Մայիսի 9-ը պետք է լիներ մեր հաղթանակների օրը, մեր եռատոնը․ մայիսը Հայաստանի համար հաղթանակների ամիս է։ Ինչո՞ւ եմ անցյալով ասում, որովհետև այլևս այդպես չէ։ Ի՞նչն ենք տոնելու Շուշիի ազատագրման օրը։ Այսօր իմացանք, որ Ալիևը Շուշին հռչակել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ Ադրբեջանը հանում է գմբեթը սուրբ Ղազանչեցոցից, այնտեղից շուտով նամազի ձայն կլսվի։ Այս ամենը Ալիևը ափալ-թափալ անում է՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, որի պաշտոնավարման ուղիղ երրորդ տարին է լրանում մայիսի 8-ին։ Ապրես, Նիկոլ, կեցցես։ Դու կարողացար երեք տարում անել այն, ինչը մեզ թվում էր, թե այլևս անհնար է՝ թուրքին բերել մեր օջախ։ Պլանը, որի համար իշխանության էիր եկել, աշխատեց փայլուն։
Մենք ամեն տարի Եռաբլուր էինք բարձրանում՝ արցախյան պատերազմում հաղթած մեր հերոսների շիրիմներին այցի, հպարտանում, որ նրանք թեև չկան, բայց հաղթել են, նրանց շնորհիվ մե՛նք կանք։ Հիմա Եռաբլուր գնալիս մենք նրանց ո՞նց ասենք, որ նրանք պարտվել են, որ չկա նաև բարոյական հաղթանակը, որովհետև մարդամեկը նվաստացուցիչ թուղթ է ստորագրել։
Հայաստանը մայիսյան եռատոն այլևս չունի, բայց Հայաստանը մեծ հաղթանակի սկիզբ է դնում ու՝ հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին։
Այդ օրը համատեղ պայքարի մասին պաշտոնապես կհայտարարեն Հայ Յեղափոխական դաշնակցությունը, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։ Սա պատահական միավորում չէ ու պատահական չէ օրը։ Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրապետության առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է, արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության պետական կոմիտեի նախագահը, նա հաղթել է պատերազմում, որից հետո ղեկավարել է Հայաստանի կառուցումը, երբ երկիրը քանդվել էր և վերականգնումը թվում էր անհնար։
Հայ Յեղափոխական դաշնակցությունն Արցախի առաջին պատերազմին իր շատ զավակների է նվիրել, որոնց մի մասն էլ նահատակվեցին։ Այս պատերազմում էլ Դաշնակցությունը անձնուրաց մասնակցել է՝ չիմանալով, որ գնում է պատերազմի, որի համար արդեն վաղուց այս ելքն էր որոշված։
«Վերածնվող Հայաստանը» ինքը Սյունիքն է, իսկ Սյունիքը Հայաստանի ամենակարևոր հատվածներից մեկն է, այս պատերազմից հետո՝ ամենակարևորը։ Սյունիքը այսօր ծանր վիճակում է՝ թշնամու դեմ մենակ, նա ունի պետության պաշտպանության կարիքը, իսկ պետությունը չկա։ Պետությունը իր մարզը չի կարողանում պաշտպանել, ու դա անում են մարզի համայնքապետերը՝ իրենց քաղաքացիներից կազմված ջոկատներով։
Այս երեք ուժերը միավորվել են, սա իշխանության պայքար չէ, սա պայքար է կործանվող երկիրը փրկելու։
Այնպիսի իրավիճակում ենք, որ ամենատարբեր միավորումներ, դաշինքներ կարող եք տեսնել, անգամ անհավանական միավորների, երբեմնի հակառակորդների միավորման․ դրանց մի մասի նպատակը Նիկոլի իշխանության պահպանումն է՝ իրենց թուլափայը ստանալու հույսով, միավորումների մյուս մասը՝ Նիկոլի իշխանությունից օր առաջ ազատվելն է՝ իր արբանյակներից նույնպես։ Այս դաշինքը՝ Երկրորդ նախագահի, ՀՅԴ-ի ու «Վերածնվող Հայաստանի», շատ տրամաբանական է, շատ հասկանալի է, ու բացատրության կարիք անգամ չկա, թե ինչու ավանդական Դաշնակցությունը, սյունաց աշխարհը և Ռոբերտ Քոչարյանը որոշեցին միասին գնալ։ Սա Հայաստանի ճակատագրով է դրդված։
Եթե հաջորդ իշխանությունը անգամ շատ ցանկանա ու փորձի, մեկ է՝ չի կարող գալ վայելելու, վայելքի ոչինչ չկա, տառապանքի շրջան է մոտենում։ Հայաստանի հաջորդ ղեկավարը չի կարող Նիկոլի պես ժամը 9-ին գալ աշխատանքի, 6-ին գնալ տուն, իսկ գործի ժամին զբաղված լինի սայթերը քրքրելով, թե իր մասին ինչ են գրում, որ ֆեյքերին ֆաս տա։ Չի կարող ԱԺ-ում ժամերով ելույթ ունենա անկապ բաների շուրջ, լայվեր մտնի, պարտավոր է աշխատել թևերը քշտած՝ գիշեր-ցերեկ։ Նրան այլ ելք չեն թողել։ Խոսքս, իհարկե, վերաբերում է նորմալ իշխանությանը, նորմալ ղեկավարին։ 40 տոկոս աղքատություն, ՀՆԱ-ի 65 տոկոսը կազմող արտաքին պարտք, գործազրկության ահռելի մեծ թիվ, ներդրումների զրոյական մակարդակ, արտաքին քանդված կապեր, քայքայված բանակ, արտագաղթի ահավոր թվեր․ ահա թե ինչ է Նիկոլը թողնում հաջորդներին։ Նիկոլը սենց թվեր չի ստացել, բայց նա թողնում է հաջորդին մի երկիր, որն աշխարհում ռեկորդ կարող է գրանցել իր ձախողումներով։ Ինչքա՜ն պետք է չարչարվի հաջորդ իշխանությունը, որ կարողանա վերականգնել ներգաղթը։ Ռոբերտ Քոչարյանի մոտ դա ստացվել էր 2000-ականներին, ծանր աշխատանքի արդյունքում, ու հիմա էլ է պետք այդպես աշխատել։ Ինչքա՞ն պետք է չարչարվի նոր իշխանությունը, որ Իրանի, Վրաստանի, տարբեր երկրների հետ քանդված կապերը վերականգնի, Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունները վերականգնի, հավասարակշռի Արևմուտքի հետ հարաբերությունները։ Հայաստանի հարցերը քննարկում են տարբեր երկրներ, բայց մենք չկանք այդ քննարկումներում։
Ժողովուրդ, դժվար է լինելու, բայց հնարավոր, եթե դու շուտ ու հստակ կողմոնորոշվես, հնարավոր է գնաճը իջեցնել, հնարավոր է տնտեսությունը ոտքի կանգնեցնել, հնարավոր է Շուշին, Հադրութը, Զանգելանը հետ բերել, հնարավոր է ներդրում բերել։ Այո, այն գործարարները, որոնք աշխատել են տարբեր տարիներին, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի պատճառով սառեցրել են ներդրումները, տեղափոխել, կզգան պետությանն իրենց թիկունքում։ Ներդրումների համար աղետալի էր հեղափոխությունը, մասկի շոուները, դրանք չեն լինի, վստահ եմ։ Ամեն քաղաքացի պետք է իր մաշկի վրա զգա, որ իշխանություն է փոխվել։ Հնարավոր է վերացնել այս յուրատեսակ կոռուպցիան՝ պարգևատրում անունով, որի մեջ թաղված է պետական ողջ ապարատը։ Հնարավոր է կասեցնել այս ձախողումների շղթան ու սկսել պտտեցնել զարգանալու անիվը, որը կանգնելուց արդեն ժանգոտել է։ Հնարավոր է վերականգնել Սփյուռքի հետ կապերը, որն այժմ մի բարակ թելով է, մեր դրսի քույր-եղբայրները Հայաստանին չեն վստահում արդեն։ Պետք է փոխվի, ի վերջո, այս տրամադրությունը, որ մենք ունենք։
Ու այս ամենը հնարավոր դարձնելու համար են միավորվել ՀՅԴ-ն, «Վերածնվող Հայաստանը» և Ռոբերտ Քոչարյանը։
Դաշնակցությունը ներկայացված է աշխարհի բազմաթիվ երկրներում, նա ուներ թե՝ պատերազմում պայքարելու ռեսուրս, թե՛ պետության կառավարման համար։ Հայակական ամենահին կուսակցություններից մեկն է, այնքան ամուր, որ անգամ Նիկոլը քանդել չկարողացավ։ Ամենահին կուսակցությունը այսօր միավորվել է ամենանոր կուսակցության հետ՝ «Վերածնվող Հայաստանի»։ Վտանգները ստիպեցին Սյունիքի համայնքապետերին միավորվել՝ սպառնալիքները չեզոքացնելու համար։ Առաջ Արցախն էր մեզ հեռացնում Ադրբեջանից, Նիկոլի թեթև ձեռքով Արցախից մնացել է «Ա» տառը, ու հիմա Սյունիքն է իր մարմնով փակում ճանապարհը, որ թշնամին ներս չգա։ Ու զավեշտ է, որ այդ թշնամին և՛ ներսից է ուզում սողոսկել Սյունիք, և՛ դրսից։ Այո, ժողովուրդ, ծանր պահ է, երբ Սյունիքի բնակչությունը ոտքի է կանգնում, որպեսզի իր մարզը փրկի սեփական երկրի ղեկավարից։
Ես համոզված եմ, որ այս երկու կուսակցությունների և կառավարման, պատերազմում հաղթանակի փորձ ունեցող Ռոբերտ Քոչարյանի դաշինքը հաջողելու է։ Բայց այս դաշինքը միայն այս կուսակցությունները և երկրորդ նախագահը չեն, սա շատ լուրջ ու ահռելի մեծ համախմբում է։ Կրկնում եմ, այդ դաշինքը քե՛զ համար է։ Երբ հաջողություն գրացած, ապահովված մարդը հայտ է ներկայացնում, որ գա իշխանության, ուրեմն դա առաջին հերթին քե՛զ է պետք, և դո՛ւ պետք է ապացուցես, որ արժանի ես, որ քո կյանքը դեպի լավը փոխվի։
Ես մի քանի անգամ ասել եմ ու ասում եմ նաև հիմա․ պետք է ամեն մեկս մեր ոլորտում, մեր մասնագիտության մեջ մեր ուժերի հնարավորը անենք թրքահպատակ այս իշխանությանը ծնկի բերելու համար։ Սա իմ գործն է, անում եմ ուժերիս մեծ լարումով, դուք էլ ձեր տեղում արեք ձեր գործը, մայիսի 9-ին ձևավորվելիք հաղթական դաշինքն էլ իր գործը կանի, ու մենք կազատվենք այս չարիքի իշխանությունից։ Սրանց վրա հազարավոր մարդկանց արյուն կա, բայց սրանց խիղճն անգամ չի տանջում․ մարդիկ, որոնք կարող են կոտորածի բերան տանել մեր հայրենակիցներին ու հանգիստ նստել տեղները, նրանցից ամեն ինչ սպասելի է։ Եվ ուրեմն պետք է արժանապատվության հարց լինի կապիտուլյանտ իշխանությանը մերժելը։
Կարճ ասած՝ Նիկոլի պարտվելուն այլընտրանք չկա։ Պետք է դո՛ւ, ժողովուրդ, արդեն բավականաչափ փորձված լինես՝ հերթական անգամ չսխալվելու համար։ Քեզ ապահով, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստան տանող դաշինքը ձևավորվում է մայիսի 9-ին։ Ես վստահ եմ, որ այս դաշինքը հաջողելու է։ Որովհետև այստեղ մարդիկ են, որոնք հայրենիքի փրկության համար կյանքը չէին խնայում, ուրեմն կարող են նաև կյանքը չխնայել հայրենիքի զարգացման համար։ Մենք մեկ անգամ դա տեսել ենք։ Իսկ պատմությունը կրկնվելու հակում ունի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը