Ողջ երկիրն ու ժողովուրդը կրկին անհանգստության մեջ է, ծայրահեղ լարվածության մեջ է։ Որովհետև տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Ալիևի հետ հանդիպելու։ Բազմիցս ասել ենք, որ դու՝ Նիկոլ, չես կարող գնալ բանակցելու մեկի հետ, որը ոչ միայն քեզ հաղթել է, այլև քեզ ծաղրում է ամեն օր, սպառնում է։ Դու գնում ես հանդիպելու, բանակցելու, և մարդկանց սարսափն է պատում, որ մի ղալաթ էլ հիմա ես անելու։ Իսկ դա նշանակում է, որ դու ո՛չ բարոյական, ո՛չ այլ իրավունքը չունես ներկայացնելու Հայաստանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Մի տեսակ, ոչ ոք չի հավատում, որ Նիկոլի այցն ու հանդիպումը Հայաստանի համար դրական արդյունք կարող են ունենալ։ Ոչ ոք, բացարձակապես ոչ ոք, անգամ Նիկոլի զոմբիները չեն մտածում, որ հեսա գնալու է ձեռքը խփի սեղանին, Ալիևին տեղը դնի ու ինքը պահանջներ ներկայացնի։ Վատ բանի են սպասում, որովհետև մինչ այս նա արդեն կապիտուլյացիա է ստորագրել, Սյունիքից հողեր է տվել ու այդ ամենը՝ գաղտնագողի։
Նիկոլն ասում է, թե գնում է քննարկելու երկու հարց․ մեկը գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակման հարցն է։ Բայց այդ կետը կար նոյեմբերի 9-ի համաձայնագրում․ ինչպե՞ս պատահեց, որ տարածքները հանձնեցիր միանգամից, գերիների հարցը դեռ գնում ես քննարկելու։ Ինչո՞ւ։ Ի՞նչ գործարք ես դու հիմա մեզ առաջարկում։ Կարո՞ղ ես ասել՝ գերիները տարածքների հարցի հետ ի՞նչ կապ ունեն։ Ըստ էության, Նիկոլը զգացմունքային հողի վրա գործարք է առաջարկում մարդկանց՝ տարածքները տանք, որ գերիներին տան։ Ծնողը կասի՝ հա Երևանն էլ տուր, մենակ իմ տղուն հետ բեր։ Բա դու ղեկավար ես, բանակցող ես, էդ ո՞նց ես ստորագրել, որ գերիներին հետ չեն տալիս, հիմա էլ պիտի նոր զիջում անես, որ էլի խոստում լինի, որ կբերե՞ս։
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է՝ իրենց մոտ կա ընդամենը 5 հայ գերի։ Խնդրեմ, Ալիևը 5-ին էլ կտա, էսքանն է լինելու։ Մնացածին, հնարավոր է, համարում է դիվերսանտ, էն մարդկանց, որոնք փաստաթղթի ստորագրումից հետո գնացել-բռնել է, ասում է՝ դիվերսանտ են, ուզում ես տամ՝ հող տուր, փոխանակի։ Օրը մի գյուղ մտնելու է, նոր գերիներ տանի ու ասի՝ դե դիվերսանտ են, հող տուր՝ տամ։ Դրա համար եմ ասում, դու բանակցող չես, դու անգամ կապիտուլյացիոն փաստաթղթի դրույթները չես քննարկել, հիմա էլ գնալու ես փիսիկի պես նստես, ինչ ասեն՝ գլխով անես։
Մյուս հարցը, որը, ըստ Նիկոլի, քննարկելու են, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։ Ավելի կոնկրետ չի ասում։ Ասենք՝ Հայաստանը իր սուվերեն տարածքից մաս է տալիս, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը կապվեն իրար։ Վերջ։ Էն, ինչ տալիս ենք, Թուրքիայի ու Ադրբեջանի համար ծայրահեղ անհրաժեշտ է, իսկ մենք դրա դիմաց ստանալու ենք Բաքվում արձակուրդի անցկացու՞մ, առևտուր Ադրբեջանի հե՞տ։ Անելու են՞ք։
Նիկոլը ընդամենը վերնագրերը կարդաց էն ամենի, որ անելու է, բայց տեքստը ծավալուն է ու բնականաբար՝ ցավոտ ու թաքուն։ Ինչո՞ւ անպայման ցավոտ, որովհետև եթե լավ բան լիներ, կմանրամասներ, կպատմեր։ Արդեն կան տեղեկություններ, թե ինչեր են լինելու, ու սովորաբար դրանք իրականանում են, ու՝ դեմ են Հայաստանի շահին, քաղաքացու շահին։ Նիկոլի իշխանությունից իրականում միայն Ալիևն ու Ադրբեջանն են շահել, ուրիշ ոչ ոք։ Անգամ իր թիմակից կոչվածները չշահեցին, մինչ կյանքների վերջը դավաճանի պիտակով են մնալու, իրենց սերունդներին են փոխանցելու։ Իսկ Ալիևն ու ադրբեջանցիք ցնծության մեջ են, ինչ երազանք ունեին՝ իրականացրեց, ու հիմա ավելին են ուզում։
Բացի ճանապարհից, որ տալիս ես, նաև Մեղրու հարցն է դրված, ասում են։ Դե բա թող ասի, թե այդպիսի բան չկա։ Ալիևն արդեն անոնս է անում, թե այդ ճանապարհով բոլորը կարող են օգտվել, բոլորին լավ կլինի։ Պատկերացնու՞մ եք, Ալիևը անոնս է անում մեր՝ ՀՀ տարածքով անցնող ճանապարը, իսկ սա լուռ է մնում։ Ասում են, որ Տավուշի մարզի Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի վարչական տարածքում գտնվող մոտ 5 գյուղ ևս հանձնվելու է Ադրբեջանին։ Ասում են, որ Ալիևը ցանկություն ունի տիրանալ Կապանի օդանավակայանին և ուզում է սարքել միջազգային։ Դրա համար էլ հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ օդանավակայանի մոտ հայտնվեցին ադրբեջանական դրոշներ։
Պատկերացնու՞մ եք, մեր թշնամին ՀՀ տարածքների մասով պլաններ է կազմում ու հայտարարում։ Հը՛, զոմբիներ, պողոսներ և այլ դավաճաններ, լա՞վ է։ Կարևորը նախկինները չգան, ասեք։
Ասում են՝ որ բոլոր այն տարածքները, որ տվել ես բանավոր փոխըմբռնմամբ, հիմ սարքում ես փաստաթղթով։ Ասում են, որ Ալիևը պահանջելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթից հանել Արցախի հարցը, որովհետև այն համարում է փակված ու քննարկելու է արդեն Թուրքիայի ու Ռուսաստանի հետ։ Ասում են, որ քննարկելու ես զինվորականներին Արցախից դուրս բերելու հարցը։ Արդեն տեսել ենք, որ Ամանորին, որ սովորաբար զորանոցային վիճակ է լինում, տարօրինակ կերպով արձակուրդ ուղարկեցին զինվորներին ու հայտնի չէ՝ նրանք կկարողանա՞ն վերադառնալ, թե՝ ոչ։
Ասում են, որ Ալիևի պահանջը կատարելու ես ու այլևս հայ պաշտոնյա չի այցելելու Ստեփանակերտ։ Խնդրեմ, պետք է հայկական Արցախ այցելելու համար զանգեն ու թույլտվություն խնդրեն Ալիևից։ Նա սպառնում է նոր պատերազմով, ու դու պատերազմի սպառնալիքի տակ զիջումներ ես անում, սուս մնում։ Ալիևին պատասխանում է արտաքին գործերի նախարարի խոսնակը։ Լավ, կմտածի հասարակ քաղաքացին, իսկ եթե իսկականից պատերազմ լինի՞։ Ես հակառակ հարցն եմ տալիս, իսկ զիջումներով պատերազմ կկանխի՞։ Բանակցելով կկանխվի, բայց չի կարողանալու անել, սա կարող է միայն զիջումներ անել ու մի փոքր էլ երկարաձգել իր չեղած իշխանությունը։
Իսկ եթե, այնուամենայնիվ, պատերազմը անխուսափելի է, էլի սա՞ է առաջնորդելու մեզ, հա՞։ Սրա՞ հույսին ենք էլի։ Ալիևը հիմա բռունցք է ցույց տալիս․ նման բան նա նախկինում երբեք ռիսկ չի արել, հետո էլ ռիսկ չի անելու։ Հիմա է հոխորտում, որովհետև նրա դիմաց դու՛ ես, Նիկո՛լ։ Աներկբա է, դու ո՛չ կարող ես նոր պատերազմ առաջնորդել, ո՛չ էլ կարող ես էդ Ալիևի ցույց տված բռունցքը մտցնես իր համապատասխան տեղը։ Դու դա չես կարող։ Իսկ դա պետք է, պարտադիր է։
Մի կարևոր բանի ևս ադրադառնամ․ ինչպես արդեն նշել եմ, Հայաստանում պետք է իրավապահ համակարգը, ռազմական տրիբունալը պարզի պատերազմի ողջ եղելությունը, հողեր տալը։ Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի ստորագրած որևէ փաստաթուղթ չի ունենալու իրավական որևէ ուժ։ Գուցե պարզվում է, որ սա գործարք էր, ինչի կասկածները կան, գուցե պարզվում է, որ Նիկոլը թուրքական գործակալ է կամ ուղակի քեշով ծախել է։ Չէ՞ որ այդ ամենը դեռ պետք է պարզվի։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո որևէ լեգիտիմություն չունի։ Նա չի կարող ներկայացնել Հայաստանը։ ՀՀ հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացու ներկայացուցիչը չի կարող լինել թուրքի առաջ կզածը։ Նիկոլի միակ հույսն այն է, որ որպես Արցախի անկախության երաշխավոր ու հայ ժողովրդի բարեկամ, Պուտինը կարողանա կանխել մեծ զիջումները, ու Նիկոլը գնալու է վիզը ծռելով՝ նայի Պուտինին՝ խնդրողի հայացքով։ Նիկոլը մեր ինքնիշխանությունը դրել է գրազի տակ, հիմա պետք է նայենք՝ Ադրբեջա՞նն է հաղթելու այդ գրազը, թե՞ Ռուսաստանը։ Ու դեռևս վատագույնին չենք հասել, որովհետև Ռուսաստանը բարեկամական ժողովուրդ է, ռազմավարական գործընկեր։
Այս ամենի մեղավորը միայն Նիկոլը չէ, նաև իր անմեղսունակ թիմն է, որը թույլ տվեց առանց սահմանադրության ու հանրաքվեի՝ Հայաստանից տարածք փոքրանա՝ բանավոր փոխըմբռնմամբ։ Ասում էիք՝ մենք Նիկոլին վստահում ենք, ինչ ուզում է, բանակցի․ նա էլ ասում էր՝ այ քեզ բան, ինչ պետք ա, դա էլ բանակցում եմ։ Ու տեսանք, թե ինչ է բանակցում՝ հայրենիքի վաճա՞ռք։ Հիմա էլ եք վստահո՞ւմ։ Նիկոլը հայտարարել է՝ անհնար է զարթնեք ու տեսնեք Արցախի հարցը լուծել եմ, ժողովուրդն է լուծելու, էս հրապարակում։ Էլ ավելորդ եմ համարում հիշեցնել ստախոսի ելույթները։
Ի դեպ, Նիկոլի՝ Մոսկվա այցից առաջ հետաքրքիր ինֆորմացիաներ տարածվեցին․ Փաշինյանին ասել են, որ մեկուսանա, մարդամեջ դուրս չգա, քանի որ վախենում են հետը կորոնավիրուս տանի։ Հանդիպման մյուս մասնակիցները՝ Ալիևն ու Պուտինը, ինչպես տեսնում ենք, չեն մեկուսացել։ Ինֆորմացիա տարածվեց, որ Մոսկվայից բժիշկներ են եկել, Փաշինյանից արյուն են վերցրել հետազոտության համար։ Նրանք չեն հավատացել Փաշինյանի անձնական բժշկի ՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության վերաբերյալ փաստաթղթերին։ Անալիզները նաև ցույց կտան Նիկոլի մոտ այս կամ այն շեղումների առկայությունը: Այսինքն, այն ամենի, ինչի կասկածը ունի հայ ժողովուրդը, ունեն նաև դրսում։
Ու սա մեր երկրի ղեկավարն է՞, մեր ներկայացուցիչն է՞։ Իմը հաստատ չէ։ Պարտվածը, խրտվիլակը, բունկերում պախկվածը Հայկի սերնդի հետ կապ չունի։
Կարճ ասած՝ թշնամու հետ հանդիպման է գնում մարդ, որը ինքնակոչ է, Հայաստանը և ՀՀ քաղաքացուն չի ներկայացնում այլևս։ Մարդ, որը դավաճանի պիտակ ունի, գնում է ամենակարևոր հարցը քննարկելու։ Գնում է բանակցելու մի մարդու հետ, որն իր հետ խոսելիս բռունցքը սեղանին է խփում ու անվանում ծաղրածու։ Հիմա ես ի՞նչ իմանամ, թե էլ ինչեր է զիջելու ու առայժմ պահի պետական գաղտնիք կոչված բառակապակցության տակ։ Իսկ հետո, երբ սա արդեն թռած կլինի, կամ նստած, կհրապարակեն մի ահավոր փաստաթուղթ, ու դու, ժողովուրդ, կհայտնվես փաստի առաջ։ Բայց սա պետք է հասկանան նաև ռուսները, նաև Ալիևը՝ Նիկոլի ստորագրած որևէ փաստաթուղթ չի ունենալու լեգիտիմություն ու պարտադիր դառնալու է քննարկման նյութ շատ մոտ ապագայում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը