Բազմաթիվ երկրներ տոնում են նոր տարին, Սուրբ Ծնունդը՝ տարբեր հերթականություններով։ Ամենասիրված տոներից է աշխարհում։ Բայց Հայաստանում այն այս տարի սգո տարի է, սգո տարեմուտ։ Ոչ ոք չունի տրամադրություն որևէ բան անելու։ Ինչո՞ւ, ինչպե՞ս և հատկապես ո՞վ այնպես արեց, որ սա ողբերգություն դառնա մեզ համար։ Անունն էլ բոլորս գիտենք, պատճառն էլ։
Շատերից եմ լսում, թե 2020 թվականը անիծված տարի էր, ողբերգական տարի էր․ Համաձայն եմ, բայց այն ողբերգությունները, կորուստները, անկումները, որ ունեցանք մենք, տարվա՞ պատճառով էր, տարի՞ն էր մեղավոր, աստղերի տեղաշա՞րժն էր, թե՞ նրանք, որոնք չկարողացան կործանարար ընթացքը շեղել, փոխել։ 2020-ին տապալում ունեցանք բոլոր ոլորտներում։ Ամենաառաջինը սկսեց իրավականից։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ի վերջո, իրականացնել իր երազանքը, բազմաթիվ փորձերից հետո Սահմանադրական դատարանը սեփականաշնորհել որպես բուդկա։ Դատարանների մի մասը, գրեթե ամբողջ տարին, մնացին որպես Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մահակներ՝ ընդդիմախոսների վրա։ Միայն տարեվերջին փոքր անկախություն դրսևորեցին, երբ ամենօրյա ձերբակալումները հրաժարվում են կալանքի վերածել, ըստ էության` պատժիչ ֆունկցիա կիրառել։ Ամբողջ տարին աննախադեպ էր քաղաքական ճնշումների մասով ևս, տուգանքներ, քրեական գործերի հարուցում։ Նիկոլ Փաշինյանը որոշել էր քաղաքական հակառակորդներից ազատվել գեղական, բիրտ ձևով։ Մեկը մի բան խոսում է, անմիջապես նրան այցելում է ոստիկանությունը, ՀՔԾ-ն, Քնչականը։
Ընկած Սահմանադրական դատարանի հետևից, աչքաթող արվեց կորոնավիրուսը՝ իր վտանգներով, ու արդյունքում, այսօր ունենք 3500 մահ այդ վարակից։ Բայց կորոնավիուսը միայն կյանքեր չխլեց, մարդիկ աղքատացան, տնտեսությունը թուլացավ, ու կառավարությունը պատշաճ աջակցություն չտվեց։ Հիշում ենք կոմունալները կառավարության վրա վերցնելու, հետո հրաժարվելու զավեշտը։ Կորոնավիրուսային կարանտինի ժամանակ մարդիկ թողնվեցին բախտի քմահաճույքին։ Հիշում ենք՝ ասում էր կորոնավիրուսը նոր հնարավորություն է Հայաստանի համար, բայց պարզվեց՝ դա, ընդամենը ևս 3500 հոգու գերեզման ուղարկելու համար էր հնարավորություն։
Տնտեսության մասին եթե ոչինչ չասեմ, միայն այն, որ ունենք 10 տոկոս անկում, արդեն բավարար է պատկերացում կազմելու համար, թե տնտեսությունը ում ձեռքն է ընկել։ Փաշինյանը երկու միլիարդ դոլարով արտաքին պարտք է ավելացրել։ Ժողովուրդ, դու հենց հիմա հաց ունես ուտելու, Ամանոր է, պատրաստվել ես, բայց ընդամենը երկու ամիս անց կառավարությունն ասելու է՝ կներեք, բայց ես չկարողացա ձեր թոշակը, պետհիմնարկներում աշխատավարձը վճարել, այ էս օրին ենք։ Ու այս ֆոնին որպես ամանորյա նվեր՝ հոսանքը թանկացավ։ Ասում են, իբր բնակիչ-բաժանորդները թանկացումը չեն զգա, բայց դա լկտի սուտ է, որովհետև Հայաստանում արտադրվող ցանկացած ապրանքի ինքնարժեքը, ուրեմն՝ գինը թանկանալու է։
Այս տնտեսական աղետը վաղը բերելու է գործազրկության, արտագաղթի։ Սահմանները եթե բացվեն, քանի՞ մարդ կմնա մեր երկրում։ Ձեզանից քանի՞սն է, որ ասում է՝ ես էս երկրում չեմ մնա։ Շատ վատ է, բայց օրինաչափ։
Տարվա ամենացավալի կորուստը պատերազմում արձանագրվեց։ Պատերազմ, որտեղ Նիկոլ Փաշինյանի, որպես երկրի ղեկավարի, գործողությունները աշխատեցին հօգուտ Ադրբեջանի։ Պատերազմը թվում է, թե ավարտվել է, բայց մենք մինչ օրս չգիտենք՝ Հայաստանից որքան հող ենք տվել, սահմանազատում ասածը մինչև որտեղ է գալիս, պատերազմում որքան զոհ ենք ունեցել, որքան գերի, անհետ կորած, ինչու գերիներին չեն վերադարձնում։ Պատերազմը անցել է, բայց մեզ տանջող լիքը հարցեր կան, իսկ լուծումներ չկան։ Այդ հարցերը լուծումներ չեն ստանում, որովհետև իշխանություն կոչվածը չի էլ հասկանում, թե ինչ մասշտաբի վնաս է տվել, ինչ ահռելի աղետ է բերել էս երկրի, էս ժողովրդի գլխին։ Ինչո՞ւ եմ այսքան վստահ ասում իշխանությունը ամբողջությամբ, ոչ թե Նիկոլը, որովհետև եթե հասկացած եղած լիներ, այսքան անելիքների մեջ Ազգային ժողովում չեր հավաքվի Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու համար, կամ ինչ-որ հակածխախոտային օրենքի համար, այլ նշածս հարցերին լուծում տալով կզբաղվեր։ Եթե հասկացած լիներ առավոտից իրիկուն չէր մտածի, խոսի միայն ու միայն իր իշխանությունը պահելու մասին՝ պաշտոնները պահելու, աշխատավարձ ստանալու համար։
Այս իշխանությունը, անգամ պատերազմից հետո էլ դարձյալ անմարդկային գրոհ կազմակերպեց եկեղեցու վրա․ ընդանհրապես, անցնող ողջ տարվա ընթացքում իր կրթության նախարարի հետ Նիկոլ Փաշինյանը հարձակվել էր մեր ազգային արժեքների վրա։ Սրբապիղծ անձինք երկուսուկես տարի փորձեցին մեր պատմությունից մասեր ջնջել, լեզվի վրա հարձակվեցին, եկեղեցու, ոտնատակ տվեցին ու քանդեցին ինչ հնարավոր է, ինչով նախկինում հպարտացել ենք, ու շատ դեպքերում նրանց հաջողվեց։ Ու վերջին հարվածը եկեղեցուն էր․ ուզում էին իրենցով անել, երևի իմքայլական պատգամավորներից մեկը որոշել էր կաթողիկոս դառնալ։
Ու հիմա ունենք քանդված տնտեսություն, նույն վիճակում գտնվող կրթություն, նույն վիճակում գտնվող առողջապահություն, մեղկ վիճակում գտնվող արտաքին քաղաքականություն ու ամեն օր սահմանները փոքրացող հայրենիք։ Ձեզանից յուրաքանչյուրը թող իրեն հարց տա, 2020 թվականին քանի՞ անգամ է հպարտացել իր իշխանությամբ։ Անկեղծ հարցրեք ձեզ։ Ես չեմ ունեցել նման առիթ։ Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ չի արել, որ ես ինձ լավ զգամ որպես քաղաքացի, մեկ տարում ունեցել է մի քանի տասնյակ ելույթա-ուղերձա-հարցազրույցա-ասուլիսախառը բաներ․ ես ոչ մեկից չեմ հասկացել, թե մեր ապագան ինչ է լինելու․ հակառակը, ամեն ելույթից հետո ավելի եմ անհանգստացել։ Նա տարվա սկզբից մտածել է իշխանության պահպանման մասին, տարվա վերջում մտածում է հաջորդ տարի իշխանության պահպանման ու վերարտադրության մասին։
Ես ինչո՞վ պետք է ինձ լավ զգայի, եթե մարդը ու այդ մարդիկ միայն իրենց լավ լինելու մասին են մտածում և ոչ մի պարագայում` երկրի, պետության, ժողովրդի, էն ժողովրդի, որին անդադար սեր են խոստովանում, բայց միայն ցավ ու ամոթ են պատճառում։ Նիկոլը տարվա վերջում հարցազրույց է տալիս Հ1-ին ու ամբողջ հարցազրույցում ասում է, թե ինչու ինքը պիտի մնա, բայց ես չեմ հասկանում, թե ժողովրդին դրանից ինչ օգուտ, երկրին, պետությանը ինչ օգուտ։ Սպասում ենք, որ հեսա կարևոր բան ունի ասելու, կասի, թե մեզ ինչ է սպասվում, ինչ է արել որ լավ լինի, բայց ոչ, նա շարունակում էր արդարանալ պատերազմի համար, նա նոյեմբերի 9-ից հետո միայն դա է անում՝ մեղքը բարդում ուրիշների վրա և արդարացնում իրեն կապիտուիլյացիայի համար։ Հաջորդ օրը կարդում ենք, որ Հայաստանի երկրոդ նախագահը հեռախոխսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու մեկ ժամից ավելին քննարկել են Արցախի, Հայաստանի ապագայի, սոցիալ տնտեսական, անվտանգության, գործընկերության մասին, ու սկսում եմ ուրախանալ, որ մեր ապագայի մասին քննարկող կա, մտածող կա։ Հասկանում ե՞ք ժողովուրդ, ես իմ հաշվին կառավարության շենքում պահում եմ ձրիակերների ու հպարտանում եմ, որ էքս նախագահը կարևոր խոսք է ասում, հարցազրույց է տալի՞ս, հեռախոսազրույց է ունենո՞ւմ։ Ինչի՞ պիտի ես ինձ ավելի ապահով զգամ, երբ խոսում է նախկին նախագահը, այլ ոչ՝ գործող վարչապետը, որի ուղիղ պարտավորությունն է այնպես անել որ ես ապահով լինեմ։ Դուք ինձ սա՛ բացատրեք, թե կարող եք։ Ինչո՞ւ ես, քաղաքացիս, լրագրողս, պետք է թքած ունենամ վարչապետի հարցազրույցի վրա միշտ նույն բանը լինելու պատճառով ու մեր երկրի հեռանկարների համար կարևոր ազդակները փնտրեմ երկրորդ նախագահի հարցազրույցում կամ հեռախոսազանգում։ Չասեք քոչարյանական ես, դրա համար։ Ոչ, այդպես շատերն են մտածում, հույսեր փայփայում, անգամ Քոչարյանին ամբողջ կյանքներում չսատարածներն են այդպես։ Պատերազմի ժամանակ էլ ու դրանից հետո էլ մարդիկ անհամբեր սպասում էին, որ հեսա մի բան կանի Քոչարյանը։ Նիկոլից ոչ մեկ սպասում չուներ, անգամ իր աշխատողները։ Ինչո՞ւ, քեզ ընտրել-բերել էին, մարդ լինեիր մի քիչ, պետության մասին մտածող լինեիր, կառավարեիր, որ ուշքումիտքներս ուրիշները չլինեին։ Հասկացիր վերջապես, մենք քեզանից ստատուսներ չենք ակնկալում, անկապ ելույթներ ու գրառումներ չենք սպասում․ մենք ակնկալում ենք, որ ասես՝ ի՞նչ ծրագրով ենք առաջ գնալու և ո՞ւր ենք գնալու և ի՞նչ ես անում: Իսկ դու հակածխախոտային օրենք ես ընդունում, հանդիպումներ ես անում միայն մի նպատակով՝ իշխանությունդ երկարացնելու։
Դեկտեմբերի 31-ին, ցավոք, Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ ուղերձով դիմելու է ժողովրդին․ առաջին անգամ երբ ուղերձով դիմում էր, հույսեր ունեին շատերը, երկրորդ տարին երբ ուղերձով դիմում էր, թերահավատություն կար արդեն շատերի մոտ, երրորդ անգամ ուղերձով դիմելիս, հայրենիքի կեսն արդեն չկա, մյուս կեսն էլ վտանգի մեջ է։ Ժողովուրդ, այ էսքան հույսով էիր, բայց սա՛ ստացար։ Այդ ուղերձը, վստահ եմ, շատերը չեն նայելու, ով էլ նայի՝ վստահ եմ, հայհոյելու է։ Դու նախորդ ուղերձներիդ ասածներն ես տապալել, հիմա ինչի՞ց ես խոսելու, ներդրողների՞ց, որ փախչում են Հայաստանից, բանակի՞ց, որը ոչնչացրել ես, միջազգային կապերի՞ց, որ քանդվել են, թալանի՞ց, որ արդեն դո՛ւ ես անում, թե՞ էլի արդարանալու ես ու որ նախկիններն են մեղավոր։ Գժվելու բան է, դու կործանել ես էն մարդկանց կյանքը, ում ուղերձով դիմելու ես, մեր միակ սպասելիքն է, որ ուղերձիդ փոխարեն կարդաս հրաժարականիդ տեքստը ու չքանաս մեր կյանքից, ոչ թե հազարերորդ անգամ ստեր լցնես եթերներից։ Բոլորդ ունեք ինտեռնետ, թարթեք Նիկոլի 2018, 19 թվականների ուղերձները, համեմատեք իրական կյանքի հետ ու բոլոր հարցերը իրենց տեղը կընկնեն։ Ժողովուրդ, ես չգիտեմ դեպք, որ այդքան անդադար ու շատ մարդկանցով ձեզ զգուշացրած լինեն, որ արթնանաք, որ կործանվում ենք, բայց կուրորեն հետևեն իր ստերին և ունենան լավի սպասում։
Կարճ ասած՝ հիմա մենք տեղափխվում ենք 2021 թվական էսքան խնդիրներով, առանց սպասելիքների, առանց հույսերի, որովհետև դու էլ մեզ հետ ես տեղափոխվում 2021 թվական, իսկ քեզ հետ անհույս է։ Իրականում բոլորիս հույսերն ու սպասումները հաջորդ տարուց ինչ էլ լինեն, հաստատ այդ ամենի մեջ Փաշինյանի ո՛չ անունն է տեղավորվում, ո՛չ դեմքը, ո՛չ իր դիլետանտների խմբակը։ Ո՞ւմ ենք մենք մեղադրելու հաջորդ տարի, էլի 2021-ի՞ն, թե՞ նրան, որ որոշել է մնացած մասն էլ կործանել հաջորդ տարի։ Մի՞թե դու էդքան չես կարողանում հասկանալ, որ քեզ պետք է հա ասեն դեմդ ճահիճ է, ոտքդ մի մտցրու մեջը։ Դու քո լռությամբ, լուռ համաձայնությամբ, միայն չայի սեղանի շուրջ բողոքելով օգնում ես, որ Հայաստանից մնա միայն «Հ» տառը, իսկ Արցախից՝ բացարձակապես ոչինչ։
Լավ տարի եմ մաղթում բոլորից, վստահ եմ՝ կստացվի վերականգնել թե՛ մեր արժանապատվությունը, թե՛ հաջողություններ է հնարավոր ունենալ՝ մոտ ապագայում։ Մի խոսքով, այդ ամենին հասնելու համար պետք է լինելու շատ աշխատանք և քիչ խոսք, լուռ ու նպատակասլաց աշխատանք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը