16 02 2021

«Կարճ ասած»․ Որո՞նք են Նիկոլին աջակցողների գլխավոր արդարացումները



 

Վերջին շրջանում հաճախ են հրապարակվում հարցումներ Երևանի փողոցներից, որոնք այն մասին են, թե ո՞ւմ կտան իրենց ձայնը, եթե անցկացվեն ընտրություններ։ Հետաքրքիր ինդիկատ է տրամադրությունները ճշտելու՝ ի վերջո, այս 2 տարի ու 10 ամսվա մեր գլխով անցածից ի՞նչ հետևություն են արել մեր քաղաքացիները։ Արդյունքները հետաքրքիր են։ Որպես կանոն, շատերն են բացառում Նիկոլ Փաշինյանին, ասում են՝ ոչ մի դեպքում ձայն չեմ տա։ Այսօր նրանց չէ, որ կուզենամ անդրադառնալ, քանի որ Նիկոլի անտիռեյտինգը գոնե ցույց է տալիս, որ մարդիկ ադեկվատ են իրավիճակին։ Բայց ուզում եմ անդրադառնալ էն փոքրաթիվ խմբին, որոնք սատարում են Նիկոլին․ անդրադառնամ նրանց արդարացումներին։

Եվ ուրեմն, Նիկոլին դեռևս աջակցողն մի քանի տոկոս ընտրազանգվածը ինչպե՞ս է արդարացնում իր տեսակետն ու Նիկոլին։

Կան մարդիկ, որոնք ասումն են՝ կողմ եմ Նիկոլին, որովհետև սահմանները խաղաղ է։ Տպավորություն է, թե առնվազն 5 ամիս էս մարդիկ եղել են փակի տակ, նոր են դուրս եկել։ Ի՞նչն է խաղաղ․ մենք անընդհատ գյուղեր ենք տալիս, ադրբեջանցիներն առաջ են գալիս, կրակում են Սյունիքի ուղղությամբ, ի՞նչ խաղաղություն, այ բալամ։ Դուք իրո՞ք հավատում եք, թե ինչ-որ խաղաղություն կա ու դա Նիկո՞լն է բերել։ Պատերազմը Սերժ Սարգսյանը չէր բերել, որ Նիկոլն էլ կանգնեցրեց, Սերժը Նիկոլին խաղաղ երկիր էր փոխանցել, ամուր դիրքերի վրա, մնում էր գոնե պահել։

Մարդկանց մեկ այլ խումբ ասում է՝ Նիկոլին եմ աջակցում, որովհետև մեր երեխաները բանակում կուշտ ուտում են։ Հասկանում եք՞ ժողովուրդ, սրանց մտածելակերպը։ Մեր երեխաները բանակում զոհվել են, անհետ կորել են, գերի են ընկել, արա, ի՞նչ կուշտ ուտել։ Սերիալային էժան մի դերասան ասում է՝ «Ես համարում եմ՝ մենք էս պատերազմը հաղթել ենք, քանի որ միասնական ենք եղել»: Եթե հողը տվել ես թուրքին ու համարում ես, որ հաղթել ես, ուրեմն դու կամ ներկայացնում ես թուրքերի կամ հենց թուրքն էս։ Մնում է հասկանալ՝ ո՞նց է այդ ամենը այդ տեսակի մարդը ասում Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպե՞ս է Գյումրիի արժանապատիվ հանդիսատեսը դիմացել այդ արտահայտությանը իր քաղաքի մեջտեղում։ Անկեղծ՝ չեմ պատկերացնում։

Նիկոլին աջակցողների մի մասն ասում են, թե՝ աջակցում ենք Նիկոլին, որովհետև նա մեղք չունի, նա հարիֆ էր, նրա գլխին սարքեցին։ Ես էս մարդկանց մեկ հարց ունեմ՝ դուք նորմա՞լ եք համարում, որ մեր երկրի ղեկավարը հարիֆ է։ Որովհետև դա կնշանակի, որ եթե իմ երկրի ղեկավարը հարիֆ է, ուրեմն նրան դեռ շարունակում են հարիֆացնել՝ Ալիևը, Էրդողանը, Սորոսը, բոլորը։ Փաստ է՝ պատերազմը սկսվել է Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները տապալելու արդյունքում, պատերազմում պարտվել ենք զանազան բաների արդյունքում, որոնք էլի կապված են Նիկոլ Փաշինյանի արած-չարածի հետ։ Ես պատերազմի շրջափուլում ձեր սիրած «նախկիններին» տեսել եմ մեկ էպիզոդում՝ երբ նրանց մուտքը շտաբ արգելվեց ու պատկերացրեք մուտք ապահովվեց Աննա Հակոբյանին, բանակ չծառայած՝ Արարատ Միրզոյանին, Տիգրան Ավինյանին, Արգիշտի Քյարամյանին։

Քաղաքացիների մի մասն ասում է՝ Նիկոլը կադրեր չունի, ինքն ի՞նչ մեղք ունի։ Մեկ ուրիշ խումբն արդարացնում է՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, ճիշտ չեն զեկուցում․ սրանք խոսում են մեկ բանի մասին՝ ինքը թույլ է, իրեն շրջապատել է իրեն, այսինքն՝ ժողովրդի թշնամիներով կամ ավելի թույլ մարդկանցով, որ իր թուլությունն այդքան չերևա։ Նիկոլ Փաշինյանն ինքը մերժել է որակյալ, արհեստավարժ կադրերին, ինքն է բերել սրանց։ Կրկնում եմ՝ եթե Փաշինյանի թիմը թույլ է, եթե նրան չեն զեկուցում, խաբում են, ուրեմն ինքը պարզապես վատագույն ղեկավար է, որը ընդանհրապես իրավունք չունի ղեկավարելու որևէ հիմնարկ, էլ ուր մնա՝ մեր բոլորիս անվտանգությունն ու ապագան։

Կան մարդիկ, որոնք ասում են՝ դեռ սատարում եմ Նիկոլին, որովհետև թալանը վերացել է։ Սա, ժողովուրդ, ամենահիմար տեսակետներից է։ Փաստորեն, պետբյուջեի հաշվին 2 միլիոն դոլարով առանձնատուն նորոգելը, 700 հազար դոլարով Լոս Անջելես թռչելը, արդեն շուրջ 200 մլն դոլար պարգևատրումները թալան չե՞ն։ Ձեզ թվում է թալանը պոզ ու պոչո՞վ է լինում։

Կա մի փոքր խումբ էլ, որ դեռևս ասում է՝ թողեք աշխատի, խանգարում են։ Ո՞վ է խանգարում, ո՞վ է բռնել Նիկոլի ձեռքից, նա երկու տարի և 10 ամիս շարունակ ում ուզեցել է՝ կալանավորել է, ում ուզեցել է՝ բիզնեսը վերցրել է, ում ուզեցել է՝ օգնել է փախչել երկրից, ում ուզեցել է՝ փռել է ասֆալտին։ Երեք տարի թողել են աշխատի, ի՞նչ է արել։ Ասում էր՝ թողեք աշխատեմ գերիներին բերեմ, դա էլ չարեց։  

Կան մարդիկ, որ ասում են՝ Նիկոլին եմ ընտրում, որ նախկինները չգան։ Նախ Նիկոլը ցույց տվեց, որ ամենավատ նախկինն անգամ տասնապատիկ լավն է իրենից, ավելի շատ օգուտ է տվել, քան վնասել։ Բայց բացի այդ, արդեն վաղուց նախկին Նիկոլը պաշտոնի է բերել այնպիսի նախկինների, որոնցից միշտ հանրությունը զզվել է՝ Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Վաղարշակ Հարությունյան․ սրա՞նք են ձեր ուզած նորերը։

Ես չեմ հասկանում էն մարդկանց, որոնք գտնվում են վատ վիճակում, ատամները թափված են, շորերը՝ քրքրված, ձմռան ցրտին մի հնամաշ պիջակ ու քրքրված կոշիկ հազիվ հագել ու դուրս են եկել փողոց, իրենց կյանքը ամբողջությամբ յոլա գնալուց էլ վատ է, խանութներից արդեն պարտքով ապրանք չեն կարողանում վերցնել, ու ասում են՝ «ես կողմ եմ Փաշինյանին, ամեն ինչ ճիշտ ա անում, ամեն ինչ լավ ա»։ Որովհետև եթե դու էդ ողորմելի վիճակում ես, իմ կարծիքով, նա բոլորովին ճիշտ չի անում ու ամեն ինչ վատ ա, գոնե քո համար, բայց դե եթե դրան կողմ ես, ուրեմն ճիշտ է անում, հասնում է քեզ։ Բայց մյուսներին չի հասնում, ովքեր խելք ունեն, ովքեր հասկանում են։

Գիտե՞ք որն է մխիթարողը․ հարցումներից երևում է, որ Նիկոլին ձայն տվող ու աջակցող այս զանգվածը փոքրաթիվ է, ու մի տեսակ չհավատացող իր ասածին. լայն հանրությունը լավ պատկերացնում է իրավիճակը ու մեծամասնությունը շեշտում է՝ բացառում է մեր ապագայում Փաշինյանին։

Նիկոլը, իրականում աջակից չունի էլ։ Նիկոլի աջակիցները հավաքվել էին Գյումրիում, նայեիք կազմը՝ մի 150 հոգի՝ ամբողջ Գյումրիում, մի մասն էլ գնացել էր Երևանից՝ բեմին կանգնելու համար։ Բայց ես անկեղծորեն ցավում եմ նաև էդ մի քանիսի համար։ Ես չէի ուզենա մեր երկրում լիներ այդքան մարդ, որը սատարում է պատերազմ հրահրողին ու մի ստորագրությամբ հող տվողին։ Ինձ համար, ժողովուրդ, բոլորովին կապ չունի՝ ով է․ եթե մարդ սատարում է հայրենիքը թուրքին տված էս ոհմակին, ինձ համար նա ոհմակի անդամ է։ Ես նրան հայ չեմ համարում։ Գուցե ասում եմ կտրուկ, բայց էդ տեսակը պետք է մերժված լինի, նա մեր երկրի հետ կապ չունի։

Եթե Նիկոլ Փաշինյանը գրանցած լիներ հաջողություններ՝ կոռուպցիայի նվազման, աղքատության նվազման, դիվանագիտության, տնտեսական աճի, աշխատավարձերի ու թոշակի աճի ու այլ ուղղություններով, կատարած լիներ իր խոստումների գոնե մի 10 տոկոսը, բայց թաքուն ստորագրությամբ Արցախը տար թշնամուն, նա մեկ է՝ իմ աչքում դավաճան էր լինելու։ Բայց նա հա՛մ էս ամենը չի արել, ընդհակառակը, եղածն էլ վարի է տվել ու մեկ է՝ հողն էլ է տվել։ Նա մեզ, անգամ տնտեսապես կախման մեջ է դրել թուրքերից, ձեր վրա խաբար էլ չկա։

Կարճ ասած՝ Ուրիշ պարագայում կասեի՝ Նիկոլը ունի մի քանի տոկոս աջակցություն, ջհանդամը թե չունի․ բայց հիմա ինձ դա անհանգստացնում է, որովհետև այժմ նա իշխում է ընդամենը 10 տոկոս վարկանշով։

Ժողովուրդ, ես քաղաքական անհանդուրժողականության կողմնակից չեմ, ընդհակառակը, մեր երկիրը սրան է հասել անհանդուրժողականության պատճառով, բայց կներեք, Նիկոլին ռադ անելը քաղաքական ահհանդուրժողականության հետ կապ չունի։ Սա անհանդուրժողականություն է ժողովրդին խաբած դավաճանությանը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ