Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը մտքափոխվել է՝ արտահերթ ընտրությունների չի գնում։ «Իմ քայլը» հայտարարում է, թե արտահերթ ընտրությունների մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։
Հետո իմքայլականները սկսեցին ամեքն իրեն գրել, թե՝ լայն հանրության շրջանում քննարկում են արել։ Իրենցքայլականներին ասեմ․ Լայն հանրության շրջանում մի կարևոր բան է խոսվում՝ իշխանությունը տակն է արել Քոչարյանի հայտարարությունից հետո։
Լավ, նորից սկսեմ սկզբից․ Ի՞նչ եղավ․ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, կապիտուլյացիոն փաստաթղթից հետո ոտքի կանգնեց ազգային հատվածը՝ պահանջելով անհապաղ հրաժարական, պատժել և այլ։ Նիկոլ Փաշինյանը չունեցավ էդքան թասիբ, ինքնասիրություն, հայրենիքի նկատմամբ մի պտղունց սեր, որ հասկանար՝ իրավունք չունի մեկ րոպե ավելին մնալու։ Ու հետո, երբ փողոցում տեսավ «Նիկոլ դավաճան» հազարավոր մարդկանց վանկարկումները ու քանի որ դիմադրության ռեսուրսն էլ այլևս չուներ, առաջ բրդեց արտահերթ ընտրությունների թեզը։ Ասածն էլ այն էր՝ թե եթե տենց է, եկեք ընտրություն անենք, ոչ թե հրաժարական պահանջեք, ու ես ձեզ ցույց կտամ։ Իսկ քանի որ քաղաքական ուժերը դեմ էին, պահանջում էին դավաճանական իշխանավորի անհապաղ հրաժարականը, Նիկոլն էլ, իրեն սազական «պադոշը» դեմքին քաշեց ու անընդհատ ասում էր՝ ահա, տեսե՛ք, դեմ են, որովհետև ուզում են, որ ժողովրդի ձայնը հաշվի չառնվի, եկեք տեսնենք՝ ժողովուրդը դե՞մ է հողերը տալուն, թե՞ կողմ։ Այդպիսով ճգնաժամը խորացավ, երկիրը էլ ավելի խրվեց խնդիրների մեջ։
Իսկ, ինչո՞ւ էր ընդդիմութւյունը դեմ․ որովհետև ասում էր՝ առաջին՝ Նիկոլը պետք է նստի բերդ, ոչ թե մնա ու կազմակերպի ընտրություն։ Երկրորդ՝ եթե Նիկոլը կազմակերպի ընտրություն, ապա ամեն բան անելու է, որ կեղծիքներով ընտրվի։ Եթե մարդը դավաճան է ու չի նեղվում, ընտրակեղծարարի պիտակից դժվար թե խոցվի։ Երրորդ՝ մեզ հիմա ընտրություն պետք չէ, պետք է գերիների հարցը լուծել, սահմանների անվտանգության հարցը լուծել, որ օրը մի գյուղ չտանք, պետք է կարողանալ ազդել էդ կապիտուլյացիոն պայմանագրի վրա, պետք է բանակցել, որ Արցախի մնացած մասը փրկենք, պետք է արտագաղթը կանգնեցնել, կարողանալ տնտեսությունը գոնե փրկել և այլն։ Որոշակի առումով իրավիճակը կայունացնել, նոր գնալ ընտրության, օրինակ՝ մեկ տարի հետո։
Ամեն բան տրամաբանված է, անտրամաբանական են միայն իշխանություն կոչված խմբակի արածները, որոնք պատերի տակերով են քայլում, բայց կառչած են մնում իրենց աթոռներից։ Հետո, կատարվեց, իրենց համար երևի թե ամենից սարսափձելին։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում ասաց, որ էս պահին, էս պայմաններում ընտրությունների գնալը սխալ է, որովհետև կան այդքան ռիսկեր, երկիրը դեռ պատրաստ չէ և այլն․․․ Բայց եթե այդ ամենով հանդերձ, իշխանությունը որոշի գնալ, սխալ է հանրությանը նրա հետ մենակ թողնելը և ուրեմն՝ ես մասնակցելու եմ ու կրելու եմ։ Սա սառը ցնցուխ էր Նիկոլի ու իր խմբակի համար։ Քոչարյանի հետ մրցակցելու հեռանկարից Նիկոլը սարսափում է ուղղակի, ո՞նց մտնի մարդամեջ, ոնց, մրցի Քոչարյանի հե՞տ։ Նիկոլը նահանջեց ու շատ ծիծաղելի ձևով։ Նա հրաժարվեց իր առաջ քաշած արտահերթ ընտրությունների գաղափարից, գլուխը մտցրեց ավազի մեջ ու հայտարարեց, որ ինքը էլ չի երևում։ Մարդ ամոթից գետինն է մտնում, որ այսպիսի տեսակ է ղեկավարում մեր երկիրը։
Նիկոլի ուսապարկերն ասում են՝ մենք զրուցել ենք ժողովրդի հետ, բազմաթիվ մարդիկ խնդրում են չանցկացնել արտահերթ ընտրություններ։ Նախ այդ դուք էիք ասում՝ անցկացնենք, թքած երկրի վրա։ Բացի այդ, էդ ո՞ւմ եք ձեռք առնում։ Մի հատ ասեք, էլի, էդ բազմաթիվ մարդիկ դուք որտե՞ղ եք տեսել, ի՞նչ հանդիպումներ, ի՞նչ լայն հասարակություն։ Մի հատ նկար ունե՞ք էդ հանդիպումներից։ Դուք փախեփախ եք ման գալիս, որովհետև էդ բազմաթիվ մարդիկ թքում են ձեր երեսին։ Գնացիք Սյունիք՝ լարեցին, գնացիք Արարատ՝ մի քանի հոգու ինքներդ մոմի լույսի տակ գտաք-բերեցիք։ Պատգամավորդ գնում է Գյումրի, ասում են՝ ռադդ քաշի էստեղից, դավաճան։ Ի՞նչ լայն հասարակություն։ Եթե դուք կապիտուլյացիայից հետո մի բազմամարդ միջավայրում ֆոտո ու վիդեո ունենաք, էն էլ, որ ասեն՝ քու ցավը տանեմ, մնացեք, ի՞նչ արտահերթ ընտրություն, դուք դա օրը 15 անգամ Հ1-ով ցույց կտաք էդ մի վիդեոն։ Հա, լավ, որ լայն հասարակություն տեսած մարդ եք, մի հատ ասեք, էլի, իսկ շնորհակալություն չեն հայտնո՞ւմ Արցախը ծախելու ու հազարավոր էրեխեքի գլուխն ուտելու համար։ Էլ Արծրունի ստերի ու տիկին Էռատոյի մասին չասեմ։
Լավ, որ հանդիպել եք քաղաքական ուժերի հետ, նրանք չեն աջակցել արտահերթ ընտրությունների գաղափարին և իրենց ասածով եք անում, բայց նրանք ասել են Նիկոլը պիտի հրաժարական տա, բա ինչի՞ դա չի անում։ Եթե դուք ընտրության գաղափարից հրաժարվում եք, որովհետև քաղաքական ուժերը և հանրությունը դեմ են, բա նրանք նաև ձեզ են դեմ, մնում եք որ ի՞նչ անեք։
Որ արտահերթ ընտրություն չի լինի, այդ մասին ասել եմ շուրջ մեկ ամիս առաջ։ Ինչո՞ւ չէր լինի, նրանք հասկանում են, որ ընտրվելու շանսեր չունեն․ որևէ մեկը չի գնալու կեղծիքների մի իշխանության համար, որը ձախողել է, դավաճան է ու կարող է լավագույն դեպքում մի 20 տոկոս հավաքել։ Կեղծել ընտրություններն առանց հեռանկարի, անգամ Մուկուչյանը չէր գնա այդ ճանապարհով։ Մանավանդ որ ընտրություններում ընդդիմադիր թևը հզոր է հիմա, ու ոչ մի ձայն չի թողնի փախցնեք։
Այս իշխանության համար կարևորը հնարավորինս երկար մնալն է, դրա համար էլ բոլոր խնդիրները թողած մի կողմ, քննարկում էր իբր ընտրությունների հարցը։ Ռոբերտ Քոչարյանը, ումից շան պես վախենում են, խափանեց ծրագրերը։ Երևում է՝ դրսից էլ աջակցություն չստացան։ Ու իշխանության մեջ վախ է մտել՝ հաշվարկներ է անում՝ եթե գնանք ընտրությունների, պարտվելու ենք ու էլի հայտնվենք փողոցում, ապրուստի հեռանկարը մնա տարբեր կազմակերպությունների կողմից Ռուսաստանի դեսպանատան ու ռազմաբազայի դիմաց բողոքի ցույցերով փող աշխատելը։ Ի՜նչ ժողովուրդ, ի՜նչ բան․ ժողովրդի մասին մտածող լինեիք, ավտոբուսներով կամավորներին չէիք ուղարկի թուրքի Բայրաքթարների բերան, վերջում էլ ստորագրությամբ հանձնեիք ամբողջը։ Դուք էսօր լուծում եք ևս մեկ ամիս աշխատավարձ ու պարգևատրում ստանալու ձեր խնդիրը, այլ հարց չեք լուծում։
Իշխանությունը մտածում է հիմա, որ կարող է գնալ հերթական ընտրությունների ճանապարհով։ Ինքնախաբեություն է, իհարկե։ Բայց սա հատկապես, պետք է ազդակ լինի ժողովրդին ու ընդդիմությանը՝ նորից ոտքի կանգնելու։ Ամեն ինչ պետք է անել, որ դավաճանները լքեն դաշտը, լինի հետաքննություն, ու մարդիկ իրենց պատիժը ստանան, ոչ թե շարունակեն իրենց երազած կյանքով ապրել, ինչպես ոչինչ չի եղել։ Հիմա պետք է լինել առավել ակտիվ, քան երբևէ և պարտադրել հրաժարականեր, երկիրը շողուլի բերել ու մեկ տարի հետո հասնել արտահերթ ընտրությունների։ Դուք հասկանում եք՞, նրանք արդեն արտաքին պարտք են վերցնում, որ աշխատավարձ ու թոշակ տան, Թուրքերը պատրաստ կանգնել են, որ մտնեն Կապան, զորավարժություններ են անում, սրանք մտածում են Ոստիկանությունը փոխեն Ներքին գործերի նախարարության, պարեկային ծառայություն են ստեղծում։ Պատկերացնու՞մ եք, սահմանները չեն կարողանում պաշտպանեն, ոստիկանական նոր ստորաբաժանում են ստեղծում, որ իրենք պաշտպանվեն։ Որ Լիլիթ Մակունցին ու Քոչարյան Անդոնին փողոցում չծեծեն, որդեկորույս հայրերն ու մայրերը։
Արդարություն ու արժանապատվություն պահանջող ժողովրդի առաջ կա միայն հետևյալ հեռանկարը՝ եթե սրանց չքշեն ու ամեն ինչ գնա իբր թե հերթական ընտրությունների ճանապարհով, ամեն բան դուրս է գալու վերահսկողությունից։ Իհարկե՝ հերթականի չի կարող հասնել, բոլորն են ասում, պայթելու է շատ ուժգին, ու ոչ մի ներքին զորքեր սրանց չեն փրկի։ Բայց պետությունը կարող է կործանվել։
Կարճ ասած՝ հերթական անգամ խաբվողի դերում ժողովուրդն է։ Նիկոլը քեզ խոստացավ ընտրություն անել ու իր մասին քո կարծիքը իմանալ, բայց դրան էլ ռիսկ չարեց գնալ։ Հանրություն, քո իշխանությունը բացի դավաճան, ստախոս լինելուց, նաև վախկոտ է։ Հարգելի քայլածների իշխանություն, 2018 թվականին սկսած ձեր քայլերն ավարտվեցին այստեղ․ ձեզ մնացել է մեկ քայլ՝ հրաժարական։ Մի կարևոր բան հասկացեք՝ ինչքան շատ եք մնում, էնքան ծայրահեղական տրամադրություններն են աճում։ Դուք հասցնում եք հանրությանը նրան, որ վաղը խնդրեք-աղաչեք, որ ժողովուրդը բավարարվի ձեր հրաժարականով։ Հանրությունը ուժեղ ձեռք է փնտրում, Նիկոլը ուժեղ ձեռք չէ, նա անգամ թույլ ձեռք չէ, նա չկա ընդհանրապես։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը