Կենաց սիրող մեր ժողովուրդը Ամանորյա կենացներում հիմնականում երեքու մաղթանք ուներ՝ գերիների վերադարձ, սահմանների խաղաղություն ու հաղթանակներ։ Երեքն էլ դարձել է երազանք։ Միայն ստամոքսով ու էլ եսիմինչով մտածող իշխանության պատճառով Աստված գիտի, թե մեզ համար ինչ սարսափելի տարբերակով են գերիները փոխանակվելու, իսկ սահմանային անվտանգությունը խախտվեց հենց տարվա առաջին օրը, հաղթանակների մասին էլ չեմ խոսում՝ սրանց խելքի բանը չէ։ Ասում են՝ տարին ոնց սկսես, այնպես էլ կգնա․ իշխանությունը տարին սկսել է հարբելով, երկիրը՝ սահմանների կորստով։ Այո, մինչ իշխանությունն ալկաշությամբ էր զբաղվում, ադրբեջանցիք տիրացան hայկական ևս մեկ գյուղի։ Թշնամու ծաղրանքների տակ, մարդիկ հանձնում են գյուղը, մնացել են անտուն, առանց ապագայի։ Մի իշխանավոր չկար, որ էդ մարդկանց կողքին գոնե կանգներ. չէր կռվելու, գոնե բանավիճեր ադրբեջանցիքի հետ, ասեր` այ ընկե՛ր՝ Շուռնուխը միշտ հայկական է եղել նաև խորհրդային տարիներին, ի՞նչ GPS, ի՞նչ բան։ Տարածքային կառավարման նախարարը, աշխատավարձ ու պարգևավճար է ստացել, իր համար նոր տարի է նշում։ Գիտե՞ք, 2018թ․ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Շուռնուխից, Քարահունջից, Դավիթ Բեկից, Որոտանից որքան ձայն է տարել։ Բացարձակ հաղթել եք, ձեզ ծափեր էին տալիս, գառներ մորթում, բա գոնե գնայիք կանգնեիք ձեզ ձայն տվածների կողքին։ Կկանգնեիք, եթե վեջներդ լիներ, վեջներդ չէ, դրանից է, այս ամենը։ Դրա համար էլ Փաշիբնյանը նոր տարուն ռեստորաններից աչք չի բացում։ Մենք սգի տրամադրություն ունենք, էդ մարդը՝ քեֆի։
Նիկոլը ելույթ է ունենում ու ներողություն խնդրում իրավիճակի համար, ասում է՝ պատճառների մեջ չեմ խորանում։ Հայրենիքի կեսը տվել է թշնամուն ու ուզում է ներողությունով պրծնել։ Ախար, դու էնպիսի վնաս ես տվել, որ բազմաթիվ մարդիկ նոր տարվա գիշերը սեղան նստելու փոխարեն, Եռաբլուրում իր հարազատի շիրիմին էին այցի գնացել, շատ մարդիկ Հրապարակում են անցկացրել՝ քո նստավայրի դիմաց, քո հրաժարականը պահանջելով։
Հայաստանում այսօր անիշխանություն է։ Բայց նաև հասարակությունն է անտարբեր։ Շուշիի կասկածելի ընկնելու մասին ոչ ոք չի խոսում, Խծաբերդի մասին չի խոսում, Հադրութի մասին չի խոսում, հունվարի 8-ին, երբ Շուռնուխը տան, դրա մասին էլ մի երկու օր կխոսեն ու վերջ։ Ինչո՞ւ է ժողովուրդն անտարբեր։ Որովհետև մեզ տարիներ շարունակ այլ կերպ են սովորեցրել։ Ես ձևավորել եմ իշխանություն, մարդկանց բերել եմ իշխանության, ես գնացել եմ իմ գործով, ինքը զբաղվել է նրանով, ինչի համար որ երդվել է։ Իմ իշխանությունը պարտավոր է եղել մտածել իմ անվտանգության մասին, ավելին՝ իշխանությունը իմ, իմ ընտանիքի ու Հայրենիքի անվտանգության երաշխավորն է, իմ երկրի սահմանների երաշխավորն է։ Այդքան հոլովում եք նախկիններին, արդարացնում ձեզ, բայց նախկինների ժամանակ ես չեմ ասել, գիտե՞ք ինչ, նախագահ Քոչարյան, թուրքը մտնում է Շուռնուխ, բա ո՞ւր եք․ որովհետև թուրքի՝ Հայաստանին ու Արցախին չմոտենալու մասին ոչ թե ես եմ մտածել, այլ ինքը, ինքը առիթ չի տվել, որ ես անհանգստանամ, արել է իր գործը։ Իսկ հիմա եկել է իշխանություն, իր անունը դրել է «ժողովրդի իշխանություն», ու ստացվում է, որ հա՛մ մեր տեղն ենք աշխատում, հա՛մ իրենց ենք պահում, հա՛մ էլ մտածում ենք բոլոր հարցերի մասին ու մեղավոր ենք դառնում մենք՝ բոլորս՝ ժողովուրդը։ Հասկացեք, ժողովուրդ, ես չէ, որ պետք է մտածեմ Շուռնուխի անվտանգության մասին, այլ իշխանությունը, դա իր պարտականությունն է։ Բայց եթե իշխանությունը չի մտածում իմ անվտանգության մասին, ուրեմն ես պետք է օր առաջ փոխեմ նրանց, բերեմ նորին, որի օրոք մեր սահմանները կլինեն անխախտ։
Մարդ կա ուրախանում ա, թե՝ զինվոր տղես Արցախից արձակուրդ ա եկել, էլ չեն թողնում վերադառնա, ավելի լավ։ Իրեն ի՞նչ կա, խորը չի մտածում, չի մտածում, որ Ղարաբաղի սահման չի պահի, կպահի Գորիսի սահման, մեկ է՝ սահմանները հասել է բոլորիս։ Բայց, ախար էդ մասին իշխանությունը պետք է մտածի։ Ու եթե բանը հասել է նրան, որ պետք է ես անհանգստանամ, ուրեմն իշխանություն չկա, տեր կանգնող չկա, անիշխանություն ու անտերություն է իմ երկրում։ Ժողովուրդ, դու հանգիստ քո տանը նստած ես ու նայում ես, թե ինչպես են քո հայրենակիցները դռները կողպում, բանալին տալիս թուրքին ու գյուղից դուրս գալի՞ս։ Որովհետև վտանգը դեռ քեզ չի՞ հասել։ Դու 400 հեկտարի համար իշխանությանը հայհոյում էիր ամենավերջին բառերով, բայց կուլ տվեցիր 12 հազար քառակուսի կիլոմետրի կորուստը։ Մեզ համար Շուշին այսօր օկուպացված է, Հադրութը, Ասկերանը օկուպացված են, Շուռնուխն օկուպացվում է, բայց Նիկոլի համար դա Ադրբեջանի տարածք է, իրենց հողն է։ Ադրբեջանը ուրախ հայտարարում է, թե վաղը կկարողանա Հայաստանի տարածքով Թուրքիայից Ադրբեջան ապրանք բերել, իսկ մենք մեր տարածքով չենք կարողանում գնալ, գերի ենք ընկնում։ Հիմա մենք՝ որպես ժողովուրդ, մեղավոր չե՞նք, որ էս անհասկացող, ծույլ, թուրքի ստրուկ մարդկանց բերեցինք իշխանության։
Ժողովուրդ, հիմա հարց տվեք ձեզ, անցած ո՞ր մի տարին եք դիմավորել այսքան անորոշության մեջ, եղե՞լ է էսպիսի ժամանակ, որ տարին սկսի ու դու չիմանաս, թե ինչ ես անելու, որ հեռանկար չկապես քո երկրի հետ ու մտածես, թե երբ են սահմանները բացելու, որ գոնե գնաս, փախչես այս անորոշությունից։ Սա ումի՞ց է գալիս։ Հայաստանը էլի ունեցել է վատ, բարդագույն ժամանակներ, բայց եղել են մարդիկ ու դզել են, տեր են կանգնել։ Հիմա հա՛մ վատ ժամանակներ են, հա՛մ իշխանություն է, որը ոչինչի ընդունակ չէ, բացի խաբելուց։ Նիկոլը հիմնահատակ քանդել է, ամեն ինչ է քանդել, զրոյի է բերել, ու հիմա արդեն պետականության ու կյանքի կռիվ ենք տալիս։ Երբ երկրի ղեկավարը ելույթ է ունենում, իսկ հեռուստադիտողը չի հավատում, չի վստահում, հայհոյում է, ուրեմն էլ ղեկավար չի, իշխանություն չի։ Ցավում եմ, բայց այս իշխանությունը շատ ավելի վատն է, քան բոլոր ժամանակների իշխանությունների վատ քայլերը միասին վերցրած։ Հայաստանի այսօրվա իշխանությունը ավխկոտ է, անպատասխանատու է ու սուտասան․ դա ամենից վատն է։
Կարճ ասած՝ մեզ երկիր պե՞տք է, թե՞ պետք չէ։ Եթե պետք է, ուրեմն երկիրը ուժեղ է, երբ ունի տեր․ մեր երկիրը հիմա անտեր, ուժեղ ձեռքի կարիք է զգում։ Այսօրվա իշխանություն կոչվածը, ոչինչ է ու պետք է գնա, հարցը չի էլ քննարկվում։ Լա՛վ, կհարցնեք, իսկ ընդդիմությունը կարո՞ղ է փրկել․ առանձին վերցրած ոչ ոք ոչինչ չի կարող անել, բայց այն համախմբումը, որ կա, բավարար են մեր օրհասական խնդիրները լուծելու համար․ իսկ դրանք են՝ տնտեսության փլուզումը, սահմանային ահավոր վիճակը, գերիներն ու անհետ կորածները, Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատելը, թշնամու հետ արժանապատիվ բանակցելը։ Հիմա մենք խարխլված պետականություն, որը պետք է վերականգնել, ունենք տապալված սահմանադրկան կարգ որը պետք է վերականգնել։ Մնացածը՝ հաջորդ փուլում։ Լինե՞լ, թե՞ չլինել, դու ես որոշում, ժողովուրդ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը