Առանց չափազանցության, ամեն օր մի անհարմար ու անտեղի ասած խոսք ենք լսում որևէ պաշտոնյայից, մի զավեշտ, մի հայհոյանք, անմտություն․ այլ կերպ ասած՝ բլթ։ Ու ամեն անգամ ասում ենք՝ լավ, արդյո՞ք մի խելքը գլխին մարդ չկա էս կառավարության մեջ, էս ազգային ժողովում, արդյո՞ք բոլորը Փաշինյան են։ Ես հիմա 10 րոպեի սահմաններում պետք է բացատրեմ էն ողջ ողբերգությունը, որում գտնվում ենք։ Ուզում եմ տեսնեք էն որակը, որն իշխում է մեր երկրում։ Ընդամենը մի քանի օրինակ եմ բերելու Նիկոլի պաշտոնյաների էն հազարավոր բլթոցներից, որ դուք տեսնեք, թե ինչի մեջ ենք մենք իրականում։
Երկիրը արտաքին պարտք է վերցնում կոնկրետ խնդիր լուծելու համար, երկաժամկետ կտրվածքով էֆեկտ ստանալու համար։ Վերցրած փողը փող է բերում, տնտեսությունն է զարգացնում, ինչը նաև երաշխիք է տալիս, որ փողը հետ ես տալու։ Այսինքն, վերցրածդ փողի արդյունավետությունը երևում է նրանով, թե ինչ հավելյալ արժեք է ստեղծել այն։ Հիմա Հայաստանն արտաքին պարտք է վերցնում, որ թոշակ տա։ Այսինքն՝ էդ փողը փող չի բերում, արժեք չի ստեղծում, ընդամենը պահպանման համար է, այս դեպքում՝ թոշակառուների. ստացվում է՝ եվրոբոնդեր է թողարկում, որ թոշակ տա։ Պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը հեղափոխությունից առաջ բավականին գրագետ տնտեսական վերլուծություններ էր անում «168 ժամ» թերթում, հիմա ասում է՝ բա որ պարտք չվերցնենք, բա ո՞նց թոշակը տանք։ Ու էս մարդիկ մեզ ասում են, թե տնտեսություը վերականգնվում է։ Էս մակարդակն է մեր երկրում՝ պարտք անենք, թոշակ տանք, փող չունես, հարևանից վերցրու տրամաբանությամբ։ Եթե լուծումն էսքան պարզ է՝ փող է պետք պարտք արա, էլ վարչապետն ի՞նչ եմ անում, հանգուցյալ տատս էլ լավ վարչապետ կաշխատեր։
2021 թվականի փետրվարին տնտեսական ակտիվությունը 5,5 տոկոս անկում ունի։ Էկոնոմիկայի նախարար Քերոբյան Վահանն ասում է՝ պատճառն այն է, որ փետրվարը 28 օր է, ոչ թե 29, առավել ևս՝ 31։ Ու էս նույն նախարարն ասում է, որ չնայած ձմեռը պրծել է, գարնան կեսն ենք հասել, անկում ունենք, բայց երկնիշ աճ կունենանք՝ սպասեք։ Մենք ասում ենք՝ չենք հավատում, առավել ևս, երբ էդ աճ խոստացողը մի մարդ է, որն իրեն վստահված բիզնեսը սննկացրել է։ Բայց հավատում ենք, թե չէ, այդ ապաշնորհը մեր նախարարն է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է, առևտուրը նվազել է, արտահանում, ներմուծում, ամբողջը նվազել են, նա երկնիշ աճ է խոստանում։ Բա բլթոց չէ՞։
Զբոսաշրջությունը մինուս է հիմա, բայց մարդը 319 տոկոս աճ է խոստանում ու գիտե՞ք ինչու, որովհետև Երևանում իրանցիների է տեսել։ Մի պատգամավոր ուսապարկ Գևորգ Պապոյան կա, նա էլ ասում է՝ եթե բուհերի շենքերը վաճառենք, սարքենք հյուրանոց, զբոսաշրջիկներին թիվը կավելանա։ Այսինքն, մեր երկրում զբոսաշրջությունը մինուս է որովհետև համալսարաններում զբոսաշրջիկներ չե՞ն գիշերում, այլ ուսանողներ են կրթվում։ Մեր հյուրանոցների 90 տոկոսն էս պահին դաստարկ է, ի միջի այլոց։
Թեման փոխեմ․ Նիկոլ Փաշինյանի սադրած ու պարտության տարած պատերազմի արդյունքում կորցրինք Արցախը, տվեցինք աննախադեպ զոհեր։ Մի քանի իմքայլականներ դուրս եկան սրանց խմբակցությունից։ ԱԺ փոխխոսնակի աշխատավարձ ստացող Ալեն Սիմոնյանը հպարտութայմբ հայտարարում է՝ «Ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով կարողացանք դուրս գալ այս վիճակից: Ես վստահ եմ, որ որևէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել»: Որ մենք հինգ հազարից ավելի զոհված էրեխեք ունենք, 10-15 հազար վիրավոր ու այլևս հաշմանդամ 18-20 տարեկան հասակում, Արցախ ենք կորցրել, Սյունիք ենք կորցնում, դա հեչ է, Ալեն Սիմոնյանի համար, կարևորը՝ այդ ամենից հետո իրենց անիծված խմբակցությունը մնաց։ Էն շուռնուխցիները, որ 13 կով կորցրեցին օրերս, հաստատ ավելի թեթև կտանեին, եթե կովերի փոխարեն թուրքերը տարած լինեին «Իմ քայլը» խմբակցությանը՝ առանց բացառության։ Չէ բայց դուք տեսնո՞ւմ եք ցինիզմը, ոչինչ որ դուք տուն եք կորցրել, հող եք կորցրել, ծնող ու եղբայր եք կորցրել, կարևորը՝ «Իմ քայլը» կա, ու ընդամենը 4 հոգու է կորցրել։ Լավ, չեմ շարունակում, մանավանդ որ հայհոյանքը եթերում արգելված է։
Հայը, թուրքը, վրացին ու ադրբեջանցին հանդիպում են ու դա դառնում է ոչ թե անեկդոտ, այլ ողբերգություն․ ինչո՞ւ, որովհետև հայը լինում է իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը։ Տեսակոնֆերանսի ժամանակ սա լրիվ հակապետական ելույթ է ունենում՝ սկսած ռուս խաղաղապահներից մինչև հայտարարությունը, թե՝ «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում է պատկանում հողը»։ Նույն պատգամավորը նաև այլանդակ թեզ է առաջ բերում ու որոշ իմքայլականներ կրկնում են, թե 30 տարի բանակ չենք ունեցել։ Ու անհասկանալի է դառնում, թե այդ դեպքում, ինչպես եղավ, որ 30 տարի հաղթել ենք, իսկ հիմա, որ ունեցել ենք բանակ, պարտվել։ Ասեմ Անուշին, որովհետև միշտ երկրի գլխին լուրջ մարդ է եղել, իմացել է ինչը անի ինչը՝ ոչ․ ոչ թե ձերի պես անպատասխանատու, թուրքի տակ կզող կուսակցապետի։
Շարունակեմ բանակի թեմայով բլթոցները ներկայացնելը։ Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրն անցնում է Ադրբեջանին նվիրած տարածքով․ դրա 4 կիլոմետրն էնքան վտանգավոր է, որ ԱԱԾ-ն զգուշացնում է, թե հանկարծ չկանգնեք, արագ կքշեք, որ գերի չընկնեք ու թեժ գծի հեռախոսահամար է տալիս, թե գերի ընկնելու դեպքում զանգեք։ Եթե ձեր մեքենայի անվադողը պայթի ու կանգնեք էդ ճանապարհին, գերի եք ընկնելու։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ասում է՝ ո՞վ ա ասել՝ վտանգավոր ա, ես ամեն օր էդ ճանապարհով գնում եմ, գալիս, ինչն ա վտանգավոր։ Քանի որ մարզպետը, ի ուրախություն իրեն, գերի չի ընկել, ուրեմն անվտանգ է։ Անգամ դժվարանում եմ ասեմ այս դրվագում ո՞ր մեկինն էր բլթոց, իմ կարծիքով երկուսն էլ, բլթոց էր, անլուրջ ու ոչ կոմպետենտ։
Սյունիքի Դավիթ Բեկ, Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ և այլ գյուղերի բնակիչները ստիպված անասուններին մորթում են կամ վաճառում, որովհետև արոտավայրերը Նիկոլը նվիրել է իր սիրելի բարեկամ Ալիևին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին հարց են տալիս՝ էդ կովերին ոնց պահեն, եթե արոտավայրերն էլ մերը չեն, ասում է՝ «21-րդ դարի անասնագոմ կարող են կառուցել, որոնք այդքան էլ արոտավայր չեն պահանջում»: Պատգամավոր Ղահրամանյանը սնունդի ընտրության բազմազան հնարավորություն ունի, այն էլ հիմա, բայց արի ու տես, որ գյուղացիները իրենց կովերին խոտից բացի բան չեն կարող տալ, իսկ խոտը այլևս աճում է իրենց կողմից նշանակված վարչապետի թեթև ձեռքով ադրբեջանին անցած տարածքներում։
Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը իր հարազատ մարզ գնալու համար գործուղման գումար էր պահանջում, ասում է՝ մեր բանակը կարող է լինել նաև առանց գեներալների։ Սա ասում է մարդ, որն ունի փոխգնդապետի աստիճան։ Սա ասում է էն դեպքում, երբ տեսանք՝ գեներալների դեմ գործ հարուցեցին, պատերազմը վարեցին Աննան, Նիկոլն ու Արայիկը ու հողերը տվեցինք։ Որակյալ գեներալներն էլ պահանջեցին հրաժարական։ Հիմա մարդն ասում է, որ էդ գեներալները չլինեն, ուրիշ գեներալներ կլինեն։ Օրինակ՝ կլինի Արտակ Դավթյանը․ մարդը էն գեներալն է, որին նշանակեցին գենշտաբի պետ ու բոլորը ասացին, որ եկել է քանդելու բանակը։ Ու խնդրեմ՝ բանակից մնացել է Բ տառը։
Էնպես է ստացվել, որ Արմեն Խաչատրյանը ամենաշատը բլթ արած պատգամավորներից է, բայց ժամանակ խնայեմ։
Գամ մեկ այլ պատգամավորի՝ Վաղարշակ Հակոբյանին․ սա էլ ասում է, թե ընդդիմադիրներն անհաջող կերպով փորձում են արժեզրկել՝ մեր հավատը առ ժողովրդավարական, ինքնիշխան Հայրենիք։ Նիկոլ Փաշինյանը մետր առ մետր հանձնել է մեր երկրի ինքիշխանությունը՝ ռուսներին, ադրբեջանցիներին, տակն էլ ինչ մնացել է՝ թուրքերին է առաջարկում, ու սա դեռ խոսում է ինքնիշխանության մասին։ Իմ կարծիքով, էդ Վաղարշակին որ հարցնենք, թե ինքնիշխանությունը ինչ է, դժվար էլ կարողանա բացատրել։ Ժողովրդավարության մասին ասածներին էլ չեմ անդրադառնում, չնայած ժամերով ասելու բան կա էդտեղ։
Մի ուրիշ բլթոցի հեղինակ էլ անվտանգության խորհրդի քարտուղարն է․ մարդն ասում է պետք է վերանայենք մեր մոտեցումը, թե թուրքը մեզ թշնամի են։ Թուրքերը մեզ կոտորել են, ընդամենը մի քանի ամիս առաջ բայրաքթարերով վառել են մեր տղերքին, մինչ հիմա հոխորտում են, որ վերացնելու են մեզ, սրանք, քնեցին-վերկացան, մոռացան զոհված Աբգարին, Մենուային, Արամին, Սամվելին ու էլի տենց 18-20 տարեկան տղա էրեխեքին, ու մեզ ասում են, որ եկեք մոտեցում փոխենք, որ այլևս թշնամի չեն։ Հաջորդ օրը դա աջակցություն է ստանում Նիկոլ Փաշինյանի, սորոսական ուսապարկերի ու այլ նման էլեմենտների կողմից։ Հիշեցնեմ, սորոսականներն են, որ տարիներ ի վեր թրքասեր են եղել, ու մեզ քարոզել, թե թուրքը էլ էն թուրքը չէ։ Ու բերեցին հասցրեցին մեզ էս օրին, որ այդ նույն իրենց սիրած ժամանակակից թուրքն էլ մեր էրեխեքի գլուխ կերավ, հազարներով։ Տարբերությունը միայն նրանում էր, որ ժամանակին դա անում էր յաթաղանով, կես տարի առաջ արեց բայրաքթարներով։
Ավելին ասեմ, տեղի է ունենում ՀՀ անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակիցներից առնվազն երկուսը թրքասեր են, մեկն էլ ասում են՝ ուղղակի թուրքի ագենտ ա։
Մի քիչ ավելի թեթև օրինակ բերեմ․ Հայկ Մարությանը խոստանում էր աշխարհի ամենասիրուն, որակով, լավ վերելակները տեղադրել Երևանում։ Քաղաքապետության 2,5 տարին լրանում է, մարդը խոստացածի կեսի կեսի կեսի կեսն էլ չի արել, իսկ տեղադրած նոր վերելակներն էլ վատ են աշխատում։ Ի՞նչ է պատասխանում Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանրության դժգոհություններին․ վերելակները լավն են, բայց խափանվում են, որովհետև բնակիչները թռչկոտում են դրանց մեջ։ Այսինքն, մենք բողոքում էինք վերելակներից, որ հին են, մաշված են, Ստալինի ժամանակներում են դրվել, բայց որևէ անգամ Տարոն Մարգարյանը մեզ չէր ասում՝ վերելակները չեն աշխատում, որովհետև, ասենք, Արփի Դավոյանն ու Հովիկ Աղազարյանը դրա մեջ թռվռում են։ Բայց սրանց փոխածը աշխատում է մեկ-երկու օր, ու մեղավորը էլի դառնում է քաղաքացին։
Էստեղ դադար տամ․ չենք մոռացել, իհարկե, կոկորդիլոսաբույծին, ԱԳ նախարարին, որ ասում էր՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, Նիկոլի քավորի դեպուտատ եղբորը, որ ասում էր՝ մենք չենք պարտվել, բանակն է պարտվել, Լենա Նազարյանին, որ ասում էր՝ ժողովուրդը մեզ հետ է կապում ՀՀ-ում որոշ գործընթացների շարունակակությունը, Հովիկ Աղազարյանի հայտարարությունը, թե Քարվաճառը մերը չի եղել։ Ու չենք մոռանում բլթերի կնքահորը՝ Նիկոլին։
Սրանք բոլորը իրենց ելույթներում գցել են մեր պետության հեղինակությունը, մեր ազգի հեղինակությունը, բայց շարունակում են։
Կարճ ասած՝ էս թիմը իշխում է մեզ՝ էս որակով։ Ու էս թիմը էսպես գնում է ընտրությունների։ Ոչ թե նոր թիմ են բերելու, լուսնից իջեցնելու, նորմալ մարդ, այլ այ էս մարդիկ ուզում են վերարտադրվել, էս մարդիկ բեմ են բարձրանում ու դեռ խոսում են։ Գնում-հասնում են ինչ-որ ընտրած գյուղ, ալկաշ-բան հավաքում, մեջքից նկարում, ու մեզ դեռ համոզում են, որ իրենք աջակցություն ունեն։ Ի՞նչ ասեմ, էդ կրկեսին էլ, ականատես կլինենք, ու հուսով եմ՝ կփակենք էս խայտառակության էջը մեր պատմության մեջ։ Բայց մի պայմանով՝ սա պետք է միշտ հիշել, որ փողոցից ամեն ոչնչության չեն բերում, և մեր ու մեր էրեխեքի ապագան չեն վստահում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը