24 03 2021

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ ենք հայհոյում բոլորս



 

Մենք երեք տարիների ընթացքում ականատես ենք նրա, որ մեր աչքի առաջ քանդվում են մեր պետական ինստիտուտները։ 25 տարի դետալ առ դետալ կառուցված ինստիտուտները դարձան գրպայանին կառույցներ կամ փլուզվեցին։ Քանդվեցին նախարարություններ, կառույցներ կային, որ մաշվեցին բարոյապես․ սահմանախախտ բռնող ԱԱԾ-ն հիմա բոնբոներկայի կաշառք է բացահայտում, իսկ սահմանները մնացել են անտեր։ Կրկնում եմ՝ էս կառույցները քանդվեցին մեր աչքի առաջ։ Էդ քանդողները չեն էլ պատկերացնում, թե դրանք ինչ դժվարությամբ էին կառուցել, իրենք էն ժամանակ կառուցումն էին քննադատում։

Էս ֆոնին ինձ համար հասկանալի է մյուս ծանր իրողությունը, որին պետք է անդրադառնամ։ Մեր հանրության մեջ տեղի է ունեցել գաղափարների, հայացքների, բառապաշարի փոփոխություն։ Դա, բնականաբար, ունի պատճառներ․ ընդ որում, հանրության մի մասի բառապաշարը փոխվում է էն պատճառով, որ հանրության մյուս մասը պետության նկատմամբ դարձել է անտարբեր, թքած ունի, որ վարի են տվել։ Կրկնում եմ՝ երեք տարի շարունակ բազմաթիվ քայլեր են եղել, որոնցից յուրաքանչյուրը փոխել է մարդկանց։

Ընդ որում, բառապաշար են կոշտացրել ու հայհոյանքով են արդեն գրում-խոսում էնպիսի մարդիկ, որոնցից ամենաքի՛չը դա կսպասեինք։ Ուղղակի բազմաթիվ օրինակներից մեկը բերեմ՝ Ռուբեն Մելիքյանը․ մարդը իրավապաշտպան է, Արցախի մարդու իրավուքնների պաշտպանն է եղել, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր․ երբ նրա բառապաշարը խիստ կոպիտ դարձավ, ավելին՝ իշխանության նկատմամբ անհանդուրժող, առաջին բանը, որ մտքովդ անցնում է՝ էս ինչ աստիճանի են հասցրել, որ անգամ մարդու իրավունքների պաշտպանն է հայհոյում։ Դուք կտեսնեք արվեստի, քաղաքական և հասարակական գործիչների, իրավաբանների, բժիշկների, բավականին ճանաչված ու հարգված մարդկանց, որոնք ուղղակի քֆուրով են սկսել գրել, խոսել։

Կրկնում եմ, դա եղել է քայլ առ քայլ, իշխանության գործողությունից գործողություն․ դա եղել է դատարանները շրջափակելու ֆոնին, դա եղել է ասֆալտին փռելու հայտարարության ֆոնին, ֆեյք գործարաններ բացելու ֆոնին, սահմանադրության խախտումներով 6 անգամ կարանտին մտցնելու ֆոնին, հողերը թուրքին տալու ու քաղաքացուն վրեժի հրավիրելու պատճառով։ Բավականին հայտնի գործիչներ բառիս բուն իմաստով սեռական հայհոյանքներ գրեցին էն ժամանակ, երբ Նիկոլը բունկերից մտավ եթեր ու քաղաքացիական պատերազմի կոչ արեց։ Բա ի՞նչ անեին, մտածում ենք բոլորս։

Ու էսպես փոխվել է ողջ ժողովրդի բառապաշարը, տվել ու անցել է էքսցենտրիկ վարչապետի բառապաշարից։ Նիկոլը յուրաքանչյուրին խոստում է տվել անհատապես ու հիմա, երբ որևէ խոստում չի կատարել, հողերն էլ հանձնել է, զոհվածների ընտանիքներ է այցելում, բա ձեր կարծիքով նրան ո՞նց են դիմելու, պարոն վարչապետ-ո՞վ, թե՝ հողատու, դավաճան, ստախոս տերմիններով։

Մարդը ջղային զանգել-ասում է, որ գնում է ազգանունը փոխի, չի ուզում որ հա՛մ իր ազգանունը յան-ով վերջանա հա՛մ Նիկոլի․ փորձում եմ հանգստացնել, ասել, որ Նիկոլը էսօր կա, վաղը կլինի մեկուսացման մեջ, գուցե՝ սպիտակ խալաթը հագին, խալաթի թևերն էլ կապած մեջքին։ Համոզում եմ, անջատում է հեռախոսը, հետո նայեմ ֆեյսբուքյան էջին 7 հարկանի քֆուր է գրել։ Առաջ փորձագետը վերլուծում էր իրավիճակ, ու հեռուստադիտողը իր համար օգտակար բան էր քաղում դրանից, հիմա խոսում է ու միտքն ավարտում է՝ «թող սատկի Նիկոլը» նախադասությամբ։

Ես դեռևս էն կարծիքին եմ, որ թատրոններ այցելում են ոչ միայն ուղղակի մշակութասերները, այլև բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ։ Դիտում ենք ներկայացում, վերջում բոլորը ոտքի են կանգնում ու գոռում Նիկոլ դավաճան, դա ի՞նչ է նշանակում։ Միայն իմ շրջապատից երեկ 32-րդ մարդը իր ֆեյսբուքյան էջում խնդրեց իր ընկեր նիկոլականներին իրեն ջնջել ընկերների ցանկից։ Արվեստի մարդիկ են ու միայն տարածում են իրենց էջերում երաժշտական հոլովակներ, համերգներ ու մեկ էլ՝ խնդրեմ։

Կրկնում եմ՝ ես հասկանում եմ իրենց, ինձ նույնպես դժվար է զսպելը այս ամենը, ես նույնպես չեմ դիմանում։

Բերեմ երեկվա ու էսօրվա մեկական օրինակ․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը տեղադրում է ֆեյսբուքյան էջում Ուկրաինայում արված փնթի փողոցի ֆոտո ու դա ներկայացնում է որպես Բաղրամյան պողոտան՝ ընդդիմության հեռանալուց հետո։ Հայհոյանքների տարափ․ հիմա էս սուտը բացահայտվելուց հետո մարդիկ սկսելու են էլ ավելի ատել, չէ՞, իշխանությանը ու նրա կադրերին։ Ընդամենը մի քանի օր առաջ նախարար Հակոբ Արշակյան իրեն բռնցքամարտիկի տեղ էր դրել ու ուժերը փորձում էր լրագրողի վրա։ Նա ոչ միայն պատիժ չկրեց, այլ էսօր իրենց ԱԺ փոխխոսնակը հայտարարում է, թե «ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում կամ բռնություն է գործադրում»: Հիմա քեզ որքա՞ն պետք է զսպես, որ չհայհոյես։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին օրերս մի հետաքրքիր ձևակերպում արեց․ ասաց՝ «Մենք տեսանք, երբ մի հոգեպես անառողջ մարդ գալիս է պաշտոնի և խնդիրներ է ստեղծում իր երկրի և աշխարհի համար»։ Սա ասում էր ԱՄՆ նախագահի մասին, բայց երբ խորանում ես, կարծես Հայաստանի մասին լինի։ Այո, Նիկոլը ազդել է բոլորի հոգեկանի վրա։ Սա ոչ միայն բառապաշարի փոփոխություն է, այլև հոգեբանության փոփոխություն է։ Ահա թե ստերը, կեղծիքը, թուլամորթությունը, դիլետանտիզմը ուր են հասցրել երկիրն ու ժողովրդին։

Կարճ ասած՝ Այն, ինչ կատարվեց Հայաստանում, եթե կատարվեր մի Ճ կլասի երկրում, հիմա վաղուց իշխանությունը կլիներ աղբարկղում՝ թե՛ պատմության, թե՛ քաղաքական, թե՛ փողոցի։ Բայց մենք, որ հպարտանում ենք մեր պատմությամբ, երկարակեցությամբ, մշակույթով, թեթև տարանք։ Արդյունքում արդարացված է բառապաշարի այս կոշտացումը, բայց այն վտանգավոր գործընթացների ընդամենը մեկնարկն է։ Բազմահազար մարդիկ պահանջում են Նիկոլի հրաժարականը։ Երբ մարդու արդարացի բողոքը տեղ չի հասնում, նա արդեն դադարում է խնդրանքով դիմել, խնդրանքը փոխվում է պահանջի, հետո պարտադրանքի, հետո վերջնագրի ու հետո, արդեն, նա պատրաստ է ամեն ինչի՝ դրան հասնելու համար։

Ի դեպ, էս նյութի մեջ էլ մի 10 տեղ կար, որ արժեր քրֆել։ Նույն մարդուն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ