Ի՞նչն է ավելի վատ, քան այն, որ մենք կորցրել ենք մեր տղերքին, հողերն ու հայրենիքի կեսը։ Դրանից վատ բան էլ կա ու ցավոք՝ դա հիմա հաջորդել է պատերազմին։ Դա քաոսն է։ Նիկոլ Փաշինյանը երկիրը քաոսի է տանում։ Դա անում է համակարգված, մտածված, ծրագրված։ Դա անում է նախագահի օգնությամբ, Ազգային ժողովում իր ֆրակցիայի օգնությամբ, այսօր, արդեն, գենշտաբի թույլտվությամբ։
Իրավաբանները վկայակոչում են սահմանադրությունն ու ասում, որ պետք է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մնա իր պաշտոնում, Նիկոլն ասում է՝ ես եմ օրենքն ու սահմանադրությունը։ Օնիկ Գասպարյանն էլ ասում է՝ ես ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, նորից եմ ասում, ինձ Նիկոլը հակասահմանադրական ճանապարհով է հանել, ես պահանջում եմ իր հրաժարականը, բայց․․․ Ես էլ եմ հեռանում։
Կարճ եթե ասեմ՝ Օնիկ Գասպարյանը լքեց իր խրամատը։ Հայտարարության մյուս հատվածները լոլո են։ Իրեն աջակցում էին շատ-շատերը, շատերն էլ որպես վերջին հույս էին դիտարկում։ Բայց, նա թողեց իր խրամատը, նահանջեց, չնայած նրա, որ կարող էր, ոչ միայն պահել դիրքը, այլ նաև ազատագրեր տարածքը, սպառնալիքն էլ չեզոքացներ։
Մեր քաղաքական դաշտում էդմոնմարուքյանությունը, պարզվում է, գերիշխող է։ Հիշենք՝ Էդմոն Մարուքյանը գիտեր, որ իր խմբակցության մեկ ձայնից է կախված՝ Նիկոլը ՍԴ հերն անիծո՞ւմ է, թե ոչ, նա ձայնը չտվեց, թողեց քանդեն, հետո նոր ուշացումով դիմեց ՍԴ, ու էլի լոլոներ։ Արմեն Սարգսյանը գիտեր, որ այս հակաօրինական ընթացքը կանգ կառնի, եթե ինքը դիմի ՍԴ։ Նա չդիմեց, սպասեց, մինչև Նիկոլը ԳՇ հերն անիծի, նոր դիմեց։ Օնիկ Գասպարյանը գիտեր, որ իրեն հավատացել ու միացել են 40 գեներալներ, ողջ բանակը․ բայց ինքն էլ այդտեղ իր նահանջն արեց ու ստացվում է՝ քաշեց էդ մարդկանց։ Տպավորություն էր որ Օնիկի հույսը նա էր, թե Արմեն Սարգսյանը կդիմի՞ ՍԴ, թե՞ ոչ։ Հիմա դիմել է վարչական դատարան, որ մի դատավոր, ասենք՝ վնգստացողներից մեկը, որոշի՝ ինքը գենշտաբի պե՞տ է, թե ո՞չ։ Դե եկեք ու էլի խոսեք սպայի պատվից, էլ չգիտեմ՝ օրենքից։
Նիկոլ Փաշինյանը երեք անգամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է փոխել, համակարգը տակնուվրա է արել, երկուսը արտակարգ դրության ժամանակ, մեկը նաև ռազմական դրության ժամանակ։ Այս երկուսը արել է մամուլի հրապարակումների հիման վրա։ Մամուլը գրեց, որ գենշտաբի պետը տղու հարսանիքն է արել կորոնավիրուս կարանտինի ժամանակ, հանեց գործից, մի հատ ոչ հաշվի առավ, ում է հանում, ոչ ծառայողական քննություն արեց, ոչ բացատրություն լսեց, ուղղակի հանեց գցեց դուրս։
Մյուս անգամ մամուլը գրեց, որ գենշտաբի պետի տեղակալը ծիծաղել է Նիկոլի ցնդաբանության վրա ու էլի գործից հանեց՝ առանց ծառայողական քննության, առանց բացատրության։ Գենշտաբի պետ հանելը էս մարդու համար սովորական բան է, հարբելուց հետո օյաղանալու, հետո էլի հարբելու նման մի բան։ Սա խայտառակություն է, անպատասխանատվություն է, ամոթ է։ Սա զինվորականների ամոթն է, ընդդիմության ամոթն է, իշխանության ամոթն է։ Մենք ունենք երկրի ղեկավար, որը գետինը մտնելուն հավասար բան է աշխարհի մասշտաբով։
Արտակ Դավթանին գենշտաբի պետ պետք է նշանակի Արմեն Սարգսյանը․ մարդ, որը չէր ընդունել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշումը ու դիմել է ՍԴ։ Բայց ես վստահ եմ, որ Արմեն Սարգսյանը, ի վերջո, կատարելու է Նիկոլի կամքը։ Չեք հիշի դեպք եռամյա նախագահության ընթացքում, որ Արմեն Սարգսյանը մինչև վերջ մնա գոնե իր ասածին։ Էս մարդը պատասխանատվության նշույլ չունի։ Այսինքն ի՞նչ է ստացվում, դու ինքդ ասում ես, որ վարչապետը պետք է հրաժարական տա, հետո մեկ ուրիշն է ասում, ու երբ այդ ասողին ուզում են հանեն, դու դրա դեմը չես առնում, չնայած որ կարող էիր։
Մեր մեղքն էլ կա, իհարկե․ դատարանների վրա Նիկոլի սելջուկ-թուրքյան արշավանքից հետո իրեն հենց այսպես պահեց․ չմերժեցինք, տեղ թողեցինք, որ հաջորդ որոշմամբ սխալը ուղղի։ Չուղղեց։ ՍԴ նկատմամբ էլ նույնն էր, քննադատեցինք, բայց էլի կիսատ, տեղ թողնելով, որ նահանջի․ էլի չօգտվեց էդ հնարավորությունից։ ԱԺ-ն հազար ու մի հակասահմանադրական օրենքներ ընդունեց, Արմեն Սարգսյանը պեչատեց դրանք, ու էլի մենք պահեցինք իրեն, խղճացինք ու պահեցինք։ Գիտեինք, որ դեմը էլի հարցեր են լինելու, ու հնարավոր է՝ էս մարդը իր պատմական առաքելությունը գոնե մի տեղում ճիշտ կատարի։ Ու հիմա՝ սա։ Էս մարդը 3 տարվա ընթացքում չեղավ մեկ դեպք, ձևի համար, գոնե մեկ դեպք, որ կայացներ պետականամետ որոշում ու մինչև վերջ կանգներ իր դիրքերում, փրկելով ոչ թե իրեն, այլ պետության շահը։
Գամ Արտակ Դավթյանին։ Գեներալ է, որին Նիկոլը խաղացնում է մատերի վրա․ երեք տարվա մեջ չորրորդ անգամ է պաշտոնի նշանակվում-ազատվում։ Նախ նշանակվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետ՝ 2018թ․ մայիսին․ այդ կապակցությամբ մեկ այլ գեներալ Աղաբեկյանը հայտարարեց, որ ամենապատասխանատու պաշտոնին նշանակվել է ամենաանպատրաստ մարդը։ Երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը ազատեց աշխատանքից։ Այնուհետև նշանակվեց ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Կապիտուլյացիայից երկու օր անց ազատվեց պաշտոնից։ Երկու օր առաջ էլ նշանակվեց ինչ-որ անհասկանալի պաշտոնի՝ հատուկ հանձնարարություններով ավագ սպա։ Հիմա էլ գենշտաբի պետ էլի։ Գեներալ Մովսես Հակոբյանն ասում է, որ նրան նշանակում են բանակը քանդելու համար։
Ինքը՝ Արտակ Դավթյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասել էր, որ եթե զինվորականը խոսում է, ուրեմն վիճակն օրհասական է: Եվ ուրեմն, զարմանալի է, որ Արտակ Դավթյանը համաձայնում է Նիկոլ Փաշինյանի նշանակմամբ որևէ պաշտոնի գնալ։ ԳՇ հայտարարությանը Արտակ Դավթյանի արձագանքը նշանակում է, որ նա համաձայն է վարչապետի հրաժարական պահանջելուն, եթե ասում են, ուրեմն իրավիճակը օրհասական է։ Նաև համաձայն չէ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից հանելու որոշման հետ։ Բա էլ ո՞նց է համաձայնում նրա տեղը զբաղեցնել։ Ի՞նչ սպայի պատվից ենք խոսում։
Օնիկ Գասպարյանի փոխարեն ցանկացած մեկին այդ պաշտոնին նշանակելը անիմաստ է։ Բացատրեմ։ Գլխավոր շտաբը գրեթե ամբողջությամբ, բոլոր բանակային կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ՝ հայտնելով իրենց մտահոգությունը, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ որը նշանակում է, որ ամբողջ զինված ուրժերը շատ լուրջ պատճառ ունեն այդպես հանդես գալու։
Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ զինվորականը որն ամբողջ կյանքում հետևում է զինվորական ուստավին, որքան ծանրակշիռ հիմքեր պետք է ունենա, որ այդտեսակ հայտարարությամբ հանդես գա։ Սա հենց այդ, եզակի դեպքերից էր։ Եվ ուրեմն, այս պաշտոնում հիմա ցանկացածած մեկի նշանակում, Օնիկ Գասպարյանի փոխարեն, անիմաստ է։ Այդ հայտարարությունը ստորագրել են ամբողջ Զինված Ուժերը։ Իսկ դրա հակառակը՝ ո՛չ Արտակ Դավթյանը, ո՛չ որևէ մեկը չի կարողանալու ապացուցել և հետ համոզել հրամանատարներին։
Մի հարց էլ կա․ բա այդ ամենը հասկանալով, ինչո՞ւ է այս պաշտոնին գնում Արտակ Դավթյանը։ Ասեմ․ մարդու դեմ 5 վարչական հայց կա։ Նա անցնում է քրեական գործով, ընդ որում՝ այս պահին դեռ վկայի կարգավիճակ ունի, որը ամեն պահի կարող է դառնալ մեղադրյալ։ Նա ըստ ամենի Նիկոլ Փաշինյանի բռի մեջ է, երևի թե ոնց ուզի՝ կֆռացնի։ Դրա համար էլ, նրան է առաջարկել, նա էլ չի կարողացել մերժել՝ կդատեն։
Ամբողջ հարցն այն է, որ չնայած այս ամենին, մեկ է՝ գենշտաբի հայտարարություն կա, որտեղ նշված է՝ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում․․․ Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»: Գլխավոր շտաբի հայտարարությունը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ու այսքանից հետո, միևնույնն է, էդ մարդը դեռ պաշտոնին է, այսինքն՝ այս ռիսկերը, որոնց մասին ահազանգում են զինվորականները, ուժի մեջ են։ Հիմա ուզում եք ասել, որ գլխավոր շտաբը համաձայնում է աշխատել այս մարդու հետ, որին ինքը համարում է սպառնալի՞ք։ Ստիպված գուցե աշխատի, բայց միշտ մտքում լինելու է, որ գործ ունի անհավասարակշիռ կերպարի հետ, և որի հրամանները պարտադիր պետք է լինելու հազար անգամ ծանր ու թեթև անել։ Իսկ այդպես աշխատել չի լինում, եթե դու վստահ չես քո ղեկավարի որոշումների վրա։
Կարճ ասած՝ իրավիճակը պետք է հանգուցալուծում ստանա։ Այլ լուծում, քան Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, գոյություն չունի, այլ լուծումը չի բավարարելու հանրությանը։ Եթե Նիկոլը թելադրեց իր օրակարգը ու բանակը ենթարկեցրեց իրեն, հանելու է ժողովրդի վրա։ Ես վայրկան անգամ չեմ կասկածում, որ մեր 5 հազար տղերքին մահվան բերան տանողը կարող է ևս 5 հազարին վարի տալ Երևանի կենտրոնում։
Պետք է ժողովուրդը ճիշտ գնահատի իրավիճակը և այդ հանգուցալուծումը այսօր անի, պետք է թույլ չտալ Նիկոլին իրավիճակը վերցնի իր ձեռքը։ Հիմա իրավիճակի տերը Բաղրամյան փողոցում կանգնածներն են, իսկ Նիկոլը ցանկացած պարագայում քաղաքական ապագա չունի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը