Ես հիմա փորձեմ 10 րոպեում ներկայացնել այն, ինչ կատարվեց մեր երկրում վերջին երկու օրում։ Ասում են` լիաթոք ծիծաղը 10 րոպե երկարացնում է մարդու կյանքը։ Yerevan.Today-ի զանգի արդյունքում գենշտաբի պետի առաջին տեղակալը 10 րոպեով երկարացրեց կյանքը, բայց կորցրեց պաշտոնը։ Դե մարդն ուզում էր հա՛մ աշխատել ԳՇ պետի տեղակալ, հա՛մ ծիծաղեր գերագույն գլխավորի դուրս տված անհեթեթեությունների վրա։ Նիկոլը վայիս եղավ նրա ծիծաղին, բայց վերջնականապես կորցրեց բանակը՝ որպես հենարան։
Գլխավոր շտաբի պետի տեղակալը կարծիք հայտնելու համար աշխատանքից ազատվեց։ Նիկոլը որոշեց հեղինակազրկել մարդու, որին ընդամենը վերջերս էր Ազգային հերոսի ու գեներալ լեյտենանտի կոչումներ տվել։ Չկա օրենք, օրենքը Նիկոլի կամքն է, կապրիզը, իսկ նա կարող է կոչում տալ և վերցնել ոչ միայն ըստ արժանիքի, այլ՝ ըստ տրամադրության․ հիշենք՝ Վանեցյանին տվեց գեներալի կոչում ու հանեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նույն կոչումից տվեց Օսիպյանին ու հանեց ոստիկանապետի պաշտոնից, Քյարամյանին տվեց գնդապետի կոչում ու հանեց, մյուս ոստիկանապետ Արման Սարգսյանին նույնը, Տիրան Խարչատրյանին տվեց Ազգային հերոսի կոչում ու հանեց գործից։ Մարդը բանակի երկրորդ մարդն է, դու ո՞նց կարող ես առանց որևէ իրավական ու օրինական հիմքի էդ մարդուն հանել։
Կրկնեմ, խոսքը չի գնում իր օգնականի, քարտուղարուհու կամ տան սպասավորի մասին, այլ Զինված ուժերի երկրորդ դեմքի։ Հիմա մենք ազգային հերոսներին պարտավոր ենք փառաբանե՞լ, թե՞ եթե մի բան սրտովդ չէ՝ վատաբանել։ Ասեք՝ իմանանք, այդ ամենը ձեր համար էն գլխից արժեք չունեցող բան է՞ր։ Եթե արժեք չունեցող էր, էլ ինչի՞ էիք հերոսի կոչում տալիս, հո էդ զինվորականը չէ՞ր, որ եկել-ձեզ խնդրել էր, դուք տվեցիք։ Դե ցույց տվեք, որ հարգում ու գնահատում եք, թե չէ՝ ու՞մ է պետք ձեր տված կոչումը։
Նիկոլի Հայաստանում պաշտոնյան պետք է սեփական ու տարբերվող կարծիք չունենա, կարծիք ունես՝ ուրեմն գնա Ազատության հրապարակ ու մերժիր Նիկոլին, բայց պաշտոն պիտի չունենաս, այդ պաշտոնները Նիկոլը իր հոր տնից էր բերել, բա չգիտեի՞ք։ Ու առաջին օրից է էդպես։ Հիշենք, թե ինչպես կառավարության առաջին նիստերից մեկում Նիկոլը ստիպեց, որ երկու նախարար, իրենց կամքին հակառակ, կողմ քվեարկի կուտակային կենսաթոշակին, որին Նիկոլը ժամանակին դեմ էր, բայց հիմա պարզվում է, նորմալ է, երևի փոշմանել է։ Սա բարդույթավորված մարդու պահվածք է․ Ինչպե՞ս կարելի է կայքում տեղադրված նյութի վերնագրի համար պաշտոնից ազատել բանակի երկրորդ դեմքին։
Կարծում եմ, որ բարձրաստիճան զինվորականները շատ էլ ճիշտ են արել, որ հայտարարություն են տարածել, բա հո Զինված ուժերը խաղալիք չե՞ն, որ ոնց ուզի՝ ֆռռացնի բանակից խուսափած դեղին մամուլի գրչակը։ Շատ լավ է, որ Գլխավոր շտաբը հասկացավ ու ասում է՝ երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էինք բանակը վարկաբեկելը, բայց բավ է, հերիք է։ Չնայած, էլի, իմ կարծիքով, գլխավոր շտաբն իր քայլը արեց բավականին ուշացումով, հենց վարկաբեկվելուց հետո․ նա հանդուրժեց, որ Նիկոլը տանի ձախողման, նա հանդուրժեց, որ 44 օր ստեն, նա հանդուրժեց նաև, որ Նիկոլը իրենց էր մեղադրում ամեն ինչում, ասում էր հո ես չե՞մ կռվել զենքը ձեռքիս։ Հենց սկզբից Նիկոլին պետք է մերժեին, ներսում, չարեցին դա ու ստացվեց այնպես, որ Նիկոլը համարձակվեց դուրս գալ բունկերից ու աջ ու ձախ մեղադրել, Դավիթ Տոնոյանի գլխին ջարդեց, հետո Արծրունի գլխին ջարդեց, չնայած որ իր ասելով՝ հանձնարարականով էր սուտ խոսում։ Չկա մարդ, որը ծառայություն է մատուցել Նիկոլին ու անպատիժ է մնում։ Մենք ուզում ենք Նիկոլին ազատել, սա բոլորին ազատում է, ու միայն մի պատճառով՝ որ ինքը մնա։
Գենշտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեցին կոնկրետ ու ընդամենը մի քանի մարդիկ․ դրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, հայտնի սորոսականները, Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը, Ադրբեջանի նախագահի խոսնակը։ Պատկերացրեցի՞ք շջանակը։ Նիկոլը, սորոսականները և թուրքերը։ Հայաստանում չի եղել ղեկավար, որին որևէ առիթով աջակցություն հայտնի Թուրքիան։ Երբ քո թշնամին քեզ հայտնում է իր աջակցությունը, ուզում է, որ դու մնաս պաշտոնի, սա արդեն ժողովրդին ազդակ է, որ այս մարդը ինչ է իրենից ներկայացնում։ Էս ո՞ւր ենք հասել, մեր երկրի վարչապետի հրաժարականն են պահանջում բոլորը, իսկ աջակցությունն են հայտնում թշնամի պետությունների ղեկավարները։ Ցնդելու բան է, լուրջ եմ ասում։
Երեկվա երկու հանրահավաքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը էլ աջակից չունի։ Լուրջ, ես մտածում էի որ մի 10-20 տոկոսը դեռ իներցիայով պաշտպանում է, բայց պարզվեց՝ այդ ամենը միայն համացանցում է, իրականում այդպիսիք չկան։ Նա շտապ հրապարակ հրավիրեց իր աջակիցների, բայց 2 ժամ անց ընդամենը մի քանի հոգի ՔՊ գրասենյակից եկան սկսեցին ռուպռներով գոռգոռալ, էլի մարդ չեկավ, ստիպված փոխեց ժամը։ Երևի խնդրել էին ժամանակ տալ ստեղից ընդեղից կազմակերպեն, քշեն-բերեն։ Այդ նույն ընթացքում Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք հրավիրեց, ի պաշտպանություն զինվորականների, բանակի։ Եղել եմ երկու հանրահավաքներում էլ։ Նիկոլի հանրահավաքը ծիծաղելի թիվ էր։ Այդ կազմում աշխատանքի ժամին աշխատավայրը լքած նախարարներ էին, պատգամավորներ, որոնք սկզբից հայտարարելով, հետո, ըստ երևույթին՝ ստիպելով, բերել էին իրենց ենթականերին, բարեկամներին։ Փաշինյանի հանրահավաքին հրապարակ էին բերել մի քանի հազար ոստիկանների, բազմաթիվ ոստիկանների՝ քաղաքացիական հագուստով, ԱԱԾ աշխատողների։ Փաշինյանը, որն իրեն դեռ համարձակվում է հայտարարել «ժողովրդի վարչապետ», այդ մարդկանց հետ շփվում էր ոստիկանական մի քանի շերտ պատով։ Իրենց հիմնարկների աշխատողներին ստիպողաբար բերել էին Նիկոլի թևի տակ աշխատող մի քանի խոշոր գործարարներ ու այդքանով հանդերձ՝ այդ ծիծաղելի պատկերն էր հրապարակում։
Նիկոլը, որ բեմ բարձրացավ ուշացումով, երևի սպասում էր, որ միգուցե ժողովուրդ գա, բարձրացավ շփոթված, անտրամադիր, փորձում էր ուրախ ձևանալ, չէր ստացվում։ Բեմից հայտարարում էր, որ հանրահավաքին մասնակցում են անհետ կորածների ու գերիների հարազատներ, իսկ նրանց հետ միասին նույն տարածքում կանգնած էր Սպայկա ընկերության ղեկավարը, ում սառցարան ֆուռերում մինչև հիմա մեր տղերքի դիակներն են։ Ի դեպ, մինչ Նիկոլը հայտարարում է, որ գերիների, անհետ կորածների ծնողներն իրեն են աջակցում, Ալիևն ասաց, որ ինքը գերիներին տվել-վերջացրել է, մնացածը դիվերսանտ են, որոնց դատելու է։ Բա՜, Նիկո՛լ։
Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ելույթ ունեցան երկու գեներալ գնդապետ, նախկին վարչապետներ, քաղաքական գործիչներ, հայտնի դեմքեր։ Իսկ հօգուտ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ելույթ ունեցավ մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը։ Սա՛ է Նիկոլին աջակցությունը։ Հեշտ է 3 շերտ թիկնապահների արանքից գոռալ, որ դու անվախ ես և սիրում ես, ու որ էլ թավիշ չկա։ Մարդու թե՛ խնդալն էր գալիս, թե՛ խղճալը։
Տեսեք, Հայաստանում արդեն գրեթե չկա քիչ թե շատ իրենից բան ներկայացնող մարդ, որ Նիկոլի հրաժարականը չպահանջի, նաև գործող պաշտոնյաներն են պահանջում, զինվորական գեներալիտետը, բարձրաստիճան ոստիկանները, քաղաքական ազդեցիկ ուժեր, հոգևոր դասը, գործող նախագահը, նախկին բոլոր նախագահները, բոլորը-բոլորը։ Ոստիկաններն էին անձնական զրույցներիս ընթացքում միաբերան ասում, որ համակարգում զզվել են էս ամենից, ուզում են հեռանա, հանդարտվեն։ Նիկոլը երեկ աջակցություն էր մուրում, ու չէր ստանում։ Էն աստիճանի, որ զանգել է Վլադիմիր Պուտինին, հարցրել է՝ ի՞նչ անեմ։ Նա ասել է՝ ինչի՞ ես ինձ հարցնում, գնա քեզ զուսպ պահի, ոնց կաշան եփել ես, էնպես էլ կեր, ու Նիկոլը տեքստ է հորինել-տարածել, թե՝ Պուտինն ինձ աջակցեց։ Իհարկե, Կրեմլը հերքեց, խնդրեց ուշադիր կարդան իրենց տեղադրած հաղորդագրությունը։ Դրա մեջ աջակցության բառ չկար, ոչ մի տեսակի։ Պուտինը կոչ էր արել երկուստեք զսպվածություն ցուցաբերել։ Այսինքն, կոչը վերաբերել էր ոչ միայն ընդիմությանը կամ զինվորականներին, այլ նաև իրեն՝ դեռ վարչապետի պաշտոնը կրողին։ Բա՜, Նիկո՛լ։
Եթե խոսում ես լեգիտիմությունից, պետք է որ հասկանաս՝ իրավիճակը գալիս է ապացուցելու, որ Հայաստանում օրինական իշխանությունը բացակայում է, չկա։ Հայաստանում անիշխանություն է։ Նիկոլ Փաշինյանի քայլերը իշխանությունը հազիվ պահելու, ևս մեկ օր դիմացողի քայլ է։ Սա երկար շարունակվել չի կարող։ Բայց հասկացողներն ասում են, որ պետք է նրանից արագ ազատվել, քանի դեռ ամբողջությամբ չի քանդել։ Նիկոլին մի բարակ թել է կապում էդ աթոռից ու ոնց երևում է, արդեն էդ թելն էլ է կտրվում։
Կարճ ասած՝ երկիրը չի կարող լինել ու մնալ էս անկայուն վիճակում, պետք է Նիկոլ Փաշինյանը օր առաջ գնա կոմպրոմիսի, որը կարող է լինել միայն իր հրաժարականից հետո։ Մեկ է՝ էս վիճակով չի կարող որևէ իշխանություն կառավարել, աշխատող որոշում ընդունել։ Էս վիճակը երկրի համար աղետալի է, շատերը դա չեն հասկանում։
Իսկ ամենավերջում՝ ամենաուշագրավի մասին։ Այս խիստ լարվածությունը ծագեց իսկանդերի մասին Նիկոլի հայտարարությւնից հետո, թե՝ ռուսական Իսկանդերը անորակ է, 80-ականների է, նորմալ չի պայթել։ Զավեշտն այն է, որ այսքանից հետո պարզվեց՝ Հայաստանը Իսկանդեր չի էլ օգտագործել։ Նիկոլը ստում էր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը