12 04 2021

«Կարճ ասած»․ Իշխանությունն արդեն տապալում է նաև կորոնավիրուսի պատվաստումները



 

Հայաստանում մոլեգնում է կորոնավիրուսի արդեն չգիտեմ թե որերորդ ալիքը՝ երրորդ, չորրորդ։ Այս անգամ ավելի հուժկու է, անգամ մինչև 40 մահ ենք ունեցել մեկ օրում, հիվանդանոցներում հերթեր են։ Այժմ, արդեն, պատվաստանյութը հայտնաբերված է, և բոլոր երկրները խնդիր են դրել համաճարակային իրավիճակը մեղմել կամ վերցանել պատվաստումներ անելով։ Երկրի տնտեսական բեռը թեթևացնելու, բնակչության կյանքի անվտանգության բարձրացման կարևոր պայման է, թե որքան շատ է կարողանում պետությունը պատվաստում իրականացնել։ Եվ, ի միջի այլոց, կարևորը հենց որակյալ պատվաստանյութից օգտվելն է, որը քաղաքացու առողջականին վնաս չի հասցնի կամ կհասցնի հնարավորինս քիչ։ Հայաստանը չնայած կորոնավիրուսի տարածվածությամբ ու մահերով բավականին բարձր ցուցանիշ ունի, նաև պատվաստումների մասով է հետ գտնվում։

7 ամիս առաջ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ մարտ ամսին կունենանք շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող 300 հազար անձի համար։ Դա սեպտեմբեր ամիսն էր ու այդ ժամանակ ընկերությունը, որից ցանկանում էինք ձեռք բերել, դեռ ո՛չ լիցենզիա ուներ, ո՛չ թույլտվություն։ Բայց այդ ժամանակ, արդեն, գրանցվել էր ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը, ու հարց էր առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը ձեռք բերում պատվաստանյութ, որը դեռ անգամ լիցենզիա չունի, այն պարագայում, երբ Ռուսական պատվաստանյութն այդ ժամանակ, արդեն, լիքը պատվերներ ուներ։

Հայաստանը խոստացած ամսվա վերջին ձեռք բերեց «Աստրա Զենեկա» պատվաստանյութի ընդամենը 24 հազար դեղաչափ։ Խոստացել էր 300 հազար հոգու համար բերել, բերել է ընդամենը 12 հազար հոգու համար՝ խոստացածի 5 տոկոսն էլ չի անում։ Ադրբեջանը արդեն պատվաստել է իր բնակչության ավելի քան 10 տոկոսին՝ հունվար ամսից ի վեր, Վրաստանը պատվաստում է, Գեմանիան պատվաստել է 15 տոկոսին, Մեծ Բրիտանիան ահռելի քանակով պատվաստում է, մեզ մոտ դեռ չեն սկսել։

Ընդ որում, հետաքրքիր է, թե ինչու է բերել մի պատվաստանյութ, որը համաշխարհային դժգոհություն է շարժել և լուրջ քննադատվում է։ Բազմաթիվ երկրներ արգելել են «Աստրա զենեկայի» օգտագործումը կամ թույլատրում են տարբեր տարիքայինների համար՝ Իռլանդիա, Դանիա, Նիդերլանդներ, Իսլանդիա, Նորվեգիա, Ավստրիա, Գերմանիա, Կանադա և այլն։ Ու սա եղավ այն բանից հետո, երբ բավականին թվով մարդիկ մահացան թրոմբներից։ Հակագովազդն ու քննդատությունը այնքան մեծ է, որ անգամ անունը փոխեց այս ընկերությունը իր պատվաստանյութի։

Հիմա Հայաստանը բերել է այդ պատվաստանյութից։ 12 հազար հոգու համար։ Վատ է, լավ է՝ բերել է։ Ամեն օր կորոնավիրուսը ահռելի քանակով տարածվում է, ու մարդիկ են մահանում։ Հիմա երկու շաբաթ շարունակ մաքսազերծման աշխատանքներ էին կատարում այդ պատվաստանյութի՝ փոխանակ օր առաջ հասցնեին քաղաքացիներին։ Խոստանում էին ապրիլի 5-ից պատվաստել, այսօր ամսի 12-ն է ու դեռևս չեն պատվաստել։

Ամեն ինչից երևում է, որ էս մարդիկ պարզապես անտարբեր են քաղաքացիների ճակատագրով։ Հայաստանն ասաց, որ առաջին հերթին պետք է պատվաստեն ռիսկային խմբում գտնվողներին․ նրանց թիվը 600 հազար է․ բայց այժմ մենք ունենք 12 հազար հոգու համար բրիտանա-շվեդական ընկերության արտադրած կասկածելի Աստրազենեկա և 7500 հոգու համար ռուսական Սպուտնիկ V։ Հիմա էսքան քիչ պատվաստանյութ բերելով ուր ենք հասնելու։ Ամբողջ աշխարհը ընդունում է ռուսական պատվաստանյութը, անգամ եվրոպական երկրները հայտարարել են, որ իրենց համար ոչ թե կարևոր է, թե որ երկիրն է արտադրել, այլ՝ անվտանգ պատվաստանյութը և Ռուսաստանի հետ բանակցություններ են սկսել վարել։ Հայաստանը, չգիտես ինչու, Ռուսաստանի հետ չհամագործակցեց։ Միայն օրերս Ռուսաստան այցելած Նիկոլ Փաշինյանը Պուտինից մեկ մլն չափաբաժին խնդրեց, ընդ որում՝ խաբելով, թե պատվաստանյութը գրանցված է Հայաստանում։ Եթե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկեր է, ինչպես եղավ, որ 50 երկրում լայնորեն տարածվող այս վակցինան մեզ մոտ անգամ գրանցում չունի։

Տպավորություն է, թե Սպուտնիկ V-ն բերելու հարցում վախենում ենք, չենք ուզում նեղացնել, օրինակ՝ ամերիկացիներին։ Անգամ բնակչության առողջության համար այս ամենաթանկ ու կարևոր հարցերում սրանք շարժվում են ռուսներին սիրում ենք, չենք սիրումի տրամաբանությամբ։ Այն դեպքում, երբ հայտնի չէ, որ որևէ կողմնակի էֆեկտ ունենա Սպուտնիկը, նրա արդյունավետությունը համարվում է 90 տոկոս, «Աստրա զենեկայինը» գնահատվել է 76։

Ի դեպ, խիստ անընդունելի է նաև տարբերակումը․ կառավարությունը որոշել է, որ կողմնակի էֆեկտների վտանգ ունեցող «Աստրա զենեկա» պատվաստանյութով պետք է պատվաստեն 55-ից բարձր տարիքում գտնվողներին։ Ի՞նչ է սա նշանակում, որ Փաշինյանի կառավարության համար կարևոր են մինչև 55 տարեկանները, մնացածը՝ ջհանդամ, թող նաև թրոմբ ստանան։ Այլապես ինչո՞ւ է դրվել նման տարբերակում․ կամ պատվաստում ես, կամ արգելում ես, որովհետև վտանգը հավասարաչափ վտանգ է բոլորի համար, ինչպե՞ս ես որոշել ում փրկել, ում տանես մահվան։

Մեր իշխանության ուշքումիտքը պետք է լիներ քաղաքացիներին պատվաստելը․ Հայաստանում անարդյունավետ կառավարումը հենց այսպիսի դեպքերում է երևում։ Այս տեմպերով անհասկանալի է, թե մինչև երբ նա կկարողանա ռիսկի խմբում գտնվողներին պատվաստել վերջացնել։ Խոսում են հնարավորինս շատ թվով քաղաքացիների պատվաստելու մասին, բայց բերել են ընդամենը 20 հազարից էլ քիչ ու մնացածը, ասում են, տարվա ընթացքում։ Ինձ շատ է հետաքրքրում, 3 մլնից որ ընդամենը 20 հազար հոգու ես կարողանում պատվաստել՝ համարյա կես տոկոսին, առողջապահության նախարարդ ի՞նչ երեսով է ասուլիս տալիս, ասում՝ խնդիր ենք դնում հնարավորինս շատ պատվաստել և այլն։

Այս պարագայում, մենք չունենք նաև վստահություն, որ պատվաստվելու են թիրախային խմբում գտնվողները՝ բուժաշխատողներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և այլն: Կարող են կասկածներ լինել, որ ռուսական որակյալ պատվաստանյութով պատվաստվելու են առաջին հերթին իշխանության անդամներն ու նրանց ընտանիքի անդամները։

Մի քանի պատճառ կարող է լինել այս ուշացումների․ պատճառներից մեկը գումարի բացակայությունն է․ Հայաստանը փող չունի, որ պատվաստանյութ գնի․ Հայաստան են եկել հարյուր միլիոնավոր դոլարներ՝ կորոնավիրուսի հաղթահարման անվան տակ ու շարունակում են գալ՝ որպես ֆինանսական օգնություն՝ եվրամիություն, ԱՄՆ, Յունիսեֆ և այլն․ մենք մինչև հիմա չենք ստացել կոպեկ-կոպեկ հաշվետվություն, թե էդ գումարներն ինչ են արվել։ Այնպես որ, Կորոնավիրուսի դեմ պայքարը թվում է՝ շահավետ է։ Պատճառներից մյուսը կարող են լինել ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն այցելում է մարզեր, ունենում հանդիպումներ, ռեյտինգ է ճշտում ու այդ հանդիպումներում վստահաբար, մարդիկ են վարակվում կորոնավիրուսով։ Ու այն պահին, երբ Փաշինյանը որոշի, որ ռեյտինգ չունի, կարող է վկա բերել կորոնավիրուսի թվերի աճը ու դադարեցնել արտահերտ ընտրությունների շրջանը։ Իսկ քաղաքացիների կյանքն այս իշխանության համար արժեք չունի բացարձակապես։ Պատերազմում 5 հազարից ավելի զոհ տվածը կարող է հանգիստ ևս էդքան էլ զոհ տալ կորոնավիրուսից։ Մի քանի հազար մարդ էս կողմ, էն կողմ, սրանց համար նշանակություն չունի։

Բանն այն է, որ կորոնավիրուսային շրջանում իրավիճակը չվերահսկելու, վատ կառավարելու պատճառով պետք է մեր երկրում լինեին պատասխանատվության կանչելու դեպքեր։ Բայց ոչ, հաղթական կեցվածք է ձախողումների ու մահերի ֆոնին։ Աշխարհում եղան մի շարք հրաժարականներ կորոնավիրուսի հետ կապված ձախողումների ֆոնին։ Պերուում հրաժարական տվեց Ներքին գործերի նախարարը, Իսրայելում, Հորդանանում ու Բրազիլիայում՝ առողջապահության նախարարը, Մոլդովայի գլխավոր համաճարակաբանը, ճապոնիայի գլխավոր դատախազը։ Նրանք հրաժարական տվեցին պայքարը տապալելու, մի սխալ խոսքի, սխալ գործելու համար։ Մեզ մոտ առողջապահության նախարարն ասաց դա ստից վիրուս ա, վարչապետն ասաց՝ գրիպ ա, էլի, ինչ կա դրա մեջ, բայց հրաժարական տվեց գենշտաբի պետը՝ տղային հարսանիքն անելու համար։ Մեզ մոտ համավարակը տապալեցին, ասացին կներեք ու շարունակեցին նույն կերպ։

Կարճ ասած՝ Կորոնավիրուսի բոլոր փուլերում մեր իշխանությունը ձախողել է, սրանք նորմալ չեն հսկել հակահամաճարակային իրավիճակը, թողել են, որ անխնա տարածվի ու մահանան մարդիկ։ Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասնում է պատերազմում մահերի թվին ու դա կարողանում են մարսել։ Մյուս կողմից, եթե կարելի է հայրենիքը ծախել թուրքին ու պատասխանատվություն չկրել, կորոնավիրուսից ինչ-որ մահերի համար ինչի նեղվե՞ն որ։

Նիկոլի իշխանությունը, ժողովուրդ, մահաբեր է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ