22 02 2021

«Կարճ ասած»․ Հայաստանի «ամենահայտնի» ֆեյքը․ Ինչպե՞ս Նիկոլը երկիրը դարձրեց ֆեյքապետություն



 

Ո՞վ է Հայաստանի ամենամեծ, ամենահայտնի և բոլորին խանգարող ֆեյքը։ Գիտեք ում անունն եմ տալու։ Էդ մեկ մարդու ձեռքով ու նրա շնորհիվ էսօր մարդիկ արդեն սուտն ու ճիշտը խառնել են իրար, չգիտեն՝ ինչին հավատալ, ինչին՝ ոչ։ Էդ մարդու անունը Փաշինյան Նիկոլ է։ Բացատրեմ։  

Կարո՞ղ եք ինձ ասել, կա՞ էդպիսի մի ֆեյք, որը տվել է ավելի շատ սուտ ու մանիպուլացված ինֆորմացիա, քան Նիկոլ Փաշինյանը։ Կարո՞ղ եք ինձ ասել՝ կա՞ էդպիսի ֆեյք, որը ավելի շատ վնաս է տվել Հայաստանի քաղաքացուն, քան Նիկոլ Փաշինյանը։ Չեք կարող։ Ես հավաքել եմ 120 էջ խոստումներ, որոնք տվել են Նիկոլ Փաշինյան ու իր թիմ կոչեցյալը ու որոնք չեն արել, արել են հակառակը, խաբել ու քաշել են ձեզ։ 120 էջ՝ սուտ խոստումներ։ Էս մարդը ֆեյքնյուզը գործի դրեց սրա-նրա ունեցվածքի, բիզնեսների, Հայաստանի վիճակի մասին, տվեց ձեզ բազմաթիվ խոստումներ, հասավ նրան, որ դուք ատեք բոլորին, բացի իրենից ու իր անկապ թիմից ու եկավ իշխանության։

Շատերիս ի սկզբանե պարզ էր, որ չէր կարող հաջողել, քանի որ խոստումները գլխից դուրս մեծ էին, ինքն էլ, թիմն էլ՝ անկարող։ Զուգահեռ շատացան հեղափոխությունից դեռ առաջ ստեղծված ֆեյքերը։ Դրանք այն ֆեյքերն էին, որոնք անխնա հայհոյում էին ընդդիմադիրներին, նախկին իշխանությանը, լրատվամիջոցներին ու բոլոր նրանց, ովքեր թթու խոսք էին ասում Նիկոլի հասցեին։ Ու այդպես է մինչ հիմա։ Նիկոլ Փաշինյանը ֆեյքերը հասցրեց պետական հիմնարկի կարգավիճակի։ Նիկոլի օրոք ֆեյք դարձան նախարարությունները, Ազգային ժողովի պատգամավորները։ Ի՞չ եք կարծխում, քանի՞ պատգամավոր կա, որ գիշեր-ցերեկ անձամբ ու ֆեյքերով նստած է եղել ընդդիմախոսների ելույթների, հարցազրույցների, ֆեյսբուքի տակ։ Հայաստանը այսօր ձախողված պետություն է, որովհետև բոլոր նախարարություններն աշխատելու փոխարեն ֆեյք ցուցանիշներ ու թվեր են ցույց տվել, թե՝ տեսեք, ամեն ինչ լավ է։

Նիկոլ Փաշինյանը հենց եկավ իշխանության, սկսեց քրեական գործեր սարքել նրանց գլխին, ովքեր Արցախյան պատերազմ էին հաղթել, ու իր հակապետական քայլերն անում էր ֆեյքերի հայհոյանքներին զուգահեռ։ Այսօր էլ գործեր է հարուցում նրանց վրա, ովքեր Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմ են մղել։ Դե հիմա ինձ ասեք, որ այս ամենը դիտմամբ չի արվում։

Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան ահռելի անելիքները մի կողմ դրած, որոշել է պայքար մղել ֆեյքերի դեմ․ ողջ պետական ապարատով ինչ-որ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի դեմ են պայքարում, որը իշխանության դեմ ատելություն է տարածում ու՝ ամենավերջին հայհոյանքներով։ Ու գիտե՞ք հարցը որն է․ ֆեյքերի դեմ էս պայքարն էլ քաղաքական բնույթ է կրում, ձերբակալում են քաղաքական ու հասարակական գործիչների։ Ձերբակալում են մարդկանց՝ իբր Գագիկ Սողոմոնյան ֆեյքը լինելու համար, առգրավում են նրանց ողջ տեխնիկան, բայց Գագիկ Սողոմոնյանը շարունակում է գրառումներ անել, իսկ մարդիկ կան, որ կալանքի տակ են։ Ու հարցը այն է, որ ֆեյքերի դեմ էս պայքարին միացել են նաև ֆեյքերը․ մտեք էդ ձերբակալումների մասին ինֆորմացիաների տակ տեսեք Նիկոլի դեմքով, «հաղթելու ենք» կարգախոսներով ֆեյքերի քանակը։ Էս երկու օրերին ԱԱԾ-ն ամեն ինչ արեց, որ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի ռեյտինգը աճի․ թե նրան ճանաչում էին մի քանի հարյուր մարդ, հիմա ճանաչում է ամբողջ հանրապետությունը, հետևորդների թիվն էլ հաստատ կաճի։

Ֆեյքերից պետք է հրաժարվել, բայց հրաժարվել ազնվաբար։ Չեք տեսնի, որ ընկած լինեն որևէ նիկոլական ֆեյքի հետևից․ դրանք շարունակում են աղբ ու ատելություն լցնել սոցցանցեր։ Արդեն երկու տարուց ավելի է, որ ամեն օր առնվազն 30 ֆեյք ենք բլոկ անում մեր ֆեյսբուքյան էջի տակից, արդեն 10 հազարի չափ ջնջել ենք, բայց դրանք վերջ չունեն ու բոլորը, կրկնում, եմ, բոլորը իշխանական տրամաբանության մեջ գործող ֆեյքեր են։ ԱԱԾ-ն պայքար տարե՞լ է դրանց դեմ։ Անձամբ դիմել եմ ԱԱԾ-ին, երբ մեր կայքի նյութերից մեկի հերոսի հետևից ֆեյք էր ընկել ու էդ կինը զանգել ասում էր այլ ելք չունի, ինքնասպանություն է գործելու։ ԱԱԾ-ն չարեց ոչինչ, բոլոր ֆոտոներն ուղարկել էի։ Ես անձամբ գրառումներով սպառնացել եմ դրան, ու էջը ջնջել է։ Նիկոլի ֆեյքերը գրում էին, թե նախկին ղեկավարները ծախել են Ղարաբաղը։ Դիմել էին ԱԱԾ ու պատասխան էին ստացել, թե՝ ուսումնասիրեցինք, մտանք էջը իրական ֆոտո չուներ, կեղծ օգտատեր էր, դե չկարողացանք բռնել։ Բայց նույն ԱԱԾ-ն երբ փնտրում է ոչ նիկոլական ֆեյքերի, դա ստանում է քաղաքական հաշվեհարդարի տեսք՝ ձերբակալվում են քաղաքական գործիչներ։

Հայաստանի անվտանգությունն այսօր ամենացածր մակարդակում է․ Լուրեր են գալիս, որ ադրբեջանցիներն այսինչ քաղաքի խանութում առևտուր են անում, ռեստորանում խնջույք են անում, Երևան Սիթիից առևտուր են անում, մոլերում առևտուր են անում։ ԱԱԾ-ն ի՞նչ է արել, տեսած կա՞ք, ես էլ, բան չեմ տեսել։ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հարցազրույցում խիստ անհանգստացնող մտահոգություն էր հայտնում․ Սյունիքի ավտոճանապարհից մեծ հատված Ադրբեջանի վերահսկողության տակ է, կարող են ադրբեջանցիները մտնել այդ տարածք, փոխել ավտոմեքենաների համարները և հասնել Երևան և գուցե արդեն արել են։ Անհնա՞ր է․ Բաքվի զորահանդեսի ժամանակ տեսանք, թե քանի հազար հայկական համարներ էին առգրավել։ Շատ հեշտ կարող են փակցնել իրենց ավտոմեքենաներին ու մտնեն Հայաստան, ոչ ճանապարհին ստուգում են, ոչ էլ։ ԱԱԾ-ն սրանցով զբաղվո՞ւմ է, թե՞ ադրբեջանցիները Նիկոլին քաղաքական հակառակորդ չեն, բանի տեղ չի դնում։

Հիմա ԱԱԾ-ն մեղավոր չէ՞, որ մեր անվտանգությունն էս վիճակում է։ Կարո՞ղ եք ինձ ասել, ֆեյք բռնող ԱԱԾ, Շուշին հանձնելու համար քանի՞ հոգու ես բռնել, Արցախը թուրքին տալու համար քանի՞ հոգու ես բռնել, բանակը համալրելու փոխարեն կամավորներ պատերազմի տանելու համար քանի՞ հոգու ես բռնել, 600 դոլարանոց զրահաբաճկոնների համար, հողերը առանց կրակոցի թուրքին տալու համար։ Չես բռնել։ Գերիների հարազատներ, տեսեք՝ ինչով է զբաղվում ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ն փոխանակ ջոկատ կազմեր և մեր լավագույն 6 տղերքին փրկեր, էն որ անտառներում 50 օր դիմացել էին, ընկել էր ֆեյքերի հետևից, ու նրանք սպանվեցին, 50 օր անց։ Մեր երկրում հիմա միայն ֆեյքերի հա՞րցն է, բոլոր հարցերը լուծվե՞լ են։ Արդեն դիերի որոնման աշխատանքներ էլ չեն կատարում, դադարեցրել են․ էդ հարցն էլ փակվեց։

Հայտնի է, Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ ֆեյքնյուզի միջոցով։ Սկսած հերոսի ֆեյք պապիկից, որ բեմի վրա տռճիկ էր տալիս, մինչև ֆեյք խոստումներ բյուջեն եռապատկելու, աշխատավարձը կրկնապատկելու, աղքատությունը վերացնելու մասին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմի  44 օրերին կեղծ ինֆորմացիաներ էր տարածում հաղթելու ու «դագդիգագան» նահանջների մասին։ ԱԱԾ 5-6 ղեկավար փոխվեց, ու որևէ մեկը ռիսկ չարեց բռնել էդ իրական ինքնակոչին, էդ ֆեյքին։ Լրատվամիջոցներին տուգանում էին ճիշտը խոսալու համար, իսկ իրենք ստում էին անխնա, այլանդակ, անմարդկային ու պետության անունից։ ԱԱԾ, քանի՞ հոգու ես բռնել սուտ խոսելու համար, Արծրունին սուտ տեղեկություն տալու համար։ Իմ երկրի ազգային անվտանգությունը ապահովող հարգելի ծառայողներ, ինձ մի բան ասեք․ ո՞րն է ավելի մեծ սպառնալիք իմ երկրին ու պետությանը՝ պետության ներկայացուցիչ Արծրո՞ւնը, որը 44 օր ինձ ու ինձ պես սովորական քաղաքացիներիս սուտ տեղեկություններ էր հաղորդում հաղթելու մասին, թե՞ մի ինչ-որ ֆեյք, որը վիրավորական գրառումներ է անում վարչապետի ու իր ընտանիքի հասցեին։ Էդ ֆեյքին, ինչպես տեսնում ենք, չեք էլ բռնել, չեք կարողանում ինդենտիֆիկացնել, բայց Արծրունը հո կա, ողջ-առողջ։ Բա մի հատ տարեք, հարցեր տվեք, տեսնենք, էտ ու՞մ ցուցումներով է որ մեզ ապատեղեկացնում էր, կրկնում եմ՝ պետության անունից։

Չեք արել, ֆեյքնյուզը տարածվել էր, արդեն մարդիկ չէին հավատում ճիշտ լուրերին։ Ով սթափվելու կոչ էր անում, հարձակվում էին վրան, թե՝ հաղթում ենք, ի՞նչ ես սուտ բաներ տարածում։ Հիմա, արդեն, երբ կոնկրետ աջակցություն պետք է տալ, օրինակ՝ սյունեցիներին, պարզվում է՝ իշխանությունը չի կարող, ադրբեջանցիները մի կողմ, ինքը քաղաքական քննադատների դաշտում է ուժեղ։

Նիկոլ Փաշինյանը ֆեյք վարչապետ է, որը չունի լեգիտիմություն և չունի իշխանություն, որովհետև Հայաստանի իշխանությունն էլ, ինքնիշխանության մի մասն հանձնել է ռուսներին, մյուսը ադրբեջանցիներին․ այսօր ադրբեջանցիներն են որոշում, թե Հայաստանի որ գյուղն է մերը, որը՝ իրենցը։ Ու քանի որ այդպես է, մեր ֆեյք վարչապետին հիմա մնում է ֆեյք աջակցություն ցույց տալ, բեմականացնել, թե մարդիկ կան, որոնք մայրուղիներին թափած են, որ պահին ավտոմեքենան կանգնեց, կհավաքվեն աջակիցները։ Այդ ֆեյքային բեմադրությունն էլ տեսանք Գյումրի-Երևան ճանապարհին։ Համ խնդալու էր, համ լացելու, թե ինչպես կարող ենք այսպես շարունակել ապրելը, այս չավարտվող ստի մեջ։

Ակնհայտ է, որ Նիկոլը լարված է ու ոչ ադեկվատ բաներ է անում, մեկը իրեն հայհոյում է, սա խառնվում է իրար, հանրահավաքը բազմամարդ է՝ խառնվում է իրար, առանձնատան փողոցում ֆլեշմոբ են անում՝ խառնվում է իրար, ցայտնոտային վիճակում է։ Դրա համար էլ հրամաններն էլ են ցայտնոտային՝ սրան բռնեք, նրան ծեփեք, էն մեկին էլ փռեք, սաղին փռեք։ Լավ, հետո՞։ Չես տեսնո՞ւմ, որ ոչ մեկի բերանը դրանով չի փակվում։ Լավ, դա էլ մի կողմ, ո՞ր հարցն է լուծվում, դրանով։ Պարզ չէ՞, որ ոչ մեկը։ Սա աջակցությունը ու իշխանությունը կորցրածի գործողություններ են։ Նիկոլը խուճապի մեջ է։

Նիկո՛լ, անջատիր քո ֆեյքերին, անջատիր ինքդ քեզ, այդ ֆեյքային մտքերը անջատիր։ Բայց չէ, ֆեյքերին դու չես հեռացնի, որովհետև դու դրանց շնորհիվ ես պահում քո չեղած իշխանության պատրանքը։ Ինձ մենակ մի բան է զարմացնում՝ իրավապահ համակարգը չի՞ հոգնել այդ ամենից, նրանք էլ հո անգիր գիտեն, թե քո ինչն է իրական, ինչը՝ ոչ։

Կարճ ասած՝ սա ֆեյք իշխանություն է, որն արդեն սպառնալիք է ողջ Հայաստանի համար։ Չարիքի իշխանությունից պետք է ազատվել ու դրա համար պետք է միասին մասնակցել բոլոր գործընթացներին ու ամենից կարևորը՝ որևէ պարագայում չլռել։ Պետք է խոսել ու ասել միայն ճշմարտությունը, պետք է ճշմարտությունը շատ ավելի բարձր լսվի, քան սուտն ու կեղծը։ Այդտեղ ֆեյքերը չեն աշխատում, ֆեյքերը միայն սուտն են տարածում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ