ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ընդդեմ Արցախի հանձնման բողոքի ակցիաների մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկ ներկայացրեց մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանին։ Բացարկից առաջ հարցրեց՝ «Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ ինչպիսի՞ հարաբերություն ունեք»։ Դատախազը հրաժարվեց պատասխանել։
Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ Արթուր Դանիելյանը հանդիսացել է նաև Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող դատախազը, որը դատական նիստերից մեկի ժամանակ մտերմիկ զրույց էր ունենում Աշոտ Փաշինյանի հետ։ Փաստաբանը հարց ուղղեց․ «Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանը ընտրվեց Լևոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաև Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լևոն Քոչարյան և նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»,- նշեց փաստաբանը։
Այնուհետև Politik.am կայքը ուշագրավ տեղեկություն հրապարակեց դատախազի և Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերմության վերաբերյալ՝ գրելով․ «Մեզ հասած տեղեկութունների համաձայն, մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանը բավականին սերտ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ և հենց այդ պատճառով էլ նրան է «վստահվել» մեղադրանքի պաշտպանությունը։ Դատախազական համակարգի և Նիկոլ Փաշինյանի միջև փոխադարձ անվստահություն կա, ուստի Փաշինյանը որոշել է անձնական կուրացիայի տակ վերցնել գործը»։
Yerevan.Today-ը հիշեցնում է 2023թ․ հունիսի 5-ի դատական նիստից հատված, որտեղ դատախազը և Աշոտ Փաշինյանը փսփսում էին դատական նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2023թ․ մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, փորձել է առևանգել վարչապետի որդուն։ Աշոտ Փաշինյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո Գայանե Հակոբյանը կալանավորվել էր։ Դատական նիստը մեկնարկեց հունիսի 5-ին, օրեր անց ավարտվեց։ Աշոտ Փաշինյանը տուժող կողմ էր, մեղադրանքը ներկայացնում էր դատախազ Արթուր Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել 2023թ․ սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում Լևոն Քոչարյանին։
Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է ներկայացվել, ըստ էության, այն բանի համար, որ նա, Լևոն Քոչարյանին բերման ենթարկելուց առաջ, Լևոն Քոչարյանին թևանցուկ քայլում էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը