Երեք տարվա ընթացքում մենք ականատես եղանք այն ցավալի պատկերին, երբ մեր պետության ղեկավարությունը, ընդ որում՝ ղեկավարություն ասելով նկատի չունեմ միայն վարչապետին, իշխող թիմը նաև, այդպես էլ չկարողացան հասկանալ, թե այդ պահին ինչ է պահանջում մեր պետական շահը, ինչ կարելի է անել, և որ էլ ավելի կարևոր է՝ ինչ չի կարելի անել, տարիների հեռանկարում ինչ է անհրաժեշտ լինելու․ նրանք չկարողացան հասկանալ, թե ինչպես պետք է պահի երկիրն իրեն տարբեր իրավիճակներում։ Ու սա շատ նկատելի էր նաև արտաքին ճակատում։
Օրինակ՝ Հայաստանի այս իշխանությունը սպանեց խորհրդարանական դիվանագիտությունը։ Դուք տեսե՞լ եք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավոր մերված լինի եվրոպայի խորհրդում որևէ խմբակցության։ Նայեք Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմը, ուղղակի մղկտալու է։ Կան մարդիկ, որոնք երբեք պատասխանատու, էլ չեմ ասում՝ դիվանագիտական պաշտոններ չեն վարել, մարդիկ կան, որոնց ելույթները սկանդալ են դառնում։ Խնդրում եմ նայեք ԱԺ կայքում նրանց կազմը ու ձեր մեջ հարց այլևս չի առաջանա, թե ինչու ենք մենք այս օրին։ Էլ չեմ ասում, որ պատվիրակության ղեկավարը մոռանում է քվեարկել, կոճակներն է շփոթում, հետո սկսում է արդարանալ։
Եթե գործադիր մարմինը մշակում է դիվանագիտության հայեցակարգը, ու դիվանագետները պարտավոր են դրանով շարժվել, պառլամենտական դիվանագիտությունը շատ ավելի ազատ է, այդ ռամկաների մեջ չէ և լայն հնարավորություն ունի, լոբիստական հնարավորություններ․ բայց այս պահին ոչինչ չի արվում։ Եթե դու չես զարգացնում խորհրդարանկան դիվանագիտությունը, չես կարողանում բարեկամական հարաբերություններ հաստատել որևէ երկրի, պատվիրակության հետ, անգամ նախկիոնւմ հաստատած կապերն ես քանդում, քեզ համար դժվար է լինում անգամ մի հասարակ բանաձևի համար դրական կարծիք հաստատել, ստորագրություն բերել։ Պետք է կարողանաս ցանկացած թեկուզ մանր բանից քո երկրի համար օգուտ քաղել։ Չէ՞ որ, մեր ժողովուրդը որ սխալվեց, սրանց ընտրելով, ընտրում էր որ երկրի, պետության համար հնարավոր լավն անեն, ոչ թե Պրոսպեկտի մեջտեղը խորոված անեն։
Տեսեք, մեկ դար սպասել ենք, որ Միացյալ նահանգները ճանաչի Ցեղասպանությունը։ Ճանաչել է։ Բա հետո՞։ Ապրի հայ համայնքը, ապրի Հայ Դատի գրասենյակը, Սերժ Սարգսյանի և Քոչարյանի կառավարությունների հետևողական աշխատանքը։ Բա հետո՞, ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, բացի շնորհակալություն հայտնելուց։ Ամեն ինչ թողնի էլի Սփյուռքի վրա՞։ Արդյո՞ք պետք չէ, որ Ամերիկայի հետ հարաբերությունների նոր նշաձող սահմանվի։ Ընդհակառակը, ամբողջ միջազգային մամուլը ողողված էր լուրերով, որ Բայդենը ցեղասպանությունը ճանաչելու է, սրանք հայտարարեցին, որ Թուրքիայի հետ ուզում են հարաբերություններ ջերմացնել, ազդակ էր Միացյալ նահանգներին, թե մի խանգարեք, թողեք Թուրքիայի հետ գործեր ունենք։ Հիմա ճանաչել է, պետք է կարողանալ դա օգտագործել։
Մենք պետք է հասկանանք՝ ինչ հնարավորուևթյուն է տալիս Ցեղասպանության ճանաչումը և ինչ պետքէ անել։ Միացյալ Նահանգների շահերը, Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը համընկան Հայ դատի գրասենյակների աշխատանքին ու եղավ այս ճանաչումը։ Բայց եթե Հայաստանը չկարողնա խաղի այնպիսի կանոններ որդեգրել, որ սա տեղափոխի ռեալ իրավական դաշտ, չի բացառվում, որ ԱՄՆ ճանաչումը նաև բացասական ազդեցություն ունենա։ Ի վերջո, մենք տեսնում ենք տարածաշրջանում ռուս-թուրքական զարգացումները։ Բայց պարզ է, որ այսքանը չի հասկանում այս իշխանությունը ու այդ չհասկանալու արդյունք են հայտարարությունները, թե՝ Միացյալ Նահանգները ճանաչեց Ցեղասպանությունը՝ հավանություն տալով Նիկոլի կառավարությանը կամ ասենք՝ նիկոլամետ մի ուժ էլ հայտարարում է ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա արեցինք, ԱՄՆ-ն ճանաչեց Ցեղասպանությունը։
Էս ա մակարդակը։ Արդյո՞ք ռիսկերը գնահատող կառավարությունը այս խառը շրջանում կքննարկեր խորհրդարանում ոչ մի բանով աչքի չընկնող, օրենսդրական աշխատանքից զրո, դիվանագիտությունից զրո, անգլերենի դասատու Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան ուղարկելու հարցը։ Նա դիվանագիտությունից, վերլուծական մտքից, միջազգային հարաբերություններից այնքան հեռու է, որ պատերազմից ուղիղ երկու օր առաջ ասում էր, թե Թուրքիան այս պատերազմում չի աջակցի Ադրբեջանին, ու այդ ամենը այն դեպքում երբ հրապարակային կար այդ աջակցությունը։ Հիմա դիվանագիտական հոտառություն չունեցող այս անձը պետք է Հայաստանի ու այդ գերտերության միջև կապեր ամրապնդի՞։
Հայկական դիվանագիտության ձախողման փայլուն օրինակ է գերիների հարցը։ Կարո՞ղ եք ասել, թե մեր խորհրդարանական դիվանագիտությունը ինչ է արել գերիների վերադարձի հարցով։ Անցել է 6 ամիս։ Ես նկատի չունեմ էն պրոտոկոլային բաները, որ հանդիպում են այսինչ դեսպանին ու զրուցում գերիների հարցով։ Լուրջ քայլ արե՞լ է։ Այս հարցը սկզբից էր սխալ եկել։ Ադրբեջանը ասում է՝ ես հրադադար եմ կնքել նոյեմբերի 9-ին, դրանից հետո ի՞նչ գործ ունի զինված մարդը իմ տարածքում։ Այդպես էլ մենք չենք ստացել հարցի պատասխանը, թե ինչու փաստաթղթի ստորագրման ժամանակ, դրանից անմիջապես հետո չի քննարկվել հենց այդ մարդկանց՝ մեր հայրենակիցների, մեր երկրի համար զենք վերցրածների հարցը։ Ադրբեջանը մեր գերիներին միջազգային հարթակներում ներկայացնում է որպես ահաբեկիչ, ու սրանց ոչինչ չանելու պատճառով դա ընկալվում է այդպես։ Կրկնում եմ, որովհետև արդեն երեք տարի սրանք են վարում մեր երկրում դիվանագիտությունը։
Մեր իշխանությունը այնքան թույլ գտնվեց, որ Ադրբեջանը այսօր գերիներով հպարտանում է, շահարկում է ու դրա համար իրեն ոչինչ չի լինում, հլա մի բան էլ դրա դիմաց ինչ-որ բաներ է ուզում։ Նիկոլն ասում է, թե գերիների հարցը դառնում է միջազգային օրակարգի հարց։ Լու՞րջ, էդ նստած սպասում եք, թե մի եվրոպական չինովնիկ ինչ կասի՞, բա դուք ո՞ւմ եք պետք։ Այսինքն, դուք մի կողմ քաշվեք, թող տարբեր երկրներ ու կառույցներ զբաղվեն նրանցով, դատապարտեն և այլն։ Նիկոլը վաղուց է ձեռքերը լվացել, նա իր մոտ հանդիպման գնացողներին ուղղում էր դեպի Ռուսաստան, թե՝ գերիների պատասխանատուն ռուսներն են։ Հասկանո՞ւմ եք, սա զրո դիվանագիտության մասին է այս ամենը։
Նիկոլն ասում է՝ գերիների հարցում պետք է լիենք համբերատար։ Մամուլին հարցազրույց է տալիս գերությունից ազատվածը ու սարսափելի բան է պատմում՝ ինչպես են տանջել իրենց Բաքվի բանտում, ասում է՝ ադրբեջանցի զինվորները ձեռքերը մտցնում էին ստամոքսիս վերքի մեջ, կծու պղպեղ փչում աչքերիս։ Ու Նիկոլն ասում է՝ պետք է համբերատար լինենք։ Ինձ հետաքրքիր է՝ եթե գերի ընկած լիներ Նիկոլի զավակը, որին տարհանելու համար մեծ ռեսուրսներ են ներդրվել, ի դեպ, եթե գերի ընկած լիներ, Փաշինյանը այդ կապիտուլյացիոն փաստաթղթին ի՞նչ տրամաբանությամբ կմոտենար, նա չէ՞ր ներառի բոլոր գերիների հարցը դրա մեջ, նա կասե՞ր պետք է համբերատար լինենք գերիների հարցում։
Սա անպատասխանատու ու ձախողակ իշխանության պահվածք է, դու ոչինչ չանես, խաբելով, ֆռացնելով օր մեռցնես ու սպասես, թե երբ են ուրշները գերիներին բերում, որ դու փիարվես։ Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ասում է, որ ինֆորմացիա կա հստակ, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Մարդիկ աշխատում են, չարչարվում են, իսկ պետությունը չկա։ Սրանք չկարողացան օգտագործել գերիների հարցը, ինչպես որ պատերազմի ժամանակ չկարողացան օգտագործել Թուրքերի կողմից ահաբեկիչների ներգրավելու հարցը։ Չկարողացան այս հարցը քննարկումից բերել միջազգային հանրության կտրուկ գործողությունների դաշտ։ Չկարողացան օգտագործել պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի օգտագործման հարցը։ Մեր դիվանագիտությունը շատ թույլ աշխատեց, սխալ աշխատեց, ավելի ճիշտ՝ չաշխատեց։
Մենք ուղիղ 44 օր չիմացանք, թե մեր պատգամավորները որտեղ են և ինչ են անում։ ԱԺ նախագահը, հասկացանք, Ստեփանակերտի բունկերում էր, բա մյուսնե՞րը։ Կամ պատերազմից հետո՞ ինչ արեցին։ Հիմա ինչո՞վ են զբաղված։ ԱՄՆ-ն մտադիր է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Մեր դիվանագիտությունը անելու բան չունի՞։ Տեղեկություն կա, որ Ադրբեջանը ուզում է մտնել ԵԱՏՄ, մեր կառավարությունն ու դիվանագիտությունը անելու բան չունի՞։ Հայաստանի կառավարությունը կույրի դիվանագիտություն է վարում ու շարժվում է պետությունը վնասելու սկզբունքով։ Ու գիտե՞ք ինչու, որովհետև նորմալ խնդիր չի դրվել, պետական ապարատ չի աշխատել, միմիայն մի հոգնած ու նեղված մեկը իր կոմպլեքսներն էր ցուցադրում հանրությանը, մեր էրեխեքի կյանքերի գնով։
Ու սրանք դարձյալ իշխանության գալու հայտ են ներկայացնում, որ նույն անհասկանալի ծագմամբ, անընդունելի տրամաբանությամբ տարրերին տանեն պատգամավոր, նախարար, դեսպան։ Ես զարմանում եմ սրանց վրա, որ դեռ խոսում են, թե լինելու են իշխանություն։ Դուք ի՜նչ է, այս ժողովրդին լրի՞վ ոչխարի տեղ եք դրել, ձեզ թվում է՝ այսքանից հետո ձեզ իշխանություն տվող է լինելո՞ւ։
Կարճ ասած՝ արտաքին քաղաքականության, դիվանագիտության մեջ այս իշխանությանը հետաքրքրում էր միայն այնքանը, որքանը պետք էր փիարի համար։ Դրա համար էլ, օրինակ, հիշում եք, հեղափոխությունից հետո առաջին մի քանի ամիսներին այցերը կատարվում էր հեղափոխության արդյունք ներկայացնելու համար, ՄԱԿ-ի ամբիոնից միչև Շառլ Ազնավուրի հուղարկավորություն, Նիկոլը խոսում էր հեղափոխության մասին։ Սրանց միայն քարոզչությունն էր պետք, անգրագետ քարոզչությունը։ Հիմա մենք բախվել ենք խնդիրների ու երևաց այդ քարոզչության սնանկ լինելը։ Նիկոլի արտաքին քաղաքականությունը ոչ միայն առանց դուխի էր, այլև առանց խելքի։ Ու հիմա վայելում ենք պտուղները։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը