23 04 2021

«Կարճ ասած»․ Փնթին աղքատ էր ձևանում, դավաճանը՝ փրկիչ․ ամոթի երեք տարին



 

Երեք տարի առաջ այս օրը Հայաստանում շատ-շատերը, տասնյակ հազարները տոնախմբության էին մասնակցում։ Ոգևորություն էր։ Գլուխ էին գովում, թե հեղափոխություն ենք արել, Սերժ Սարգսյանին ենք հանել։ Այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ու մարդիկ սկսեցին ոգևորվել՝ Հայաստանն այլևս դառնալու է աշխարհի ամենաերջանիկ երկիրը, ամենաապահով երկիրը, մենք ազատվեցինք ստրկությունից և այլն։ Այդպիսի քարոզ կար՝ հենց Հայաստանում Սերժի իշխանությունը գնա, կգան ներդրումներ, երկիրը կծաղկի, արդարություն կլինի, բյուջեն կլցվի և այլն։ Մարդիկ էլ հավատացել էին, որ ամեն ինչ ահավոր է և ամեն ինչ լավ է լինելու, միակ պատճառը Սերժն է։

Հանուն ճշմարտության, ասենք, որ մարդիկ դուրս էին եկել իշխանությունը փոխելու, բայց ոչ՝ Նիկոլին բերելու իշխանության․ հիպնոսացման այդ ալիքի տակ, լավ կազմակերպված այս ներկայացման մեջ հնչեց իր անունը․ լավ էր խոսում, մարդկանց սրտից էր խոսում, աղքատ էր ձևանում, փնթի էր, իբր նա բոլորի նման է, ավելին՝ բոլորից անգամ վատն է։

Ես չեմ ուզում հիմա վերհիշել, թե ինչեր անցան մեր գլխով երեք տարում, որովհետև դուք բոլորդ էլ լավ եք հիշում, գոնե վերջին երկուսուկես տարում ամեն օր էլ բազմաթիվ մարդիկ անդրադառնում են մեր այս վիճակին։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ, թե աստիճանաբար ինչ Հայաստան մենք ստացանք․ մեզ բաժանեցին երկու Հայաստանի՝ հին ու նոր, հինը սևն էր, իբր վատը, անբարոյականը, թալանվածը, նորը բարոյականն էր, ժողովրդավարականը, ազնիվը՝ հարուստ դառնալու ու կառուցելու հույսով։ Ցավոք, երկիրը թուրքին տալուց արդեն հին ու նոր չարեցին, պետությունը քանդելուց հին ու նոր չարեցին, այլ դա արեցին ամբողջությամբ։

3 տարում մենք մեր ձեռքով, նախանձով ու ատելությամբ քանդեցինք պետական կառավարման համակարգը․ մենք ունեցանք մեկ հոգի, որը բոլոր ոլորտների ղեկավարն էր, բայց ոչինչ չէր հասկանում և ոչ մի ոլորտից։ 3 տարվա ընթացքում մեր երկրում սարքվեց ֆեյքապետություն, ամեն բան կեղծ էր, սուտ։ Երեք տարվա ընթացքում ինչքա՜ն ինստիտուտներ ոտնատակ տվինք, փչացրինք, հեղինակազրկեցինք, մեկ հոգու խաթեր, իսկ իրականում՝ իր ասածով։ Օրինակ՝ պետության ղեկավարի ինստիտուտը․ մեզ սովորեցրին կորցնել հարգանքը վարչապետի ինստիտուտի նկատմամբ․ ու դա սովորեցրեց վարչապետն ինքը․ մենք արդեն մտածում ենք, որ պետք է վարչապետը լինի խոզ քերթող, փնթի, սուտ խոսացող, խմող, անմակարդակ, փողոցայինի մակարդակի։ Դուք տեսե՞լ եք Հայաստանի որևէ ղեկավարի ասեն խեղճ․ երբևէ լսե՞լ եք մեկը ասեր՝ խեղճ Սերժը ինչ անի, խեղճ Լևոնը ինչ անի, առավել ևս՝ խեղճ Քոչարյանը ինչ անի։ Քոչարյան ու խեղճ բառերը անհամատեղելի են, նա ուժի մարմնացում է։ Նիկոլին չսիրողներն ասում են՝ Նիկոլը խեղճ ա, մեղք ա, բան չի կարողանում անել, Նիկոլին սիրողներն ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, թիմը վատն ա, երկիրն էլ թալանած։ Բա երկրի ղեկավարը իր գլխավոր բնութագիրը կդարձնի իր խեղճությո՞ւնը։ Այո, մենք սկսեցինք նրան խղճալ․ Մենք Նիկոլին առել ենք մեր պաշտպանության տակ՝ որպես որբի, ոչ թե մենք ենք իր պաշտպանության և երաշխիքի տակ որպես իր ղեկավարած պետության քաղաքացի։ Որովհետև երեխային էլ է հասկանալի, որ Նիկոլը որևէ մեկի պաշտպանել չի կարող։

Հետո մենք սկսեցինք խնդալ, ամեն հիմարության վրա, կարծես նժարին երկիրը չէր, մեր ապագան չէր, անգամ նրա որ մեր ղեկավարը խնդիր ունի նաև խելքի, ուղեղի հետ կապված․ շրջապատված է իրենից ավելի փոքր ուղեղով մարդկանցով․ դա մեզ խնդալու էր, ոչ թե անհանգստացնող, որոշներին սկսեց ձեռք տալ, որովհետև կարող էին իրեն թելադրել, իրեն սովորեցնել ու պետք եղած ժամանակ հայհոյել անխնա։ Քֆուրի տեսակ կա, որ հենց տալիս ես, հասկանալի է, թե ում նկատի ունենք։ Ավելի ցածր հնարավո՞ր էր իջեցնել վարչապետի ինստիտուտը։ Առաջ վարչապետին տեսնելիս ոտքի էին կանգնում․ տարրական հարգանք։ Հիմա ասում է բարև ձեզ, ասում են բարև էսինչի տղա ու ժպտում է։

Երեք տարում արժեզրկվեց նաև Ազգային ժողովը, մենք տեսանք, որ մանկապարտեզից մարդիկ անցում կատարեցին ԱԺ նախագահ-փոխնախագահ-պատգամավորի աթոռներին։ Նրանց վստահեցինք միջազգային կապերի հաստատումը, սրանք էլ անմիջապես սխալ հանեցին նախկինը, թե ամեն ինչ զրո էր, նրանք վատ էին անում ու սկսեցին իրենց իմացած ճշտով շարժվել․ էն առաջին դասարանցիների պես, որ դպրոցում 1+3 են սովորում, հետո գալիս են տուն ու ասում՝ հայրիկ դու ոչինչ չես հասկանում։ Մեր աչքին սովորական դարձավ, որ պետք է խորհրդարանում իրար մայր հայհոյեն, ծեծեն, որովհետև դեռ կայանալու, ինքնահաստատվելու խնդիր ունեն։

Մեր աչքի առաջ ուսադիրները էժանացան, որովհետև մի հատ չուժոյ մեկը մեկ օրում դարձավ գնդապետ, մեկ օր անց՝ ԱԱԾ տնօրեն։ Արժեզրկվեց պետության բարձր դատական ատյանը, դատարաններն ընդհանրապես։ Մեր աչքի առաջ քանդվեց մեր բանակը, հաղթողից դարձավ պարտված ու քայքայված։

Լրագրող վարչապետը դարձավ լրատվամիջոցների թիվ 1 թշնամին, ճնշեց, խուզարկեց, կալանքներ տվեց, ԱԱԾ տարավ։ Փաշինյանի օրոք ոստիկանությունը դարձավ հանդուգն, բիրտ, ծեծող։ Ոստիկանության բաժանմունքից մարդուն անմիջապես տանում են հիվանդանոց։ Նիկոլ Փաշինյանը, որը ցույցերով է դարձել վարչապետ, ոստիկանության հիմնական անելիքը դարձրել է ցույց ցրելը։ Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող ցրեր ցույցերը, Նիկոլին էլ Վովա Գասպարյանի ոստիկանությունը շան սատակ աներ։ Կարող էր, բայց չարեցին, իսկ Նիկոլը ինչը իր նկատմամբ չեն արել, ինքն անում է։ Ու չասեք, թե էն ժամանակ ժողովուրդը ոտի էր կանգնել, ժողովուրդը ոտքի կանգնեցվեց Նիկոլի միտինգները սկսելուց մի ամիս անց, երբ նա անարգել ջարդեց ռադիոտունը, ու մարդիկ տեսան, որ ամեն ինչ կարելի է անել։ Կրկնում եմ՝ եթե ցույցերը ցրվեին, այսօր չէինք խոսի հեղափոխության ու էս կորուստների մասին։ Բայց Նիկոլը ցրում է անգամ երեխաների հավաքը, բռի ուժ կիրառելով բերման ենթարկում կանանց անգամ ապրիլի 7-ին։

Հեղափոխության երեք տարվա արդյունքում մենք ցավալի լիքը արձանագրումներ ունենք, բայց ամենակարևորն այն է, որ մենք մնացել ենք միայնակ։ Մենք ո՛չ բարեկամ պետություններ ունենք, ո՛չ դաշնակից, ո՛չ գործընկեր, ո՛չ մեզ պաշտպանող բանակ։ Չնայած չէ, մի բան ունենք, դա դեռ վարչապետի աթոռին նստածն է։

Չանդրադառնամ ոլորտ առ ոլորտ, թե որ ինստիտուտը ինչու ու ինչպես փչացավ, հեղինակազրկվեց ու քայքայվեց։ Այո, ժողովուրդ, ինչքա՜ն արժեքավոր բաներ, մարդիկ մեր աչքին հեղինակազրկվեցին ու փոշիացան։

Փոշիացան նաև անձնական հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները, բարեկամականը, բաժանվեցինք ու մասնատվեցինք որքան հնարավոր է։ Մենք մեր ընկերների ցանկից՝ թե օնլայն, թե իրական կյանքում, ջնջել ենք բազմաթիվ զոմբիների, նրանց մեջ կան թե՛ բարեկամներ, թե շատ մոտ ազգականներ, թե՛ մանկության ընկերներ։ Այո, Նիկոլը հասավ նաև մեր բարեկամական հարաբերություններին, ոչ միայն պետությունների միջև բարեկամական հարաբերությունները քանդեց, այլև ընտանիքների․ մենք քչերի հետ ենք շփվում, մի մասի հետ թշնամացել ենք, մի մասի հետ պարզապես տարաձայնություններ ունենք, մի մասի հետ էլ չենք շփվում, որ չվիճենք, մինչև վերադառնան մարդկային վիճակի, ու այդ ամենը միմիայն մեկ մարդու երեսից։ Եթե դուք նայեք իմքայլականների ցանկը, կտեսնեք, նաև իրենց մեջ շատ են մարդիկ, որոնք նույն ընտանեկան խնդիրներն ունեն, բայց հրապարակային, տղան իմքայլական է, հայրը հայհոյում է իմքայլականներին և այլն, չմանրանամ։

Մենք իշխանության բերեցինք մի խմբի, մեր սերնդակիցների որոնք, մեզ հետ կողք-կողքի ապրում էին, բայց կարծես չէինք տեսել, չէինք չճանաչում, չգիտեինք, որ էդպիսի մարդ ընդհանրապես լինում է․ դուք պատկերացնո՞ւմ էիք, որ կարող է պատգամավոր լինել մարդ, որը կհայտարարի, որ Քելբաջարը երբեք մերը չի եղել, որ հեղափոխությունը արցախյան պատերազմից կարևոր է, որ պետության երկրորդ դեմքը կլինի մարդ, որը կասի՝ հեղափոխության օրը ավելի կարևոր է, քան սահմանադրության օրը, Շուշին ազատագրելու օրը․ կպատկերացնեիք՞ որ երկրի ղեկավար կունենանք, որ կասի՝ Շուշին մերը չի եղել, կպատկերացնեի՞ք, որ կունենանք պատգամավոր, որը միտինգ կանի Արցախի դեսպանատան դիմաց, կամ պատգամավոր, որը թուրքի հետ բարեկամություն կանի, նախարար, որը կգովազդի սեռափոխությունը։ Մենք սա տեսանք ու սկսեցինք չտեսնելու տալ։

Ամենակարևորը մեր կորուստներից ու ցավալին, մեր հայրեիքի մի մեծ հատվածի կորուստն էր ու մեր 5 հազար ժողովրդի։ Վստահ եմ՝ դուք ինքներդ ինձանից լավ կարող եք վերլուծել, թե այս հեղափոխություն անվանումով հեղաշրջումը ինչ տվեց մեզ, շատերդ եք դարձել քաղաքագետ, վերլուծաբան, տնտեսագետ, վարչապետ, բայց իրականում՝ ոչինչ։

Բայց այս հեղափոխության բերած կորուստներից մեկը ժողովրդի կամքի կորուստն էր ու ժողովրդի իրավունքի մահը։ Մեզ ասում էին, որ ժողովուրդը հենց պահանջի, իշխանությունը կհեռանա, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հիմա ժողովուրդը պահանջում է, որ իշխանությունը գնա, Նիկոլն ասում է՝ դա իմ ժողովուրդը չէ։ Իսկ ինքն արդեն ժողովուրդ չունի, նրանից հեռացել են համարյա բոլորը, մնացել է մի 5-ից 15 տոկոսանոց զանգված։

Նիկոլ Փաշինյանը, որպես հեղափոխության ծառա, ասում էր՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Նա դարձավ վարչապետ, բայց այսօր Հայաստանի պետականության լինելչլինելու հարցն է արդեն։ Եթե նա մնա, մե՛նք արդեն չենք լինի։

Կարճ ասած՝ ամենացավալի բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քերել-ջնջելով մեր անցյալը՝ մեր ներկան էլ խորտակեց արյան մեջ ու մեզ զրկում է ապագայից։ Մեզ զրկում է Նիկոլը վաղվա օրից, ժողովուրդ։ Նիկոլի ու նրան բերողների ծրագիրը փայլուն աշխատել է մինչև այս պահը՝ ձեր օգնությամբ, ձեր ծափերի ներքո։ Գոնե հաջորդ ու վերջին փուլը կանխելու համար պետք է ոտքի ելնել, ու արված սխալը ուղղել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ