջարկում, ուսումնասիրեք՝ կարո՞ղ են, թե՝ ոչ, դա ավելի օգտագակար է։ Թող քվեաթերթիկը ձեզ համար դառնա բռնության կոչերը մերժելու, վենդետան մերժելու զենք։ Մերժենք բռնություն քարոզողներին։

Մնաց 11 օր։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ