Դեղին մամուլի ներկայացուցիչ, ստախոս, մուտիլովչիկ, սրանից-նրանից փող շորթող, խաբելով թերթ պահող․ սրանք Նիկոլ Փաշինյանի բնութագրիչներից են, ըստ իրեն նախկինում ճանաչողների: Իհարկե, մինչ իշխանափոխությունը նա հայտնի էր նաև որպես ակտիվ պատգամավոր, բայց միևնույն է՝ հանրությունը նարան ճանաչում էր որպես լևոնական լրագրողի, որը տարբերվում էր իր միգուցե համարձակ գրչով, բայց միևնույն ժամանակ՝ անսկզբունքայնությամբ ու որ ամենից նկատելին էր՝ խառնակչությամբ, բանսարկությամբ։ Հետո դարձավ պատգամավոր, բայց մնաց նույնը։ Նա նույն ոճով էլ պատգամավոր եղավ, տարբերությունը միայն ամբիոնն էր, ասած-խոսացածը նույնն էր, նույն պարզունակ պիտակավորումները, զրպարտանքներն ու սուտը։ Այսքանը հայտնի էր, թե՛ նրան ճանաչողներին, թե՛ նրա գործունեությանը հետևողներին։
Դժվար է հասկանալ՝ ինչո՞ւ ժողովուրդը կամ նրա մի հատվածը 2018 թվականին հավատաց, ոմանք էլ անգամ սիրեցին էս տեսակին: Նա ուներ ղժղժան, բայց խեղճի կեցվածք․ հիշենք, ասում էր՝ ժողովուրդ, ես աղքատ եմ ու ձեզանից մեկն եմ, ես ապառիկով եմ սառնարանս առել, ատամներս վատն են, կրթությունս անավարտ է, դիպլոմ էլ իսկի չունեմ, բանակ չեմ ծառայել, անկարգությունների համար նստել եմ, ես թույլ եմ, ես ձեզանից շատ ավելի անհաջողակ եմ։ Նա չէր ասում, որ գիտե՞ք, Միքայել Մինասյանն ինձ փող ա տալիս, որ իրեն չզրպարտեմ թերթիս էջերում, որ ավտոներիս վարկերը ուրիշն է մուծում, որ էն մի գործարար պաշտոնյան կահույք է տվել, էն մյուսը՝ հող է տվել, ֆերմա է տվել, քաղաքի կենտրոնում մեծ օֆիս ունեմ, տպարան ունեմ սեփական։ Նա էդ ամենը չէր ասում:
Նա չէր ասում, թե իրականում ինչ նպատակով է գալիս, ինչ պատվերով է գալիս ու ինչ է անելու, այլ ընտրել էր ժողովրդի ականջը շոյող թեմաներ ու ասում էր՝ օրակարգը դուք եք ընտրելու, իսկ ինքը իբր այդ ամենից չի հասկանում։ Հիշում եք, որ ասում էր ամենինչը որոշվելու է այ էս հրապարակում։ Ու խաբեց ձեզ։
Համբերատար կերպով մարդկանց մեջ տարիներ շարունակ սերմանել էին ատելություն դեպի հաջողակը, խիզախությունը, հայրենասիրությունը, հարուստները, ղեկավարները և սեր դեպի աղքատությունը, անհայրենիքը, սեր դեպի մի կտոր հացը, անլվա դեմքը, ճղած շորը, ուրիշ ոչինչ: Հարդարված, խնամված, որոշ հաջողության հասածները, համարվում էին սրա-նրա բարեկամ է, մեկի փեսան է, մյուսի սիրածն է, թալանչու տղա է, իսկ հաջողակ գործարարները, հարուստները միանշանակ թալանչի էին ու ժողովրդի թշնամի։
Նիկոլը, որ դա սերմանողներից էր, ինքը ներկայանում էր հենց էդպիսին՝ ժողովուրդ, տես, ես մեղկ եմ, ես աղքատ եմ, ես անհաջողակ եմ․․․քո պես: Հիշում ենք հեղափոխության օրերին մեկ ամիս նույն անլվա շորերով, դեմքը վառված, մաշած կոշիկներով, ուսապարկով՝ իբր ինչ ունեմ, սրա մեջ ա։ էժանագին որսորդական շապիկը, բայց գլխարկին գրած՝ դուխով։ Դու, ժողովուրդ, սկսեցիր իրեն խղճալ, մոր պես սիրել, որ պաշտպանես իրեն իր թշվառությունից, իր խեղճությունից, ինչո՞ւ չէ, կնոջից, որը չէր լսում։ Այո, մեր ժողովուրդը գժերին ու խեղճերին խղճում է, օգնում է միշտ, բայց չի փորձում փոխել։ Բերեց ու ասաց՝ փող չի տեսել, խեղճ ա, թող մի քիչ էլ ինքը փող աշխատի, իսկ մենք էլ կյանք կբացատրենք, ոնց ուզենք՝ կանի, մեկ ա՝ ինքը չի հասկանում։ Ընդ որում՝ հենց այ էդ բառերն էլ ասում էին։ Մինչև հիմա ասում են՝ էդ հարիֆն ի՞նչ աներ, Ղարաբաղը ծախել էին։
Լավ, ժողովուրդը կարող էր ընդամենը խղճար Նիկոլին և խորհրդարանում 7 տոկոսի փոխարեն 10 տոկոս ձայն տար։ Բայց ինչո՞ւ որպես ողորմություն տվեց երկրի ամենաբարձր պաշտոնը։ Սա կրկին տարիներ շարունակ ստացած քաղաքական դաստիարակության արդյունք է։
Կասե՞ք Հայաստանում շատ հաջողակ, ճանաչված, խելացի ու կարևորը՝ ուժեղ մարդկանց, որոնց ժողովուրդը սիրում է: Չեք գտնի։ Նրանց ինչ անուն ասես կկպցնեն, էլ թալանչի, ծախված և այլն։ Արդյո՞ք ժողովուրդն ուզում է, որ իր ղեկավարը լինի հզոր, միջազգային կապեր ունեցող, լավ աշխատանքային փորձ ունեցող։ Այո, իհարկե։ Ուզում է, բայց մեր նույն ժողովրդի մի հատված կա, որ հենց հերթը հասնում է, որ ինքը պետք է որոշի՝ ով լինի, ով՝ ոչ, ձայնը տալիս է, իր պատկերացնելով իրենից վատին։ Այսօր, մեր քաղաքացիների այդ հատվածն այնպես է փոխվել, որ երազում է, որ իր ղեկավարը լինի ոչ շատ խելացի, լինի թույլ, որի վրա հնարավոր լինի կայֆավատ լինել, գոռալ, անունով խոսալ հետը, ու ամեն օր քնի-զարթնի 3 միլիոն վարչապետից մեկը ինքը լինի:
Այդ քաղաքացիների մի հատված կոչվածը վերջին տարիներին բավականին ակտիվ էր, կարողանում էր իր խոսքն ասել, թեկուզ Ֆեյսբուքում, Օդնոկլասնիկում, տաքսիում։ Նա խոսում էր, ծաղրում, իսկ իրականում նախանձում, նա համարում էր որ որևէ մեկի հաջողությունը, կապ չունի վաստակած թե ոչ, այ հենց իր հաշվին է։ Հարևանը մեքենա է գնում նոր՝ իր հաշվին է, ինքը պետք է գներ, լավ գործ են առաջարկում ընկերոջը՝ հաստատ փող է տվել, հիմարի մեկն է, մտածում էր, որ բոլորը վատն են, հիմար են, բացի իրենից։ Ամեն բան անարդար է, ինքն էլ աշխարհի կենտրոնը։ Վստահ եմ՝ շատերդ ճանաչեցիք, այդ անընդհատ նվնվան, բոլորին վատաբանող կերպարներին ձեր շրջապատում։ Իսկ մի օր հայտնվում է մեկը, որը բոլոր պարամետրերով իրոք որ իր սրտով է, որն այնքան վատն է, որին սրտանց կարելի է ձեռքերի վրա սարքել վարչապետ, որը չի կարողանա սեփական խելքով կայացնել որոշումներ, և հենա ասում է՝ ժողովուրդ, ես ո՞վ եմ, ձեզ կհրավիրեմ Հանրապետության հրապարակ, դուք կորոշենք: Բա ինչո՞ւ էր Նիկոլն ասում դուք բոլորդ վարչապետ եք:
Այ այդպես, հաճույքով այդ՝ ոչ մի պարագայում վարչապետի կերպարին չհամապատասխանող կերպարին, բերեց-կարգեց վարչապետ, ու չնայած որ շատ շուտով տեսավ, որ նա հեչ էլ աղքատ չէ, բայց մեկ է՝ գինու շշի կողքը կարող է քնել, սխալ բաներ է խոսում անընդհատ, գործից չի հասկանում, գլուխգովան է, էն ատամներն էլ մեկ է՝ վատն են։ Ու սկսեց չհավատալ, որ իրեն խաբում են, որովհետև ինքը ամենից խելացին է, չուզեց հավատալ, որ ինչ-որ Նիկոլ կարող է իրեն խաբել․ ո՞նց թե ինձ խաբեն, ինձ հիմարացրել ե՞ն։ Նա գերադասեց չհավատալ, որ իրեն դրել են էշի տեղ։ Որովհետև մարդկանց ասել էին՝ դուք ամենախելացին եք, ամենահանճարեղը, ուղղակի վատ եք ապրում, որովհետև ձեզ թալանել են։
Հիշեցիք, ամենից տարածված բայց ամենից անհիմն արտահայտությունը՝ Ժողովուրդը չի սխալում։ Ի սկզբանե ժողովորդի ամենամեծ հիասթափությունը պետք է այն լիներ, որ տեսավ՝ իրականում իրեն բանի տեղ չեն դնում և որ իր կյանքում ոչինչ էլ չի փոխվում: Ի՞նչ հրապարակում հավաքվել, ի՞նչ քվեարկել: Այս մարդը սկի իր պատգամավորական թիմին բանի տեղ չի դնում որոշում կայացնելուց առաջ։ Բայց դա չի խանգարում, որ ամեն հիմարություն անելիս «ժողովուրդ» բառն օգտագործի։ Ժողովուրդն այդ նուրբ հոգեբանական տեխնոլոգիաներին տիրապետող Նիկոլին ու իր հեղինակներին մի բանի համար էր պետք՝ իշխանությունը վերցնելու։ Հա, մեկ էլ պետք էր պայմանավորված պատերազմում զոհվելու համար։ Զոհվեց։ Էլ ժողովուրդն անելիք չունի:
Եթե հիմա ինձ լսում եք ու մտածում, թե այդպես չէ, դե հիմա մտաբերեք մեկ որոշում, որի կայացմանը որևէ մեկը մասնակից է եղել։ Մեկ որոշում՝ երեք տարվա մեջ։ Չկա այդպիսին։ Լավ, բերեք մի օրինակ, որ սրանք մի որոշում են կայացրել որ, այ էդ ժողովրդի կյանքը լավանա։ Չկա այդպիսին։ Ինչ օրենք փոխել են՝ իրենց իշխանության համար է, ում, ինչ պաշտոնի կամ գործի դրել են, իրենց իշխանության համար է։
Անունը դնում էին՝ բարեփոխում ենք անում, սորոսներից ու թուրքական ծրագրերից փող էին ստանում ու կրթական օրենքներ փոխում․ ո՞ր մեկիդ երեխայի կրթության որակն է լավացել, այդ ո՞ր մեկիդ կյանքն է թեթևացել, ո՞ր մեկիդ բնակավայրն է բարեկարգվել, վճարները պակասել, եկամուտը շատացել․․․էլի՞ թվարկե՞մ։
Հիմա, այ իմ սիրելի ժողովուրդ, ինձ ասա՝ դու չես սխալվե՞լ բա։ Այն էլ ո՜նց ես սխալվել։ Բայց․ այ էն մի հատվածը, որը նախանձից էր սրան աջակցում ու դոշով պաշտպանում, այ էդ ժողովրդիս հատվածը, չի սխալվել, դրա համար էլ մինչ հիմա պաշտպանում է։ Որովհետև իր ուզածը ավելի լավ ապրելը չէր, այլ որ այ այնտեղ մեկը նստած լինի, որն իրենից վատն է։ Այ այդ հատվածի ուզածը կա, ու շարունակվում է։
Ախար, որ ասում են, դե ժողովուրդը միամիտ ա․ ո՞ր ժողովուրդը, էն, որ աշխարհի որ երկրում հայտնվում ա, իր քթածակով, խորամանկությամբ հարցեր ա լուծո՞ւմ, էն որ քարից հաց ա քամո՞ւմ։ Սուտ է, հնարավոր չէր էս ամենը չտեսնել, չէ՞ որ սրանք ամեն օր էին ձեզ խաբում, խնդիրներ էին ստեղծում, հաղթահարում ու ծախում ձեզ վրա։ Օրինակ՝ Երևանում ստեղծում էին աղբի խնդիր, հետո հաղթահարում էին, ու ձեզ ասում, թե 30 տարվա աղբի հարց են լուծել:
Բայց որ դու դերակատար չես, դա երևաց հատկապես պատերազմի ժամանակ: Քեզ խաբեցին ու հիմարացրին: Քեզ ոչ մի բանի մասին տեղյակ չէին պահում, իրենք գիտեին, որ պատերազմ է լինելու, չէին ասում, քո ուշադրությոնւը շեղում էին մանր հարցերի վրա, հորինված քրեական գործերի վրա, ՍԴ-ի վրա, բանակի կլուբնիկի վրա, պարգևավճարներ ու թալան էին բաշխում իրար մեջ, բայց պատերազմի ժամանակ ձեզ տարան կոտորեցին, 44 օր ստեցին, ու վերջում էլ ասացին՝ ուզեք-չուզեք հողերը տալիսեմ։
Իսկ այ այն հատվածը ժողովրդի, անգամ այսքանից հետո, այսքան երեխեքի գուխներն ուտելուց հետո, էլի ասում է՝ էս հարիֆն ի՞նչ աներ էսի ո՞ր օրվա պատերազմ վարողն էր, գլխանց ծախած էր և այլ հիմար բաներ։
Ձեզ խաբում էին շուրջ երեք տարի ու դուք էլ խաբվում էիք սիրով․ որովհետև ձեզ թվում էր, թե դուք ամենախորամանկն եք, իսկ Նիկլոը էդքան խելք չունի, որ ձեզ խաբի, դրա համար էլ էդպես հով նստած եք, անգամ այս աղետից հետո, մեկ է՝ կարևորը՝ դու քեզ լավ զգաս:
Կարճ ասած՝ ընդունեք, թե ոչ, սա՛ է իրականությունը: Հուսամ կհասկանաս էս պարզ բաները, կհասկանաս ու կընդունես որ հերիք չի սխալվել ես, ավելին, նաև քո մեղքով է, որ 45 օրում 5000 հոգի զոհ ունենք, հայրենիք ենք կորցրել։
Բայց, էլ խաղալու ժամանակը չէ, ինքնահաստատվելու ժամանակը չէ, խաբվածի խեղճ կերպարի մեջ մնալու ժամանակը չէ, հիմա, արդեն, պետք է դուրս գաս, բայց արդեն ոչ թե աղքատ, խեղճ ձևացողների ու գժերի հետևից, այլ ուժեղների, խելացիների, ամուր ու հզոր մարդկանց հետևից։ Միայն այդպես կարող ես քավել մեղքդ այդ հինգ հազարից ավել երեխաների կյանքի համար։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը