18 03 2021

«Կարճ ասած»․ Արդյո՞ք դուք արժանի էիք, որ մարդիկ մեռնեին, բայց դուք մնայիք, որ էդպես ձեր լեզվին տայիք



 

Եթե Երևան եք մտնում Արմավիրի կողմից, ձեր աչքի առաջ կփռվի ողջ ողբերգական պատկերը․ Եռաբլուրն է, բավականին մեծ տարածք, ու ամբողջ ճանապարհին ավելի շատ հեռվից երևում է հայկական դրոշի կարմիրը, որը կա մեր բոլոր զոհերի հողաթմբերին․ կարմիր ծաղիկներ ու դրոշ։ Էդ տղերքը կարո՞ղ էին չզոհվել։ Կարող էին։ Պատերազմ կարող էր չլինել, եթե ունենայինք խելքը գլխին ղեկավար․ պատերազմը կարող էր կանգ առնել երրորդ օրից սկսած, եթե ունենայինք նորմալ ղեկավար։ Բայց նա գնաց ամենավատ սցենարով, հողերը տալու բեմականացմամբ։

Լավ Նիկոլ, հողերը տալիս էիր, էդպես էիր ուզում, որովհետև քո պատճառներն ունեիր․ գուցե տակը փող կար, գուցե փող չկար, բայց քո համոզումն էր, որ պետք է տաս, որ լավ ապրես։ Բայց ինչպե՞ս որոշեցիր, որ պետք է դա տաս ավելի քան 5 հազար կյանքի գնով։ Լավ, ասենք թե դա էլ էիր որոշել՝ մի 5 հազար մեր կողմից, մի էդքան էլ Ադրբեջանի կողմից, ի վերջո, երկուսդ էլ՝ դու էլ, Ալիևն էլ առևտրական եք․ բայց ինչպե՞ս որոշեցիր, թե կոնկրետ ո՛ր մեկին զոհել կամ որին՝ փրկել։

Մամուլը գրեց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդոյի որդուն պատերազմի թեժ տեղերից տարհանել են։ Տարհանումն էլ կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը։ Մյուս որդու մասին չեմ խոսում, որը կասկածելի պայմաններում ազատվել է զինվորական ծառայությունից։ Քոչարյան Անդոնին հարց են տալիս, հունից դուրս է գալիս, գժի պահվածք ցուցաբերում։ Ինչո՞ւ։ Հիմա ինչպե՞ս Նիկոլը որոշեց, որ պետք է էս մարդու տղուն տարհանի, բայց նրանից լավ լիքը տղերք վարի գնան։

Պատերազմի օրերին մենք տեսանք Նիկոլի որդուն բունկերում, հեռախոսի մեջ խորացած, ԱԺ նախագահի կողքին և մոր կողքին։ Նախկին ու ներկա մի շարք իմքայլականներ էլ գովազդ էին անում, թե ինչպես ռումբը տրաքեց, գեներալները խուճապահար փախուստի դիմեցին, բայց Աշոտ Փաշինյանը թնդանոթը գրկել էր ու բոլորին խնդրում էր վերադառնալ։ Հետո լուրեր են ի հայտ գալիս, որ Աշոտ Փաշինյանին էլ են փրկելու օպերացիա կազմակերպել՝ ու էլի զոհերի հաշվին։ Արդյունքում էդ տղեն վերադարձավ պատերազմից, փառք Աստծո, առանց կորստի, միայն հոր պատճառած մի քանի հոգեբանական քերծվածքով։ Հիմա այդ տարհանված տղան հարցազրույց է տալիս ու խոսում է պատերազմի դժվարություններից, մեղադրում պատերազմից փախչողներին։ Այո, թիկնապահներով բանակ գնացած էդ տղեն, որին հերը ամիսը երկու անգամ վերտալյոտով տեսակցության էր գնում, արձակուրդ էր տղուն ձևակերպում երբ ուզում էր ու գնում էին ռեստորանները, նախագահի հետ էին նկարվում։ Ո՞ր մի զինվորն ուներ էդ հնարավորությունը։ Հիմա հարց՝ ինչպե՞ս որոշեցիր մյուսների որդիներին չփրկել, բայց քո որդուն փրկել։

Էդ ֆոնին իմանում ենք, որ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայից 50 օր անց տղերք են զոհվում անտառում, թշնամու դեմ անհավասար կռվում։ Ինչո՞ւ, որովհետև բանակից փախած Նիկոլն ու բանակ չտեսած իր օգնական Նաիրի Սարգսյանը որոշել էին, որ նրանք 50 օր չեն կարող սոված մնացած լինել, ուրեմն մեռած կլինեն: Նրանք են որոշում՝ մեր երկրում ով ողջ մնա, ով մեռնի։ Էդ տղերքը հայտնվել էին թշնամու թիկունքում, բայց նրանց փրկող չեղավ, օպերացիա չեղավ նրանց համար։ Հիմա գոնե ասա՝ էդ 6 հոգու համար ինչո՞ւ մատդ մատիդ չխփեցիր․ պատմության մեջ քանի՞ դեպք գիտեք, որ իր մեկ զինվորին բերելու համար պետությունները երկիրը խառնում են իրար։ Մեզ մոտ օպերացիաներ արեցին Նիկոլի ու Քոչարյան Անդոնի տղերքի համար։ Մյուսներին մեր չէ՞ր բերել։ Կային մարդիկ, որ կամերայի առաջ շորերը ճղում էին, թե՝ մեզ գերի վերցրեք, գերիներին բաց թողեք։ Ի՞նչ եղան դրանք։

Իմքայլական Հովիկ Աղազարյանն ասում է՝ այսօրվա Նիկոլ Փաշինյանն իր մեջ պարունակում է մի քիչ Ալեն Սիմոնյան, մի քիչ Արարատ Միրզոյան, մի քիչ Լենա Նազարյան, մի փոքր Հովիկ Աղազարյան։ Ավելացնեմ՝ Նիկոլը պարունակում է նաև մի քիչ Ալիև, մի քիչ Էրդողան, մի քիչ ավելի շատ էլ Թալեաթ փաշա ու Էնվեր։ Ու ինչո՞ւ է ինձ թվում, որ դրանից կան նաև Նիկոլի աջակիցների մեջ։

Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան օկուպացրած Շուշի իրենց այցից ֆոտո է դնում, դերասանություն անող Հովհաննես Ազոյանը մտնում է ու տակը քոմենթ գրում, թե՝ «Վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին»։ Հաղորդման սկզբում խոսեցի Եռաբլուրի մասին, որը մեր հպարտության, բայց նաև մեր սգի խորհրդանիշն է, որտեղ միշտ կան թարմ ծաղիկներ, որտեղ միշտ կտեսնեք սգացող մայրերի ու պատերազմից անգամ 4 ամիս անց ամեն օր հուղարկավորություններ են լինում։ Նիկոլի այս աջակիցը Ալիևի դեմքին վերջապես խաղաղություն է տեսել 5000-ից ավելի զոհ, վիրավորներ պատճառելուց, գերիներից, անհետ կորածներից, տներն այրող քաղաքացիների էս ամբողջ աղետից հետո։ Սգացող մայրերի աչքերի արցունքն ու մեր բոլորիս աչքերի սուգը չի տեսնում Նիկոլի աջակիցը, շուռնուխցի Անահիտ տատիկի արցունքները չի տեսնում, որը փախել է իր տնից, բայց տեսնում է Ալիևի դեմքից թափող խաղաղությունը։

Տեսել ե՞ք քանի ջահել տղա է Երևանի փողոցներով, մեր ճամփեքով անցնում ձեռնափայտով, առանց ոտքի։ Ու դա նրա համար էր, որ կոլոտ Հովոն Ալիևի դեմքին խաղաղություն տեսնի։ Ու դա Նիկոլի քաղաքականության հետևանքն է։ Ու էսօր նրա թիմակիցները հայտարարում են, թե՝ մենք չենք պարտվել, մենք պետք է առևտուր անենք թուրքերի հետ ու ինչպես բան չի եղել, ապրենք իրար հետ։ Ո՞ւմ հետ, ո՞ւմ անունից ես խոսում, ՄԵՆՔ-ը ո՞վ է։

Արդյո՞ք դուք արժանի էիք, որ մարդիկ մեռնեին, բայց դուք մնայիք, որ էդպես ձեր լեզվին տայիք։ Էս մեկը շնորհակալություն է հայտնում Ալիևին, էն մեկելը հայտարարում է, թե երկիրն այնպիսի վիճակում չէր, որ համայնքապետերը ջոկատ կազմեին ու պայքարեին թշնամու դեմ, էն դեպքում, երբ էդ համայնքապետերի ջոկատներում էլ վիրավոր ու զոհեր են եղել, երբ Նիկոլն էր ասում՝ գնացեք ու զոհվեք հանուն հայրենիքի։ Դա ասում է մարդ, որը իր հայրենի Սյունիք ուզում էր գնալ պետության հաշվին, մարդ, որի գործընկերները պատերազմի օրերին Արցախի բունկերում էին ու դրա դիմաց հա՛մ բարձր աշխատավարձ են ստացել, հա՛մ պարգևավճար։ Բա ինչո՞ւ պետք է էդպես լիներ, որ մյուսները զոհվեին, դուք թաքնվեիք բունկերում՝ բյուջեի հաշվին, ու էսօր էդքան երկարացնեիք լեզուները։

Հիմա իմ մշտական հարցը տամ՝ սրա՞նք են ավելի վատը, թե՞ մենք,որ թողեցինք բունկերից դուրս գան, մի հատ էլ խոսեն ազատորեն ինչից ուզում են, դա դեռ քիչ է՝ իրենք էլ կազմակերպեն ու անցկացնեն ԱԺ ընտրություններ։

Նիկոլը արտահերթ ընտրություն է անում։ Փաշինյանի հայտարարությունը ցույց տվեց, որ ժողովուրդը տեղից շարժեց գործընթացները։ Ժողովրդի մեջ մտնում են բոլորը՝ մեդիաները, որոնք առավոտից երեկո ցույց են տալիս էս բոլոր սրիկայությունները, ընդդիմությունը, որ գիշերում է դրսում, գեներալները, որ մերժեցին Նիկոլի առաջ կզել, դատավորները, էն դատավորները, որոնք չկատարեցին Նիկոլի հրահանգները։ Եթե մինչև վերջ պայքարող տեսակը մնա իր դիրքերում, Նիկոլը ընդամենը ամիսներ անց կլինի մերժված, ձերբակալված իշխանություն և մենք բոլորս կիմանանք թե ինչ դավադրություն էր այս ամենը։ Գոնե կիմանանք։

Կարճ ասած՝ մենք տեսանք Նիկոլի հենարանը որն է։ Սա սրանցով է գնում արտահերթ ընտրությունների, սրա՛նց է բեմ բարձրացնելու։ Դուք Նիկոլի թիմում բեմի վրա պատկերացրեք Թալեաթին, Էրդողանին, Ալիևին, Նիկոլին, Ազոյան Հովիկին, Սիմոնյան Ալենին, Քոչարյան Անդոնին․ Էս ա իր թիմը, իր երեսը։ Այնտեղ չկա ուժեղ, շիտակ, իր խոսքին տեր մարդ։  

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ