12 02 2021

«Կարճ ասած»․ Քա՞նի գաղտնի փաստաթուղթ դեռ կա Նիկոլի դարակներում



 

2019 թվականին հոկտեմբերին հանկարծ պարզ դարձավ, որ մայիս ամսից սկսած՝ իշխանությունը գաղտնի որոշմամբ կրկնապատկել է նախարարների եկամուտը և մեծ պարգևավճարներ է տալիս։ Բացի այն, որ սա բյուջեի թալան էր, շատերը նաև անհանգստանում էին՝ լավ է՞լ ինչ գաղտնի որոշումներ եք կայացնում։ Դուք ամեն ինչ թափանցիկ անելու, հրապարակային անելու անվան տակ եկել եք իշխանության, ի՞նչն եք գաղտնի անում։ Գաղտնի որոշումները շատ են եղել ու ամեն անգամ մի կայծից իշխանությունը խոստովանել են։ Բայց մանր գաղտնիքներից հետո եկան մեծ գաղտնիքները, որոնք պետության համար կործանարար էին։ Գաղտնի կապիտուլյացիա, Սյունիքի մի մասի գաղտնի հանձնում, բանավոր ինչ-որ պայմանավորվածություններ՝ նախկինում և հիմա։ Ամեն ինչ բաց անել խոստացող Նիկոլը Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքի վրա բազառ է արել, առևտրի մեջ է, ու մենք պատահական ենք իմանում, որ այդպիսի բաներ կան։

Գաղտնի որոշումների սիրահար էս իշխանության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բերանից թռցնում է, որ բացի կապիտուլյացիոն փաստաթուղթը և հունվարի 11-ի հայտարարությունը, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող։ Հասկանում ե՞ք դուք, այլ փաստաթուղթ էլ կա։ Գաղտնի փաստաթղթով էս մարդիկ մաս առ մաս Հայաստանը տալիս են։ Էս պահին Սյունիքի մարզի գլխին է վտանգը։

Տեսեք, ժողովուրդ, Մեզ արդեն երեք ամիս համոզում են, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը միակ թուղթն է։ Նիկոլը գլուխ էր պատռում, թե՝ ընդդիմությունը ձեզ հիմարացնում է ժողովուրդ, ո՞ւր ա էդ թղթում Մեղրի անունը։ Մենք էլ մեռնում ենք մտածելով՝ էդ ինչո՞ւ է էս մարդը տալիս Շուռնուխը, Զանգելանի, Կուբաթլուի էն հատվածները, որոնք փաստաթղթում չկան։ Հենց սրա համար։ Մարդը հա՛մ գրավոր, հա՛մ բանավոր պայմանավորվածություններ ունի։ Ու վատը այն է, որ մենք չգիտենք, թե հաջորդը որն է՝ Գեղարքունի՞քը, Տավո՞ւշը։

Արդեն տևական ժամանակ է, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքից զիջում է տարածքներ, գյուղեր, հետո արդարանում են, թե դա մերը չէր, դա Ադրբեջանինն էր։ Ամեն օր լուրեր են տարածվում, որ Սյունիքից մի քանի տասնյակ գյուղեր է Նիկոլ Փաշինյանը տալու Ադրբեջանին, կա պայմանավորվածություն։ Դրանց ֆոնին նախ իմանում ենք, որ կա ևս մեկ գաղտնի փաստաթուղթ, դրանից հետո էլ, Սյունիքը Ադրբեջանին հանձնելու լուրերի ֆոնին, ԱԱԾ սահմանապահ զորքերը հայտարարություն են տարածում, որ այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում լրագրողները կարող են նկարահանում անել միայն ազգային անվտանգության մարմինների համաձայնությամբ։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ է արվում։ Էս մարդիկ ամեն ինչ անում են, որ Ադրբեջանի հետ իրենց առևտուրը գաղտնի լինի, ինֆորմացիոն բլոկադա․ մենք չենք ունենում տեղեկություն տալու, դուք՝ ստանալու իրավունք։ Որ հայրենիքի վաճառքը մնա թաքուն, որ ոտքի չկանգնեք, այ նոյեմբերի 9-ի պես տաններդ նստած իմանաք, որ պարտվեցինք։

Այս իշխանությունը մեզ ասում էր, որ ամենաթափանցիկն է լինելու, բայց հիմա գաղտնի որոշումներով երկիր է վարի տալիս ու թուրքին տալիս, լրատվամիջոցներին էլ արգելում է այդ մասին խոսել։ Ասում էին ամեն ինչ որոշելու է ժողովուրդը։ Ավելին, համաձայն Սահմանադրության, Հայաստանի սահմանների որևէ ձևափոխումները պետք է լինեն հանրաքվեով, բայց էս մարդիկ չեն ուզում հանրաքվե անել, ձեր կարծիքը հեչ, որովհետև դուք վստահաբար դեմ կլինեք, իսկ ինքը արդեն Ալիևի հետ պայմանավորվել է։

Սա ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։ Սա մաքուր դավաճանություն է։ Բայց հարցն այն է, որ այստեղ էլ չեք կարող իրերը իրենց անուններով կոչել։ Ազգային ժողովը օրենսդրական այնպիսի փոփոխություն է արել, որ եթե Նիկոլին կամ էս իշխանությանը ասեք դավաճան, 5-10 միլիոն դրամ մուծելու եք։ Դավաճանություն են արել, հողը ծախել են, սահմանները տալիս են, գյուղերը տալիս են թշնամուն ու ձեզ, մեզ, բոլորիս էլ իրենց անցկացրած օրենքով ստիպում են, որ ծպտուն չհանենք։ Ծախել եմ, լավ եմ արել, սսկվեք, հանգիստ նստեք տեղներդ, այ էս ա։ Լավ, որ օրենք ընդունեցիք ու ձեզ չասեցին դավաճան, ինչ է՞, դավաճան չե՞ք։

Հոկտեմբերի 8-ին, պատերազմի թեժ օրերին, օրենք ընդունեցին ու սկսեցին անխնա տուգանել բոլոր նրանց, ովքեր պատերազմի մասին ճիշտ տեղեկություններ կտային։ Պետք է դնեինք Արծրունի ստերը, Էրատոյի դաշտային մարզումները։ Ստեցին, ու հանձնեցին հողերը, էրեխեքին էլ մատաղ արեցին՝ բոլորիս հիմարացնելով։ Հիմա էլ էլի օրենքով արգելում են դավաճանների մասին խոսելը։ Խնդրեմ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորը, որը Նիկոլի թերթի լրագրողն էր մինչև երկիրը գործակալների կողմից զավթելը, հանգիստ տոնով ասում է, որ Գորիս-Կապան ճանապարհից 21 կիլոմետրը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով է անցնում։

Ինձ համար անհասկանալի է մեր ժողովրդի անտարբերությունը, լռությունը։ Հիմա պետք է սյունեցիները մարզպետարանի դիմաց հավաքված լինեին, կառավարության դիմաց հավաքված լինեին, ու ամբողջ ժողովուրդը, ոչ միայն սյունեցիները։ Դուք հասկանում ե՞ք, վաղը ԱԱԾ-ն Սյունիք գնալու համար վիզա է պահանջելու, Ադրբեջանի։ Այ իմ հպարտ ժողովուրդ, ասում էիր՝ հող հանձնողին հողին կհանձնեմ, բա համ հողը հանձնեցին, համ էլ 5 հազար լավագույն տղերքին հանձնեցին հողին, ո՞ւր ես։ Դու արժանապատվություն ունե՞ս, ժողովուրդ, թե՞ դա էլ են տվել թուրքերին կապիտուլյացիայի փաստաթղթով։

Դուք գոնե հասկացել ե՞ք, որ ցանկացած պահի Ադրեբեջանը կարող է ազդել Իրանից եկող բեռնափոխադրումների վրա, կարող է վերահսկողություն վերցնել Մեղրիի վրա։ Ի՞նչ եք անելու, էլի կատաղած Ֆեյսբուքյան ստատուս եք գրելու ու մի քանի հոգով գաք երթի՞, վերջում էլ փնթփնթա՞ք։

Նիկոլը կարողացել է հավաքել մի թիմ՝ պատգամավորներով, ԱԱԾ-ով, դատախազությամբ, Պաշտպանության նախարարությամբ, գենշտաբով, արտաքին գործերի նախարարությամբ, որոնք պատրաստն են շեղել ձեր ուշադրությունը այնպետք բաների վրա, որոնք պատրաստ են աչք փակել հայրենիքը ծախելու վրա, ծախել ու մունաթ գալ։ Ու կարողացել են հիպնոսացնել ժողովրդին․ մենակ նախկինները չգան անվան տակ երկրի հերն անիծեն ու էդ ժողովուրդ կոչեցյալը հանդուրժի։ Արտգործնախարարին հարց ես տալիս Ադրբեջանի հետ պայմանավորվածությունից, ասում ա՝ ինձ իմ ոլորտից հարց տվեք։ Ցրենք հարցը, անցնենք առաջ, էս են սրանք։ Ոնց որ ջոկած լինեն։

Կարճ ասած՝ Ազգային ժողովը պետական դավաճանության հոդվածով պատիժը խստացրել է։ Վստահ եմ, էդ դավաճանների թիվն այնքան մեծ է, որ վաղը մի նոր բերդ են սարքելու։ Բայց հարց է՝ էս անտարբերության պարագայում վաղը Հայաստանի տեղը ի՞նչ է լինելու։ Որ նրանք դավաճան են, ես չեմ զարմանում, ես ձեզ շուտվանից արդեն զգուշացրել եմ։ Բայց որ դո՛ւ՝ ժողովուրդ, էս տեսակ թքած ունես քո պետության վրա, ես դրա վրա զարմանում եմ, ես քեզ չեմ ճանաչել։

Մեր երևակայությունն ընդունակ չէ հասկանալու էն բոլոր ստորությունները, որոնց կարող են գնալ սրանք ու նաև քո համբերությունը ժողովուրդ․ հանգիստ կողքից նայի, թե երկիրը ոնց են տալիս թուրքին, քեզ էլ գերի վերցնում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ